2022 թվականի դեկտեմբերից ալիևյան Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի, ինչպես նաև իրականում դեռ չսկսված Ստեփանակերտ-Բաքու երկխոսության պայմաններում, լարվածության ևս մի օջախ է հետխորհրդային տարածքում, տարածք, որը ներկայումս «զբաղված» է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմով։
Ալմա-Աթային 1991 թ. հռչակագրի հիման վրա Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն փոխադարձությամբ չպսակվեց, այլև Բաքվի կողմից ընկալվեց որպես «լեգիտիմացում» կամ ինդուլգենցիա՝ Արցախում էթնիկ զտման քաղաքականության իրականացման ու այնտեղ «հայկական հարցի վերջնական լուծման» համար։ Իսկ Լաչինի միջանցքով անարգել երթևեկության անհապաղ վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը շարունակվում է չիրացված մնալ՝ չկա երթևեկություն, չկա նաև որոշման չկատարման համար պատասխանատվություն։ Էլ չենք խոսում խորը կամ պարզապես սովորական անհանգստությամբ բազմաթիվ հայտարարությունների մասին, այդ թվում «Amnesty International», «Human Rights Watch» և «Freedom House» կազմակերպությունների, խորհրդարանական համաժողովների և այլ մարմինների կողմից, որոնք պարզապես չլսված են մնում Բաքվում։
Այո՛, դա այնպիսի մի «քաղաքականություն» է, որի ետևում մարդկային, շատ մարդկային պատմություններ են, ոչ մեծ տարածաշրջանի բլոկադային կյանքի ճակատագրեր, հերոսական մի տարածաշրջանի, որտեղ այդ մարդկանց նախնիներն ապրել են անհիշելի ժամանակներից։
Սակայն ցանկացած քաղաքականություն անիմաստ է, եթե այն մարդկանց մասին չէ, ուստի մեր հանդեսի հերթական թողարկման մեջ ներկայացնում ենք շրջափակված Ստեփանակերտում ներկայումս ապրող երկու կանանց խոհերն ու դիտարկումները։ Ի դեպ, Ստեփանակերտն արդեն երկրորդ անգամ է շրջափակման մեջ՝ խորհրդային կայսրության փլուզումից ի վեր, կայսրություն, որ իր գոյության սկզբում է այս ականը դրել տարածաշրջանի տակ և այն պայթեցրել իր անփառունակ մայրամուտին ընդառաջ։
Այս պատմությունները շրջափակվածի՝ արդեն սովորական դարձած օրերի մասին են, մարդկանց ու նրանց խոհերի, հույզերի մասին, իրենց հետ ապրող չորքոտանի բարեկամների մասին, այն ամենի մասին, ինչին կարելի է ականատես լինել շրջափակված քաղաքում «պտույտ մը» անելով։ Նման պատմություններն ընդհանուր պատկերի դրվագներն են, որոնք շատ կարևոր են իրավիճակը պատկերացնելու համար։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն