Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երկնքի ու երկրի սահմանի վրա

marut
October 2012

Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երեւան

Պրոմեթեւսի մասին զրույց գնում է չորս պատումով. համաձայն առաջինի` դավաճանության համար աստվածները գամել էին նրան Կովկասյան լեռներին, եւ արծիվները կտցահարում էին նրա անընդհատ աճող լյարդը: 

Համաձայն երկրորդի`  արծիվների կտցոցների ցավից Պրոմեթեւսն ավելի ու ավելի  խորն էր սեղմվում ժայռին, մինչեւ որ չդարձավ նրա անբաժանելի մասը: 

Համաձայն երրորդի` շատ հազարամյակներ անց մոռացվեց նրա մեղքը, մոռացան աստվածները, մոռացան արծիվները, մոռացավ ինքը նաեւ: 

Համաձայն չորրորդի` քանի որ դարձավ անհիմն այդ ամենը, հոգնեցին: Հոգնեցին աստվածները, հոգնեցին արծիվները, հոգնած` փակվեց վերքը:

Մնացին  անբացատրելի ժայռոտ լեռները: 

Ասքը փորձում է բացատրել անբացատրելին: Սակայն քանի որ այն բխում է ճշմարտության ընդերքից, նրա ավարտն անբացատրելիի մեջ է: 

 

***

Պետերբուրգում պետք է ընթանար հասարակական լայն հնչեղություն ստացած մի դատավարություն: Ամուսինը սպանել էր կնոջը  կենցաղային հողի վրա: Ամուսնու դատապաշտպանի պարտականությունը ստանձնել էր Անատոլի Ֆյոդորովիչ Կոնին: Նա իր պաշտպանական ճառն սկսելուց առաջ դիմում է դատավորին ու երդվյալ ատենակալներին հետեւյալ նախաբանով. ՚Մեծարգո պարոն դատավոր, պարոնայք երդվյալ ատենակալներՙ: Քսան րոպե շարունակ հնչում  է նախադասությունը նույն առոգանությամբ:  Համբերությունը կորցրած դատավորն ընդհատում է նրան բավական կոշտ, խնդրելով շարունակել ասելիքը: ՚Ահա, տեսա՛քՙ, – հակադարձում է դատապաշտպանը: ՚Դուք չդիմացաք քսան րոպե մոնոտոն խոսքին: Դե պատկերացրեք հիմա, որ այս ամուսինը քսան տարի շարունակ լսել է նույն կշտամբանքը. ՚Դու ոչինչ չարժես, դու հարբեցող ես ու անպիտանությունՙՙ:

Ավելի ծանրակշիռ փաստարկ պետք չեկավ ամուսնու անմեղությունն ապացուցելու համար:

– Դու անբարեխիղճ ես, դու պետության թշնամին ես, դու գող ես:

Քսան տարի շարունակ սա է ասում նորանկախ Հայաստանի իշխանավորը գործարար մարդուն:

Գուցե ոչ բացահայտ, սակայն յուրաքանչյուր խոսքի ենթատեքստում, յուրաքանչյուր ակնարկի մեջ առկա է կասկածի տարրը: Կասկածվողն էլ տարիների ընթացքում ենթագիտակցաբար սկսում է կասկածել իր ազնվության մեջ: Իշխանավորին պետք է կասկած սերմանել քաղաքացու մեջ: Համոզել է պետք բոլորին, որ չկա ազնիվ մարդ: Անազնիվ ենք բոլորս: Սա է հոգեբանական ճնշմամբ սեփական անազնվությունը կոծկելու վերջնանպատակը: Արատավոր ենք բոլորս: Սա են ասում աստվածները, սա է ասում իշխանավորը: Եվ անմեղները թող փորձեն ապացուցել իրենց անմեղությունը:

***

Իշխանավորին քննադատելու համար շինծու մեղադրանքով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում են նախկին արտգործնախարարին ու պատրաստվում են  լյարդակեր ՚արծիվներինՙ ուղարկել նրա մոտ:

– Ես իմ ընտանիքի ստեղծածն եմ բերել Հայաստան, ես թողել եմ իմ բարեկեցիկ Ամերիկան ու եկել եմ Հայրենիք իմ ընտանիքով, որ ծառայեմ իմ ժողովրդին: Կուշտ է իմ աչքը, ես ոչ մեկինը չեմ յուրացրել, – փորձում է հոշոտումից փրկել իր լյարդը նորօրյա Պրոմեթեւսը: Փորձում է ապացուցել, որ ինքն ազնիվ մարդ է: Տարօրինակ մարդ: Չի հասկացել, որ երբ սկսում ես արդարանալ, անմիջապես կասկածի տակ է առնվում ասածդ: Հատկապես  օրինապահը մտածում է` ահա, ուրեմն կա մի ինչ-որ բան, եթե արդարանում է, ուրեմն պետք է փորփրել: Եվ ինչքան էլ Կոնիի նման կրկնես ՚մեծարգո պարոն նախագահող, մեծարգո պարոնայք պատգամավորներՙ, միեւնույնն է` գնալով ավելի է խորանալու կասկածը:

***

Այս հոդվածը գրելու ժամանակահատվածում զանգվածային ստուգումներ են սկսվել փոքր ու միջին տնտեսվարող սույեկտների մոտ: Ի՞նչ քանակներ են ներկրվում, ի՞նչ գնով են վաճառվում, ինչպիսի՞ն է այդ ապրանքի պահանջարկը, ինչու՞ են գնում, ի՞նչ են անում հետագայում գնված ապրանքը: Ուսումնասիրվում է բիզնեսի մրցունակությունը, տվյալ բիզնեսի լավն ու վատը, տալիս են հարցեր, հարցաշարեր, որոնց նպատակը հայտնի է միայն իրեն` հարցադրում անողին: Խոսում են պետության անունից, ներկայանում են որպես պետական շահի պաշտպան, որպես իրավապահ, որպես տեր` օրինականության:

Փակեց իր փոքրիկ արտադրամասի դռներն անհատ ձեռներեցը, ուղարկեց տուն իր երկու աշխատողներին, փոքր մի գումար էլ հատկացրեց բանվորի ընտանիքին, երեւի թե մի վերջին անգամ ու ինքն էլ գնաց տուն` փախուստի երազը գլխի մեջ: Գնաց տուն, գնաց, որ ավելի սեղմվի իր ժայռին,  գնաց քարանա, որ դիմանա փորձությանը:

***

Իշխանությունը պահպանելու ու վերարտադրվելու համար անհրաժեշտ են դրամական միջոցներ: Հայ իշխանավորը սա հասկացավ այն պահին, երբ տեսավ, որ Հայրենիք, Սեր, Մարդ հասկացությունները պիտանի չեն նոր շուկայական կարգերում: Շատ կարճ մի ինտերվալ, ոչ ավելի մեկ տարուց, երեւի թե իննսունմեկ – իննսուներկու թվականներին նորանկախ Հայաստանի իշխանավորը փորձում էր հանդուրժել գործարարի առկայությունը երկրում: Ու հասկանալով, որ դա ներհակ է իր ներքին մղումներին, բիզնեսն ու բանկային ռեսուրսը վերցրեց իր ձեռքը: Հիմա միամիտ-միամիտ խոսում են իշխանություն – բիզնես սերտաճման մասին: Սերտաճում կարող է լինել տարրերի մեջ: Եթե իշխանավորներն ու  գործարարներն ի սկզբանե եղել են նույն մարդիկ, ապա ի՞նչ սերտաճման մասին է խոսքը: Մեր նախօրոք վարձված վերլուծաբանները փորձում են մեր տմարդի իրավիճակը կապել ընդհանուր աշխարհակարգի հետ: Մինչդեռ նեղ ազգային է մեր արատավոր այս կարգը` զուտ հայկական: Քաղաքացին գիտե, որ ուզուրպացված է բիզնես դաշտը, ու իրեն մնացել է վարձու ստրկական աշխատավարձը, գիտի, որ նորանկախ Հայաստանը մտածող ու ձեռներեց մարդու տեղ չէ, նույնիսկ Ֆորտունայի համար չի մնացել տեղ Հայաստան երկրում, եւ յուրաքանչյուր ոք,  ով հաջողությունը համարում է անձի բնական պահանջ, ճամպրուկները հավաքած շարժվում է Տիկին Հաջողության գնացած ճանապարհով:

Ունեզուրկին մնացել է մի ելք: Փախուստ:

Այդ փախուստի մեջ էլ մեռնում է նորանկախ երկրի երջանիկ ապագայի մասին առասպելը:

***

Պրոմեթեւսի մասին զրույցը Ֆրանց Կաֆկան ներկայացնում է չորս պատումով ու բացատրությունը  տեսնում է անբացատրելիի մեջ: Դեպքերի զարգացումը,  ըստ նրա, հանգեցնում  է աբսուրդի: Սակայն մի հանգամանք անտեսում է հեղինակը, այն, որ ժամանակն ունի մի շատ աներես հատկություն: Նա` ժամանակը, ընթանում է նաեւ աբսուրդի մեջ: Ժամանակի մեջ նորից ու նորից ակամա վերապրում է առասպելի հերոսը, ու առաջ են գալիս հաջորդ` հինգերորդ ու դրան հաջորդող վարկածները: Աբսուրդի առաջ կանգնած էլ յուրաքանչյուր ոք ունի իր հեռանկարը: Մարդն ապագայի էակ է, առավել եւս Պրոմեթեւսը, որ գուշակում էր ապագան, ուստի չէր կարող ավարտվել նրա կենսագրությունը չորրորդ ու վերջին տարբերակով:

Ըստ հինգերորդ տարբերակի` Պրոմեթեւսը մի պահից սկսեց գնահատել իր տեղն իրականության մեջ, գնալով սկսեց համոզվել, որ անհիմն չէ իրեն հարուցված մեղադրանքն ու սահմանված պատիժը: Ինքը խաբել է ընկերոջը` Հեփեստոսին, կատարել է գողություն, ընդ որում՝ կանխամտածված: Իր արարքի դրդապատճառն էլ ցեղային շահն էր: Իմացության լույսն ստանալու դիմաց մարդը պետք է ունենար տիտանների նկատմամբ հատուկ վերաբերմունք: Նրա խաղը եղել է երկակի: Զեւսին իշխանության բերելով` ինքն ընդունվեց աստվածների կողմից եւ աստվածային կլանի օրենքներին հավատարիմ լինելու փոխարեն  դավաճանեց նրանց, ինչի համար էլ մերժվեց ու պատժվեց:  Որ իմացության կրակի նվերը վերջնականապես ոչնչացնելու է մարդուն` սկսում է  ուրվագծվել ժամանակի հետ:

Մարդկանց համար կրակ գողացողը, մարդկանց ազատարարը լսում էր տրտունջ այդ նույն մարդկանցից, ինչը սպառնում էր վերածվել անեծքի ու նախատինքի: Ազատությունը դարձավ բեռ, անկախությունը ստրկություն` մարդու համար: Իր մեղքն ընդունելու ու վիճակի հետ հաշտվելու մի կենսական կարեւոր հանգամանք էլ կար: Որքան խորանում էր սեփական մեղավորության զգացումը, այնքան նա ավելի հեշտ էր տանում ցավը: ՚Ինչու՞ արգելողը թույլ տվեց գողությունը: Գուցե դա հենց իր` Զեւսի սադրանքն էր: Եթե այդպես է, ապա հեռու չէ ներման ու ազատագրման օրըՙ, – մտածում էր նա: Այդպես էլ եղավ: Հայտնվեց մի կիսաստված ու ազատագրեց Պրոմեթեւսին: Առասպելն ասում է՝ մոռացան աստվածները կամ էլ հոգնեցին ու չտեսնելու տվեցին Հերակլեսի զանցանքը: Մոռացումն ու հոգնածությունը  համոզիչ դրդապատճառներ չեն հանցանք ներելու: Հանցակիցն է չտեսնելու տալիս հանցանքը: Եվ մեղավորության զգացումը, որ մտավ  Պրոմեթեւսի մեջ, հանգուցալուծեց առճակատումը: Օլիմպոսյան կյանքը երեւակվեց երկրի վրա: Ազատագրված Պրոմեթեւսը նոր լույսով բերեց մարդկանց մեղավորության զգացումը: Սա էր պետք աստվածներին: Ամրագրվեց երկրի վրա արատն ու  արատավոր կարգը: Կարեւորը, որ լինեն մեղավորներ ու մեղավորության զգացում: Զգացում, որը ծնում է հպատակություն:

՚Որպեսզի ենթարկվեն քեզ, դու ինքդ պետք է ենթարկվեսՙ:

Հազարամյա հնության առասպելներով ներծծված մեր ժողովուրդն իր իշխանավորի բերանով հռչակեց հանրային կյանքը կանոնակարգող ամենաունիվերսալ բանաձեւը: Այդ կարգախոսով էլ օլիմպոսյան երկնային հանցագործ բարքերը երկնքից երեւակվեցին նորանկախ երկրի վրա, ու ազատագրման հեռանկարը թաղվեց անբացատրելիի խորքում: Սակայն այնտեղ՝ նույնիսկ անբացատրելիի ընդերքում, միշտ կա բաց մի հնարավորություն նրանց համար, ովքեր սպասում են իրենց չվերթին երկնքի ու երկրի սահմանի վրա:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.