Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Գիտակից կյանքիս բոլոր ժամանակահատվածներում էլ փորձել եմ հասկանալ իմ ժողովրդի ահավոր դժբախտությունների պատճառները, փորփրել եմ մեր պատմությունը, անցյալն ու ներկան, ինչ-որ բան հասկացել եմ, շատ բան չեմ ընկալել, ճշմարտանման զանազան ենթադրություններ եմ արել։ Բայց ահա նորերս աչքս ընկավ Ք.ա. 5-րդ դարի՝ հունական խոշոր պոլիսների ժամանակաշրջանի աթենական առաջնորդ Թեմիստոկլեսի մի ասույթ, և ես մտածեցի, որ միգուցե սա էլ կարող է լինել պրպտումներիս բանալին։
-Հայրենիքը պոլիսի ոչ պատերն են, ոչ տաճարները, ոչ էլ անգամ նախնիների գերեզմանները,- ասել է նա,- այլ քաղաքացիները եւ նրանց օրենքները:
Սա սկզբունքային դիրքորոշում էր, որ տվել է իր բարի պտուղները, հաղթանակ ու բարօրություն բերել հույներին: Անգամ դարեր անց աթենացիները հպարտանում էին, որ Թեմիստոկլեսը փառավորել է իրենց:
Հիմա մտովի վերհիշում ու պատկերացնում եմ մեր բազմաթիվ կորուսյալ տարածքների բյուրավոր եկեղեցիները, մեր նախնիների գերեզմանները, մեր ավերակ ու կիսավեր քաղաքների պատերը եւ հասկանում, որ ժամանակին այդ պատերի ներսում միանգայման այլ արժեքներ էին, արժեքներ, որ չեն նպաստել այդ պատերի ներսում ապրող մարդկանց երջանկությանն ու բարօրությանը: Ավելին` ամենայն հավանականությամբ հենց այդ պատերն էլ, տաճարներն էլ ու նախնիների գերեզմաններն էլ եղել են այն արժեքները, որոնց համար ապրում եւ զոհվում էին մարդիկ:
Ընդ որում, այդօրինակ արժեքային մտածողության ու հոգեբանության պարագայում կարեւոր էլ չէ` պատերը, տաճարները եւ նախնիների գերեզմանները մե՟ր կողմից վերահսկվող տարածքներում են, թե՟ օտարի տիրապետության տակ: Իսկ տարբերություն չկա այն պարզ պատճառով, որ դրանք, միեւնույն է, չեն ծառայում հանրության երջանկությանն ու բարօրությանը: Ում շատ խիստ կթվան իմ այս մտորումները` թող փորձեն պարզել, թե ում բարօրությանն ու երջանկությանն են այսօր ծառայում այն տարածքները, որ մենք անվտանգության գոտի կամ ազատագրված տարածքներ ենք անվանում:
Ու չի կարող տրամաբանական հարց չծագել` հո՟ղն է մարդու համար, թե՟ մարդը հողի: Գաղափա՟րն է մարդու համար, թե՟ մարդը` գաղափարի:
Տաճարնե՟րն են մարդու համար, թե մարդը` տաճարների:
Մեր արժեքային համակարգի առանցքում Մա´րդը չի եղել, այլ պատերն ու պարիսպները, եկեղեցիները, նախնիների գերեզմանները: Ու պատահական չէ, որ այսօր շատ տեղերում որտեղ դրանք են` այնտեղ մարդը չկա, դրանք մնացել են անմարդ, անտեր ու անտիրական: Մարդը չկա բառի կամ բուն, կամ էլ փոխաբերական իմաստներով: Նույնիսկ եթե մարդը կա` Մարդը չկա:
Փախստական մի կնոջ եմ ճանաչում Ստեփանակերտում, որ իր ցավն իր հետ տարբեր մակարդակի չինովնիկական աշխատասենյակներ է տանում եւ ամեն անգամ բախվելով չինականից էլ ամուր չինովնիկական պարսպի` մանկան պես զարմանում ու մինչեւ հոգու խորքը վիրավորվում է: Մի օր` ավելի շատ ոչ թե ինձ հետ, այլ ինքն իր ու Աստծո հետ խոսելով, նա ուղղակի շշմեցուցիչ եզրակացության հանգեց.
-Սրանք հայրենիք չունեն: Ախր, հայրենիքը սկսվում է հայրենակցից: Առանց հայրենակցի ի՟նչ հայրենիք: Ինչպե՟ս կարող է հայրենիք ունենալ նա, ով թքած ունի իր հայրենակցի վրա: Ես, ուրեմն, նրանց հայրենակիցը չեմ: Այսինքն` նրանք էլ իմ հայրենակիցը չեն: Ուրեմն ի՟նչ` ե՟ս էլ հայրենիք չունեմ…
Այս վերաբերմունքը նոր չէ` այն դարավոր է: Տեսեք, թե ինչպես է Դեմիրճյանն իր անմահ ՙՎարդանանքում՚ նկարագրում պարսիկների կողմից մեր վանքի թալանումն ու հայ շինականների վերաբերմունքը.
ՙՏնտեսը վազեց դեպի շինականները, գոռալով.
-Ապա մի օգնություն, հեծյալ ուղարկեցեք մարզպանին: Ողջ նյութը տարան:
-Վանքն էլ հետը տանեն թող,- ասաց մի շինական, մռայլ նայելով տնտեսին:
-Հիշաչար եք, անիծից արմատներ:
-Ես որ հիշաչար չլինեմ՝ թիկունքս հիշաչար է, որ ձաղկել տվիր մի չափ պակասորդի համար՚:
5-րդ դարից 15 դար առաջ գանք, հասնենք 20-րդ դար ու տեսնենք` փոխվե՟լ է, արդյոք, վերաբերմունքը: Ահա թե ինչպես է մեր ժողովրդի մեկ այլ լուսավոր գլուխ` Գուրգեն Մահարին, իր ՙԱյրվող այգեստաններ՚ վեպի հերոսներից մեկի` Օհանես աղայի շուրթերով ներկայացնում Մեծ եղեռնից առաջ առկա մթնոլորտը Արեւմտյան Հայաստանում:
-Դու հիմա այս մեկ հարցին պատասխանի. ազգային շարժու՟մն է մարդուս համար, թե՟ մարդը ազգային շարժման կամ` ինոնց ասելով` հեղափոխության համար. . . Հեղափոխությու՟նն է մարդուս համար, թե՟ մարդը հեղափոխության:
Մահարու նկարագրած ժամանակներից մի դար էլ առաջ գանք եւ հասնենք մերօրյա Երեւան: Հասնենք ու Ազատության հրապարակում ունկնդրենք ազգս առաջնորդնելուն հավակնող մարդկանց ճառերին: Մեկն առաջարկում է ժողովրդին իրեն որպես գործիք օգտագործել իշխանության դեմ ու ինքն էլ մարդկանց որպես գործիք օգտագործում, մյուսը հավաստիացնում է, որ ժողովուրդն է որոշում ընդունողը, բայց նույն պահին էլ իր անակնկալ որոշմամբ փաստի առաջ կանգնեցնում նույն այդ ժողովրդին, երրորդը… Չկա այդ մշակույթը` մարդուն մարդու տեղ դնել: Չկա ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության մոտ: Չկա հանրության մեջ:
Այս մտորումների մեջ էի, երբ աչքս ընկավ Հալեպի եւ շրջակա շրջանների Ազգային Առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանի հայտարարությունը: Այնտեղ ուղղակի ֆանտաստիկ մի միտք կա. ՙՍէրը քաղաքացիութեան վերնագիր է, ինչպէս նաեւ դիմացինին ընդունիլը եւ յարգելը, նաեւ ազգի մը տարբեր զաւակներու միջեւ հանդուրժողութիւնը համատեղ կեանքի հիմքն է՚:
Ահա փրկության բանալին, ահա այն, ինչ չի եղել երբեք ու դարեր ի վեր երազանք է մնացել:
Ու հասկանում ես, որ ոչ ոք մեզ այնքան վնաս չի տվել, որքան ինքներս մեզ: Ինքներս մեզ վնասելուց հետո է օտարը մեզ վնասել, օտարը մեզ վնասել է, որովհետեւ ինքներս մեզ արդեն վնասած ու թուլացրած ենք եղել: Նույնն էլ այսօր է` զօրուգիշեր խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին ու ինքներս դատարկում հրաշքով փրկված մեր այս հողակտորն ու ինքներս արտագաղթի մղում ցեղասպանությունից մազապուրծ մեր մի բուռ ժողովրդին: Մեղա քեզ, Տեր. ինքներս մեզ այն օրն ենք գցում, որ փախչում ենք մեր երկրից ու ապաստանում նաեւ այն երկրում, ուր ցեղասպանել են մեզ:
Այո, մեր դարավոր չարչարանքների պատճառներից մեկն էլ այն է, որ Մարդը չի եղել ամեն ինչի կենտրոնում, այլ գաղափարը: Գաղափարը պիտի ծառայեր մարդուն, բայց միշտ էլ մենք ենք ծառայել գաղափարին: Ընդ որում, մեծն Թումանյանի ասած, հաճախ ոչ թե գաղափարն է մտել մեր գլուխը, այլ մեր գլուխն է մտել գաղափարի մեջ՝ մեզ կտրելով մարմնից ու հողից:
Բայց սա մեդալի մի երեսն է միայն: Մեղմ ասած` բոլորը չէ, որ ապրել են գաղափարներով: Իրականում ժողովուրդն է ապրել գաղափարներով, իսկ նրա իշխանավորները շատ լավ էլ իմացել են նյութական կյանքի ու վայելքի գինը, ապահովել են իրենց ու մերձավորների երջանկությունն ու բարօրությունը: Ահա այս դեպքում գաղափարները ծառայել են նրանց: Նրանք այդ նույն գաղափարներով մի ամբողջ ժողովուրդ ծառայեցրել են իրենց: Մարդկանց թվացել է, թե իրենք ծառայում են գաղափարներին, իրականում այդ գաղափարների միջոցով ծառայել են որոշակի խմբերի, սպասարկել խմբային շահեր:
Նույնն էլ այսօր է` անկախության բարիքներից հասարակ ժողովրդին, հասարակ քաղաքացիներին բաժին են ընկել դրոշը, զինանշանը, օրհներգը եւ դարավոր գաղափարներն ու կաղապարները նորովի սնուցելու, դրանց նոր ավյուն ու նոր արյուն հաղորդելու առաքելությունը, իսկ իշխանավորներին ու նրանց մերձավորներին` փող ու հող, պաշտոն ու մենաշնորհ, բնակարան ու պալատ, գործարան ու ստադիոն, ՙմարշրուտի գիծ՚ ու մեքենա, մի խոսքով` աշխարհիս բարիքները: Ժողովրդին բաժին է ընկել նաեւ այս ամենը, իմա` հայրենիքը, կրծքով պաշտպանելու պարտականությունը:
Այդպես եղել է ու այդպես էլ շարունակվելու է, քանի դեռ հայրենիքը քաղաքացիներն ու նրանց օրենքները չեն: Քանի դեռ հայրենիքը հայրենակիցները չեն: