Գիորգի ԿԱՆԱՇՎԻԼԻ
Ժողովրդական դիվանագիտության և քաղաքացիական երկխոսության արդյունավետությունը մեր կամքից անկախ էապես պայմանավորված է պետության պաշտոնական քաղաքականությամբ: Բայց երբեմն լինում է այնպես, որ քաղաքացիական հասարակության խորքում մշակված մոտեցումները որոշակի փուլում վերածվում են պետական քաղաքականության: Ինձ այսպիսի հաստատում անելու հիմք են ընծայում վրաց-աբխազական և վրաց-օսական երկխոսության իմ կատարած բազմամյա դիտարկումները:
Ես կփորձեմ քննել հակամարտությունների նկատմամբ Վրաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը և թվարկել այն հիմնական ազդակներն ու գործողությունները, որոնք արդեն իսկ իրականացվել են վերջին վեց ամիսների ընթացքում՝ լուսաբանելով նոր քաղաքականության հիմքում ընկած փիլիսոփայությունը: Միաժամանակ, ես կփորձեմ անդրադառնալ քաղաքացիական երկխոսության վրա քաղաքականության մեջ արձանագրված փոփոխությունների ազդեցության հարցին:
Առաջին հերթին կկամենայի նշել, որ նոր իշխանությունները գործ ունեն բավականին ծանր ժառանգության հետ: Միացյալ ազգային շարժումն (ՄԱՇ) ունեցել է շատ հաջողություններ և շատ ձախողումներ, իսկ հակամարտությունները հենց այն ուղղությունն է, որտեղ շարժումը կրել է լիակատար ձախողում: Դրա պատճառները թե’ սուբյեկտիվ և թե’ օբյեկտիվ են:
Նոր իշխանությունների քաղաքականության քննությունը թերևս արժե սկսել պարոն Պաատա Զաքարեիշվիլուն վերաինտեգրման նախարարության ղեկավար նշանակելու փաստից: Աբխազներն ու օսերը խորհրդանիշներին մեծ կարևորություն են ընծայում, իսկ ես կարծում եմ, որ առաջին խորհրդանիշը շատ ճիշտ էր ընտրված: Պարոն Պաատա Զաքարեիշվիլին այն մարդն է, ով երկար ժամանակ զբաղվում է հակամարտություններով. եթե օսերն ու աբխազները որևէ մեկին վստահում են, ապա նախ դա Պաատա Զաքարեիշվիլին է: Վրաց փորձագիտական հանրությունում ևս նա մշտապես աչքի էր ընկնում համարձակությամբ և ստեղծարար մոտեցումներով: Կրկնեմ՝ քաղաքացիական հատվածի մշակած մոտեցումները երբեմն պետական քաղաքականության հիմք են դառնում: Պաատա Զաքարեիշվիլու կողմից նախարարի պաշտոնի ստանձնումը և նրա առաջ քաշած նախաձեռնությունները կարող են դիտվել հենց այս համատեքստում:
Նոր իշխանությունների կադրային քաղաքականությունը հատկանշական է նաև նրանով, որ Պաատա Զաքարեիշվիլուց բացի նախարարի պաշտոն են ստանձնել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, որն արդեն իսկ հայտարարել է, թե Վրաստանը ներքին հակամարտությունների լուծման համար չունի զինված ուժերի կարիք, կամ մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան, ով նույնպես ակտիվորեն ներգրավված էր երկխոսության կայացման գործընթացում:
Այս ամենից բխում է, որ Պաատա Զաքարեիշվիլին կամ առնվազն նրա մոտեցումները վայելում են երկու ազդեցիկ քաղաքական ուժերի՝ Հանրապետական և Ազատ դեմոկրատներ կուսակցությունների աջակցությունը: Դրանից բացի, վարչապետի հրապարակային հայտարարությունները հաստատում են, որ նա լիովին վստահում և սատարում է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Պաատա Զաքարեիշվիլու արտահայտած տեսակետներին: Չպետք է մոռանալ նաև այն, որ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին միաժամանակ Հանրապետական կուսակցության նախագահն է, որի քաղաքական կշիռը Վրաստանում օրըստօրե աճում է:
Այժմ անդադառնանք վերջին վեց ամիսների ընթացքում իրականություն դարձած նոր քաղաքականությանն ու հրապարակավ հնչած նախաձեռնություններին:
Առաջին հերթին հարկ է նշել, որ արմատապես փոխվել է հակամարտությունների և հակամարտող կողմերի հանդեպ հռետորաբանությունը. Ռուսաստանի դեմ արմատական հռետորաբանությունը և բռնազավթման հանգամանքի չափազանցված շեշտադրումը վրաց-աբխազական և վրաց-օսական համատեքստի վրա բացասական լուրջ ազդեցություն էին գործում: Կարևոր է նաև այն, որ նոր նախարարը փորձում է փոխել նախարարության անվանումը, քանի որ աբխազների և օսերի մւտ այն բացասական արձագանք է առաջացնում: Ցավոք, նախագահը դեռևս չի հաստատել խնդրո առթիվ նախարարի դիմումը, թեև աբխազներն ու օսերն արդեն տեղյակ են այդ նախաձեռնության մասին: Վրաստանի դատախազությունն ակտիվ աշխատանք է սկսել 2008թ. հնգօրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած էթնիկ օսերի ճակատագիրը պարզելու համար: Հավանաբար, վերանայվելու են վրացական բանտերում պատիժ կրող օսերի գործերը: Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների գազ մատակարարել Ախալգորիի բնակչությանը: Երկրի իշխանություններն այլևս չեն ձգտում Աբխազիայի Գալիի շրջանի բնակչությանն օգտագործել սեփական քաղաքական նպատակների համար: Հնչել է Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին վերագործարկելու առաջարկը (այս հարցը որոշակիորեն դուրս է մնում վրաց-աբխազական համատեքստից, թեև դա ինքնին բավական հետաքրքիր առաջարկ է): Խորհրդարանի ընդունած՝ Վրաստանի արտաքին քաղաքականության ուղենիշեր սահմանող հռչակագրում վերստին նշվում է, որ Վրաստանը մտադիր է հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Կարևոր փոփոխություններ են մտցվում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքում: Հնչել է Վրաստանի տարածքում աբխազական և օսական փաստաթղթերօ ներքին օգտագործման փաստաթուղթ ճանաչելու վերաբերյալ նախաձեռնություն:
Սա այն նախաձեռնությունների ցանկն է, որը Վրաստանի նոր իշխանությունները բարձրաձայնել կամ ի կատար են ածել վերջին վեց ամիսների ընթացքում: Իմ գնահատմամբ՝ այս ցանկը բավականին տպավորիչ է: Կցանկանայի նաև համառոտակի անդրադառնալ քաղաքականության փիլիսոփայությանը: Ըստ իս, նոր իշխանությունների քաղաքականությունը հենվում է երկու հիմնարար սյուների վրա.
ա. հակամարտությունը վրաց-ռուսական չափումից բացի ունի նաև վրաց-աբխազական և վրաց-օսական չափումներ, ուստի անհրաժեշտ է գործադրել լուրջ և անգամ միակողմանի ջանքեր, հատկապես՝ առաջին պլան մղելով մարդասիրական այնպիսի հարցեր, որոնք միջնաժամկետ հեռանկարում ընդունակ են նպաստելու հակամարտության վերափոխմանը,
բ. զուգահեռ ռեժիմով անհրաժեշտ է հասնել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը՝ այնպիսի միջավայրի ձևավորման համար, որում Ռուսաստանը կդժվարանա արգելակել վրաց-աբխազական և վրաց-օսական հարաբերությունները:
Սա բավական բարդ խնդիր է, թեև կարծում եմ, որ այլ՝ ավելի ռացիոնալ այլընտրանք այս փուլում պարզապես գոյություն չունի:
Այժմ հարկ է տեսնել, թե ինչ արձագանք է ունեցել Ռուսաստանի հանդեպ Վրաստանի նոր քաղաքականությունն աբխազների և օսերի շրջանում: Մինչ վերջերս թե՛ Ռուսաստանը և թե՛ աբխազներն ու օսերը բավական հարմարավետ դրության մեջ էին: Այս հարմարավետությունը նրանց համար ստեղծում էին Վրաստանի նախկին իշխանությունները: Յուրաքանչյուր նախաձեռնությանն ի պատասխան նրանք կարող էին ասել, թե ձեզ չենք վստահում, քանի որ դուք՝ վրացիներդ, պատերազմ եք սանձազերծել, 2006 թվականին այլևայլ ապակառուցողական գործողություններ կատարել և այլն:
2012թ. խորհրդարանական ըտրությունները շրջել են ամեն ինչ. այսօր իշխանության է եկել այն ուժը, որը քննադատում էր Սաակաշվիլուն 2008 թվականի համար, նախարար է նշանակվել անբիծ հեղինակություն ունեցող անձը և, առհասարակ, ներկա կառավարության կազմում ընդգրկված անձինք մշտապես աչքի էին ընկնում հակամարտությունների նկատմամբ իրենց ազատական մոտեցումներով:
Առաջին հայացքից՝ վրաց քաղաքականության դրական փոփոխությունների նկատմամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերմունքը բացարձակապես մերժողական ու անտրամաբանական էր. նրանցից կա՛մ «ոչ»-ն էր լսվում, կամ լիակատար լռություն էր տիրում: Կարծում եմ, որ այս վարքագծի հիմքում ընկած էին հետևյալ երեք հիմնական պատճառները.
1. Հակամարտության բոլոր երեք կողմերը (Ռուսաստանը, աբխազներն ու օսերը) սպասում են Վրաստանի իշխանության մեջ փոփոխությունների ավարտին, այսինքն՝ նախագահական ընտրություններին: Ի հեճուկս «Վրացական երազանքի» լիակատար հաղթանակի մեծ հավանականության՝ նրանք նոր իրավիճակին զգուշորեն են վերաբերվում: 2012թ. հոկտեմբերի ընտրությունների ելքը նրանց համար մեծ անակնկալ էր և, իմ կարծիքով, մինչև Վրաստանում իշխանության փոխանցման գործընթացի ավարտը նրանք փորձելու են մշակել սեփական, նոր քաղաքականությունը: Կարծում եմ, որ մեկուսամետությունը (իզոլյացիոնիզմը) ժամանակավոր երևույթ է: Նրանք կարող են հետագայում ևս փակ մնալ, բայց այն, ինչ այսօր նրանց կողմից է արվում, իմ գնահատմամբ, հակասում է հենց իրենց շահերին: Կարծում եմ, որ նրանք նույնպես դա քաջ գիտակցում են:
2. Վրաստանի կառավարության փորձերը՝ վրաց-ռուսական հարաբերությունները բնականոնացնեու ուղղությամբ, կարծես թե հույս են տալիս, որ Ռուսաստանը վրաց-աբխազական և վրաց-օսական կողմերին թույլատրելու է համագործակցել որոշ՝ հիմնականում մարդասիրական հարցերով, հատկապես, որ դա բխում է նաև ռուսական կողմի շահերից: Ռուսաստանին ձեռնտու է իր իսկ կողմից վերահսկվող տարածաշրջանային կայունությունը: Դրանով նա կարող է Վրաստանին ցույց տալ, որ բնականոն ռուս-վրացական հարաբերությունները նպաստելու են որոշ մակարդակներում վրաց-աբխազական և վրաց-օսական հարաբերությունների կարգավորմանը: Թեև կարծում եմ, որ մինչև 2014թ. Սոչիում օլիմպիադայի անցկացումը Ռուսաստանը պատրաստ չի լինի գեթ մասնակիորեն «բացել» Աբխազիան և Հարավային Օսիան: Դա ապացուցվում է ռուսաստանյան սահմանապահ զորքերի և դե-ֆակտո կառավարությունների գործողություններով: Նկատի ունեմ դե-ֆակտո սահմանների փաստացի հաստատումն ու ամրապնդումը և վրացական նախաձեռնությունների նկատմամբ դե-ֆակտո կառավարությունների մերժողական պատասխանը կամ, լավագույն դեպքում, դրանք լռությամբ չնկատելը:
3. Աբխազներն ու օսերը չափազանցված անհանգստությամբ են արձագանքել վրաց-ռուսական հարաբերությունների վերսկսմանը. դա, մասնավորապես, օսերին էր վերաբերվում: Ասեմ, որ երկու ամիս առաջ վրաց փորձագետների խմբի կազմում Հյուսիսային Կովկաս այցելության ժամանակ մենք հանդիպումներ ենք ունեցել նաև Հյուսիսային Օսիայում: Այցը կազմակերպվել է ռուսական կողմից, բայց այն Ցխինվալիում մեծ վրդովմունք է առաջացրել: Կարծում եմ, որ այս դեպքը լավագույնս արտացոլում է Ռուսաստանի հանդեպ Հարավային Օսիայում առկա վստահության պակասը:
Հակամարտությունների նկատմամբ Վրաստանի նոր քաղաքականության քննումից և մյուս կողմերի արձագանքից կարելի է եզրակացնել, որ Վրաստանի քաղաքականությունն ունի «ասիմետրիկ» բնույթ: Այսինքն, Վրաստանը, միակողմանի քայլեր կատարելով, ձգտում է շահել հակամարտության մյուս կողմերի վստահությունը և փոխել աբխազների և օսերի պատկերացումները Վրաստանի ու վրաց հասարակության մասին: Ներկայումս Վրաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ, երբ պետության և քաղաքացիական հասարակության մեծամասնության տեսակետները զգալի չափով համընկնում են և առկա է այն իրողության ըմբռնումը, թե միջնաժամկետ կտրվածքով միակողմանի քայլերի քաղաքականությունն այլընտրանք չունի. այն Վրաստանի նախորդ իշխանությունների թույլ տված սխալների «հատուցումն» է:
Պետական մակարդակով քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն արդեն որոշակիորեն ազդել են նաև քաղաքացիական երկխոսության վրա: Եթե նախկինում վրաց քաղաքացիական հատվածը ստիպված էր արդարանալ և «խրամատներում նստել», ապա այսօր կողմերի դրությունը գոնե մասնակիորեն բարելավվել է: Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող վրաց փորձագետները և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները երկխոսության գործընթացում ավելի համարձակ և դրականորեն նախահարձակ են դարձել: Նրանք պատասխան քայլեր են պահանջում հակամարտող այլ կողմերի ներկայացուցիչներից. նրանք մինչև որոշակի փուլ պատրաստ են պահպանել «ասիմետրիկ» քաղաքականություն, որը նրանց որոշակի հոգեբանական առավելություն և գոհունակություն է շնորհում:
Հաշվի առնելով այս նոր որակյալ համատեքստը՝ կարծում եմ, որ որոշակի ժամանակահատվածով մեզ համար բացվել է «հնարավորությունների պատուհան», որպեսզի վրացական կողմից արվեն միակողմանի համարձակ քայլեր: Այս հնարավորությունը նվազելու է «Վրացական երազանքի» վարկանիշի նվազման հետ միասին: Դրա համար էլ անհրաժեշտ է մինչ այդ պահը հակամարտությունների կարգավորման հարցում որոշակի առաջընթաց արձանագրել, որպեսզի լայն զանգվածները հասցնեն համոզվել, որ այդ քաղաքականությունն այլընտրանք չունի: Այս համատեքստում շատ կարևոր է նաև Եվրամիության ակտիվացումը: Եթե նախկինում՝ նախորդ իշխանությունների կառավարման ժամանակ կային որոշ սահմանափակումներ, ապա այսօր Վրաստանում առկա են պատրաստակամություն և սպասելիք, թե Եվրամիության «Ներգրավում՝ առանց ճանաչման» քաղաքականությունը վերջապես իրականություն կդառնա: Կարծում եմ, որ մոտ ապագայում պարզ կլինի, թե մեր արևմտյան գործընկերները որքանով են պատրաստ իրական ջանք թափել Վրաստանում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանն ընդառաջելու համար:
Այսօր Վրաստանում ձևավորվել է մի բացառիկ իրավիճակ, երբ «աղավնիները» գերակշռում են «բազեներին»: Այդ իսկ պատճառով, թե՛ կառավարության և թե՛ այս քաղաքականությունը խելամիտ համարողների վրա դրված է հակամարտությունների խաղաղ կարգավորման գաղափարի հեղինակազրկումը թույլ չտալու մեծ պատասխանատվություն: