«Գազայում իսկական դժոխք է»
Իսրայելի և «Համաս»-ի միջև դաժան պատերազմի 14-րդ օրն է։ Գազայի հատվածում, ըստ տեղական առողջապահական ծառայության, զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորներինը՝ 12 հազարը:
«Գազայում իսկական դժոխք է»,- ասել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչ Ջուլիետա Տուման:
Իսրայելցիներից զոհվել է ավելի քան 1400, և վիրավորվել է ավելի քան 4200 մարդ: Եթե առաջիկայում Գազայի հատվածում մեկնարկի ցամաքային գործողություն, ապա երկու կողմից էլ դաժան թվերն անխուսափելիորեն կավելանան:
Միջազգային համայնքի առնվազն արևմտյան ճամբարը սատարում է Իսրայելին, բայց և հորդորում է հնարավորինս խնայել խաղաղ բնակիչների կյանքերը, մինչդեռ մահմեդական աշխարհում միանշանակ դատապարտում են Իսրայելի բանակի գործողությունները և Արևմուտքի իսրայելամետ քաղաքականությունը:
Չափազանց լարված ու խճճված իրավիճակում աշխարհի ուշադրության կենտրոնում Արևմուտքն առաջնորդող գերտերության՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որից տառացիորեն կախված են արդիական գրեթե բոլոր հակամարտությունների կարգավորումները:
Ամեն օր այդ երկրում տեղի են ունենում իրարամերժ կարգախոսներով ցույցեր: Չիկագոյում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և պահանջում են վերջ տալ Գազայում մարդկանց սպանդը:
«Նողկալի է ձևացնել, թե այն, ինչ կատարվում է, նորմալ է, հնարավոր չէ տեսնել, թե ինչպես են ամեն օր սպանվում մեր քույրերն ու եղբայրները»,- ասել է Չիկագոյում բնակվող պաղեստինցի Քալեմ Ուազին:
Նյու Յորքում՝ Թայմս սքվերում, Իսրայելյան-ամերիկյան խորհուրդը կազմակերպել է ցույց, որին մասնակցում է նաև ԱՄՆ Սենատում մեծամասնության առաջին հրեա ղեկավարը: Նա կոչ է անում կանգնել Իսրայելի կողքին և պայքարել «Համաս»-ի դեմ:
Պատմության բեկումնային հանգրվանը
2022-ի փետրվարից հրատապը ռուս-ուկրաինական պատերազմն էր, բայց հիմա դրան ավելացավ Գազան: Արդյոք ի զորո՞ւ է Վաշինգտոնը միաժամանակ զբաղվել այդ երկու արյունալի պատերազմներով: Երեկ կարևոր ուղերձով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Համաս»-ը և Պուտինը հետապնդում են տարբեր նպատակներ, բայց և ունեն մեկ ընդհանրություն՝ երկուսն էլ ցանկանում են իսպառ ոչնչացնել հարևան դեմոկրատական երկրները: «Համաս»-ն ուզում է աշխարհի երեսից ջնջել իսրայելյան պետությունը և հրեա ժողովրդին: Բայց «Համաս»-ը չի ներկայացնում Պաղեստինի ամբողջ ժողովուրդը: «Համաս»-ը պաղեստինցի խաղաղ բնակիչներին դարձրել է կենդանի վահան, և դրանից նախևառաջ տուժում են պաղեստինցիների անմեղ ընտանիքները: Իսկ Պուտինը չի ընդունում Ուկրաինայի պետության գոյությունը, և եթե ԱՄՆ-ն և դաշնակիցները դուրս գան այդ պայքարից, ուկրաինական պետության կյանքը մեկ շաբաթ էլ չի տևի, սակայն մենք դուրս չենք գա»,- ասել է Բայդենը:
«Մենք հասել ենք պատմության բեկումնային հանգրվանին, այս պահին մեր ընդունած որոշումներից կախված կլինի գալիք տասնամյակների ապագան»,- ասել է Բայդենը:
Ենթադրվում է, որ Բայդենը կդիմի Կոնգրեսին Իսրայելի բանակին անհրաժեշտ սպառազենի և զինամթերքի ֆինանսավորումն ապահովելու կոչով: Նա խոսել է նաև շարքային պաղեստինցիների ճակատագրի մասին:
«Մենք չենք կարող անտեսել անմեղ պաղեստինցիներին, ովքեր ցանկանում են խաղաղության մեջ ապրել»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:
Վերլուծաբանների համոզմամբ, Բայդենն օրենսդիրներից կխնդրի ընդհանուր առմամբ մոտ 100 միլիարդ դոլար: Այդ գումարից առնվազն 14 միլիարդը պետք է տրամադրվի Իսրայելին, մոտ 60 միլիարդը կնախատեսվի Ուկրաինայի համար: «Դա խելացի ներդրում է, որը հետագայում ԱՄՆ-ում կերաշխավորի սերունդների անվտանգությունը»,- նշել է Բայդենը:
Մոսկվայում վրդովված են
Կրեմլին վրդովել է Պուտինին «Համաս»-ի հետ համեմատելու Բայդենի ակնարկը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անուններ չնշելով, ասել է, որ այսօրինակ հռետորաբանությունը հարիր չէ պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներին և անընդունելի է ռուսական կողմի համար:
Մոսկվայում արդեն քննադատել են Բայդենի այդ հայտարարությունը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե «խելացի ներդրման մասին ամերիկացիների հայտարարության հիմքում սոսկ շահն է»։
«Ավելի վաղ նրանք դա անվանել են պայքար ազատության և դեմոկրատիայի համար, սակայն հիմքում շահն էր, և միշտ էր այդպես, նրանք խաբել են ամբողջ աշխարհին, քանի որ պատերազմները չեն հասել ԱՄՆ տարածք, իսկ ուրիշների կորուստները նրանց երբեք չեն հուզել»,- գրել է Զախարովան իր Տելեգրամ ալիքում:
Մինչդեռ, Զախարովայի վերադասը՝ նախարար Սերգեյ Լավրովը, հեռավոր Հյուսիսային Կորեայից է անդրադարձել իսրյայելա-պաղեստինյան հակամարտությանը:
«Բավական լուրջ է Գազայի հատվածի հակամարտության ճգնաժամը տարածաշրջանայինի վերածվելու վտանգը: Ես նշել եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն վետո է դրել բոլոր բախումները դադարեցնելու և մարդասիրական խնդիրները լուծելու բանաձևի վրա: Դա վկայում է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ խաղաղության և հրադադարի կոչ անել, և եթե այդպես է, ուրեմն նրանք ենթադրում են, որ հակամարտությունը կարող է ծավալվել»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը խնդրի շուրջ բանակցում է Թուրքիայի և գործընկեր այլ երկրների հետ: