Մարդու գործունեության տարասեռ և բազմաժանր դրսևորումների շարքում գրաֆիտին առանձնանում է իր արագ արձագանքման յուրահատկությամբ։ Այն հանդես է գալիս որպես միաձույլ իրողություններ՝ ներառելով տեքստ, նկար, տեղեկություն, քարոզչություն, միաժամանակ՝ չնույնականացվելով նշվածներից որևէ մեկի հետ առանձին վերցված, այլ վերջնական վիճակում դառնալով ներքին բովանդակությամբ և շեշտադրված հայեցակարգով երևույթ։ Քառօրյա պատերազմի, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ գրաֆիտին, որպես յուրահատուկ ակցիա և քարոզչական տարերային նախաձեռնություն, չէր կարող անմասն մնալ։
Պատերազմից հետո Երևանում և հարակից քաղաքներում սկսվեցին տարածվել պատերազմի ժամանակ հերոսացած տղաների նկարները։ Նկարում էին տարբեր նշանակություն ունեցող կառույցների պատերին՝ հիմնականում դպրոցների, որով էլ գրաֆիտին դարձավ Street art-ի ճյուղ։ Գրաֆիտին բոլոր պարագաներում էլ ապառազմականացման և պատերազմի դեմ քարոզչության դրսևորում է, դրանց հետևանքները մեղմելու, հաղթահարելու, ֆիզիկական տարածքի վերափոխման միջոցով՝ պատկերազարդումների, գրառումների կատարում, որի շնորհիվ ստեղծվում է մի աբստրակտ տարածք, որը երկխոսելու, զգացմունքները կիսելու հնարավորություն է ստեղծում, որտեղ ամեն մեկը կարող է գտնել իր միջավայրը, որտեղ միայնակ չէ և հնարավորություն ունի պաշտպանված և լսելի լինելու։
Թեման քիչ ուսումնասիրված է։ Դրան առնչվող ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են Հայաստանում գոյություն ունեցող այլ բնույթի գրաֆիտի պատկերներին, սակայն կոնկրետ ուսումնասիրություն չկա հենց պատերազմական գրաֆիտիի մասին, նրա մշակութային դրսևորման, մարդկանց արձագանքի, տեղանքի ընտրման մասին։ Թեման արդիական է այսօր էլ , քանի որ դեռ շարունակվում է հերոսների նկարների տարածումը պատերին և ոչ միայն քառօրյա, 44-օրյա, այլև ազգային հերոսների նկարները։
Ինչպե՞ս և ու՞մ շնորհիվ սկսվեց հերոսների նկարները պատերին նկարելու գաղափարը, ինչպե՞ս դրան արձագանքեց հասարակությունը, ինչպե՞ս են ընտրվում կառույցները, կա՞ արդյոք թույլտվություն, հերոսների հարազատների արձագանքը ինչպիսի՞ն էր, ինչպե՞ս ազդեց քաղաքային մշակույթի լանդշաֆտի վրա և ի վերջո ի՞նչ մշակութային նորություն բերեց այն մեր հասարակություն։ Ուսումնասիրվել է Հրազդանի և հարակից գյուղերում առկա իրավիճակն այս առումով։ Որպես հետազոտության իրականացման մեթոդ ընտրվել են վիզուալ մարդաբանության հետևյալ էմպիրիկ մեթոդները՝ դիտարկում*, նկարագրում, լուսանկարահանում, ընկալում, համեմատում*, որակական հարցազրույց Հրազդանում և հարակից գյուղերում, նաև ճանաչողության տեսական մեթոդներից վերլուծությունը*։
Պատերազմական գրաֆիտիի ամենահայտնի վայրը հենց Հրազդանում է։ Նկարիչ Արսեն Պետրոսյանը վերհիշում է, որ առաջին գրաֆիտին նկարվել է 2016 թվականին։ Ապրիլյան պատերազմն ավարտվելուց հետո՝ աշնանը, միտք հղացավ 10-րդ դպրոցի պատին Վահե Զաքարյանի դիմանկարը նկարել։ Նկարիչը դիմել է դպրոցի նորընտիր տնօրենին, պատասխանել են, որ վարչությունից թույլտվություն կհարցնեն։ Պատճառաբանել են, որ վերանորոգվելու է դպրոցը։ Ի վերջո, 2016-ի հոկտեմբերի 23-ին արվեց նկարը։ Այնուհետև նկարչի մոտ հղացավ շարունակելու աշխատանքները։ Նկարչին դիմեցին Կոճոռից (Հրազդանի գյուղերից) Սարգիս Սահակյանի (Ռուսկի) (տես. լուս. 1) գրաֆիտի դիմանկարը նկարելու համար, ով Հրազդանից էր, և զոհվել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ: Նկարչի պատմելով՝ հենց բարեկամներն են ընտրում նկարը, վայրը, խոսքերը, իրենք են խոսում համապատասխան մարմինների հետո, տրամադրում նկարը, իսկ ինքը միայն նկարում է։
Հրազդանում այս գործով զբաղվող միակ նկարիչն Արսենն է, նա աշխատանքը կատարում է բացառապես անվճար, այն էլ՝ միայն Հրազդան քաղաքում ու հարակից գյուղերում։ Սկզբում մտավախություն է ունեցել, թե ինչպես կընկալվի դա հանրությունում, սակայն ամեն նկարի ավարտից հետո ոգևորող է լինում զինվորի հարազատների արձագանքը, տանեցիների հայացքը նկարը նայելիս։ Հրազդանում մարդիկ երկու խմբի են բաժանվել, մի մասը քաջալերում-ընդունում է Արսենի աշխատանքը, դա համարում ճիշտ, իսկ մյուս խմբի համար դա վիշտը կրկնակի հիշեցնելու քայլ է, սակայն Արսենը նշում է, որ ամեն ինչ կատարվում է ծնողների խնդրանքով, նրանք կարծես մխիթարություն են տեսնում նկարի մեջ։
Իսկ ինչու՞ են ավելի շատ նկարում դպրոցի, մանկապարտեզի կամ ուսումնարանի պատերին։ Ըստ նրա, դա ավելի շատ կրթական-դաստիարակչական բնույթ է իրենից ներկայացնում և հետո էլ՝ հենց այդտեղ է երևում սերունդների կապը։
Նկարիչը հիմնականում մոնոխրոմի մեջ է աշխատում, որովհետև դրանք ավելի ուշ են խամրում, միակ խամրողը սևն է, որն էլ քիչ է օգտագործվում նկարի մեջ։ Դրոշի առկայությունը նույնպես զինվորի հարազատների ցանկությունն է։ Եթե փորձենք ներկայացնել աշխատանքի կատարման ընթացքը, ապա հետևյալ պատկերն է ստացվում՝ ծնողները ընտրում են նկարը, գրվածքը, դիմում նկարչին, տրամադրում ներկերը, նախապես համաձայնության գալիս տարածքի պատասխանատուների հետ, նկարիչը նշանակում է օր և սկսվում են աշխատանքները։ Այժմ Հրազդանում կա ավելի քան 40 գրաֆիտի։ Դրանք խրատադաստիարակչական նշանակություն ունեն։
Ամեն ինչ, սակայն, այնքան էլ միանշանակ չէ։ Եթե փորձենք ամբողջացնել Հրազդանում պատերազմական գրաֆիտիների թեման, ապա, ըստ հեղինակի, բացասական-դրական արձագանքները տոկոսային առումով 60/40 են, մեծամասնությունը լավ չի ընդունել, սխալ ու ճնշող են համարել, կամ սուգը նորից վերապրելու միջոց են ընկալել։ Ասում են, թե որտեղ նայում ես՝ մահացած մարդու նկար է, ճնշող է։ Ոմանք էլ գտնում են, որ հուշաղբյուրն ավելի լավ գաղափար է։ Այս թեմայի շուրջ հարցվածներից Սյուզաննա Ղազարյանը[1] նշեց, որ ճնշող է դարձել Հրազդանը, ամենուր նկարներ են հերոսների՝ մռայլ, մուգ։ Ըստ նրա, եթե արդեն կային հուշաղբյուրները, ուրեմն պետք չէր ծնողների ցավը կրկնապատկել։ Սամվել Ստեփանյանը[2], ով Հրազդանի բնակիչ է, նշում է, որ դեմ է եղել ի սկզբանե այս նկարներին, քանի որ մշտապես հիշեցնում է կատարվածը, մինչդեռ առաջ շարժվել է պետք։ Մյուս բնակիչ Արմինե Ադամյանը[3], ով մանկապարտեզի դաստիարակ է, նշում է, որ իրենց մանկապարտեզի մերձակայքում կան հերոսների նկարներ, երեխաները մշտապես հարցնում են, հիացմունքով նայում։ Ասում է, որ կարևոր է հենց այս տարիքից երեխաների մեջ սերմանել հայրենասիրությունը, ոգին։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ գրաֆիտիների նկատմամբ բնակչության վերաբերմունքը հիմնականում դրական է, պարզապես փոքր ինչ այլ է պատերազմական գրաֆիտների հարցում։ Այս տեսակ գրաֆիտին դեռևս մասամբ է ընդունվում Հրազդանում։
Մանե ԱՍԱՏՐՅԱՆ
Մշակութաբան,
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի շրջանավարտ
Երևան
___________
* Երևույթների նպատակային ընկալում առանց դրանց միջամտության։
* Հայտնաբերել օբյեկտների կամ դրանց առանձնահատկությունների նմանությունները կամ տարբերությունները։
* Վերլուծություն- առարկայի, երևույթի մտավոր կամ իրական մասնատման գործընթացը մասերի։
[1] Ասատրյան Մ., ԴՆ, հարցազրույց Ս․ Ղազարյանի հետ (1981), Հրազդան, 2023։
[2] Ասատրյան Մ., ԴՆ, հարցազրույց Ս․ Ստեփանյանի հետ(1965), Հրազդան, 2023։
[3] Ասատրյան Մ., ԴՆ, հարցազրույց Ա․ Ադամյանի հետ(1983), Հրազդան, 2023։