Հաջորդ տարվանից Թբիլիսիի զարգացման հիմնադրամը կսկսի Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցի՝ Ռուսթավելի պողոտայի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Վերակառուցման գործընթացը կտևի ավելի քան երկու տարի, նախատեսվում է այն ավարտել մինչև 2026 թվականի վերջ։
Կալաձեի խոսքով՝ առաջինը, ինչ կարվի, գոյություն ունեցող շենքերը կարգի բերելն է, քանի որ «շատ բարդ իրավիճակ է ստեղծվել»։
Ի՞նչ է պատրաստվում անել քաղաքապետարանը
Կախա Կալաձեի խոսքով՝ կարգի կբերվեն շենքերի տանիքները, ճակատային հատվածները, ջրատարները։ Դրանց մի մասը կամրացվի, քանի որ կառուցվել է բավականին վաղուց։
Նախատեսվում է նաև ժամանակակից չափանիշներով դեկորատիվ լուսավորություն կատարել, իսկ ճակատային հատվածներում տեղակայել «ներկա պահին քաոսային կերպով դասավորված հաղորդալարերը»։
Ըստ քաղաքապետի՝ վերակառուցման վերջին փուլը կլինի ճանապարհային ենթակառուցվածքների կազմակերպումը, հին ասֆալտապատ մակերեսը կհեռացվի, ստորգետնյա կոմունիկացիաներն ամբողջությամբ կնորոգվեն։
«Ճանապարհային աշխատանքները հավանաբար կավարտվեն այն ժամանակ, երբ վերանորոգված կլինի ճակատային հատվածների հիմնական մասը»,- ասել է Կալաձեն։
Իր քաղաքապետության օրոք Կալաձեն արդեն իսկ վերանորոգել է մեծ պողոտաներ։ Վերակառուցման աշխատանքներ են իրականացվել Թբիլիսիի Վակե, Վերա, Գլդանի և Իսանի թաղամասերում։ Եղել են դեպքեր, երբ աշխատանքները նախատեսվածից զգալիորեն երկար են տևել։
Ներկա պահին Ծերեթելի պողոտայում (Սաբուրթալո շրջան) և Ունիվերսիտսկայա փողոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչը պիկ ժամերին հանգեցնում է քաղաքում երթևեկության կոլապսի։ Բացի այդ, հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները դեռևս առկա են․ քիչ ավտոբուսներ կան, իսկ Թբիլիսիի մետրոն այնքան գերբեռնված է, հատկապես պիկ ժամերին, որ երբեմն նույնիսկ քաղաքի բնակիչներն են դժվարանում դրանով տեղաշարժվել:
Քաղաքական համատե՞քստ․ 2024 թ․–ին Վրաստանում տեղի կունենան կարևոր ընտրություններ
Հարկ է նշել, որ 2024 թվականը Վրաստանում կարևոր խորհրդարանական ընտրությունների տարի է։ Բնակչության մի մասը կարծում է, որ Ռուսթավելի պողոտայի վերականգնման աշխատանքները մեկնարկում են հենց զանգվածային հանրահավաքներն ու ցույցերը կանխելու համար։
Ահա թե ինչ են գրում մարդիկ սոցիալական ցանցերում.
«Իշխանությունները սպասում են հանրահավաքների և ավելի լավ բան չեն կարողացել մտածել [քան Ռուսթավելի պողոտան փակելը]»:
«Լավ է հաշվարկված։ Նրանք շատրվաններ և սիզամարգ են տեղակայել խորհրդարանի դիմաց՝ ցույցերի մասնակիցների համար տարածքը կրճատելու և նրանց խանգարելու համար։ Իսկ խորհրդարանական ընտրությունների տարում սկսում են վերակառուցել Ռուսթավելին։ Պարզ է։ Ռուսթավելին ու հարակից փողոցները փակվելու են, իսկ բողոքի հարթակ պարզապես չի լինելու»:
«Ասում են երկու տարի, բայց արդյոք դա չի՞ նշանակում հինգ տարի»:
«Ինձ համար անհասկանալի են, օրինակ, Հավլաբար թաղամասում վերանորոգման անհիմն ձգձգումները։ Երկար տարիներ այն ահավոր վիճակում էր, այսօր էլ ավերակ է, բայց չես տեսնի, որ որևէ մեկն այնտեղ աշխատանքներ տանի։ Ինչու՞ պայմանագրերում տույժեր սահմանված չեն։ Այս պայմաններում Ռուսթավելին վերանորոգելը նույնիսկ քաղաքական առումով է վտանգավոր»։
«Ամեն ինչ վերջացած է։ Այստեղ նույնպես լիակատար խցանում է լինելու։ Իսկ հարակից փողոցները գերծանրաբեռնված կլինեն։ Բնակիչները չեն կարողանա նույնիսկ պատուհանները բացել, չեն կարողանա երեխաներին թույլ տալ դրսում խաղալ… Դեռ չե՞ք հասկացել, որ այս մարդը չի սիրում Թբիլիսին»։