Գրաֆիտի „գրաֆիտո“ լատիներեն բառից է, որը նշանակում է «քերթել», բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը,որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների, մարդկանց նկարներ և այլն։
Այսօրվա գրաֆիտին ստեղծվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ, հետզհետե դարձել է ավելի վանդալիզմի նման երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։
Գրաֆիտին թերևս չի համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության և հասուն մարդկանց շրջանակներում: Այսօր գրաֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլ նաև իմաստավոր, քանի որ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին:
Ես առիթ եմ ունեցել ծանոթանալու երիտասարդ, ակտիվ, յուրօրինակ ու չկրկնվող վառ անհատականությունների հետ, ովքեր հանդիսանում են հայկական գրաֆիտիի ներկայացուցիչներ՝ Շուշան Դանիելյան և Խաչատուր Իսրաելյան:
Շուշան Դանիելյանը սկսել է զբաղվել գրաֆիտիով միայն նրանից հետո, երբ պատահաբար մասնակցել է SUNCHILD կազմակերպության կողմից մշակված մրցույթին՝ «Իմ երազանքների քաղաքը» խորագրով, որից հետո միայն շարունակել է գրաֆիտիներ նկարել` Երևանում, Արցախում և Ջավախքում։ Այդ առաջին մրցույթը սկիզբ դրեց նրա մոտ գրաֆիտի արվեստին։ Խոսելով գրաֆիտիի նշանակության մասին Շուշանն ասաց, որ գրաֆիտին իր համար ավելի շատ ձևակերպվում է որպես հոբբի է։
Շուշանն, ինչպես շատերը, կարծում է, որ «գրաֆիտին արվեստ է, որի միջոցով վրայթեռները արտահայտում են իրենց բողոքը, քարոզում ինչ-որ բան․․․»
Շուշանին չեն խանգարում հասարակության որոշ նոսր շերտի բացասական վերաբերմունքը իր սիրելի արվեստի մասին։ Քանի որ ըստ նրա «անտեղի արված գրաֆիտիներ էլ շատ կան»։
Շուշանին ոգեշնչում է բնությունը և ուրիշի ստեղծած արվեստը։
Իսկ ինչ վերաբերվում է Երևանում գրաֆիտիի զարգացմանը, Շուշանի խոսքերով՝ «գրաֆիտիով զբաղվողներ կան և նրանցից է կախված զարգացումը, և հենց նրանց ձեռքերում է Երևանի արտաքինը՝ շապիկը»։
Վրայթեռ Շուշանին Երևանում առավել դուր է եկել Մասիվի գազանանոցի մոտ արված «թղթե ինքնաթիռով տղան» գրաֆիտին։
Խոսելով Հայաստանի մյուս վրայթեռներից մեկի՝ Խաչատուր Իսրայելյանի հետ, հայտնի դարձավ, որ նրա համար «գրաֆիտին պետք է լինի ընդդիմադիր հայացքներ, բունտ պարունակող արվեստ, այլ ոչ թե սովորական պատի նկար»:
Պատասխանելով հարցին, թե երբ է առաջին անգամ սկսել նկարել գրաֆիտի, Խաչատուրը ժպիտով հիշեց իր դպրոցական տարիները, երբ նա առաջին անգամ առաջին, երկրորդ դասարանում խազել է դպրոցական սեղանին: Ավելի լուրջ գրաֆիտիներ սկսել է անել ավելի բարձր դասարաններում: Իսկ առաջին լեգալ գրաֆիտին արվել է Ախալքալաքում փառատոնի ժամանակ: «Վրաստանում քաղաքական վիճակը էնպիսին է, որ Վրաստանում ձգտում էին չթողնել ոչ մի հայկական արժեք, իսկ Ջավախքի հայերը ձգտում էին փողոցով քայլելիս հնարավորություն ունենալ ցույց տալու հայ հայտնի մարդկանց: Դրանք առաջին լեգալ գրաֆիտիներն էին: Իսկ անլեգալների մասին կլռեմ: Ունեցել եմ և՛ թիմային, և՛ անհատական աշխատանքներ»:
Խաչատուրը նշեց, որ կցանկանար ունենալ գրաֆիտի բարձրահարկ շենքի ճակատային մասում, «Ցանկացած նկարչի համար կարևոր է, որ իր նկարած աշխատանքը շատերը տեսնեն և գնահատեն»:
Զրույցի ընթացքում Խաչատուրը խոստովանեց, որ չնայած նրան որ, 24 տարեկան է և անցել է պատանեկության շրջանը նրան դեռ երբեմն դուր է գալիս բունտը:
Իսկ ինչ վերաբերվում է Երևանում գրաֆիտիի զարգացմանը Խաչատուր Իսրաելյանը վստահեցնում է, որ զարգացումը կապված է երկրի վիճակից: «Ինչ շարժ լինի երկրում հենց դա էլ արտահայտվելու է գրաֆիտիներում: Երևանից դուրս գրաֆիտի դժվար է հանդիպել: Գյումրիում կան մի քանի տեղեր, դրանք էլ որմնանկարչության մեջ են մտնում: Ավելի լավ է Հայաստանում զարգանա: Երևանում ինչքան կա հերիք է»:
«Մեկ տարի առաջ մենք սկսեցինք Magic rain նախագիծը որն իրենից ներկայացնում էր չերևացող նկար, որը երևում է միայն նկարի մակերեսը ջրով թրջելուց հետո:
Դրանից կես տարի հետո ամռանը երբ ԹՈՒՄՈ-ում անցկացվում էր Վարդավառը մեր խումբը ԹՈՒՄՈ-ի տարածքում ուներ իր պավիլիոնը և մենք պետք է մտածեինք ինչ նկարել և որոշեցինք պատկերել դելֆիններ: Magic rain-ի թիմը նկարեց այդ դելֆիններով գրաֆիտին: Մեր թիմը տատանվող անձնակազմ ունի:Այս ծրագիրը իրականացնելու համար մեզ միացան նաև ԹՈՒՄՈ-ի անձնակազմի որոշ անդամներ»:
Պատմելով աշխատանքի ընթացքում տեղի ունեցած զավեշտալի դեպքերի մասին՝ Խաչատուրն ասաց, որ հետաքրքիրը պլանավորելն էր, թե ինչպես չբռնվել և հետո միայն՝ ընթացքը: