Սույն թվականի հուլիսի 11-12-ը Վիլնյուս քաղաքում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի հերթական գաղաթնաժողովը։ Գագաթնաժողովի անցկացման պատմական համատեքստն ու կարևորության աստիճանը պատկերացնելու համար բավարար է ԱՄՆ նախագահի հայտարարությունից մի մեջբերում անել. «ՆԱՏՕ-ն ներկայումս բախվում է Սառը պատերազմից ի վեր անվտանգության ամենավտանգավոր և անկանխատեսելի միջավայրին․․․ Երբ Պուտինն իշխանության նկատմամբ իր տենչով և ծավալապաշտությամբ սանձազերծեց Ուկրաինայի դեմ դաժան պատերազմը, նա վստահ էր, որ ՆԱՏՕ-ն կփլուզվի… բայց նա սխալվեց։ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, ավելի կենսունակ և, այո, ավելի միասնական, քան երբևէ իր պատմության մեջ»:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ցույց տվեց, թե ինչ աստիճանի է ձախողել Ռուսաստանն իր հայտարարած նպատակների մեջ։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանի սահմաններից հետ մղելու նպատակը Կրեմլի կողմից հայտարարվել էր կենսական, և Մոսկվան շարունակաբար կրկնել է այդ նպատակը պատերազմի ողջ ընթացքում։ Սակայն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդարձակումն այլևս փաստ է՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է, Շվեդիան, ամենայն հավանականությամբ, մինչև տարվա վերջ կանդամագրվի կազմակերպությանը։ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կազմակերպությանը ոչ միայն նշանակում է դաշինքի ավելի քան 900 կմ նոր սահման Ռուսաստանի հետ, ոչ միայն ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայում Սանկտ-Պետերբուրգից ուղիղ գծով 300 կմ-ի վրա, այլ նաև ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակի՝ Բալթյան երկրների խոցելիության նվազեցում։ Նորդիկ երկրների անդամակցությունը դաշինքին բալթյան երկրներին տալիս է այն ռազմավարական խորությունը, որի պակասը մշտապես զգացվել է, բացի այդ բալթյան ու նորդիկ երկրների համատեղ անդամակցությունը դաշինքին Բալթիկ ծովը դարձնում է ըստ էության ՆԱՏՕ-ի ներքին ջրեր և ոչ մարտունակ միավորի է վերածում ռուսական բալթիկ նավատորմը։
Թեպետ գագաթնաժողովի ընթացքում Շվեդիան մեծ քայլ կատարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, այնուամենայնիվ՝ դեռևս չկա Թուրքիայի ու Հունգարիայի վերջնական ու ինստիտուցիոնալ համաձայնությունը։ Մի կողմից, այն բանից հետո, երբ Շվեդիան խոստացավ օգնել Թուրքիային անդամակցել Եվրամիությանը, իսկ ԱՄՆ-ից ստացվեց նոր կործանիչների մատակարարումներ ապահովելու պարտավորություն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զիջեց ու համաձայնեց Թուրքիայի խորհրդարանին ներկայացնել Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և աշխատել դրա վավերացումն ապահովելու ուղղությամբ: Մյուս կողմից, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Թուրքիայում ներպետական գործընթացները դեռ բավականին երկար են տևելու. թուրքական խորհրդարանը մեկնում է արձակուրդի ընդհուպ մինչև աշուն, և Շվեդիայի անդամակցության հարցը նորից առկախվում է՝ այս անգամ «տեխնիկական» պատճառներով։
Այսպիսով նորդիկ երկրների դաշինքին անդամագրվելու գործընթացի խափանման գործում Ռուսաստանը ձեռք էր բերել յուրօրինակ գործընկեր՝ Թուրքիան, որը երկու պետությունների անդամագրումների հարցում էլ խնդիրներ է ստեղծում, դրանով իսկ, ըստ էության, որոշ ծառայություն մատուցելով կամ օգնություն ցույց տալով Ռուսաստանին։ Ռուս-թուրքական դաշնակցային-հակամարտային հարաբերությունները որոնք ներառում են տարբեր տարածաշրջաններ ու բազմաբնույթ հարցեր, համադրված Թուրքիայի աշխարհագրական դիրքի հետ, որոշակի մանևրականություն են ապահովում Թուրքիայի համար թե՛ Ռուսաստանի և թե՛ դաշինքի պետությունների հետ հարաբերություններում։ Թուրքիան ամեն կերպ փորձում է օգտվել այս վիճակից, բայց այդ փորձերը չեն կարող լինել ավելին, քան առանձին հարցերում զիջումներ կորզելու նկրտումներ, ուստի Թուրքիան վաղ թե ուշ համաձայնելու է նաև Շվեդիայի անդամակցությանը՝ փորձելով այդ գործընթացից ստանալ առավելագույնը թե՛ դաշինքից և թե ՛Ռուսաստանից։
Գագաթնաժողովի մասնակիցներն ավելի շատ զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, ներառյալ՝ մարտական օդուժ, ինչպես նաև ավելի շատ ռազմական ուսուցում և այլ աջակցություններ են առաջարկել Ուկրաինային, սակայն երկրի միացումը դաշինքին չի համաձայնեցվել, և այս իրավիճակն, ամենայն հավանականությամբ, չի փոխվի առնվազն քանի դեռ պատերազմ է ընթանում Ռուսաստանի հետ: Ուկրաինան նաև կստանա «բազմամյա ծրագրեր» իր զինված ուժերն ու անվտանգության հաստատությունները ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու համար, սա իր հերթին նշանակում է, որ այս պետությունը բոլոր առումներով համապատասխանեցվելու է ՆԱՏՕ մուտք գործելու տեխնիկական պահանջներին։ Գործարկվեց նաև ՆԱՏՕ-Ուկրաինա նոր խորհուրդը, որն իր հերթին կընդարձակի քաղաքական ու ռազմաքաղաքական կապերը և տեսականորեն թույլ կտա բոլոր կողմերին անհրաժեշտության դեպքում անհապաղ հրավիրել ճգնաժամային բանակցություններ:
Ուկրաինա զենք ու զինամթերք ուղարկելը և Ռուսաստանի հարևանությամբ գտնվող ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության ամրապնդումը նշանակում են ավելի շատ պաշտպանական ծախսեր: Դաշնակիցները պարտավորվել են իրենց համախառն ներքին արդյունքի առնվազն 2%-ը ծախսել իրենց ազգային ռազմական բյուջեների վրա, իսկ այդ գումարի առնվազն 20%-ը ծախսել նոր ռազմական տեխնիկայի, հետազոտությունների և առկա տեխնոլոգիաների զարգացման վրա: Դաշնակիցները համաձայնեցին դադարեցնել Սառը պատերազմից հետո անդամ երկրների պաշտպանական ծախսերի կրճատումը և մեկ տասնամյակի ընթացքում հասնել ՀՆԱ-ի 2%-ի ծավալին, ընդ որում ՝ այդ տոկոսը կլինի ոչ թե առաստաղ, այլ հատակ: Դաշինքի քարտուղարության գնահատականների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, 31 անդամ երկրներից միայն 11-ն է այս տարի հասնելու նշված նպատակին: Ամեն դեպքում ճգնաժամային այս իրավիճակում դաշնակիցները ցուցադրեցին սեփական միասնականությունն ու հանձնառությունն առ հավաքական անվտանգության սկզբունքներն ու նպատակները։ Սրա մասին են վկայում ոչ միայն ընդունված կոմյունիկեն, այլ նաև անդամ պետությունների վերցրած պարտավորությունները Ուկրաինային ցուցադրվելիք օգնության, Ֆինլանդիայի անդամակցության, Շվեդիայի անդամակցության խնդիրների հաղթահարման, պաշտպանական ոլորտում ծախսերի ավելացման, Ռուսաստանի գործողություններին տրվող ընդհանուր գնահատականների, ավտորիտարիզմի դեմ համատեղ պայքարի ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցերում։ Ի դեպ, վերջինի մասով թե՛ քննարկումները և թե՛ հայտարարությունները բավականին ուշագրավ են. ԱՄՆ նախագահը վերահաստատեց իր վարչակարգի առաջնահերթությունները՝ կապված ավտորիտար համակարգերի զսպման և ժողովրդավարությունների աջակցության հետ։
Թեպետ գագաթնաժողովի ընթացքում քննարկվող հիմնական հարցերն ու ընդունված որոշումները ուղիղ չեն հաղորդակցվում Հայաստանի Հանրապետության ու դրա անվտանգային ճարտարապետության և հարևանության հետ, մեր տարածաշրջանն, այնուամենայնիվ, շարունակում է մնալ վերոնշյալ գործընթացների օժանդակ միավորը, նախ և առաջ այդ գործընթացների գլոբալ բնույթի և ապա տարածաշրջանի առանձնահատկությունների պատճառով։ Ուկրաինայի նմանությամբ մեր տարածաշրջանը նույնպես իր վրա կրում է ռուսական նեոգաղութարար բեռը, կոնֆլիկտներն ու անկայունությունը, ժողովրդավարությունների վրա շարունակական հարձակումները դարձել են նոր ստատուս քվո Հայաստանի ու Վրաստանի՝ որպես տարածաշրջանի ժողովրդավարական համակարգերի համար՝ բավականին նմանեցնելով ու մերձեցնելով այս երկու պետությունների խնդիրներն ու դիրքորոշումները։ Հայաստանը և Վրաստանը սրվող գլոբալ հակամարտությունների համատեքստում չեն կարողանալու շարունակել իրենց ժողովրդավարական և ինքնիշխան ընթացքը, ձեռք չբերելով ժողովրդավարական դաշնակիցներ, մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ԱՄՆ առաջնորդությամբ կարևորում են ժողովրդավարություններին ուղղվող աջակցությունը և ավտորիտար համակարգերի զսպումը։ Ուստի Հայաստանի և Վրաստանի համար առաջնահերթ պետք է լինի սեփական ժողովրդավարական համակարգերի պաշտպանությունն ու զարգացումը՝ անկախ ներքին և արտաքին խոչընդոտներից։ Հայաստանը և Վրաստանը պետք է ավտորիտարիզմի դեմ համատեղ պայքարի ու ժողովրդավարական արժեքների պաշտպանության ծիրի մեջ լինեն խոշոր ժողորվրդավարական պետությունների հաշվարկներում, ինչն իր հերթին նշանակում է առավել ակտիվ արտաքին քաղաքականություն, փոխգործակցություն և համագործակցության խորացում բոլոր ոլորտներում՝ թե՛ Հայաստանի ու Վրաստանի միջև, և թե՛ արևմուտքի հետ։ Հայաստանը և Վրաստանը պետք է ձգտեն տարածաշրջանի միջազգայնացմանը ու պայքարեն «փակ, տարածաշրջայնացման» գործընթացների դեմ։ Հայաստանի և Վրաստանի դիմադրողունակությունը և, որպես հետևանք, անկախությունը մեծապես կախված են լինելու այս չափումներից։
Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան