Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր և արդյունավետ դերակատարումը, որը կոփվում է Ուկրաինայում ընթացող մարտերի բովում. այն նաև, հարկավ, կանդրադառնա հետխորհրդային տարածության եվրոպական մասի, այդ թվում և Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։
Պատմական որոշումներ
Նախ՝ սա Երկրորդ աշխարհամարտից հետո առանձնահատուկ աշխարհաքաղաքական պայմանների բերմամբ Սառը պատերազմի ժամանակաշրջանում միջազգային հարաբերությունների «ֆինլանդացում» եզրույթով բնութագրվող չեզոք երկրի կարգավիճակ ունեցած Ֆինլանդիայի՝ եվրատլանտյան դաշինքին լիիրավ անդամակցելու ձևակերպումն էր։ Այսպիսով, Վիլնյուսում այդ ժամանակաշրջանի էջը փակվել է, իսկ «ֆինլանդացում» եզրույթը ձեռք է բերել նախորդին հակադիր նշանակություն, որը խորհրդանշում է Ռուսաստանին սահմանակցող երկրի ՆԱՏՕ-ին անդամագրվելն՝ ի հեճուկս Մոսկվայից հնչող սպառնալիքների։
Երկրորդ՝ Թուրքիան և Հունգարիան հրաժարվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի մասնակցության նկատմամբ վերապահումներից։ Սա ևս մի պատմական շրջադարձ է. այն երկիրը, որին անգամ երկու աշխարհամարտերը չեն կարողացել ստիպել հրաժարվել Նապոլեոնի ժամանակներից որդեգրված չեզոքության քաղաքականությունից, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համապատկերին ՆԱՏՕ-ին անդամագրվելու որոշում է կայացրել։
Երրորդ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել են ԱՄՆ դաշնակից՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խաղաղօվկիանոսյան երկրների՝ Ճապոնիայի, Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդները։ Այս երկրները կայացած ժողովրդավարություններ են, թեև եվրատլանտյան աշխարհագրական տարածության մաս չեն։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն որպես դաշինք այսուհետև ըստ իր պատասխանատվության գոտու կարող է դիրքավորվել ոչ միայն որպես եվրատլանտյան, այլև որպես ագրեսիվ ավտոկրատիաներից ժողովրդավարություննրի համաշխարհային պաշտպան։
Չորրորդը Ուկրաինայի և նրա եվրատլանտյան ձգտումների հարցն է։ Այստեղ թեև «բաժակը մասամբ լի/դատարկ է», սակայն եզրափակիչ հաղորդագրությունը պարունակում է հետևյալ բովանդակությամբ դրույթներ.
– Լիակատար եվրատլանտյան ինտեգրման Ուկրաինայի ճանապարհը դուրս է եկել Անդամակցության գործողությունների ծրագրի շրջանակից,
– Ուկրաինան էական առաջադիմություն է արձանագրել անհրաժեշտ բարեփոխումների ճանապարհին,
– ՆԱՏՕ-ին անդամագրվելու հրավերն Ուկրաինային կուղարկվի այն ժամանակ, երբ դաշինքի անդամ երկրները կհամաձայնվեն, իսկ Ուկրաինան կկատարի անհրաժեշտ պայմանները։
Ռուսաստանը ճանաչվում է ողջ դաշինքի անվտանգության ամենալուրջ սպառնալիքը, իսկ Ուկրաինան փաստորեն դիմակայում և մաշում է նրան, ունենալով Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ական սպառազինություններով զինված ամենախոշոր և մոտիվացված բանակներից մեկը, որի զինապահուստները համալրվում են «որչափ անհրաժեշտ է՝ այնքան» սկզբունքով։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ն արձանագրում է, որ դաշինքը չի ձգտում հակամարտել Ռուսաստանի դեմ և վերջինիս համար սպառնալիք չէ, բայց Մոսկվան «չի համարվի ՆԱՏՕ-ի գործընկեր» մինչև ագրեսիվ վարքագծից հրաժարվելու և միջազգային իրավունքի նորմերը հարգելու հանձնառության վերականգնումը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «վերծանել» է իր երկրի հեռանկարները.քանի դեռ ընթանում է պատերազմը՝ ՆԱՏՕ-ի անդամակցություն չի լինելու, իսկ պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի անդամագրման ընթացակարգը կմեկնարկի։
Այսպիսով, վիլնյուսյան գագաթնաժողովի պատմական պահը տվյալ հարցում այն է, որ «հավաքական Արևմուտքը» ոչ ամբողջապես, բայց գոնե մասնակիորեն վերանայել է 2008 թ. բուխարեստյան գագաթնաժողովի դիրքորոշումը, երբ Խորվաթիային, Հյուսիսային Մակեդոնիային և Ալբանիային տրվել է անդամություն կամ անդամության գործողությունների ծրագիր, իսկ Ուկրաինան և Վրաստանը մերժում են ստացել։ Այսպիսով, տրվել է ԽՍՀՄ 1920/21-1991 թթ. մաս կազմած պետությունների եվրատլանտյան հեռանկարների քննարկման մեկնարկը։
Հայաստանը պետք է արագացնի հիմնարար որոշումների ընդունումը
2020 թ. պատերազմը, «չմիացած» Ադրբեջանի շարունակվող հետպատերազմյան մաքսիմալիզմը, արցախահայությանը սպառնացող էթնիկական զտումները, տարածաշրջանում Ռուսաստանի գործոնի փլուզումը և նրա ամբողջական բարոյաքաղաքական սնանկությունն Ուկրաինայում Մոսկվայի վարած հանցավոր պատերազմի հետևանքով՝ սրանք այն գործոններն են, որոնք տեկտոնական տեղաշարժերի պատճառ են դարձել Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրում։ Հայաստանը հայտնվել է անվտանգության, արտաքին և պաշտպանական քաղաքականության մասին իր հիմնարար պատկերացումների փլատակների առջև։
Հայաստանի վարչապետն արձանագրում է, որ երկրի պաշտպանական համակարգը ճգնաժամի մեջ է. սա ինքնին բավականին մտահոգիչ հաստատում է։ Սակայն անցյալի իներցիան ոչ միայն շարունակում է ծանրանալ ընդունվող որոշումների վրա, այլև մեռյալ կետից դուրս գալու ճանապարհին գլխավոր խոչընդոտ է դարձել։ Եվ սա՝ եվրատլանտյան տարածության առարկայաբար մաս կազմող երկրում, որտեղ Ռուսաստանի հետ «դարավոր բարեկամությունը» ոչ միայն որևէ խնդրին լուծում երբևէ չի տալիս, այլև վերածվել է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքի, որը ներթափանցել է պետական կառավարման հաստատությունների, տնտեսության, որոշումների ընդունման մեխանիզմների և հասարակական կյանքի մեջ։
Մեզ առաջարկված ԵՄ Արևելյան գործընկերությունը, որն ի սկզբանե զուրկ է «կոշտ» անվտանգային բաղկացուցչից՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ Արևմուտքի հարաբերությունների մակարդակի բարձրացումից ի վեր, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Լիտվայի նախագահի կողմից «Ռուսաստանի նահանգ» կոչված լուկաշենկյան Բելառուսի այդ ծրագրից հեռացումից հետո, և այն բանից ի վեր, երբ Բաքուն ինքնակողմնորոշվել է որպես «չմիացած» երկիր, որի համար եվրոպական արժեքներն «ադրբեջանական ինքնության սպառնալիք են» (ինչպես միջազգային համաժողովներից մեկում խոստովանել է ադրբեջանական «ժողովրդամետ» ոչ կառավարական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը)…այս ամենը մենակ է թողել Հայաստանին անդնդի եզրին ու մի այնպիսի «շպագատ» դիրքում, որի հենման կետերն անընդհատ միմյանցից հեռանում են, ուստի պետք է վճռորոշ ընտրություն կատարել՝ անդունդը չգլորվելու համար։
Դեռ չկան հրապարակային պաշտոնական հայտարարություններ, սակայն ակներև են այն նշանները, թե Հայաստանում իշխող քաղաքական թիմը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումների և ռուսական բանակի ու պետության կազմալուծման ետնապատկերին անցնում է նոր ձևավորված իրողությունների վերագնահատման շրջան։ Հատկապես, երբ առկա է այն չափորոշիչների հանրագումարը, ըստ որոնց Ռուսաստանը մեզ ոչ միայն դաշնակից չէ, այլ հակառակորդ՝ մեր իսկ դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմում, որը նաև համահեղինակ է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի և տարածաշրջանում ազատության ու ժողովրդավարության սկզբունքային թշնամին է։
Ռուսաստանի հովանու ներքո «ինտեգրացիոն միավորումները» Հայաստանի պարանոցին խեղդօղակի են վերածվել. դրանք նաև առնվազն ձևականորեն գլխավոր խոչընդոտ են արտաքին աշխարհի հետ մեր երկրի պատշաճ հարաբերությունների համար։ Ընդ որում, որոշումները (էական չէ, թե որչափ ենք դա գիտակցում) պետք է ընդունել՝ ելնելով այն հանգամանքից, որ ներկայիս միջազգային հարաբերություններն «ուկրաինակենտրոն» են, ուստի մեր կողմից հնչած յուրաքանչյուր հարցին ի պատասխան մեզ հարցնելու են, թե որտեղ ենք մենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում։ 2020 թ. փետրվարի 24-ից հետո Հայաստանի միանշանակ անցումը դրական չեզոքության մեկ ու կես տարի առաջ դրական է գնահատվել. Ռուսաստանից Հայաստանի տարածության այսպիսի պահպանումը մեր երկրին զգալի օգուտներ է բերել։ Սակայն իրականությունն այն է, որ այս մոտեցումն այլևս չի գործում, իսկ Հայաստանը պետք է բարձրացնի Արևմուտքի՝ նրա բաղկացուցիչ մաս կազմող երկրների հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի։ Սա անլուծելի խնդիր է դառնում Ռուսաստանի հետ ողջ պայմանագրային-իրավական հենքի դե-յուրե պահպանման պայմաններում, հատկապես որ այն նաև դե-ֆակտո չի գործում։
Հայաստանի Անվտանգության խորհրդի և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի այցն ԱՄՆ, մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ նրանց ունեցած հանդիպումները, քննարկվող հարցերի շրջանակը, Հայաստանի միջոցով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները, ԱԺ նախագահի Լեհաստան և Ֆրանսիա հաջողված այցերը, Վարշավայում և Փարիզում հնչած հեռահար հայտարարությունները՝ Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում ապագա առաջնահերթությունների ուրվագծերն են։ Դրանք դեռևս հեռու են համակարգված լինելուց և ժամանակի ճգնաժամային սակավության պայմաններում այս տեմպերը պետք է անբավարար գնահատել։ Գոհացուցիչ չեն նաև արտաքին տնտեսական քաղաքականության մեջ խիստ անհրաժեշտ փոփոխությունների երևացող նշանները… Տպավորություն կա, թե անխուսափելի շրջադարձի մասին որոշումն ընդունված է, բայց չկա դրա «պահի» մասին որոշումը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հայաստանի քաղաքական դասի համար շատ կարևոր մտորումների առիթ է տալիս՝ խորհելու, թե աշխարհը որ աշխարհակարգի ուղղությամբ է շարժվում, որում մեր սերունդը պարտավոր է մեր երկրի համար արևի տակ տեղ ապահովել։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային հարաբերությունների և
անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ
Երևան