Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Թուրք ոստիկանությունը հունիսի 15-ի երեկոյան մտել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը՝ արցունքաբեր գազ և ջրանետներ կիրառելով բողոքավոր զանգվածը ցրելու համար: Դրանից հետո ոստիկանության հետ ընդհարումները ոչ միայն Թաքսիմ հրապարակում, այլև Թուրքիայի ողջ տարածքում շարունակվել են մեկ օրից ավելի:
Ոստիկանությունը բողոքի ներկայիս ցույցերի սկզբից ի վեր երկրորդ անգամ մտել է նաեւ Գեզի զբոսայգու տարածք: Անվտանգության ուժերը զբաղեցրել են այգու տարածք` հեռացնելով բողոքավորների վրանները: Ոստիկանությունը շրջափակել է Թաքսիմ հրապարակը:
Թուրք ոստիկանությունը սկսել է Թաքսիմ հրապարակում բողոքի ցույցի ցրումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ցուցարարներին ներկայացրած վերջնագրի հրապարակումից մի քանի ժամ անց:
Բոլորը կարծում էին, որ ցուցարարները ժամանակ ունեին առնվազն միչեւ հունիսի 16-ի առավոտը, քանի որ հունիսի 16-ի կեսօրին Ստամբուլում ծրագրված էր նաեւ իշխող կուսակցության ցույցը: Մի խոսքով, վարչապետը որոշել է Ստամբուլ մուտք գործել հաղթողի կարգավիճակով` համարյա որպես սուլթան Ֆաթիհ:
Թուրքիայի վարչապետը Ստամբուլում ելույթ է ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հարյուր հազարավոր կողմնակիցների առջեւ:
ԱԶԿ ցույցը պաշտոնապես ներկայացվում էր որպես 2014թ. մարտ ամսին կայանալիք տեղական ընտրություններին ընդառաջ կուսակցության ընտրարշավի սկիզբ: Էրդողանն ընդգծել է, որ Գեզի այգու մաքրագործումն իր` որպես վարչապետի պարտքն էր: «Եթե ես դա չանեի, ապա ես չպետք է մնայի այս պաշտոնում», – հայտարարել է նա: Թուրքիայի վարչապետը նաեւ նշել է, որ «մութ շրջանակները չեն կարողանա հաջողության հասնել երկիրն ապակայունացնելու իրենց նկրտումներում»:
Էրդողանը եւս մեկ անգամ լուրջ քննադատության ենթարկեց միջազգային ԶԼՄ-ները. «Եթե միջազգային ԶԼՄ-ները կամենում են տեսնել Թուրքիայի պատկերը, ապա այն այստեղ է: CNN, Reuters, BBC, ցույց տվեք այն, կամ` շարունակեք ստել», – ասել է նա:[1]
Մեկ խոսքով, Էրդողանը Ստամբուլն արտահերթ գրավեց: Իսկ ամեն ինչ ընդամենը 20 օր առաջ այնքան անմեղ էր սկսվում: Ստամբուլում ցույցերը սկսվել են որպես բնապահպանական միջոցառում` Թաքսիմ հրապարակի Գեզի այգին ծառահատումից փրկելու համար` նրա տեղում առեւտրային կենտրոն էին ուզում կառուցել: Անհրաժեշտ է նշել, որ Թաքսիմ հրապարակն ամբողջությամբ եւ Գեզի այգին` մասնավորապես, Թուրքիայի ձախ ազատական արվեստասեր մտավորականության համար ունի խորհրդանշական արժեք: Պատահական չէ, որ Գեզի այգու պաշտպանության նախաձեռնողները հայտնի դերասաններ, երգիչներ, գրողներ եւ լրագրողներ էին:
Իշխանությունների արձագանքն այս` առավել քան խաղաղ ակցիային չափազանց անհամաչափ էր: Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը մի քանի հարյուրավոր ոստիկաններ «գրոհել են» խաղաղ հանգստացողների վրա ոչ թե Չեշմեում կամ Անթալիայում, որտեղ, որպես կանոն, հանգստի սեզոն են բացում բոմոնդի բոլոր ներկայացուցիչները, այլ Գեզի այգում հավաքված աշխարհահռչակ երգիչների ու դերասանների վրա, ընդ որում` պահպանելով «ռազմական գործողությունների» բոլոր կանոնները` կիրառելով ջրանետներ եւ գազային ռումբեր: Ի դեպ, ոստիկանները ցուցարարներից ավելի մեծ թիվ էին կազմում:
Եվ իրերի ընթացքը գահավիժեց… Այժմ մարդիկ բողոքում են` «լռելյայն կանգնելով» ամենուր, այդ թվում` եւ Թաքսիմում: Դատախազությունը ոչ մի կերպ չի կարող այսպես բողոքողների դեմ համապատասխան հոդված գտնել:
Առաջին հայացքից, Թուրքիայի իրադարձություններն արտաքուստ ինչ-որ բանով «արաբական գարունն» են հիշեցնում: Առկա է բողոքավոր խմբերի ինքնակազմակերպում: Այսինքն, սա շարժում է առանց վառ արտահայտված առաջնորդների: Առաջնորդները ծնվում են շարժմանը զուգընթաց: Նրանք հիմնականում մտավորականության ներկայացուցիչներ են, այդ թվում` ստեղծագործական մտավորականության:Բայց Թուրքիայում ընթացող զանգվածային գործողությունները չարժե նույնականացնել ՙարաբական գարնան՚ դեպքերի հետ:
Առաջին հերթին, հանուն արդարության պետք է նշել, որ Թուրքիայում իշխանությունը ձեւավորվում է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Ընտրությունների արդյունքները ոչ ոք կասկածի չի ենթարկում: Այսինքն, Էրդողանն օժտված է իրավական օրինավորությամբ: Ոչ ոք կասկածի տակ չի առնում նրա իշխանության իրավազորությունը:
Երկրորդ` Էրդողանը Թուրքիայի թերեւս ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչն է:
Վերջին շրջանում բարձրանում է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի վարկանիշը, ով ծավալվող դիմակայության մեջ ավելի խաղաղարար դիրքորոշման է հանգում:
Բայց, ամեն դեպքում, Էրդողանի հանդեպ հանրային վստահության մակարդակը շատ բարձր է: Այսպիսով, նա ունի հասարակական-քաղաքական իրավազորության բավական ընդունելի մակարդակ:
Բացի դրանից, ժողովրդավարություններում հասարակական-քաղաքական օրինավորության մակարդակի նվազումը չի կարող դառնալ հրաժարականի առիթ, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ գալիք տարում տեղի են ունենալու հերթական համապետական ընտրությունները:
Երրորդ` հարկ է հաշվի առնել, որ «արաբական գարունը» ոչ միայն եւ ոչ այնքան ժողովրդական զանգվածների` ժողովրդավարության համար մղած պայքարն է: Չեմ կարծում, որ Եգիպտոսում, Եմենում եւ Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները ժողովրդավարության հետ որեւէ ընդհանուր աղերս ունեին:
Ավելի շուտ, մենք դիտում էինք «կրոնական մեծամասնության» պայքարը «ավտորիտար աշխարհիկ փոքրամասնության» դեմ: Այս ամենի արդյունքներն ակներեւ են: «Արաբական գարնան» ամենաազատական երկրում, իսկ ավելի ճշգրիտ` Թունիսում, իշխանության են եկել համեմատաբար չափավոր իսլամիստները:
Թուրքիան այս ցավոտ ճանապարհն անցել է դեռեւս նոր հարյուրամյակի սկզբում: Ընդսմին` հարկ է նկատել, որ իսլամիստներն իշխանության են հասել ընտրությունների միջոցով` առանց որեւէ գունավոր հեղափոխության: Օգտագործվել է ժողովրդավարական հաստատությունների գոյություն ունեցող ներուժը, որոնցից մեկն ազատ եւ արդար ընտրություններն են:
Այսպիսով, թուրք հասարակությունը դեռեւս հավատում է ժողովրդավարական հաստատությունների ներուժին:
Եվ, ի վերջո, հինգերորդ`«հեղափոխություն` ներքեւից» մոդելը Թուրքիայի ավանդույթներին չի համապատասխանում: Ի տարբերություն ՙարաբական գարնան՚ երկրների` Թուրքիան ունի ամուր պետականության հիմքեր եւ ավանդույթներ: Անցած դարի կեսերից սկսած Թուրքիայում իշխանությունը հաճախակի է փոխվել, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական միջոցներով, բայց վճռական խոսքը միշտ պատկանել է ռազմաքաղաքական վերնախավին: Այսինքն, իշխանափոխությունը տեղի էր ունենում ռազմական հեղաշրջման կամ զինվորականների եւ քաղաքական գործիչների միջեւ գործարքի միջոցով: Այսպես է եղել նաեւ 90-ականների վերջերին` Էրդողանի ուսուցիչ Նաջմեդին Էրբաքանի իշխանազրկման ժամանակ…
Հարց է ծագում, թե ո՞րն է այժմյան բողոքի ցույցերի պատճառը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2014թ. ընտրություններին նախապատրաստվող Էրդողանի ընտրազանգվածի հիմնական մասը կազմում են պահպանողական հայացքների տեր մահմեդականները: Այսինքն, Էրդողանին անհրաժեշտ է հավատարմություն ցուցադրել իսլամիստների գաղափարների նկատմամբ:
Հանուն արդարության պետք է նշել, որ մինչեւ 2011թ. սկիզբն Էրդողանի կառավարությունը վարում էր բավական չափավոր ներքին քաղաքականություն: Կառավարող կուսակցությունը փորձում էր չսրել հարաբերություններն իշխող սոցիալական խմբերի` մահմեդականների եւ աշխարհիկ կենցաղի կողմնակիցների միջեւ: Այո՛, քայլ առ քայլ վերացվում էին հավատացյալների քաղաքացիական իրավունքների սահմանափակումները: Կառավարության այս գործողությունները ողջունում էր նաեւ հասարակության ձախ ազատական թեւը: Միաժամանակ, չէին ձեռնարկվում օրենսդրական բնույթի այնպիսի քայլեր, որոնք աշխարհիկ կենցաղի կողմնակիցները կարող էին դիտել որպես իրենց իրավունքների սահմանափակում:
Բայց, հանկարծակիորեն, 2011թ. խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանը կտրուկ փոխեց կառավարության մարտավարությունը: Իսլամական գաղափարախոսությանը հավատարմություն ցուցադրելու համար հիմնական շեշտը դրվեց ներքին քաղաքականության վրա: Ո՞րն է առաջնահերթությունների այս փոփոխության հիմնական պատճառը, եւ ի՞նչն է առիթ դարձել ներքաղաքական իրավիճակի սրման համար:
Ճշմարտանման է այն տեսակետը, թե իշխող կուսակցությունն իր «կրոնասիրությունը» ցուցադրելու համար պարզապես ստիպված էր շեշտը դնել ներքին քաղաքականության վրա: Մինչեւ 2011թ. դա անհրաժեշտ չի եղել: Արտաքին քաղաքականությունն իշխող կուսակցության համար լայն հնարավորություն էր ընձեռում հավատարմություն ցուցադրելու «կրոնական եւ հակակայսերապաշտական» գաղափարախոսությանը: Կարելի էր հրաժարվել հակաիրաքյան դաշինքին մասնակցելուց, Իսրայելի հետ հարաբերություններ խզել, Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկեր հռչակել, հակակայսերապաշտական, հակաարեւմտյան եւ հակաամերիկյան դաշինք ստեղծելու կոչեր տարածել: Այսինքն, Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականությունն ամբողջովին բավարարում էր իսլամիստների պահանջները:
Իրավիճակը փոխվեց 2011թ.: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հերթական անգամ սկսվեց 180 աստիճանով շրջապտույտ: Հետզհետե ընդդիմախոսներն սկսեցին մեղադրել Էրդողանին առ այն, որ նա դարձել է տարածաշրջանում Վաշինգտոնի հպատակ ծառա, քանի որ կտրուկ սրվել են Թուրքիայի հարաբերություններն արաբա-մահմեդական պետությունների, Իրանի եւ հակաամերիկականության պատվար Ռուսաստանի հետ:
Ի հետեւանս դրա, իսլամիստների պահանջների բավարարման համար Էրդողանը ստիպված եղավ հայացքը սեւեռել ներքին քաղաքականության վրա. իշխանության հասնելուց համարյա տասը տարի հետո վարչապետը հանդես եկավ աբորտների դեմ, կանանց մի մասին անվանեց «մարդասպան», ոգելից ըմպելիքների սպառման եւ վաճառքի սահմանափակման օգտին օրենսդրական նախագիծ ներկայացրեց, սկսեց նշել, թե ինչպիսի վարքագիծ պետք է ունենա երիտասարդությունը հանրային վայրերում, բնականաբար` ըստ կրոնական բարոյախոսության պահանջների: Մյուսներին վարչապետն «անբարո» անվանեց: Եվ, ի վերջո, նա զանգվածներին «ծախու մտավորականության» դեմ պայքարելու կոչ ուղղեց, այն նույն մտավորականության, որը, ձախ ազատական լինելով, դեռեւս երեկ սատարում էր Էրդողանին:
Այսպիսով, «իրավազուրկների», տվյալ դեպքում` հավատացյալների պաշտպան Էրդողանը հետզհետե դարձել է «իրավազուրկների» նոր սոցիալական խմբի առաջացման մեղավոր:
1.http://www.regnum.ru/news/fd-abroad/turkey/1671929.html#ixzz2WYg4CrsC