Պատերազմում պարտության պատճառներն ու առաջին հետևանքները
44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը կանխորոշված էր: Կանխորոշված էր ոչ այն պատճառով, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հավասարակշռությունը էականորեն խախտված էր, ոչ էլ այն պատճառով, որ մյուս կողմը հոգեբանական առավելություն ուներ: Հայաստանի պարտության գլխավոր գրավականը տարածաշրջանային երկու տերությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր համաձայնությունն էր: Ռուսական կայսերականությունը, ժամանակի ընթացքում սեփական ազդեցության գոտին որպես համաշխարհային բևեռի վերածնման կենսական տարածություն ընկալելով, կլանման գաղափարախոսությունը կանխադրեց՝ որպես գործողության ուղենիշ: Սա ենթադրում էր մեր տարածաշրջանի «բնական» դաշնակիցների սիրաշահում՝ այլ հատվածներում գործողությունների ժամանակ ապահով թիկունք ունենալու համար: Ժամանակը հաստատեց նման մոտեցման արդյունավետությունը. Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների շրջանցման ադրբեջանա-թուրքական ճանապարհն աշխատում է անխափան:
Պարտությունը կանխորոշված էր, բայց հետպատերազմյան միտումներում այլընտրանքները բազմաթիվ էին: Ընդ որում՝ այդ բազմազանությունն էլ ավելի խայտաբղետ դարձավ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի հաստատման պայմաններում: Կարելի է վստահորեն պնդել, որ Հայաստանի պարագայում նման զարգացումը թթվածնի մի փոքր չափաբաժին ավելացրեց ընդհանուր զարգացումների տրամաբանությունում:
Հայաստանը պատերազմից դուրս եկավ անորոշության և քաոսի ընդհանուր մթնոլորտով: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ անորոշությունն ավելին էր, քան հստակությունը: Այս իրողությունն առավել մեծ ռեսուրսներ ունեցող կամ, այլ խոսքով, ավելի ուժեղ կողմի համար մեկնաբանությունների միջոցով շահարկման հնարավորություններ էր պարունակում: Անորոշություններն էլ ավելի ընդգծվեցին ՀՀ ներքին քաղաքական դաշտում խառնակչախմբերի ակտիվությամբ: Քաղաքական դերակատարների այն խումբը, որը 2018 թվականի հեղափոխության արդյունքում հեռացել էր իշխանությունից կամ չէր հասցրել իշխանության մեջ իր «ժառանգական մասը» ստանալ, ակտիվացավ և սկսեց վերադարձի հույսեր փայփայել: 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները, սակայն, հուսախաբ արեցին հատկապես այս քաղաքական ուղղության շարքային անդամներին: Մյուս կողմից, հեղափոխական իշխանությունը, 2-րդ անգամ անընդմեջ ստանալով բացարձակ մեծամասնություն և կազմելով իշխանություն, շարունակեց վարանոտ արտաքին քաղաքականությունն ու նախկին պայմանավորվածություններով կաշկանդված լինելով՝ չգնաց ռեֆորմների ճանապարհով: 2021-2022 թվականներին արտաքին քաղաքական կուրսը հիմնականում փոփոխությունների չենթարկվեց, իսկ ներքին բարեփոխումները դանդաղեցին ու ձգձգվեցին:
Անվտանգային համակարգի վերափոխման անհրաժեշտության գիտակցումը
Եթե 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը ՀՀ իշխանությունների կողմից բավարար հիմք չհամարվեց անվտանգային ճարտարապետության վերանայման համար, ապա 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները հանգուցային դարձան: Հայաստանի անվտանգային համակարգի լճացումն ու փաստացի խափանումը բերեցին մեծաթիվ զոհերի և ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների: Ոչ ՀԱՊԿ գործընկերները, ոչ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի օգնության դիմումին: Հայաստանը ստիպված էր որոնել այլ գործընկերներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ փոխհատուցել անվտանգային տարածությունում առաջացած ճեղքվածքը:
Անվտանգային համակարգի վերափոխումների գլխավոր ուղղությունը խնդիրների դիվերսիֆիկացումն էր, որի իրականացման համար Հայաստանը սկսեց սերտացնել համագործակցությունը արտատարածաշրջանային գործընկերների հետ: Հասկանալի էր, որ այս իրավիճակում Հայաստանը ստիպված էր լինելու հաշվի առնել աշխարհաքաղաքական իրավիճակից բխող պահանջները: Ուկրաինայում սկսված պատերազմը կոնսոլիդացրել էր երկրագնդի քաղաքական քարտեզի գերակշիռ մասը՝ ընդդեմ տարածքային փոփոխությունների: Քանի որ Ադրբեջանի ջանքերով և Հայաստանի ու Արցախի բոլոր իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով Արցախի խնդիրը ընկալվում էր որպես տարածքային վեճ, անվտանգային համակարգում այլ դերակատարների ներգրավումը ենթադրում էր Հայաստանի դուրսբերում Արցախի խնդրից: Հետևաբար՝ Պրահայում Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, պայմանով, որ արցախահայության իրավունքներն ու անվտանգային խնդիրները պիտի հասցեագրվեն:
Հակազդեցությունն իրեն սպասել չտվեց: Ռուսական խաղաղապահ ուժերի ակնհայտ թողտվությամբ և իրենց պատասխանատվության գոտում Ադրբեջանը նախ փակեց Բերձորի միջանցքը, այնուհետև՝ տեղադրեց անցակետ: Հայկական կողմի կոչերն ու սպասումները Ռուսաստանից նորից մնացին անպատասխան:
Արևմուտքի ակտիվությունը և Արցախի ռուսական հատվածի հանձնումը Ադրբեջանին
Արևմտյան ֆիզիկական ներկայությունն առաջին անգամ արձանագրվեց անմիջապես պրահյան հանդիպումից հետո: Եվրամիության դիտորդական առաքելությունը տեղակայվեց Հայաստանի սահմաններին, դրանով ազդարարելով տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկը: Ադրբեջանի և Ռուսաստանի անհամաձայնությունը հաշվի չառնվեց: Ավելին՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելության զուգահեռ տեղակայման առաջարկը Հայաստանը չընդունեց: Երբ երկամսյա առաքելության ավարտից հետո ԵՄ դիտորդական առաքելության նոր՝ երկամյա ժամկետ սահմանվեց, ռուսական դժգոհությունն էլ ավելի մեծ ծավալներ ստացավ, երբեմն հասնելով սպառնալիքի աստիճանի:
Միևնույն ժամանակ, շարունակվում էր Արցախի շրջափակումը: Մի կողմից դա Ադրբեջանի համար Հայաստանի վրա բանակցությունների սեղանի շուրջ լրացուցիչ ճնշման միջոց էր, մյուս կողմից՝ ռուս խաղաղապահները մեծ գումարներ էին աշխատում ապրանքների և մարդկանց երկկողմանի փոխադրումներ իրականացնելու համար:
Հայաստանի կողմից արտաքին քաղաքականության ոլորտում ինքնուրույն որոշումները սկսեցին հաջորդել մեկը մյուսին: 2022 թվականի դեկտեմբերին Սահմանադրական դատարանը փոխեց 2004 թվականի որոշումը, որով միջազգային քրեական դատարանի վերաբերյալ պայմանագիրը՝ Հռոմի ստատուտը, հակասահմանադրական էր ճանաչվել: Ստատուտի հավանական վավերացումը ռուսական կողմն անվանեց իր նկատմամբ «թշնամական քայլ», թեև Հայաստանը պետական մակարդակով հերքեց Ռուսաստանի հետ հարաբերություններին որևէ առնչությունը: Մյուս կողմից, Արցախի միջոցով Հայաստանում իշխանափոխության ռուսական պլաններն ավելի ու ավելի անիրատեսական էին դառնում: Ռուսաստանում համարեցին, որ Արցախում այսպես կոչված «խաղաղապահ առաքելությունը» դարձել է ռեսուրսների և ժամանակի անիմաստ ծախս: Սպասելը մինչև 2025 թվականը, երբ կլրանար նոյեմբերի 9-ի համաձայնությամբ սահմանված ժամկետը, այլևս իմաստազրկվել էր:
Այս պայմաններում Արցախի ներքին հասարակական-քաղաքական կյանքը շարունակում էր մեծապես պայմանավորված լինել ռուսական գործոնով: Թեև Հայաստանի հետ փոխկապվածությունն իր դերը խաղում էր, սակայն քաղաքական որոշումների կայացման հարցում վճռորոշ էր Ռուսաստանի կարծիքը: Ընդ որում, սա ոչ միայն քաղաքական ընտրանու, այլև Արցախի բնակչության մեծամասնության մոտեցումն էր: Ասվածը հիմնավորվում է այն փաստով, որ մի քանի այլ դերակատարների կողմից այլընտրանքային մոտեցումները լայն հասարակական աջակցություն չստացան:
Այս ամենի հետևանքով 2023 թվականի օգոստոսին տեղի ունեցավ իշխանության փոփոխություն: Նախագահի հրաժարականի արդյունքում, քաղաքական ընտրանու հիմնական դերակատարների մեծ մասի փոխհամաձայնությամբ, իշխանությունը հայտնվեց Հայաստանի իշխանությունների հետ նվազագույն փոխկապվածությամբ, բայց Ռուսաստանի ուղիղ ազդեցության տակ գտնվող խմբի ձեռքում: Որպես գործընթացի տրամաբանական շարունակություն՝ ընդամենը օրեր անց տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից հերթական ռազմական գործողությունը: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա դիմակայությունից հետո Արցախի նոր ղեկավարությունը կապիտուլացվեց: Նման որոշում ընդունելու հիմնական դրդապատճառը Ռուսաստանի կողմից սպասվող աջակցության բացակայությունն էր, իսկ Հայաստանն, իր հերթին, ունենալով անվտանգային գոյաբանական մարտահրավերներ, զերծ մնաց անհեռատես քաղաքական ընտրության հետևանքով փլուզվող նախկին պրոտեկտորատին ռազմական օգնություն տրամադրելուց: Կապիտուլացման փաստից անմիջապես հետո սկսվեց արցախահայության ներգաղթը Հայաստանի Հանրապետություն: Դատարկված Արցախի արդեն նախկին նախագահը սեպտեմբերի 28-ին ստորագրեց հրամանագիր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը 2024 թվականի հունվարի մեկից լուծարելու մասին:
Նոր իրավիճակի մարտահրավերներն ու հնարավորությունները
Նկարագրված իրադարձությունները զուգահեռվում են նոր ուղղություններով Հայաստանի արտաքին քաղաքականության աննախադեպ ակտիվ գործունեության շարունակականությամբ: ԱՄՆ-Հայաստան զորավարժությունները, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, Հայաստանի իշխանության ամենաբարձր մակարդակի հանդիպումները ԵՄ երկրների, Հնդկաստանի, Իրանի և այլ ուժային մեծ ու փոքր միավորների իրենց պաշտոնակիցների հետ ցույց են տալիս, որ ՀՀ անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման գործընթացի լայն ընդգրկման հնարավորություններ են դիտարկվում: Մյուս կողմից՝ անվտանգային ճարտարապետության նախկին բաղադրիչները շարունակում են արգելակիչ դեր խաղալ նոր հնարավորությունների իրացման գործում:
Կարճաժամկետ կանխատեսումների տրամաբանությունը հանգում է երկու հնարավոր այլընտրանքների հավանականության՝ մյուսներից էականորեն բարձր արժեքների:
Առաջին՝ ամենահավանական տարբերակի դեպքում Հայաստանը շարունակելու է արտաքին վեկտորի փոփոխման միջոցով անվտանգային ճարտարապետության վերակառուցումը: Սա դրսևորվելու է առաջին հերթին ռուսական ինտեգրացիոն նախագծերից աստիճանական հեռացմամբ: Այս զարգացման դեպքում անհրաժեշտ է լինելու պատրաստվել ռուսական սուր հակազդեցության՝ հիբրիդային պատերազմի էլ ավելի ուժգնացման միջոցով: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում հնարավոր է ակնկալել ռազմական գործողությունների ժամանակավոր դադար:
Երկրորդ՝ ավելի փոքր հավանական տարբերակի դեպքում, ներքաղաքական խմորումները կբերեն փափուկ կամ կոշտ ճանապարհով իշխանության փոփոխության: Այս դեպքում Հայաստանը աստիճանաբար կկորցնի իր ինքնիշխանությունը և, ի վերջո, բելառուսացման ճանապարհով կկլանվի Ռուսաստանի կողմից:
Ռոբերտ ՂԵՎՈՆԴՅԱՆ
Քաղաքագետ
Երևան