Սիրիայում տիրող իրավիճակը տարբերվու՞մ է «արաբական գարնան» այլ երկրներից, ո՞վ է սիրիական ճգնաժամի գլխավոր «տիկնիկավարը», ի՞նչ դրության մեջ են սիրիահայերն այսօր։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է Սիրիայի տեղեկատվության նախարարության դեպարտամենտի տնօրեն Նաբիլ Օմրանը, ով ապրիլի 25-ին և 26–ին մասնակցել է Աստանայում անցկացված Եվրասիական մեդիահամաժողովին։
«Նովոստի–Արմենիա»» Պարոն Օմրան, ի՞նչ դրության մեջ են այսօր սիրիահայերը։
Նաբիլ Օմրան. Հայերի հետ կապված կարող եմ ասել, որ նրանք, ինչպես ողջ սիրիացի ժողովուրդը, երկիրն ավերելու նախագծի զոհ են դարձել։ Սիրիայում փորձում են ներսիրիական քաղաքացիական պատերազմ հրահրել ազգային և կրոնական հողի վրա։ Բայց դա միայն առիթ է։ Գիտեմ, որ «Ալ Քայիդա» կազմակերպության հետ կապված ահաբեկիչների և ծայրահեղականների զինված խմբերի գործողությունների հետևանքով հայեր են տուժել հատկապես Հալեպում։ Ահաբեկիչների համար միևնույն է` հայեր են, թե չերկեսներ, նրանք պարզապես ցանկանում են քանդել ամբողջ Սիրիան։ Պատմությունից հայտնի է, որ սիրիացի ժողովուրդն արդեն հարյուր տարի է` սատարում է հայերին, որովհետև նրանք, ովքեր հարձակվում են հայերի վրա, սիրիացիներ չեն։ Սիրիացիները միշտ սատարել և պաշտպանել են հայերին։
«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ է անում կենտրոնական իշխանությունը սիրիահայերի անվտանգության ապահովման համար։
Նաբիլ Օմրան. Ինձ հայտնի է, որ իշխանությունը փորձում է պաշտպանել իրենց քաղաքացիներին, այդ թվում` հայերին։ Ես գիտեմ, որ գոյություն ունեն հայկական ինքնապաշտպանական ջոկատներ, դա շատ կարևոր է, քանի որ պետք է ինքնապաշտպանություն ունենալ որոշ շրջաններում։ Ինչ վերաբերում է ընդհանուր խնդրին, անշուշտ, սա սիրիկական բանակի խնդիրն է, որը կոչված է պաշտպանելու ողջ երկիրը։
«Նովոստի–Արմենիա». Համաժողվի ընթացքում ունեցած ելույթում դուք ասացիք, որ այսօր Սիրիայի դեմ մեծ թվով երկրներ են պատերազմում։ Ի՞նչ է սպասում երկրին հետագայում։
Նաբիլ Օմրան. Արդեն երրորդ տարին է` ճգնաժամը շարունակվում է, բայց վստահ եղեք, որ պահպանվել է երկրի ժողովրդի, բանակի և ղեկավարության համախմբվածությունը։ Բազմաթիվ երկրներ դիտարկում են ճգնաժամից դուրս գալու մի քանի տարբերակներ, բայց Սիրիայի համար կա միայն մեկ ելք` հաղթանակ։ Հակառակ դեպքում նշանակում է երկիրը կփլուզվի։ Սիրիայի համար շատ լավ օրինակ է Սոմալին։ Այսօր իրագործվող ծրագրի գլխավոր նպատակն է քաղաքացիական պատերազմի ճանապարհով Սիրիան բաժանել մի քանի մասի, ինչպես դա եղել է Արևելյան Եվրոպայում 90–ական թվականներին։
«Նովոստի–Արմենիա». Այսինքն` պետությունը կորցնելու վտանգ կա։
Նաբիլ Օմրան. Եվ ոչ միայն պետությունը, այլև` ժողովուրդը։
«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ փոխզիջում կարող է լինել, ինչպե՞ս է իշխանությունը լուծելու այս հարցը։
Նաբիլ Օմրան. Երկխոսության հիմքը Սիրիայի անկախության, ազգային և տարածքային ամբողջականության պահպանումն է։ Ով համաձայնի այդ պահանջին, նրա հետ էլ կարելի է երկխոսություն սկսել։ Նկատեք, որ խոսքը ոչ թե բանակցությունների, այլ երկխոսության մասին է, որովհետև մենք մեկ ընտանիք ենք։ Եթե մի կողմը ցանկանում է ինչ–որ ծրագրեր կամ նախագծեր իրականցնել անկախության հաշվին, ապա, իհարկե, այստեղ խոսք լինել չի կարող։
«Նովոստի–Արմենիա». Սիրիայում տիրող իրավիճակը տարբերվո՞ւմ է «արաբական գարնան» այլ երկրներից։ Այսինքն, գոյություն ունի՞ մեկ այլ «գարուն», ոչ արաբական։
Նաբիլ Օմրան. Սա կարող է իսրայելական, ամերիկյան, արևմտյան երկրների գարուն լինել, բայց ոչ «արաբական»։ Որովհետև, եթե նայենք, թե ինչ է կատարվում Թունիսում, ապա սա նահանջ է։ Իսկ մենք պետք է փորձենք առաջ գնալ։ Եգիպտոսը հսկայական արաբական երկիր է, բայց ի՞նչ է հիմա այնտեղ կատարվում։ Գոյություն ունի Եգիպտոսն անջատելու նախագիծ, ինչը շատ սարսափելի է։ Սուդանը փլուզվում է։ Տեսեք, Միջազգային քրեական դատարանը կոչ է արել ձերբակալել Ալ Բաշիրին (Սուդանի նախագահին)։ Այսօր նրան արդեն ոչ ոք ձեռք չի տալիս, այնուհետև Դարֆուրը, հետո` Կորդոփանը։ Ալ Բաշիրը Սուդանի նախագահն էր, այժմ` Սուդանի մի մասի։ Այդ պատճառով էլ մենք պետք է միաբանվենք, և այլ ոչ թե անջատվենք։
«Նովոստի–Արմենիա». Թուրքիայի դիրքորոշումն այս գործընթացում որքանո՞վ է ապակառուցողական։
Նաբիլ Օմրան. Ձեզ հայտնի է, որ Սիրիան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Մեզ համոզել են, որ այնտեղ հավատարիմ են «հարևանների հետ զրո խնդիրներ» քաղաքականությանը։ Թուրքիան նույնիսկ բանակցություններ է վարել Հայաստանի հետ (հայ–թուրքական արձանագրությունների ստորագրում` «Նովոստի–Արմենիա»)։ Այդ պատճառով էլ, երբ Սիրիայում սկսվեցին իրադարձությունները, մենք շատ զարմացանք, երբ իմացանք, որ թուրքերը փախստականների համար ճամբարներ են ստեղծում, թեև դեռ ոչ մի փախստական չկար։ Ինձ համար անհասկանալի է, որովհետև մենք մեզ մոտ ընդունել ենք և՛ պաղեստինցիների, և՛ իրաքցիների։ Սիրիան շատ բաց, բազմադավան երկիր է, բայց մենք երբեք փախստականների ճամբարներ չենք կառուցել, հատկապես արաբական երկրների փախստականների համար։ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ աստիճանաբար պարզ դարձավ, հատկապես այն ավելի ակնհայտ դարձավ 2011 թվականի հունիսին Էրդողանի վերընտրվելուց հետո։ Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմի գործիք է, պատերազմի հանցակից։
«Նովոստի–Արմենիա». Այսինքն, կա՞ որոշակի սցենար, այլ ոչ թե Սիրիայի ժողովրդի ազգային–ազատագրական պայքա՞ր։
Նաբիլ Օմրան. Ի՞նչ ազգային–ազատագրական պայքարի մասին կարող է խոսք լինել, եթե այն տանում է արյունահեղության, երկրի պառակտման, ավերածությունների։ Սիրիայի ավերածությունները սարսափելի են։ Եվ ո՞վ է դրանց հեղինակը։ Սիրիացի ժողովուրդը հասկանում է, որ սա մեծ դավադրություն է, որը վերաբերում է ոչ միայն Սիրիային, այն տարածվելու է ավելի, դա հաստատ։ Եվ ո՞վ է գլխավոր տիկնիկավարը։ Ինձ համար ակնհայտ է, որ դրա հետևում Իսրայելն է։
«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ կցանկանայիք ասել հայ հասարակայնությանը։
Նաբիլ Օմրան. Հայերը մեր եզբայրներն են, մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք։ Ես հաստատ գիտեմ, որ Սիրիայում երբեք որևէ հայ որևէ խնդրի չի բախվել սիրիացի ժողովրդի հետ։ Սիրիացի ժողովուրդը շատ է հարգում հայերին` աշխատասեր, խղճով, վստահելի մարդկանց։ Հայաստանին խաղաղություն, բարեկեցություն եմ ցանկանում և վստահ եմ, որ հենց Սիրիայում խնդիրը լուծվի, սիրիահայերն անպայման կվերադառնան։ Մենք նրանց շատ սպասում ենք։