Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
Ուղեղային հանրահայտ տրեստ «Ստրաթֆորի» ղեկավար Ջորջ Ֆրիդմանի 2013թ. հունիսի 11-ին լույս տեսած հոդվածը նվիրված է Ադրբեջանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններին:[1] Հոդվածի արդիականությունն ընդգծում է այն փաստը, որ այն հետագայում վերահրապարակվել է «Ֆորբսի» էջերում:[2] Սույն ամսագրային հոդվածի շրջանակում հնարավոր է քննել միայն առավել կարևոր պահերը:
Ջորջ Ֆրիդմանն ընդգծում է Կովկասի՝ որպես այն տարածաշրջանի կարևորությունը, որտեղ ներկա են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժի կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի շահերը: Թեև հետխորհրդային տարածության բոլոր եզերային պետությունները կարևոր են ամերիկյան քաղաքականության համար և ունեն աջակցության կարիք, Ադրբեջանի դերակատարումն, ըստ հեղինակի, հարկ է ծայրահեղ կարևոր համարել: Ադրբեջանի հատուկ կարգավիճակը թելադրվում է իր աշխարհաքաղաքական ենթատեքստով և գործառույթներով: Ադրբեջանը սեպ է Իրանի և Ռուսաստանի միջև և հարմարավետ հարթակ՝ Ռուսաստանի և Իրանի (հենվելով նաև ադրբեջանական համայնքի վրա), ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վրա՝ դեպի եվրասիական տարածության խորքերն ամերիկյան հզորությունը տարածելու համար: Ադրբեջանի առանձին աշխարհաքաղաքական գործառույթ են հանդիսանում էներգետիկ նախագծերը: Գտնվելով ռուսական վերահսկողությունից դուրս՝ դրանք թույլ են տալիս խուսափել Եվրոպայի և Թուրքիայի վրա Ռուսաստանի ազդցեության աճից, որն այսօր էլ անընդունելիորեն մեծ է:
Եթե Ջորջ Ֆրիդմանը սահմանափակվեր այս կարգի փաստարկներով, ապա հոդվածը հարցեր չէր առաջացնի: Փորձագիտական հանրության խնդիրներից մեկը աշխարհաքաղաքական հարթությունում գործընթացների զարգացման սցենարների և սեփական վերլուծությունների մշակումն է: Սակայն, Ջորջ Ֆրիդմանի կառուցած նախագիծը հետապնդում է ավելի լայն նպատակներ՝ ստիպելով հեղինակին անցնել վերլուծությունն աշխարհաքաղաքական նախագծումից տարանջատող սահմանը: Սա, իր հերթին, հարկադրում է աշխարհաքաղաքական վերլուծության կոշտ առանցքը լրացնել հասարակական-քաղաքական կյանքին և, առհասարակ, ադրբեջանական հասարակությանը վերաբերվող փաստարկմամբ: Այսքան լայն ընդգրկումը ստիպում է ավելի ուշադիր զննել հեղինակի պատկերած կառույցը, որը կոչված է ոչ միայն նկարագրել ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, այլև ձևավորել տարածաշրջանի ցանկալի ապագայի տեսլականը: Տեքստին ցուցաբերած այս մոտեցումը բացահայտում է հեղինակի կողմից կիրառված մի շարք «կարգավորիչ հարաչափեր», որոնք միտված են ամրապնդելու Ադրբեջանի՝ որպես ԱՄՆ աշխարհաքաղաքական դաշնակցի «բացառիկության» դրույթը:
Ջորջ Ֆրիդմանը ջանքեր է գործադրում Ադրբեջանը որպես նախահարձ հարևաններով շրջապատված երկիր ներկայացնելու համար: Ընդ որում, նա ստիպված է գլխիվայր շրջել իրականությունը և «չնկատել», որ ներկայումս հենց Ադրբեջանն է տարածաշրջանի ամենանախահարձակ երկիրը, որը տարածքային պահանջներ ունի ոչ միայն «Արևմտյան Ադրբեջանի» տարածք հռչակվող Հայաստանի, այլև Իրանի նկատմամբ, որի մի պատկառելի հատվածը հռչակվում է «Հարավային Ադրբեջան»:[3] Նկարագրելով Ադրբեջանի նախահարձակ շրջապատը՝ Ջորջ Ֆրիդմանը «խոստովանում» է, որ Ռուսաստանն ու Իրանը հանդիսանում են «ԱՄՆ-ին հակադիր» ուժեր: Եթե Իրանին տրված նման բնութագրմանը կարելի է համաձայնվել, ապա Ռուսաստանի՝ որպես ԱՄՆ-ին հակադիր ուժի գնահատումը չափազանց անփույթ քայլ է: Քաղաքական իրականության նույնքան անընդունելի աղավաղում է Վրաստանի կառավարության իբր ռուսամետ կողմնորոշմ ունենալու պնդումը:
