Այսօր Երեւանի Ավագանու՝ փաստացի քաղաքապետի ընտրության մասին խոսելը կհնչի չափազանց տարօրինակ, այն ճակատագրական եւ ողբերգական իրողությունների ֆոնին, որ այդ ընտրությունից ընդամենը երկու օր անց տեղի ունեցան եւ շարունակվում են Արցախում: Սեպտեմբերի 17-ին Հայաստանում Երեւանի Ավագանու ընտրության քվեարկությունն էր, իսկ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւը սկսեց փաստացի նոր պատերազմ Արցախի դեմ, դրա միջոցով պարտադրելով «ինտեգրացիայի» օրակարգի քննարկում՝ ռուսական խաղաղապահ առաքելության իրազեկվածությամբ, այսպես ասած միջազգային հանրության քար լռությամբ:
Հարց է առաջանում, թե ի՞նչ կապ կարող է լինել Երեւանում քվեարկության ու երկու օր անց Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի միջեւ: Ուղիղ կապի վերաբերյալ որեւէ պնդում անել, բնականաբար, չենք կարող, քանի որ տեղի ունեցած քվեարկությունն ու երկու օր անց հաջորդած ողբերգությունը որեւէ կերպ կապակցված հարցեր չեն: Բայց, Արցախի հարցը «առկա» է եղել Երեւանի քաղաքային իշխանության ընտրության գործընթացում՝ ուղղակի եւ անուղղակի իմաստով:
Ուղղակի իմաստով հարցը նախընտրական օրակարգ էր բերել «Մայր Հայաստան» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն էր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությանը մասնակցած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, որը ներգրավվեց «Մայր Հայաստան» հասարակական-քաղաքական միավորման ստեղծմանը, իսկ Երեւանի ավագանու ընտրությանը «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու առաջադրվելուց առաջ հայտարարեց խորհրդարանի պատգամավորի մանդատը վայր դնելու մասին, այդ քայլը բացատրելով նրանով, որ այդպես ցույց է տալիս հանուն ամբողջական իշխանափոխության համար պայքարի հաստատակամությունն ու վճռականությունը:
Դաշինքն իր նախընտրական քարոզչության առանցքում դրել էր հենց Արցախի հարցը, քննադատության ենթարկելով այդ հարցում Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունը, դա համարելով Արցախի եւ Հայաստանի համար կորստաբեր քաղաքականություն, հայտարարելով, որ ծանր ու ճակատագրական կորուստներից խուսափելու համար պետք է հեռացնել իշխանությանը եւ որ Երեւանի Ավագանու ընտրության գործընթացը դիտարկում են այդ խնդրի լուծման ճանապարհի կարեւոր հանգրվան: Արցախի հարցը շոշափում եւ իշխանության քաղաքականությունը թիրախավորում էին նաեւ մասնակից այլ ուժեր, սակայն հարցը նախընտրական մարտավարության եւ ռազմավարության առանցք էր «Մայր Հայաստան» դաշինքի պարագայում:
Գործող իշխանությունը խուսափեց քարոզարշավը քաղաքական օօրակարգով անցկացնելու մարտավարությունից: Ավելին, երբ քարոզարշավի մեկնարկային օրերին իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանին լրագրողները հարց էին ուղղում Արցախում ծանր իրավիճակի, շարունակվող շրջափակման, կուտակվող ադրբեջանական զորամիավորումների եւ լարվածության ռիսկերի մասին, նա արձագանքում էր, թե իրեն պետք է հարցեր ուղղել քաղաքային այգիների, մանկապարտեզների, բակերի եւ այլնի վերաբերյալ: Սակայն, որոշակի ժամանակահատվածից հետո, կառավարող ուժի թեկնածուն, այդուհանդերձ, սկսեց ամբողջությամբ չխուսափել Արցախի վերաբերյալ քննարկումներից, շեշտը դնելով հիշեցումների վրա, թե ինքը 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, եղբայրը վիրահատություններ է արել Արցախում, եւ որեւէ մեկը չի կարող իրեն բան ասել Արցախի առումով:
Այդուհանդերձ, ակնառու է, որ այդտեղ չկար որեւէ կոնցեպտուալ տրամաբանություն ունեցող շեշտադրում, այլ ընդամենը քարոզչական նկատառումներից ելնելով՝ հարցադրումներին արձագանքելու տրամաբանություն: Կոնցեպտուալ շեշտադրումը պետք է հրապարակ բերեր կառավարող ուժի ոչ թե թեկնածուն, այլ առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քարոզարշավի վերջին օրերին, իհարկե՝ անուղղակի շեշտադրմամբ: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որում ազդարարեց, որ Երեւանի Ավագանու ընտրությունը ունի պետականության, անկախության եւ ինքնիշխանության համատեքստ:
Քարոզչության վերջին չորս օրն իշխանությունն անցկացրեց այդ տրամաբանության ներքո, իսկ զուգահեռ՝ իշխանության հանդեպ լոյալություն ունեցող տարբեր տեղեկատվական եւ այլ հարթակներ ու շրջանակներ տարածում էին սցենարներ, ըստ որի՝ պատրաստվում է Հայաստանում հեղաշրջում, որը պետք է կատարվի նաեւ Արցախը հանձնելով ու դրա համար մեղադրելով Հայաստանի իշխանությանը: Ըստ մատուցվող սցենարների՝ դրա համար է Արցախում տեղի ունեցել նախագահի փոփոխություն, հրաժարական «պարտադրվել» Երեւանի հետ լավ հարաբերություն ունեցող Արայիկ Հարությունյանին, նշանակվել նախկին իշխանության հովանավորությունն ունեցող նոր նախագահ, որպեսզի հանձնվի Արցախը, հետո դրա համար մեղադրանքը դրվի Հայաստանի իշխանության դեմ գործողությունների հիմքում եւ քաղաքապետի ընտրությունն էլ օգտագործվի այդ գործողությունների մեկնարկը տալու համար: Ընդ որում, այդ սցենարի վրա անուղղակի, բայց որոշաի յուղ լցրեց նաեւ վարչապետ Փաշինյանը, իր հարցազրույցում ասելով, որ ափսոսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար, քանի որ նրա հետ ուներ աշխատանքային լավ հարաբերություն:
Շրջանառվող «սցենարն» իհարկե ուներ որոշակի «անհարթություն»: Մասնավորապես, եթե Հայաստանում իշխանափոխություն անելու համար պլանավորվում էր Արցախի հանձնում, ապա ինչու՞ փոխել Արայիկ Հարությունյանին եւ կառավարման ուղիղ պատասխանատվություն դնել Արցախի եւ Հայաստանի նախկին իշխանության հետ կապակցվող ուժերի վրա: Միթե՞ Արայիկ Հարությունյանն ի զորու էր լինելու դիմմագրավել այն, ինչը Երեւանի ընտրությունից հետո պետք է տեղի ունենար Արցախի հանդեպ: Ավելին, չէ՞ որ նրա մնալու պարագայում ավելի դյուրին կլիներ պատասխանատվությունը դնել հենց Հարությունյանին եւ նրա հետ լավ աշխատող Երեւանի վրա:
Անշուշտ, Արցախում տեղի ունեցածի առնչությամբ ինքնին կան շատ հարցեր, այդ թվում եւ այն, թե ինչու՞ արցախյան վերնախավը չգնաց Ադրբեջանի հետ բանակցության առանց պատերազմի, չգնաց այն քայլերին, որոնց հետո ստիպված էր համաձայնել ադրբեջանական ռազմական ագրեսիայի ճնշման տակ: Միթե՞ որեւէ մեկի մոտ կարող էր լինել պատրանք, թե Արցախը, այն էլ իննամսյա շրջափակումից հյուծված, թե խաղաղապահներից, թե միջազգային հանրությունից «լքված» Արցախը կարող էր դիմակայել Ադրբեջանին: Մի՞թե այդ առնչությամբ եղել էին ինչ-որ խոստումներ, եւ այլն:
Սրանք հարցեր են, որոնք այսօր արդեն մի կողմից հնչում են ուշացած, մյուս կողմից՝ գուցե սրանց պատասխանները հնարավոր կլինի ստանալ շատ ավելի ուշ, իսկ առայժմ պետք է գերկենտրոնանալ մարդկային ճակատագրերի ողբերգական սպառնալիքները նվազեցնելու ուղղությամբ: Այդ հարցերով հանդերձ, սակայն, անկասկած է նաեւ, որ հարցեր էր առաջացնում երեւանյան ընտրությանը «թավշյա» ճանապարհով ներգրավված «սցենարային» տրամաբանությունը, որը կարծես թե լիներ սպասվող մարտահրավերներին եւ ողբերգությանը քաղաքական պաշտպանության տեսանկյունից նախապատրաստվելու գործողություն: Եվ արդյո՞ք այդ շրջանակում չէր նաեւ առերեւույթ իշխանության պարտություն, տապալում նախանշող արդյունքը, երբ կառավարող ուժը ոչ միայն ինքը չհավաքեց անհրաժեշտ 50+1 տոկոսը, այլ անգամ բավականին նկատելի պոտենցիալ կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության հավաքած տոկոսով իսկ չստացավ քաղաքային իշխանություն ձեւավորելու հնարավորություն, եւ փոխարենն այդ հնարավորությունը ստացան անցողիկ շեմը հաղթահարած երեք այլ ուժեր՝ Հայկ Մարությանը՝ նախկին քաղաքապետ, «Մայր Հայաստան» դաշինքը եւ հայտնի մականունավոր հայհոյախոս Վարդան Ղուկասյանի առաջնորդած «Հանրային ձայն» կուսակցությունը:
Եվ այդ ամենը՝ ընտրողների աննախադեպ ցածր մասնակցության պարագայում, երբ քվեարկել էր ընտրելու իրավունք ունեցողների միայն 28 տոկոսը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկության օրը տեղամասից դուրս գալիս հայտարարեց, թե 50 տոկոս ձայն չստանալու պարագայում իշխանության համար ավելի բարդ կլինի հոգալ պետության անվտանգության խնդիրները: Ու մինչ սեպտեմբերի 1-ից հետո ամբողջ Հայաստանը զբաղված էր Երեւանի նոր իշխանության հնարավոր կոնֆիգուրացիաները քննարկելով, սեպտեմբերի 19-ին պայթեց Ադրբեջանի նոր ագրեսիան Արցախի դեմ:
Երեւանի ընտրությունից առաջ եւ դրա ընթացքում քննարկումների մի զգալի մասը վերաբերում էր հնարավոր հետընտրական զարգացումներին ու ցնցումներին, եւ հետընտրական ցնցում եղավ, այն էլ արյունոտ՝ պարզապես Արցախում, ոչ թե Երեւանում: Թեեւ, դրա հետեւանքով Երեւանում եւս սկսեց քաղաքական իրավիճակի փոփոխության գործընթաց: Մեծ հաշվով, Արցախում տեղի ունեցածը ամբողջապես փոխեց Երեւանի ընտրության պաշտոնական արդյունքով ստեղծված քաղաքական պատկերը: Կամ, ավելի շուտ, սկսեց այդ գործընթացը, այսօր սակայն դեռեւս անորոշ հեռանկարով՝ թե Հայաստանի, թե Արցախի առնչությամբ: Ալիեւ՞ն էր սպասում Երեւանի ընտրության արդյունքին՝ ագրեսիայի վերջնական որոշման համար, թե՞ Երեւանում էին սպասում Արցախի դեմ Ալիեւի նոր ագրեսիային՝ ըստ այդմ նախընտրեցին Երեւանում առանձնապես վճռորոշ պայքար չմղել 50+1 տոկոսի համար: Թե՞ 50+1 տոկոսը դառնալով Հայաստանի քաղաքական իշխանության համար ըստ էության վստահության հանրաքվե, բերելու էր խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների համար այդ իշխանության միջազգային պարտավորությունների աճի, այն պարագայում, երբ կար այդ պայմանագրի գլխավոր խոչընդոտ դիտվող՝ Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը:
Երեւանի ընտրության արդյունքը Հայաստանի իշխանությանը փաստացի «ազատեց» այդ թնջուկի առկայության պայմաններում խաղաղության պայմանագրի շուրջ միջազգային պարտավորության, հետեւաբար՝ դրա հետեւանքով հնարավոր ճնշման աճից, բայց այդ քվեարկությանը երկու օր անց հաջորդած ադրբեջանական ագրեսիան Երեւանին «ազատեց» միջազգային հարթակներում քննարկվող պայմանագրի ընթացքը դանդաղեցնող այդ «թնջուկից»:
Անկասկած է մի բան, որ իրադարձությունների այդօրինակ ճակատագրական ու ողբերգական զարգացումը չէր կարող փոխազդեցություն եւ փոխկապակցվածություն, շղթայականություն ունենալ միայն հանգամանքների պատահական բերումով, որքան էլ, իհարկե, ավելորդ է խոսել Հայաստանի ներքին իրավիճակի վրա Արցախի հարցի, Արցախի ճակատագրի առնչվող որեւէ հանգամանքի ազդեցության մասին: Մնացյալը հարցեր են, որոնք ավելանում են Հայաստանի եւ Արցախի վերջին երեք տասնամյակի դրամատիկ պատմության ընթացքում կուտակված բազմաթիվ մեծ ու փոքր հարցերին, որոնք առաջացրած առիթները, շարժառիթներն ու պատճառները այդ պատմության հերոսական եւ լուսավոր մեկնարկը հասցրին ներկայիս ողբերգական կետին եւ հետագա անորոշությանը:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան