Եվրամիությունը Վրաստանին, նախորդ տարվա ընթացքում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի փոխարեն եվրոպական հեռանկար շնորհելուց հետո, 12 կետից բաղկացած հանձնարարական փոխանցեց, ակնկալելով արդեն մեկ տարի անց Վրաստանում տեսնել ավելի ժողովրդավարական պետական ինստիտուտներ՝ բարեկարգված դատական համակարգ, ապաօլիգարխացում, ինչպես նաև քաղաքական դաշտ՝ առանց բևեռացման:
Այն ժամանակ, երբ արդեն հոկտեմբերին Եվրամիությունը պատրաստվում է կրկին քննարկել Վրաստանի կարգավիճակի հարցը, երկիրը հերթական քաղաքական կոնֆլիկտի մեջ է: Այս անգամ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մեկնարկում է իմպիչմենտի գործընթաց՝ իր իսկ կողմից 2018 թ. առաջադրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ, այն էլ՝ Վրաստանի ԵՄ անդամագրության նպատակով եվրոպական այցերի շարք կազմակերպելու համար: Հարկ է նշել, որ վերջին տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը հակառակվում է նախագահին: 2008 թվականից ի վեր Վրաստանի՝ արևմտյան ինստիտուտներ ինտեգրվելու տարիներ ձգվող նկրտումներից հետո, Եվրոպան վրդովված է Վրաստանի իշխանությունների վերջին մեկ տարվա հռետորաբանությունից, փոխարենը՝ տեսնում ենք Մոսկվայի «գովասանքի» խոսքեր «Վրացական երազանքի» մասին: Ի դեպ, հենց հակաարևմտյան հռետորաբանության հետ են կապում Վրաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացի սկիզբը:
Վրաստանի նախագահի վարչակազմը օգոստոսի 30-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է սկսում եվրոպացի առաջնորդների հետ՝ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու նպատակով:
Սեպտեմբերի 1-ին «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող կուսակցության՝ նախագահի դեմ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու որոշման մասին։ Որպես իմպիչմենտի հիմք Կոբախիձեն նշում է Վրաստանի սահմանադրության խախտումը, մասնավորապես, ըստ Կոբախիձեի, «Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության սկսել է մի շարք այցեր դեպի արտասահմանյան երկրներ»։
Ավելի ուշ, Վրաստանի կառավարությունը ևս արձագանքեց Զուրաբիշվիլիի Գերմանիա կատարելիք այցին և բացատրեց, որ մինչ այդ նախագահին մերժել են այցելել նաև Ուկրաինա, Գերմանիա, Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Դանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բուլղարիա, Չեխիա և Իսրայել: Չնայած սրան,Վրաստանի նախագահը եվրոպական շրջագայություն է սկսել։ Զուրաբիշվիլին մեկնել է Գերմանիա և հանդիպել Գերմանիայի նախագահի, իսկ ավելի ուշ հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Իմպիչմենտի դիմումի համաձայն՝ «Նախագահը խախտել է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին կետի «Ա» ենթակետը, որը ենթադրում է նախագահի իրավունքը՝ կառավարության համաձայնությամբ՝ ներկայացուցչական լիազորություններ իրականացնել արտաքին հարաբերություններում, բանակցություններ վարել այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, կնքել միջազգային պայմանագրեր, ընդունել միջազգային հավատարմագրում ունեցող դեսպանների և կազմակերպությունների, կամ այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ»։ Կառավարությունը նշում է, որ, 54-րդ Հոդվածի համաձայն, երկրի արտաքին քաղաքականություն վարելը Վրաստանի Կառավարության լիազորությունն է: Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի դերին երկրի ներքին ու արտաքին քաղաքականության իրականացման գործում, ապա քանի որ գործող սահմանադրության համաձայն՝ «Վրաստանի նախագահը գործադիր իշխանության մաս չէ, նա ամբողջությամբ զրկված է գործադիր իշխանությունից»։
Վրաստանի ընդդիմությունը, որն, ի դեպ, ի սկզբանե չի ընդունել Զուրաբիշվիլիին որպես նախագահ, իսկ հետագայում՝ նախագահից պահանջել է ներում շնորհել ձերբակալված երրորդ նախագահ Սաակաշվիլիին, այս դեպքում աջակցում է նախագահին՝ նշելով, որ երկրի եվրոպական ապագան մեծ հաշվով քաղաքական այս կերպարից է կախված: Նախագահն ունի բավականին բարձր վարկանիշ, իսկ Եվրոպական առաջնորդները հենց Զուրաբիշվիլիի հետ են կապում Վրաստանի եվրոպական ապագան: Սեպտեմբերի 11-ին նախագահը հանդիպում է ունեցել ընդդիմադիր պատգամավորների հետ, որից հետո ևս մեկ անգամ վերջիններս արձանագրել են, որ չեն թույլ տա ավարտին հասցնել իմպիչմենտի գործընթացը: Ընդդիմությունը հաջակցություն նախագահի նշում է, որ կառավարությունն իր հերթին, Զուրաբիշվիլիի այցերը մերժելով, խախտել է Սահմանադրության 78-րդ կետը, որը ենթադրում է սահմանադրական մարմնի պարտավորությունը՝ ձեռնարկել բոլոր միջոցները Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։ Չնայած, այս դեպքում, տվյալ Հոդվածում հստակ նշված է, որ սահմանադրական մարմիններն այս նպատակին հասնելու համար գործում են իրենց լիազորությունների շրջանակներում: Այլ հարց է հասկանալը, թե նման ինտենսիվությամբ մերժումները հակասո՞ւմ են, արդյոք, 78-րդ Հոդվածին ու արդյո՞ք չեն համարվում ԵՄ-ին երկրի անդամագրման խոչընդոտումներ: Այս մասին հստակ պատասխան կարող է տալ հենց Սահմանադրական դատարանը, եթե տվյալ հայցն ընդդիմությունը դատարան ներկայացնի:
Այնուամենայնիվ, իմպիչմենտի գործընթացը սկսված է, չնայած մի շարք խնդիրների: Իշխող կուսակցությունը նախապես գիտակցում է, որ ընթացակարգերն ավարտին հասցնելու համար կան որոշակի հանգամանքներ, որ իրենց վերահսկողությունից դուրս են գտնվում: Օրինակ, չնայած նրան, որ իշխանությանը հաջողվեց 80 ստորագրություն հավաքել գործընթացը սկսելու համար, այն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 ձայն, որն իշխանությունը խորհրդարանում չունի:
Վրաստանի Սահմանադրության 48-րդ Հոդվածը նվիրված է Վրաստանի նախագահի իմպիչմենտի ընթացակարգին։ Նշված Հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իմպիչմենտի ընթացակարգ կարող է սկսվել սահմանադրության խախտման կամ որևէ արարքի մեջ հանցավորության նշանների առկայության դեպքում։ Այստեղ սահմանվում է նաև, որ խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն մեկ երրորդը (այս դեպքում՝ 50 պատգամավոր) պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ հարցը բարձրացնելու համար։ Մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանը պետք է մեկամսյա ժամկետում քննարկի հարցը և իր եզրակացությունը ներկայացնի խորհրդարանին։
Հարցը Սահմանադրական դատարան ուղարկելուց հետո իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբեր ուղղություններով. Նախագահի կողմից Սահմանադրության խախտումը կամ նրա գործողություններում հանցավորության նշանների առկայությունը պետք է հաստատեն ՍԴ 9 դատավորներից 6-ը, հակառակ դեպքում՝ իմպիչմենտի ընթացակարգը դադարեցվում է։
Եթե Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հաստատում է նախագահի կողմից Սահմանադրության խախտումը կամ նրա գործողություններում հանցավորության նշանների առկայությունը, ապա խորհրդարանն իրավունք ունի երկշաբաթյա ժամկետում քննարկել և քվեարկել նրա իմպիչմենտի հարցը։ Եթե խորհրդարանը 2 շաբաթվա ընթացքում Վրաստանի նախագահի պաշտոնից հեռացման մասին որոշում չընդունի/չկարողանա ընդունել, ապա նույն հիմքով այլևս չի կարող իմպիչմենտի ընթացակարգ սկսել։
Իմպիչմենտին աջակցելու համար անհրաժեշտ է Վրաստանի խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն 2/3-ի համաձայնությունը։ Ստացվում է, որ 150 պատգամավորից առնվազն 100 պատգամավոր պետք է աջակցի նախագահի պաշտոնանկությանը։ Ուստի պարզ է, որ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության խախտման փաստի հաստատումը ինքնաբերաբար չի ենթադրում նախագահի պաշտոնանկություն։ Վերջնական որոշման կայացումը կապված է խորհրդարանում ընթացող քաղաքական գործընթացի հետ։
Հարկ է նշել նաև, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է ավելի քան 80 պատգամավորով, իսկ ընդդիմությունը հստակ սահմանել է՝ իշխանությանն այս հարցում չի աջակցելու ու պաշտպանելու է երկրի նախագահի լիազորությունները: Փաստացի ստացվում է՝ Վրաստանի իշխանությունը հերթական անգամ մտնում է խաղի մեջ, որում ի սկզբանե պարզ է, որ պարտված է:
Հետաքրքիր է, որ այս շրջանում ևս մեկ իմպիչմենտի դիմում արդեն վարչապետի համար, նախապատրաստում է ընդդիմությունը:
Երկրի քաղհասարակությունն այս քայլերում տեսնում է հանձնարարականի անտեսման ու եվրոպական ապագայից շեղվելու հաղորդագրություն Եվրամիության համար, իսկ ոմանք գտնում են, որ քաղաքական հերթական սկանդալը պարզապես ուշադրություն շեղելու գործիք է: Հասարակական կազմակերպությունները համատեղ նամակով կոչ են արել իշխանությանը դադարեցնել իմպիչմենտի գործընթացը:
Երկրում զարգացող իրադարձությունները համընկան նաև ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի Վրաստան կատարած այցի հետ, ով հայտարարել է, որ նախագահի իմպիչմենտի գործընթացը ռիսկային է, ու սրանով Վրաստանում էլ ավելի կաճի քաղաքական բևեռացումը:
Խնդրին այն է, թե այս ամենը ինչ ազդեցություն կունենա Վրաստանի եվրոպական նկրտումների վրա։ Հոկտեմբերին Եվրահանձնաժողովը կներկայացնի իր տարեկան զեկույցը ընդլայնման վերաբերյալ, որտեղ առաջարկներ կներկայացնի Վրաստանի, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի համար։ Հետագայում, բոլոր 27 անդամ երկրները միաձայն կորոշեն՝ ընդունել կամ մերժել այս առաջարկները։
Այն պարագայում, երբ Ուկրաինան ու Մոլդովան, որոնք ի տարբերություն Վրաստանի, արդեն իսկ ստացել են «թեկնածուի» կարգավիճակ, շարունակում են իրականացնել ԵՄ-ի հանձնարարականները, Թբիլիսին ետ է մնում նրանցից, հերթական անգամ հիասթափեցնելով արևմտյան գործընկերներին: «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետ կապված իրադարձություններից ու Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումից, ինչպես նաև Ռուսաստանի կողմից դրական գնահատականներ ստանալուց, իսկ հիմա արդեն Չինաստանի հետ հարաբերություններն ամրապնդելուց ու առանց վիզայի ելումուտ սահմանելուց հետո իշխանությունը շարունակում է եվրաինտեգրման սաբոտաժ իրականացնել ու, ինչն ամենակարևորն է՝ գործել իր իսկ բնակչության ցանկության հակառակ:
Լիզա ԹՈՐՈՍՅԱՆ
Լրագրող
Թբիլիսի