ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (հոկտեմբեր)

Հոկտեմբերի 1-ին Շուշիում մեկնարկեց ՚Հողը եւ տեխնոլոգիանՙ ժամանակակից արվեստի փառատոնը, որին մասնակցում էին 19 արվեստագետներ` Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ 20 նկարիչ` Արցախից:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՚Շվեյցարիա-Հայաստանՙ բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը` համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ. հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Հաջորդ օրը պատվիրակությանն ընդունել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հոկտեմբերի 4-ին նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ. հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր` Կարեն Եսայանին ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին:

Հոկտեմբերի 5-ին Արցախում նշել են ուսուցչի օրը. օրվա առթիվ նախագահը ստորագրել է հրամանագրեր` պատվավոր կոչումներ շնորհելու եւ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին. ըստ այդ հրամանագրերի` գիտության, կրթության բնագավառների մի շարք աշխատողների շնորհվել են գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի կոչումներ եւ  մեդալներ:

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Ֆելիքս Խաչատրյանին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների եւ կրակոցների նվազում` նախորդ շաբաթվա համեմատ. նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց (նախորդ շաբաթ խախտումների քանակը կազմել է 250, իսկ կրակոցներինը`1300):

Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հոկտեմբերի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ. քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում ներկայացվել է ԼՂՀ հողային ֆոնդի առկայության եւ բաշխման 2012թ. հաշվետվությունը, որի համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության ավելի քան 593 հազար հեկտար տարածքից վարելահողեր են շուրջ 138 հազար հեկտարը. վարչապետ Արա Հարությունյանը ներկաներին հիշեցրել է, որ հանրապետությունում վարելահողերի մի զգալի մասը չի մշակվում` հատկապես համայնքապետերի մեղքով, եւ միաժամանակ իրավասու մարմինների պատասխանատուներին հրահանգել համայնքային բյուջեների կազմման ժամանակ հաշվի առնել վարելահողերից ստացվող հարկերն ու եկամուտները, եւ ըստ այդ չափերի գնահատել համայնքապետերի աշխատանքը ու անբավարար ցուցանիշների դեպքում նրանց զրկել աշխատավարձից եւ չտրամադրել նախատեսված դոտացիան:

ԼՂՀ կառավարության նույն նիստում գործադիրի հավանությանն արժանացավ կառավարության գործունեության նոր ծրագիրը, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:

Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ բրիտանական ՚Հաշտության պաշարներՙ կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին համապատասխանաբար Շուշիում եւ Ստեփանակերտում տեղի ունեցան ՚Կինոերկխոսություններՙ ձեռնարկի եւ ՚Հիշողություններ առանց սահմաններիՙ ֆիլմի շնորհանդեսները:

Հոկտեմբերի 9-10-ը կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեի կողմից Ստեփանակերտի մարզադաշտում անցկացվեց աթլետիկայի ԼՂՀ առաջնությունը, որին մասնակցեցին հանրապետության 7 շրջանների եւ մայրաքաղաքի 80 մարզիկներ:

Հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում մեկնարկեց ՚Արմմոնոՙ միջազգային թատերական փառատոնը:

 Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է ՚Գյուրջյանՙ կիրառական արվեստի ինստիտուտ եւ մասնակցել բուհի ուսանողների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությանը. ցուցահանդեսի բացման ժամանակ ինստիտուտը Շուշի տեղափոխելու վերաբերյալ առաջարկություն եղավ:

Հոկտեմբերի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Հոկտեմբերի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում վարչապետ Արա Հարությունյանը ներկայացրեց կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը, որից հետո պատգամավորներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել կառավարության ղեկավարին:

Հաջորդ օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ. ավելի վաղ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպել էր նաեւ վարչապետ Արա Հարությունյանը, ով հանդիպման ժամանակ իր հերթին հույս է հայտնել, որ ԼՂՀ-ին եւ նրա խնդիրներին ավելի խորը ծանոթանալը կօգնի ապագա դիվանագետներին իրենց հետագա գործունեության ընթացքում, հատկապես` ԼՂՀ ճանաչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի ժամանակ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Հոկտեմբերի 13-ին նշվել է Ստեփանակերտ քաղաքի 89-րդ տարեդարձը, իսկ հաջորդ օրը` Բերքի տոնը:

Հոկտեմեբրի 15-ին նախագահ Բակո Սահակյանը ցավակցական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ:

Հոկտեմբերի կեսերին Արցախում էր գտնվում Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը` Արա Աբրահամյանի գլխավորությամբ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին եւ քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հոկտեմբերի 16-17-ը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ՚Գրողը խաղաղության մունետիկՙ խորագրով Պոեզիայի միջազգային փառատոնը, որին մասնակցում էին գրողներ աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Գերմանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ ՀՀ-ից եւ Արցախից:

Նույն օրը Ստեփանակերտում տեղի է ունեցել ամերիկյան ՚Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզՙ ընկերության մասնաճյուղի բացման արարողությունը. ընկերությունը, որը ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 50 երկրներում, առաջարկում է ամբողջական ծրագրային փաթեթներ եւ ծառայություններ` ուղղված հանրային եւ մասնավոր սեկտորի կազմակերպությունների տեղեկատվության հավաքագրմանն ու տարածմանը:

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Հոկտեմբերի կեսերին Արցախում էին գտնվում Իտալական ՚Անաստասիսՙ հիմնադրամի անդամները, ովքեր  կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետի հետ քննարկել են Դադիվանքի վերականգնման եւ համալիրի տարածքում գտնվող կառույցների ամրակայման աշխատանքների հետ կապված հարցեր. դրանք իրականացվելու են հենց ՚Անաստասիսՙ հիմնադրամի հովանավորությամբ:

Հոկտեմբերի 17-ից 23-ը Բելգիայի ՚Ամադեուսՙ հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Արցախում կայացավ ՚Ամադեուս-2012ՙ 5-րդ մրցույթ-փառատոնը:

Հոկտեմբերի 18-ին Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012թ. պետբյուջեի կատարողականի եւ 2013թ. պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերին. երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, լինի հավասարակշռված եւ պահպանի սոցիալական ուղղվածությունը:

Նույն օրը այս տարվա բերքահավաքի կազմակերպման համար ձեւավորված օպերատիվ շտաբն ամփոփել է իր աշխատանքները. խորհրդակցության ժամանակ նշվել է, որ բերքը հիմնականում կարողացել են հավաքել անկորուստ:

Հոկտեմբերի 18-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց. հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում ՚Թումոՙ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:

Հոկտեմբերի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջեմալ Գուբազին եւ Գալուստ Տրապիզոնյանին, ովքեր Ստեփանակերտ էին ժամանել Արցախի եւ Աբխազիայի ֆուտբոլի հավաքական թիմերի` Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում այդ օրը կայանալիք պատասխան ընկերական հանդիպման կապակցությամբ:

Հոկտեմբերի 22-ին Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ. հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներին:

ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի փոխանցմամբ` վերջերս հանրապետության զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերի շրջանակներում հոկտեմբերի 15-ից 23-ը պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն. հոկտեմբերի 23-ին բանակի ՚Տիգրանակերտՙ զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր` մարտական հրաձգության փուլը, որին հետեւում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորականներ:

Հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտակայքում. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Հոկտեմբերի 25-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների եւ գործարարների:

Հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ավարտվեցին ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի մասնակից Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակ գյուղի 1-4 դասարանների մոտ 120 ուսուցիչների համար կազմակերպված քառօրյա վերապատրաստման դասընթացները:

Հոկտեմբերի վերջերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ, որով նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հարաբերութուններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ. սրան հաջորդեց նաեւ եւս մեկ տեղեկատվություն, ըստ որի` մինչեւ նոյեմբերի վերջ Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաեւ Ուրուգվայը:

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններն ուղերձ են հղել Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատին` Օրենսդիր խորհրդին, որում երախտագիտություն են հայտնել բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ նշել, որ ընդունած բանաձեւը հույս է ներշնչում, որ Ավստրալիայի դաշնային իշխանությունները, արձագանքելով Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի նախաձեռնությանը, նույնպես կդիմեն համարժեք քայլի` հիմք ընդունելով ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի գերակայությունը:

Ողջունելով ձեր ընդունած բանաձեւը, մենք հույս ենք հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ավստրալիայի Միության իշխանությունների միջեւ տեսանելի ապագայում կձեւավորվեն միջպետական կապեր` ի շահ միջազգային հարաբերություններում արդարության հաստատման, ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի անվերապահ իրացման` նշվում է նույն ուղերձում:

Share

Comments are closed.