Նախահարձակ հարևաններով շրջապատված լինելու մասին հորինվող պատրանքն, իմիջիայլոց, հետապնդում է Ադրբեջանին ժամանակակից ամերիկյան սպառազինության վաճառքի անհրաժեշտության արդարացումը: Ընդ որում, կիրառվող փաստարկները ցինիզմի աստիճան իրատեսական են. «Իր դիրքի բերմամբ Ադրբեջանը կարիք ունի այնպիսի սպառազինության, որի համար նա պատրաստ է վճարել»: «Ադրբեջանը զենքի համար կանխիկ գումար է վճարում, և այն օգտագործելու է ադրբեջանական՝ ոչ թե ամերիկյան բանակը»:
Հեղինակը լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի ռազմավարությանը զուտ պաշտպանողական բնույթ հաղորդելու համար: Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որն ԱՄՆ-ի դաշնակից լինելու կարիքն ունի, քանի որ նրան սպառնում է Իրանից շիա և Դաղստանից սուննի ահաբեկչությունը: Սակայն, մի քանի նախադասություն ներքև հեղինակն ասում է, որ Ադրբեջանի ռազմավարական դիրքը «հնարավորություն է տալիս ազդել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա և սահմանափակում է Ռուսաստանի հզորությունը Եվրոպայում՝ ապահովելով էներգետիկ այլընտրանք՝ ներառյալ Կասպից ծովի հատակով Կենտրոնական Ասիա խողովակաշարերի անցկացումը»: Այս դեպքում պաշտպանության մասին խոսելը դառնում է ոչ կոռեկտ. խոսքն այստեղ այնպիսի նախագծի մասին է, որի շրջանակներում Ադրբեջանի տարածքն օգտագործվում է դեպի Եվրասիա ԱՄՆ-ի ազդեցությունը տարածելու համար:
Ադեկվատ անվանել տարածաշրջանում և աշխարհաքաղաքական ասպարեզում գործընթացների այսպիսի գնահատականը կամ մեկնաբանել Կովկասում գործընթացների այսչափ խեղված պատկերացումն՝ անշնորհակալ գործ է: Թերևս, բավական է արձանագրել, որ ո՛չ Ռուսաստանը կամ Իրանը, ո՛չ էլ հայկական պետություններն ու Վրաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու դույզն իսկ մտադրություն չունեն: Տարածաշրջանի միակ երկիրը, որը ներկայումս հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ ունի՝ Ադրբեջանն է, որի հայատյաց քաղաքականությունը վաղուց կարելի էր թատերականացված կամ բուտաֆոր համարել, եթե այն չհանգեցներ մարդկային զոհերի:
Ֆրիդմանն օգտագործում է Ադրբեջանի համար վտանգավոր մի այլաբանություն, կոչելով նրան «Ռուսաստանի և Իրանի կոկորդում ոսկոր»: Կոկորդում ոսկոր լինելը նշանակում է եվրասիական տարածությունում ունենալ օտարածին տարրի կարգավիճակ: Բացի դրանից, տվյալ կարգավիճակը Ռուսաստանի և Իրանի կողմից պահանջում է անհապաղ՝ մինչև իսկ վիրահատական գործողություններ՝ հարկադրելով նրանց Ադրբեջանին վերաբերվել որպես աշխարհաքաղաքական մարտահրավերի: Հոդվածի ամենավերջում Ջորջ Ֆրիդմանը կրակի մեջ յուղ է լցնում, հայտարարելով, թե «Հիտլերն ու Ստալինը հասկանում էին, որ Բաքուն վերահսկելը համազոր է եվրասիական տարածությունների վերահսկողությանը»: Այսպիսով, Բաքուն կամա թե ակամա ձեռք է բերում «Եվրասիայի Կարթագենի» կարգավիճակ, որը մայրցամաքային տերությունների կողմից պետք է անվերապահ հսկողության տակ առնվի, եթե նրանք մտադիր են Եվրասիայում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել:
Սույն կառուցակարգի ոչ կոռեկտությունն ավելի ցայտուն է դառնում, երբ հեղինակն անցնում է Ադրբեջանի հասարակական խնդիրների քննարկմանը: Հասկանալով, որ մշակվող նախագիծը և առաջարկվող ռազմավարական դաշինքը պետք է հենվեն ոչ միայն ռազմաքաղաքական և տնտեսական փաստարկների վրա, հեղինակը փորձ է կատարում գեթ փոքր չափով դրական լույսի ներքո պատկերել առկա անպատկառ դրությունը: Ջորջ Ֆրիդմանը ստիպված է դիմել անընդունելի բարոյական հարաբերականության, երբ հասարակական կյանքի գործընթացների գնահատականները ձևավորվում են հետխորհրդային այլ հասարակությունների դրության հետ համեմատականի միջոցով: Ադրբեջանի ղեկավարության կլանայնությունն ու կոռումպացվածությունն արդարացնելու համար Ֆրիդմանը հարկադրված է ասել, թե հետխորհրդային տարածության բոլոր պետություններն այդպիսին են: Դա զգալի չափով ճշմարտանման է, բայց համեմատական քննությունը թույլատրելի է քաղաքական ասպարեզում և տնտեսության մեջ առկա գործընթացների դիտարկման ժամանակ, բայց ոչ երբեք հասարակության բարոյահոգեբանական կլիմայի գնահատման պարագայում:
Այո՛, «երկիրը չի կարող նախկին խորհրդային հանրապետությունից առանց կոռուպցիայի տնտեսության վերաճել ավելի արագ, քան 20-ամյա ժամկետում: Եվ նա չի կարող ազատական ժողովրդավարություն դառնալ այս ժամանակահատվածի ընթացքում…»: Սակայն ժոովրդին չի կարելի զրկել դեպի քաղաքացիական հասարակություն ընթանալու իրավունքից, վկա՝ «արաբական գարնան» բարդույթը, երբ ի տարբերություն փլուզված իշխանության՝ առաջանում է ավելի բռնարար վարչակարգ: Այն պնդումըկ, թե ԱՄՆ-ն պետք է անհրաժեշտաբար հենվի ավելի փոքր չարիքի, այսինքն՝ Ալիևի կլանի վրա, քանի որ վերջինիս փոխարեն իշխանությանը կարող է գալ շատ ավելի վատ ռուսամետ կամ իրանամետ վարչակազմ, ադրբեջանցի ժողովրդի համար վիրավորական է դիտվում անգամ հայ փորձագետի աչքերում:
Անտարակույս, Միացյալ Նահանգներն իրավունք ունեն և պարտավոր են տարածաշրջանում հետապնդել իրենց ռազմավարական շահերը, բայց իրականացվող քաղաքականության հիմքում չպետք է դրվի բռնարար ավտորիտար վարչակարգի պահածոյացման անհրաժեշտությունը: Այսպիսի հիմքի վրա ստեղծված կառույցը խոցելի է և անկայուն: Դրա համար էլ «ԱՄՆ-ի համար Ադրբեջանը կարևոր է ոչ թե որպես բարոյական որակների տեր պետություն, այլ որպես Ռուսաստանի և Իրանի միջև սեպ» թեզը բավարար և ընդունելի է դիտվում: Սակայն, «ներկայիս վարչակազմը փոխարինելու եկող որևէ այլ վարչակազմ բարոյական տեսանկյունից ամենայն հավանականությամբ շատ ավելի վատն ու ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական է լինելու» թեզի լրացումն արժեզրկում է ողջ կառույցը:
Այնուամենայնիվ, առաջարկվող նախագիծն իր հանդեպ պահանջում է լուրջ ուշադրություն և կա հույս, որ տարածաշրջանի ավանդական ուժի կենտրոնները բավական փորձառու են՝ վերջինիս թերությունները տեսնելու համար: Տարածաշրջանում վերջին տասնամյակներին ձևավորված ստատուս-քվոյի այլընտրանքը կարող է լինել միայն ավելի կայուն խաղաղությունը և ոչ թե նոր սրացումն ու պատերազմը: ԱՄՆ-ում, հենց նույն Ջորջ Ֆրիդմանի վկայությամբ, կան քաղաքական ուժեր, որոնց շնորհիվ Կովկասում ամերիկյան քաղաքականությունը ցայսօր կառուցվում է ոչ թե մտացածին խնդիրների և շեղված պատկերացումների, այլ իրականության վրա: Դա հույս է ներշնչում, որ տարածաշրջանում կայունության պահպանումը և ադրբեջանական հավակնությունների վերացումը կարող են ապահովվել առանց ռազմական գործիքակազմի:
[1] Friedman, George “Geopolitical Journey: Azerbaijan and America,” Stratfor, Geopolitical Weekly, 11 June, 2013. 17 June 2013, <http://www.forbes.com/sites/stratfor/2013/06/11/why-azerbaijan-should-matter-to-america/>
[2] Friedman, George “Why Azerbaijan Should Matter To America,” Forbes, 11 June, 2013.
17 June 2013, <http://www.forbes.com/sites/stratfor/2013/06/11/why-azerbaijan-should-matter-to-america/>
[3] Herszenhorn, David M. “Iran and Azerbaijan, Already Wary Neighbors, Find Even Less to Agree On,” The NewYork Times, 5 June, 2012. 17 June 2013, <http://www.nytimes.com/2012/06/06/world/middleeast/iran-and-azerbaijan-wary-neighbors-find-less-to-agree-on.html>