Ժամանակակից հայ հանրությունն ինքնին զգալի չափով բաղկացած է ներգաղթյալների հոսքերից, իմա՝ մարդկանցից, որոնք Հայաստան են եկել տարբեր պատճառներով՝ քաղաքական, սոցիալական, գաղափարական, նոր հայրենիքի որոնումներում, հանուն նոր հնարավորությունների և այլն։ Եվ միայն հայեր չէին եկածները, այլև մեր ճակատագրակից այլ ժողովուրդների ներկայացուցիչներ՝ եզդիներ, ասորիներ, հույներ։ Խորհրդային ժամանակաշրջանում աշխարհի շատ երկրներից ներգաղթի-հայրենադարձման մի քանի ալիք Հայաստանը լցրել են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, միջերկրածովյան տարածաշրջանի երկրներից բերած նոր «գույներով» ու կենցաղավարությամբ, ինչպես, ասենք, արդեն սովորական դարձած սրճախմության մշակույթը։ Բայց նրանք հայրենադարձ հայեր էին, այո՝ այդքան տարբեր մարդիկ, տարատեսակ բարբառներով, տարբեր լեզուներից խայտաբղետ փոխառություններով, բայց մարդիկ, որոնք պատրաստ էին ընդունելու, որ հենց Հայաստանը պիտի լինի իրենց հայրենիքը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր ռուսաստանյան նոր տարագրության ալիքները «ծածկել» են ամենատարբեր երկրներ։ Նրանք մարդիկ են, որոնք քաղաքական, էթիկական պատկերացումներից ելնելով դեմ են իրենց երկրի սկսած պատերազմին, մարդիկ, որոնք իրենց մեկնումով իսկ ընդունել են իրավիճակը փոխելու անհնարինությունը, մարդիկ, որոնք պարզապես զրկվել էին իրենց երկրում ազատ աշխատելու հնարավորությունից քաղաքական պատճառներով, ինչպես, ասենք, լրագրողները, գրողները, կամ էլ տնտեսական պատճառներով, քանի որ պատերազմի պատճառով Ռուսաստանը հայտնվել է պատմականորեն աննախադեպ պատժամիջոցների տակ։
Այո՛, Հայաստան ժամանած տարագիրների մեծ մասը, այն հատվածը, որը հասկանում է, որ Հայաստան է եկել տևական ժամանակով, նաև գիտակցում է, որ պետք է ներդաշնակ հարաբերություններ ստեղծել հայ հանրության հետ և վաղ թե ուշ ինչ-որ չափով դառնալ նրա մի մասը։ Շատերը սկսել են հայերեն սովորել և նույնիսկ ոչ բարդ իրավիճակներում խոսել հայերեն՝ «զրուցարանի մակարդակով», ոմանք աշխատում են տարբեր մեդիածրագրերում, հանդիպումներ ու բանավեճեր են կազմակերպում՝ առավելս ընկալելու համար, թե ինչ հոգսերով է ապրում այն երկիրը, որում իրենք ապրում են և դեռ տևական ժամանակ ապրելու են։
Միևնույն ժամանակ, ռուսաստանյան պետությունը շարունակում է իր փորձերը՝ Հայաստանը ներգրավել «ռուսական աշխարհի» մեջ, տարագիրների առկայությունը դիտարկում է որպես կայսրապետական ազդեցության ու ռուսացման քաղաքականության վաղուց հայտնի գործիքների պարտադրման նոր գործոն («ռուսաց լեզվի կարգավիճակ», «ռուսական դպրոցների հիմնախնդիր», «աջակցություն՝ ռուսաստանյան մեթոդաբանությամբ կրթությունը կազմակերպելու հարցում», ամենատարբեր «ռուսաց տներ», «ընդհանուր անցյալի» մասին խոսակցություններ և այլն), ինչի հետ ներգաղթյալները ոչ միայն առնչություն չունեն, այլև մեծամասամբ հեռու են մնում դրանից։
Հայ հանրությունում «ռուսական» նոր տարագրության նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ հանդուրժողական-հասկացողական-դրական է, շատերը դրանում հնարավորություններ են տեսնում, քիչ չեն նաև նրանք, ովքեր զգուշավոր են, հատկապես՝ Հայաստանի նկատմամբ ռուսաստանյան պաշտոնական քաղաքականության, ինպես նաև ռուսաստանյան հատուկ ծառայությունների վատ համբավի համատեքստում։
Անշուշտ, տարագիրներն ընդունող երկրում հասկացման կարիք ունեն, ինչպես և հայ հանրությունը պետք է ավելի լավ հասկանա, թե ովքեր են նրանք՝ «ռուս նոր վտարանդիները»։
Մեր նոր թողարկումը փորձում է բարձրաձայնել այդ հարցը և մասամբ էլ պատասխանել դրան։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն