Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել գլխավորը. Ուկրաինան դիմացավ՝ ի հեճուկս ամենաառաջատար հատուկ ծառայությունների և ամենասկզբունքային վերլուծաբանների կանխատեսումների ու նախազգուշացումների։ Համացանցը պահպանում է ռուսաստանյան հեռուստատեսության հաղորդումների տեսագրությունները, որոնցում սկզբում խոսվում էր «Կիևը երեք օրում» և ապա «Կիևը երեք շաբթում» գրավելու մասին։ Դրան հետևեց Ուկրաինայի Կիևի ողջ մարզում, ապա նաև Խարկովի, Չեռնիգովի և Սումիի մարզերում ռուսական բանակի ձախողումը, հետգրավվեց Խերսոնը, որը «դե յուրե» ներառվել էր Ռուսաստանի կազմը՝ Ղրիմի զավթման նմանությամբ։
Ուկրաինական բանակի ամառային հակահարձակումն ամրապնդված է լիովին արևմտյան չափորոշիչներով հագեցված զորամիավորումների ինտենսիվ նախապատրաստությամբ, որոնց նպատակը երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի ազատագրումն է՝ ներառյալ Ղրիմը, և դրանով իսկ նոր իրավիճակի փաստումը գետնի վրա։ Ռուսաստանն այս պահին ի զորու է իր առջև դնել միայն պաշտպանական խնդիրներ։ Ուկրաինական բանակի հակահարձակումը հետաձգելու նպատակով Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումը, ինչպես նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի հնարավոր պայթեցման սպառնալիքի մասին մամուլում հայտնված տեղեկությունները սոսկ վկայում են ռուսաստանյան կողմի թուլացման մասին։ Պրիգոժինի խռովությունն էլ իր հերթին ի ցույց դրեց Ռուսաստանում պետական կառավարման ողջ համակարգի արատները (խռովության հետևանքներն առանձին դիտարկման ենթակա են), ինչը չի կարող չանդրադառնալ Ուկրաինայում պատերազմի ընթացքի վրա։
Կատարվածն՝ իր հանրագումարով, չի կարող չազդել նաև մեր տարածաշրջանի գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը մտադիր չէ հենց այնպես լքել մեր տարածաշրջանը, այլ հարց է, թե իսկ ի՞նչ կարող է նա առաջարկել։ Վերջին 100 տարում Ռուսաստանը ներքին պատճառներով երկու անգամ հեռացել է մեր տարածաշրջանից՝ 1917-18 թթ. և 1991-ին։ Հեռանալու պատճառները ներքին բովանդակությամբ միանգամայն նման են ներկայիս ժամանակահատվածին։ Իսկ պատերազմական մեկուկես տարվա ընթացքում միջազգային հարաբերությունները նաև դարձել են «ուկրաինակենտրոն» ու այդպիսին մնալու են դեռ երկար ժամանակ, մինչդեռ հայ-ուկրաինական հարաբերությունները 2014-ից ի վեր ոչ բավարար մակարդակի վրա են գտնվում։
Ուկրաինական հակահարձակումը կարող է անմիջականորեն անդրադառնալ ռուսաստանյան գործոնի վրա, և մեր տարածաշրջանի երկրները չեն կարող նկատի չունենալ դա։ Որքանո՞վ է այդ ամենը փոխկապակցված, և որքանո՞վ այն կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա։ Այս մասին կարող եք կարդալ մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկման նյութերում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն