«Երկու օր է` ճամփա ենք գալիս, 40 ժամ հետո՝ նոր հասել ենք Գորիս։ Մինչ այդ էլ հինգ օր Ստեփանակերտի օդանավակայանում ենք անցկացրել՝ առանց հիգիենայի պարագաների, որևէ պայմանների»,- ասում է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի բնակիչ Վալյա Առաքելյանը, ում տունը ավերվել է սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ Գորիս են հասել տնային շորերով՝ հասցնելով վերցնել միայն փաստաթղթերով լի տոպրակը։ Նրանք Հայաստանում բարեկամներ չունեն, հույսը դրել են պետության վրա, բայց Գորիսում մնալու ցանկություն չունեն․ «գնանք Երևան, հետո հասկանանք, թե ինչ ենք անում»,- արցունքները սրբելով պատմում է 73-ամյա կինը, ու կոկորդը խեղդելով ավելացնում․ «Հույս չի եղել, որ սաղ կմնանք․ տատ ու թոռ տանը նստած, տանիքից արկն ընկել ու տունը պայթեցրել է, էդ մարդկանց էլ հետը։ Մեր գյուղն էնքան զոհեր ա տվել էս վերջին օրերին։ Ներքին Հոռաթաղն ամբողջությամբ ավերվել է, բնակիչներն էլ՝ տարհանվել են»։ Լռում է, այնուհետև շունչ քաշում ու էլի շարունակում․ «Էս վերջին կռվով կորցրինք Արցախը․․․վերցրին մեզնից։ Մի Ստեփանակերտ ա մնացել․ մնացած շրջաններն էլ չկան․ զոհերը՝շատ, անհայտ կորածները՝ անհաշիվ։ Մտել են ու քնած երեխային սպանել։ Աննկարագրելի ցավ ա․․․Աշխարհը չկարողացավ մի բան անել, որ Արցախն ու արցախցուն տեղահան չանեն»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարություն էր տարածել, որ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ Հայտարարելուց հետո խախտել է հրադարդարը սահմանի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը և մեկուկես օր տևած պատերազմից հետո միայն ԼՂ–ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Հիմնական պայմանն էր ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ–ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»։
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում Արցախի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև տեղի ունեցած հանդիպումից միայն 3 օր անց պայմանավորվածություն ձեռք բերվեց միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որր կյանքի ճանապարհ էր հայերի համար։
Բռնի տեղահանված արցախցիների առաջին խումբը՝ մոտ 40 հոգի, Հագարիի կամրջով հասել է Տեղ համայնքի Կորնիձոր բնակավայրում տեղակայված հումանիտար կայան, որտեղ վերապատրաստված թիմը կարիքի գնահատում էր կատարում, և ապա ցանկության դեպքում տեղավորվում պետության կողմից առաջարկվող կացարաններում։ «Միայն Սյունիքի մարզում պատրաստ ենք տեղավորել 10 հազար արցախցու»,- տեղեկացնում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Հումանիտար կայաններ բացվել են Գորիս և Կորնիձոր բնակավայրերում։ Երեք օր հետո, հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը և մարդկային հոսքը, Կորնիձորի հաշվառման կենտրոնը տեղափոխվել է Վայք։
Տվյալների հավաքագրման, կարիքի գնահատման, սննդի, հագուստի, դեղորայքի, կացության և այլ հարցերի կարգավորման գործում միայն Գորիսում ներգրավվել է 250-ից ավել մարդ։
Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից Գորիս են հասել երեք եղբայրներ՝ իրենց ընտանիքներով, ընդհանուր առմամբ՝ 17 հոգի։ Գրանցվել ու «տեղավորվել» են Գորիսի հրապարակում։ Ասում են, որ չեն կարողանում կողմնորոշվել, թե ուր գնան, ցանկություն ունեն բոլորը միասին մի տեղում հանգրվանել․ Արցախում էլ էին այդպես․ միասին էին բոլորով՝ չնայած երեք տղաներն էլ արդեն ավարտին էին հասցրել իրենց առաձնատների կառուցումն ու կահավորումը։ Բայց չհասցրին տեղափոխվել ու վայելել։
«2020 թ.-ին էլ էինք դուրս եկել մեր գյուղից․ էլի էս հրապարակում էի, հղի էի, հիմա՝ էլի էստեղ, բայց երկու տարեկան բալիկիս հետ։ Էն ժամանակ էլ էր վիճակը շատ վատ, բայց հույս ունեինք, որ ժամանակավոր է, ու հետ ենք դառնալու․ հիմա էդ հույսը չկա։ Վերադարձանք, անընդհատ լարված ապրում էինք, բայց սպասումով, որ իրավիճակը կկագավորվի։ Հիմա չգիտենք որտեղ գնանք, որ էլ կռվի մեջ չընկնենք ու չտեղահանվենք»,- ասում է հարսներից մեկը՝ Ազգանույշ Ստեփանյանը։
10-ամյա Գագիկն էլ շրջափակման ողջ ընթացքում երազել էր կոկա-կոլա խմելու ու պիցցա ուտելու մասին։ Այդ մասին մեզ տղայի մայրը պատմեց, բայց երբ այդ հարցը նրան տվեցի, պատասխանեց, որ «երկու օր ճանապարհ գալուց ամենաշատը երազել է, որ տուն գտնեն Հայաստանում»։ Մեր խոսակցության ընթացքում տուն դեռևս չէին գտել, բայց վստահ էին, որ հարցը հեշտ կլուծվի։ Քաղցրավենիքի, համով ուտելիքների մասին բոլոր երեխաներից լսելի էր մինչ բռնի գաղթի ճամփան բռնելը․ հիմա նույնիսկ նրանք չեն վայելում արդեն հասանելի ու ցանկալի ուտելիքները։
Սարսափելի զգուշավորություն է պետք ունենալ յուրաքանչյուր արցախցու մոտենալիս ու որևէ հարց տալիս․ բոլորի աչքերում քարացած հայացք կա, որից դժվար է կռահել, թե, բացի հայրենիքը կորցնելու ցավից, ում են կորցրել արցախյան առաջին, ապրիլյան, 44-օրյա, սեպտեմբերի 19-ին սկսած ու մեկուկես օր տևած պատերազմների ժամանակ, համարյա տարի ձգվող շրջափակման ու Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայաններից մեկի պայթյունի հետևանքով։
Հարցին, թե ինչ են թողել Մարտակերտում, Հովհաննես Մարությանն ասում է․
-Մըխիլա զոհված ախպերներ ընք թողալ, մամանավանդ էս վերջին օրերին, մեր ապրած տարիներն ենք թողել։ Տուն-տեղ, գործ, ունեցվածք․․․ դրանք երկրորդական են, ու մի րոպե էդ ամենի մասին չեմ մտածում։ Ցանկացած իրավիճակում ձգել ենք․ ինը ամիս բլոկադան նույնիսկ աչքիս չի երևում։ Քիչ-միչ, բայց մեր այգիներից ստացված գյուղմթերքով ապրել ենք։ Ամեն ինչ արել ենք ապրելու համար, մեր հողում մնալնու համար, բայց թուրքի հետ ապրել չենք կարող։ Կարծում եմ, լրիվ անճար մարդը միայն կմնա Արցախում․ կռիվ էլ չլինի, մահացողներ, սպանություններ են միշտ լինելու։
Դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո Սյունիքի մարզի, մասնավորապես՝ Գորիս համայնքի դերը մեծ էր թիկունքում իրականացվողք աշխատանքներում։ Միայն Գորիսում ապաստանել էր ավելի քան 10 հազար արցախցի, որոնց համայնքն ապահովել էր սննդով, հագուստով և կեցությամբ։ Նրանց մեծամասնությունը հետ էր վերադարդարձել Արցախ, իսկ մի մասը, ովքեր իրենց տներն էին կորցրել, շարունակում են այսօր էլ ապրել Գորիս տարբեր վայրերում։ Սյունիքը հիմա սահմանամերձ է, ու բռնի տեղահանվածներից քչերն են ուզում այստեղ մնալ՝ վախենալով հնարավոր ռազմական բախումներից ու կրկին տեղահանվելուց։ Բայց այսս օրերին Սյունիքն ընդունել ու ջերմություն է փոխանցել յուրաքանչյուր արցախցու։
Հիմա Կորնիձորում գրանցման կետ չկա, բայց մեծ ու փոքր ներգրավված են արցախցիներին սնունդ բաժանելու և առաջին բուժօգնություն ցույց տալու գործում։
Ընտանեկան բժիշկ Ժակլին Ավետիսյանի խոսքով, տեղահանվածների մեծ մասը քաղցած է, մրսած, հիպերտոնիկ հիվանդները դեղորայք չեն ընդունել։ Նրանց առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, սահմանափակ քանակությամբ դեղորայք են տրամադրում մինչև մոտակա պոլիկլինիկա ու հիվանդանոց հասնեն՝ բուժումը շարունակելու նպատակով։ «Հիվանդները շատ-շատ են, հատկապես՝ մինչև մեկ տարեկան երեխաները։ Համարյա բոլորը ջերմում են, հազում։ Ամեն ինչը ներգործել է՝ և՛ հոգեբանական սթրեսը, և՛ երկար ճանապարհը, ամիսներ շարունակ քաղցած լինելը կամ թերսնումը»,- նշում է նա։ 2-3 ժամի փոխարեն առնվազն 30 ժամ ձգվող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մահացության ու երեխայի ծնվելու դեպքեր էլ են գրանցվել։
Երիտասարդներն էլ կանգնող մեքենարներին ջուր, ուտելիք են տալիս, չկանգնողների ետևից էլ վազում, փոխանցում, այնպես, որ ոչ ոք առանց սննդի առաջ չգնա։ Մի մասն էլ մեքենաներով բենզին ու ուտելիք էին հասցնում Հագարիի կամրջի սկիզբը, որ խցանումների մեջ գտնվող մարդիկ սոված չմնան։
Հ․Գ. Համեմատելով 2020 և 2023 թթ. իրադարձությունները, մեղքս ինչ թաքցնեմ, կարող եմ ասել, որ 2020-ին ավելի հեշտ էր ստացվում հարցեր տալ, քիչ հուզվել, հարցերում ու պատասխաններում հույսի ու հաղթանակի նշույլներ տեսնել։ Դա միայն հիմա եմ գիտակցում․ այն ժամանակ իրավիճակը մղձավանջային էր թվում, մինչև չեկավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։
Անահիտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Գորիսի մամուլի ակումբ