Պաբլո ԳՈՆՍԱԼԵՍ
Անկախ լրագրող
Բասկերի երկիր/Իսպանիա
Պրիշտինայի և Բելգրադի միջև հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ համաձայնագիրը երկու կողմերի համար արձանագրել է բեկումնային առաջընթաց: Ամենակարևորը՝ այն բավականին հետաքրքիր նախադեպ է ձևավորել այլ տարածքային վեճերի կարգավորման համար: Իսպանիան այն երկրներից է, որում կոսովյան նախադեպից հետո և այլ գործոնների բերմամբ մոտակա տարիներին կարող են տեղի ունենալ լուրջ տարածքային վերաձևումներ:
Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների բնականոնացումն առանց Բելգրադի կողմից Կոսովոյի անկախության ուղղակի ճանաչման՝ հետաքրքիր քայլ է, որը որոշակիորեն ծառայում է որպես իրավական նախադեպ: Այս նախադեպը կարող է օգտագործվել անկախության ձգտող այլ երկիր-տարածքների կողմից, եթե անկախությունն արդեն կա և հնարավոր է գոնե դե-ֆակտո երկիրը ճանաչել որպես ազատ և ինքնիշխան պետություն: Այնպիսի դեպքեր, ինչպիսին են Իսպանիայում՝ Կատալոնիայի և Բասկերի երկիրը կամ այնպիսի հակամարտություն, ինչպիսին առկա է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև, արդեն ունեն նախադեպ, ճիշտ է՝ կարգավորման առումով դեռևս ոչ լիարժեք:
Կարելի է հետևյալ ընդհանուր եզրակացությունն անել. եթե գոյություն ունեն երկու կողմեր՝ հստակ համատեղ խնդրով, բայց կողմերից մեկը, որպես կանոն՝ կենտրոնական կառավարությունը, հրաժարվում է բանակցություններ վարել, ապա երկրորդ կողմը, սովորաբար՝ ինքնորոշման ձգտող տարածաշրջանը, կարող է սկսել անջատման միակողմանի գործընթաց՝ առանց խախտելու միջազգային իրավունքը: Միակ քայլը, որն ապօրինի է լինելու՝ երկրի կենտրոնական սահմանադրության խախտումն է, որն, իր հերթին, խախտում է ինքնորոշման իրավունքը՝ տարածաշրջանի անկախությունը կամ կարգավիճակի այլ փոփոխությունը հռչակելու ժամանակ: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հաստատել է, որ միակողմանի անջատումը չի հակասում միջազգային օրենքներին:
Իսկ հնարավո՞ր է խուսափել սահմանադրության խախտումից՝ նման դեպքերի համար միակ ապօրինի քայլից: Պատասխանն ակներև է. իհարկե՝ այո՛: Բայց դրա համար երկու կողմերն էլ պետք է ունենան երկխոսություն վարելու ցանկություն: Մեր ժամանակների կառուցողական երկոսության օրինակը 2014թ. Շոտլանդիայում անցկացվելիք հանրաքվեի նախապատրաստությունն է, որը վճռելու է Մեծ Բրիտանիայի կազմում նրա մնալու հարցը: Դրական մեկ այլ օրինակ էլ կանադական Քվեբեք նահանգն է, որտեղ անկախության համար պարբերաբար հանրաքվեներ են կազմակերպվում: Ակնհայտ է, որ այս բոլոր դեպքերում մեծ խոչընդոտներ չեն ծագում՝ մարդկանց կարծիքները պարզելու համար: Ուրեմն ինչո՞ւ այլ դեպքերում կենտրոնական կառավարությունն այս իրավունքը չի հարգում, ինչպես, օրինակ, Մադրիդը Բասկերի երկրի կամ Կատալոնիայի նկատմամբ:
Իսպանիայի կենտրոնական կառավարությունը հանդես է գալիս ինքնորոշման ցանկացած շարժման դեմ: Պատմական ազգային շարժումներ ունեցող (Բասկերի երկիր, Կատալոնիա, Գալիսիա) տարածքների ավելի լայն ինքնավարության կամ անկախության հանրաքվե անցկացնելու խնդրանքներին Մադրիդը միշտ ժխտողաբար է վերաբերվել: Կենտրոնական իշխանությունները հղում են կատարում 1978թ. ընդունված իսպանական սահմանադրությանը, թեև շատ կարևոր է, որ, օրինակ, Բասկերի երկրում նրա օգտին քվեարկել է բնակչության 1/6-ից էլ փոքր մասը: Իսպանիայի կենտրոնական կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ որևէ տարածքի անկախության հանրաքվեին պետք է մասնակցի ողջ Իսպանիայի, այլ ոչ միայն խնդրո առարկա տարածաշրջանի բնակչությունը: Այս դիրքորոշումը նույնական է Կոսովոյի նկատմամբ Սերբիայի ունեցած երբեմնի կեցվածքին, Վրաստանի դիրքորոշմանը Աբխազիայի և Հարավային Օսիայի, իսկ Ադրբեջանինը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Ազգային սահմանադրության տարածքային անձեռնմխելիության հենց այս կետը, որքան էլ շատերը ձգտեն Կոսովոն որպես բացառիկ և ընդօրինակման ոչ ենթակա դեպք դիտարկել, լավագույնս ցուցադրում է, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե կողմերից մեկը հրաժարվում է այլընտրանքային իրողությունների շուրջ բանակցություններ վարել: Այսպես, Սերբիան իր կազմում Կոսովոն պահելու համար ժամանակին փորձել է սահմանադրական ուժ կիրառել՝ այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Նույն կերպ են գործել Վրաստանն ու Ադրբեջանը: Բոլոր այդ դեպքերում կենտրոնական իշխանության՝ երկխոսելու չկամությունը հանգեցրել է հայտնի իրադարձությունների և մարդկային զոհերի, իսկ հակամարտությունները ցայսօր մնում են չկարգավորված, և այնտեղ տիրող իրավիճակը դեռևս հեռու է բնականոն լինելուց:
Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ և յուրօրինակ է նաև պատմական կտրվածքով: Յուրաքանչյուր դեպքում գոյություն ունեն տարբեր գործոններ, իսկ արտաքին ուժերը համարյա ամենուր միևնույնն են: Այսպես, Սերբիայի և Կոսովոյի պարագայում առանցքային դերակատարներն են Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, Վրաստանի դեպքում, անտարակույս, վճռորոշ է Ռուսաստանի միջամտությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի պարագայում ի թիվս այլոց կարող է հիշատակվել նաև թուրքական ազդեցությունը:
Ի հեճուկս վերոնշյալի՝ այս բոլոր դեպքերն ունեն ընդհանուր հիմք: Տարածաշրջանները պետք է ունենան ինքնորոշման հնարավորություն, այսինքն՝ սեփական ճակատագիրը որոշելու ազատություն: Այդ ապագան կարող է լինել կամ լիակատար անկախությունը, կա՛մ ավելի լայն ինքնավարությունը, կա՛մ էլ՝ կարող է ոչինչ չփոխվել: Բայց ընտրելու ազատության փաստն ինքնին հակասում է կենտրոնական իշխանության շահերին, որը կամենում է շարունակել թելադրել իր կամքը խնդրո առարկա տարածքում:
Արդյո՞ք սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարածաշրջան ունի անկախանալու իրավունք: Ո՛չ, միջազգային պրակտիկայում ո՛չ բոլոր դեպքերում կենտրոնականից տարբեր կամ երկրում գերիշխող ազգությանը չպատկանող տարածքային միավորները կարող են հավակնել անկախության: Այսպես, դժվար է պատկերացնել, որ Կաստիլիան կամ Անդալուզիան կանջատվեն Իսպանիայից, իսկ Բավարիան՝ Գերմանիայից: Մինչդեռ բասկական, կատալոնական, ղարաբաղյան կամ կոսովյան դեպքերը մատնացույց են անում կենտրոնի և պայմանական ասած՝ նրա տարածաշրջանների միջև առկա ակնառու տարբերությունները:
Արդեն պարզ է, որ Կոսովոն յուրօրինակ իրավաբանական, թեպետև ընդօրինակման համար ոչ ցանկալի նախադեպ է, հատկապես՝ հաշվի առնելով միջազգային հանրությանն ինտեգրվելու հարցում նրա ունեցած դժվարությունները: Ներկայումս մի շարք եվրոպական տարածաշրջաններում քննարկվում է սեփական ապագան ինքնուրույնաբար որոշելու համար հանրաքվեների կազմակերպման հարցը: Շոտլանդիան, Կատալոնիան, Բասկերի երկիրը, Կորսիկան կամ Ֆլամանդական տարածաշրջանը միջնաժամկետ հեռանկարում կարող են դառնալ առանձին երկրներ: Ընդսմին՝ դա միջազգային իրավունքի խախտում չի հանդիսանա, եթե մինչ այդ սպառվեն բանակցությունների համար բոլոր հնարավորությունները: Արդեն նշել ենք, որ երկխոսությունից հրաժարվելը կամ բանակցությունները միտումնավոր փակուղի մտցնելու նպատակով ազգային սահմանադրությանը (որն առաջին հերթին պաշտպանում է երկրի ամբողջականությունը) հղում կատարելը կարող է դիտվել որպես երկխոսության հնարավոր ուղիների սպառում:
Այժմ դռները բացվել են, հատկապես երբ առկա է սերբերի և կոսովցիների օրինակը, այսինքն այն, որ կարելի է համակեցության (կոաբիտացիայի) հասնել առանց անջատված տարածքը որպես երկիր ճանաչելու: Դա հստակ ազդանշան է բոլոր նրանց, ովքեր շարունակում են խոչընդոտել ազգային ինքնորոշմանը ձգտող շարժումներին: Ընդառաջելով երկխոսությանը՝ նրանք ավելի քիչ կկորցնեն, քան իրենց տարածքներից մեկի միակողմանի անջատման դեպքում: Այսինքն, երկխոսությունը նոր ձևաչափով երկրի ամբողջականությունը պահպանելու շանս է տալիս, իսկ նոր իրողությունները ճանաչելուց հրաժարումն ընդամենը մեծացնում է տարածքներն ընդմիշտ կորցնելու վտանգը: