Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց, ինչը դարձավ վրաց ժողովրդի ուրախության պատճառ, սակայն վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերին, այն դեպքում, երբ Եվրամիության 27 անդամ երկրները կընդունեն հանձնարարականը ու դրական պատասխան կտան Վրաստանին «թեկնածուի կարգավիճակ» շնորհելու հարցին: Դրական պատասխանի համար, ի դեպ, Վրաստանի իշխանությունները պետք է շտապեն, քանի որ Եվրահանձնաժողովից ոչ թե մեկ կամ երկու հանձնարարական են ստացել, այլ 9 հանձնարարականից բաղկացած մի ամբողջ փաթեթ: Իշխանությունը կպարտավորվի իրականացնել դրանք նաև գալիք 2024 թվականին, որը Վրաստանում որոշիչ կարևորության ընտրական տարի է լինելու ու գտնվելու է արևմտյան գործընկերների ուշադրության կենտրոնում:
«Եվրամիությունը լիովին աջակցում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության՝ Եվրամիությանն անդամակցելու անկեղծ ցանկությանը։ Եվրամիության ուղղությամբ այս նկրտումները պետք է ավելի լավ արտացոլվեն կառավարության կողմից»,- ասուլիսում ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Վրաստանը ԵՄ-ի հետ 2014թ հունիսի 27-ին ասոցացման համաձայնագիր էր կնքել, ինչից հետո պարտադրված էր անդամակցության համար մի շարք բարեփոխումներ իրականացնել: Եվրաինտեգրման ընթացակարգերն արագացվեցին 2022 թ. մեկնարկած Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ ասոցացման եռյակի անդամները՝ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան դիմեցին ԵՄ-ին՝ անդամագրման դիմումով: Ըստ ընթացակարգերի ակնկալվում էր ստանալ թեկնածուի կարգավիճակ, սակայն ելնելով մի շարք այլ ֆակտորներից և ի տարբերություն երկու գործընկերների՝ Վրաստանը մեկ քայլով ետ մնաց, ստանալով «Եվրոպական հեռանկար» կարգավիճակը՝ գումարած 12 հանձնարարական: Սրանք վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսին են ապաօլիգարխացումը, ազատ մամուլը, գենդերային հավասարության ապահովումը, նախընտրական շրջանում վարչական անձանց ներքաշման բացառումը, դատական բարեփոխումները և այլն:
Ստանալով «եվրոպական հեռանկար», Վրաստանի իշխանության կողմից սկսեցին հնչել ոչ միանշանակ հայտարարություններ, ինչպես նաև հատկապես հաճախակի սկսվեց տարածվել հակաարևմտյան ապատեղեկատվություն՝ հենց իշխանության կողմից: Հիմնական նարատիվն էր՝ «Արևմուտքը Վրաստանին փորձում է Ռուսաստանի դեմ պատերազմում ներգրավել ու Վրաստանում երկրորդ ճակատ բացել», ինչը հնարավոր է բացատրել նաև քաղաքական դրդապատճառներով՝ հաշվի առնելով եկող ընտրություններին ընդառաջ պատերազմի նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելն ու իշխանությանը՝ որպես պատերազմից «փրկիչ» ներկայացնելը: Սա թույլ էր տալիս էլ ավելի սնել իշխանության՝ ընդդիմության դեմ նարատիվը, որ «2008 թ.-ի պատերազմում նախկին իշխանությունն է մեղավոր»:
Բացի այս, տեղի ունեցան մի շարք օրինագծերի քննարկումներ, որոնք կրկնում էին Ռուսաստանի քայլերը ու չէին համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Հենց այսպիսի հարցերից էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ինչին հետևեց զանգվածային ցույցերի շարք «Ոչ՝ ռուսական օրենքին» խորագրով: Այսպիսով, եվրոպական ապագայի նկատմամբ ձգտումները սկսեցին առավել շատ կապվել Վրաստանի ժողովրդի՝ ոչ թե պետության հետ, իսկ ժողովրդի ձայնը բարձրացնելու հարցում հատկապես մեծ դեր ստանձնեց երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ մի քանի վետո դնելով օրինագծերին, ինչպես նաև դառնալով իշխանության թիրախը՝ «Սահմանադրությունը խախտելու» մեղադրանքներում: Իրավիճակը հասավ նաև նախագահի նկատմամբ իմպիչմենտի պահանջ ներկայացնելուն, սակայն ձախողվեց՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Փաստացի մեկ տարվա ընթացքում Վրաստանը կարողացավ իրականացնել տասներկու հանձնարարականից միայն երեքը` «Անկախ հանրային պաշտպանի ընտրություն», «Գենդերային հավասարություն և պայքար կանանց նկատմամբ բռնության դեմ», «Հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները»։
Հենց այս պատճառով Եվրահանձնաժողովը ներկայացրեց ձևափոխված ինը պահանջ, որտեղից երեքը նոր են, մնացածը՝ միավորված մեկ հանձնարարականում: Նոր են հանձնարարականները ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի քաղաքականությունը Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա։ Ի դեպ, այս պահին Վրաստանի կողմից ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը կազմում է մոտ 43%, մինչդեռ մի քանի տարի առաջ այն գերազանցում էր 60%-ը։ Մոլդովայի և Ուկրաինայի ցուցանիշները շատ ավելի բարձր են։
Հատկանշական է, որ 9 հանձնարարականները չունեն իրագործման որևէ մակարդակ կամ կոնկրետ ժամկետ: Եվրամիությունը Վրաստանում ակնկալում է տեսնել հետևյալ փոփոխությունները՝
- Պայքար ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և ԵՄ-ի ու նրա արժեքների վերաբերյալ [օտարերկրյա] միջամտության դեմ
- Վրաստանի արտաքին քաղաքականության համապատասխանեցման ցուցանիշի բարելավում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հետ
- Լրացուցիչ պայքար քաղաքական բևեռացման դեմ, այդ թվում՝ ավելի ընդգրկուն աշխատելով խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների հետ, հատկապես Վրաստանի եվրաինտեգրմանն առնչվող օրենսդրության վրա
- Ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթացի ապահովում, հատկապես 2024 թվականին, լիովին հաշվի առնելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի առաջարկությունները։ Ավարտին հասցնել ընտրական բարեփոխումները, ներառյալ ընտրողների համապատասխան ներկայացվածության ապահովումը ընտրությունների օրվանից շատ շուտ
- Կատարելագործել խորհրդարանական վերահսկողությունը, մասնավորապես անվտանգության ծառայությունների նկատմամբ: Առանցքային կառույցների, հատկապես ընտրական վարչակազմի, Ազգային բանկի և Կապի կարգավորման հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովում
- Համապարփակ և արդյունավետ դատաիրավական բարեփոխումների ավարտ և իրականացում, ներառյալ Արդարադատության բարձրագույն խորհրդի և դատախազության համապարփակ բարեփոխումը, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների լիարժեք իրականացում՝ թափանցիկ և ներառական գործընթացի միջոցով
- Հակակոռուպցիոն բյուրոյի, Հատուկ քննչական ծառայության և Անձնական տվյալների պաշտպանության ծառայության արդյունավետության և ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովում։ Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները այս մարմինների հետ կապված՝ ներառական գործընթացի միջոցով։ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեպքերի արդյունավետ հետաքննության փորձի կուտակում
- Ապաօլիգարխացման վերաբերյալ գործողությունների ծրագրի կատարելագործում, որպեսզի ապաօլիգարխացումն իրականացվի բազմաոլորտային, համակարգային մոտեցմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան և թափանցիկ ու ներառական գործընթացի արդյունքում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ
- Մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների բարելավում, այդ թվում՝ մարդու իրավունքների հավակնոտ ռազմավարություն որդեգրելով և հավաքների ու արտահայտվելու ազատության ապահովում։ Նախաձեռնել անաչառ, արդյունավետ հետաքննություններ խոցելի խմբերի, լրատվամիջոցների մասնագետների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ սպառնալիքների միջադեպերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել բռնության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների անցկացում, նրա ներգրավվածության ապահովումը օրենսդրության ստեղծման և քաղաքականության մշակման գործընթացում և քաղհասարակության աշխատանքի ազատության ապահովումը.
- Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց Վրաստանի վերաբերյալ առաջին տարեկան զեկույցը ԵՄ ընդլայնման համատեքստում։ Այս փաստաթուղթը փոխարինում է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման մասին զեկույցներին։
Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ, Վրաստանի իրավական դաշտը, ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները և ակտիվ քաղաքացիական հասարակությունը «ապահովում են Վրաստանի պատրաստության մակարդակը հետագա ժողովրդավարական և օրենքի գերակայության բարեփոխումներին»:
«Այնուամենայնիվ, բարեփոխումների գործընթացին խոչընդոտում են մշտական քաղաքական լարվածությունը, խորը բևեռացումը, քաղաքական կուսակցությունների միջև կառուցողական ներգրավվածության բացակայությունը և հիմնարար, ազգային շահերի հարցերի շուրջ կոնսենսուսի [բացակայությունը]», – ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ կողմերի միջև լարվածությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ սահմանափակ խորհրդակցությունները բացասաբար են ազդել որոշումների կայացման գործընթացի և բարեփոխումների իրականացման վրա։
«Ես վրացի եմ, հետևաբար՝ ես եվրոպացի եմ»,- 1999 թ. Վրաստանի նախկին փոխվարչապետ Զուրաբ Ժվանիայի խոսքերը դարձել են Վրաստանի՝ եվրաինտեգրման ձգտումների խորհրդանիշ: Պետության Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է երկրի «եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը», սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանի՝ Եվրամիություն և Եվրաատլանտյան դաշինք լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։
Եվրոպայի քաղաքականության դպրոցի վերլուծաբան Ամանդա Պոլոն իր անդրադարձում նշել է՝ «Եվրոպան Վրաստանի ԴՆԹ-ի մի մասն է»: Թվում է, եվրոպական ապագան, որին այսքան ձգտում է վրաց հասարակությունը, կարող էր դառնալ երկրում քաղաքական ուժերի պառակտման հաղթահարման «դեղատոմսը»: Եվրահանձնաժողովի որոշումից հետո, սակայն, այս պառակտումն ավելի վառ գույներով ի հայտ եկավ: Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ որոշումը մեկնաբանեցին որպես հակառակ կողմի քաղաքական պարտություն: Սրա հետ մեկտեղ, քաղաքացիական հասարակությունն իրեն է վերագրում «հաղթանակը», ինչը մեծամասամբ արդար պահանջ է, ելնելով Եվրոպական գործընկերների մոտ վրաց ժողովրդի նկատմամբ ջերմ վերաբերմունքից ու վրաց ժողովրդի եվրոպական ապագայի ձգտումներից, ինչը տասնյակ անգամ ցուցաբերել են բազմամարդ ցույցերով:
Չնայած Եվրամիության հանձնարարականների ոլորտների բազմազանությանը, այս պահին շարունակվում է կարևոր մնալ Վրաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների հարցը: Նախորդ շաբաթ Վրատան կատարած այցի շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը սա ևս մեկ անգամ հաստատեց՝ ամենակարևորն ընտրական ու դատական բարեփոխումներն են:
Լիզա ԹՈՐՈՍՅԱՆ
Լրագրող
Թբիլիսի