Պսկովի Միրոնոսինսկի գերեզմանատանը օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Պավել Ադելգեյմ քահանայի թաղումը: Նրան հարգանքի տուրք և հրաժեշտ մատուցելու համար եկել էին ոչ միայն պսկովցիները, այլև թաղմանը մասնակցելու համար նախապես ժամանած Ռուսաստանի այլ նահանգների և արտերկրի բնակիչներ:
Հայր Պավելի աճյունը դրվել է Սուրբ Յուղաբեր կանանց անվան տաճարում, որտեղ նա ծառայել է տարիներ շարունակ և որի վերականգնման գործում մեծ ավանդ է ունեցել: Երկու օր շարունակ մարդիկ ծաղիկ էին բերում նրա դագաղի մոտ:
Քահանայի հոգեհանգստյան արարողությունը կատարվում էր բաց երկնքի տակ, քանի որ փոքր եկեղեցին ի վիճակի չէր տեղավորել հրաժեշտի եկած բոլոր մարդկանց: Հայր Պավելին թաղել են նույն Սուրբ Յուղաբեր կանանց տաճարի որմերի ներքո:
75-ամյա Պավել Ադելգեյմը սպանվել է իր տանը՝ օգոստոսի 5-ի երեկոյան, Պսկով քաղաքի Կրասնոգորսկայա փողոցում: Հանցագործության մեջ մեղադրվում է 27-ամյա մոսկվացի Սերգեյ Պչելինցևը, ում հայր Պավելը իր տանն է հյուրընկալել: Ինչպես պարզվել է, նա քահանային որովայնի շրջանում դանակով մահացու հարված է հասցրել՝ կրոնական թեմայով զրույցի ժամանակ: Հետագայում հայտնի է դարձել, որ Պչելինցևը տառապում էր հոգեկան հիվանդությամբ և հայր Պավելի մոտ նրան ուղարկել են հարազատները, կարծելով, թե վերջինս ի վիճակի է բուժել նրա հոգեկան խանգարումը:
Ավագ քահանա Պավել Անատոլիի Ադելգեյմը ծնվել է 1938թ. օգոստոսի 1-ին Դոնի Ռոստով քաղաքում: Նա համացանցային քարոզների շնորհիվ որոշ ժողովրդականություն է ձեռք բերել: Բացի դրանից, վերջին տարիներին հայր Պավելը հաճախ հանդես էր գալիս Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներքին գործերի քննադատությամբ. նա պատկանում էր այն սակավ քահանաների թվին, ովքեր նամակ են հղել պատրիարք Կիրիլին՝ Pussy Riot-ի մասնակիցների համար իշխանություններից ներում հայցելու խնդրանքով:
«Полит.ру»-ի փորձագետ Ալեքսեյ Մուրավյովի մեկնաբանությունը
Մարդասպանի կողմից քահանայի մահը միշտ առօրեականությունից դուրս եկող իրադարձություն է: Մի կողմից, 20-րդ դարն ականատես է եղել նման բազմաթիվ օրինակների՝ անգամ հոգևորականների զանգվածային սպանդի, բայց, մյուս կողմից, այդ սպանությունները դիմազուրկ էին, իսկ երկուշաբթի օրը Պսկովում տեղի ունեցածն՝ առանձնահատուկ եղեռնագործություն: Ընդհանուր առմամբ, սպանության հանգամանքները բավականին սովորական են. հոգեկան խանգարմամբ տառապող երիտասարդն իր հարձակողականությունն ուղղել է իրեն ամենամոտիկ մարդու վրա, սեղանից դանակ է վերցրել և քահանային հարվածել: Այսպես, կենցաղային դանակահարության ենթատեքստով կյանքի ուղին ավարտել է արտասովոր քահանա՝ հայր Պավել Ադելգեյմը: Եվ մահվան առջև հանկարծ պարզվել է, որ իր մահը չի ներառվում արտաքին հանգամանքների մեջ. այն եզրափակում է որոշակի ճանապարհ և նոր հնչեղություն է հաղորդում իր գրքերում, հարցազրույցներում և քարոզներում հայր Պավելի հետևած առաքելությանը:
Հայր Պավել Ադելգեյմը բառիս պարզ իմաստով դիսիդենտ չէր. նա Բորիս Տալանտովի, հայր Գլեբ Յակունինի, քսենձ Եժի Պոպելուշկոյի և այլոց նման եկեղեցական ճշմարտասեր էր: Այս իմաստով նա տարբերվում էր նաև նույնքան սարսափելի եղանակով խելագարի կողմից սպանված հայր Ալեքսանդր Մենից: Իր նման ճշմարտասերները կատարում են կարևոր արձագանքային գործառույթ. նրանք վկայում են կեղծիքի և եկեղեցու գործունեության մեջ լուրջ շեղումների մասին: Հայր Պավելը շատ և հաճախ էր խոսում ուղղափառության ճգնաժամի մասին՝ նախ և առաջ նկատի ունենալով եկեղեցու և պետության սերտաճումը, որն, ըստ նրա, ոչնչացնում էր եկեղեցու սրբազնությունը՝ իր սակրալ բնույթը: Դրա համար էլ առկա էր նրա խոսելու և նրան լռեցնելու պահանջարկ: Այդ պահանջարկը երբեմն ձևակերպվում էր ուղիղ, երբեմն՝ միջնորդավորված, բայց այն, իհարկե, կար:
Պսկովի եպիսկոպոս Եվսևիյը հայր Պավելին ստորագրման համար ապաշխարության գրություն է ուղարկել, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել այն և շարունակել պայքարել ճշմարտության համար, որի համար էլ իր վրա սկսել են եկեղեցական պատիժներ տեղալ: Այժմ, հայր Պավելի մահից հետո, Պսկովի առաջնորդի և «աղբը տնից չհանելու» հարցով մտահոգ անձանց հոգսերը պակասելու են: Միջավայրի հերմետիկության պահանջարկն առհասարակ շատ նկատելի է ճգնաժամի մեջ գտնվող մեր հաստատություններում, ինչպիսին են բանակը, ոստիկանությունը, դպրոցը: Ամենուր առկա է հաստատությունը քննարկման համար փակելու միտում, բայց եկեղեցում այդ ձգտմանը փորձում են հաղորդել «սրբության պաշտպանության» արհեստական կարգավիճակ: Հայր Պավելը կոտրել է այդ լռելյայն կորպորատիվ պայմանագիրը և բարձրացրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Պատրիարքության՝ իր սոցիալական դիրքին համապատասխանելու հարցը: Նրա վերջին հարցազրույցներն այդ մասին ոչ մի տարակուսանք չեն թողնում: Հայր Պավելի մահը նշանակում է կառուցվածքային ճգնաժամում գտնվող եկեղեցում ճշմարտության և քննադատության պակասություն:
Նրա խոսելու պահանջարկը՝ ողջ հաստատության փոփոխության անհրաժեշտության գիտակցման առարկայական պահանջարկն էր, որը նախ և առաջ վերաբերում էր եկեղեցու ապաքաղաքականացմանը և իշխանություններից տարածություն պահպանելու կարևորությանը: Հանգուցյալ հոգևորականի պնդմամբ՝ դա շատ ցավոտ գործընթաց է, բայց դրա չլուծման երկարաձգումը սպառնում է 1890-1990-ական թվականներին ուղղափառության ակնկալված զարթոնքի ալիքի հետ եկեղեցի եկած մտավորականության և, ընդհանուր առմամբ, հավատացյալների լայն զանգվածների օտարմամբ եկեղեցուց: Սակայն զարթոնքի ու վերածննդի փոխարեն սկսվել է ՌՈՒԵ ՄՊ-ի՝ գաղափարախոսական վերահսկիչի ու երաշխավորի վերածվելու ընթացքը: Հայր Պավելը նշում էր, որ վերածնվում է ոչ թե հավատը կամ կրոնական էթիկան, այլ «քաղաքական ուղղափառության» նախագիծը: Հայր Պավել Ադելգեյմի մահից հետո մնում են նույնքան հեղինակավոր և ազատ խոսքը բարձրաձայնելուն ընդունակ քիչ թվով մարդիկ: Խորհրդային համակետրոնացման ճամբարներն անցած քահանան, բանաստեղծը, գրողն ու եկեղեցական հրապարակախոսն այլևս չկա: Այդ իսկ պատճառով հայր Պավելի մահը նշանակում է վերափոխման համար անհրաժեշտ կադրերի ճգնաժամային պակաս:
Այն, որ խելագար երիտասարդը շոյող ձեռքը հոշոտող գազանի նման սպանել է իրեն հյուրընկալած ծերունուն, արտասովոր ոչինչ չկա: Այդպիսի դեպքեր, ավա՜ղ, պատահում են թե՛ կենդանիների, և թե՛ խելագարված մարդկանց հետ: Արտասովորն այն է, որ բոլորն անմիջապես գիտակցել են, որ այս մահը դասվել է այլ քահանաների և վանականների սպանության սովորական դարձած շարքին: Այսպիսով, հասարակությունը, մասնավորապես նրա մտածող և խոսող մասը յուրացնում է մի որոշ իմաստ և ուղերձ: Պարզվում է, որ պայմանականորեն էնթրոպիա կոչվող ինչ-որ անհեթեթ ուժ եկեղեցական հաստատությունում ոչնչացնում է լավագույններին՝ անվնաս թողնելով հարմարվողականներին ու կարիերիստներին: Այսպիսով, եկեղեցու սիրտը զետեղվում է սպանված հոգևորականների մեջ: Դա խորին հոռետեսության և հիասթափության արտացոլումն է:
Մարդասպան Սերգեյ Պչելինցևը հայր Պավելի մոտ օգնության ակնկալիքով է եկել: Բայց նա ի վիճակի չեղավ ու չկամեցավ ըմբոշխնել այն և, ի վերջո, հիվանդ գիտակցությունը կատարեց դժոխային ընտրություն: Հոգևոր օգնությունը ստանալու համար այն պետք է ունակ լինես ընդունելու: Իսկ այդ հմտությունը, կարծես թե, կորսվել է և այն դժվար է ուսուցանել: Այդ իսկ պատճառով հայր Պավելի մահն արտացոլում է հասարակության կողմից եկեղեցու՝ հազարամյակներով իրականացրած կարևոր սոցիալական հմտությունների կորուստը: Իսկ այժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս պետք է ապաշխարել, թողություն ստանալ և Բացարձակի հետ միավորվել: Դա չեն ուսուցանում կամ ուսուցանում են ոչ բավարար և ոչ ճիշտ ձևով: Ուստի, հայր Պավելի մահն անձնական ողբերգություն է, որը վկայում է հոգևոր շատ ավելի խոշոր ողբերգության մասին: