(“The Washington Post“, США)
Էնդրյու ԲԱՑԵՎԻՉ (Andrew J. Bacevich)
Ովքե՞ր են Բրեդլի Մենինգը (Bradley Manning) և Էդվարդ Սնոուդենը(Edward Snowden). դավաճաննե՞ր, թե՞ հայրենասերներ: Քանի որ Մենինգն այժմ բանտում է, իսկ Սնոուդենի նկատմամբ հաստատված է խիստ հսկողություն, Օբամայի վարչակազմը կողմնորոշվել է, ցույց տալով, թե այս հարցում ո՞ր դիրքորոշմանն է հանգում:
Այնուամենայնիվ, մեզանից շատերը շարունակում են իրենց չափազանց կարևոր հարց տալ, թե ո՞ւմ են պարտավոր հավատարմություն պահպանել բանակի շարքայիններն ու հետախուզության աշխատակիցները: Պետությա՞նը, թե՞ երկրին: Ազգային անվտանգության համակարգի՞ն, որի համար աշխատում են, թե՞ այն մարդկանց, որոնց այդ համակարգը կոչված է պաշտպանել:
Ազգային անվտանգության ապարատի օգտին հանդես եկող անձինք և, առաջին հերթին, երկրի նախագահը պնդում են, որ պետության և երկրի շահերը միմյանցից տարանջատելի չեն: Ամերիկայի քաղաքացիների անվտանգության ապահովմամբ զբաղվող գործակալությունները ջանքեր են գործադրում հիշյալ նպատակի համար: Գաղտնի տեղեկություններ հրապարակողները խոչընդոտում են նրանց հաջող գործունեությանը և, հետևաբար, արժանի են ողջ ուժով ճաշակել օրենքի խստությունը:
Սակայն ի՞նչ անել, եթե պետության շահերն ինքնաբերաբար երկրի շահերի հետ չեն համընկնում: Այս դեպքում «հայրենիքի» պաշտպանությունը ծառայում է սոսկ որպես ծխավարագույր: Այս պատրվակով կառավարությունը կարող է հետապնդել նաև սեփական նպատակներ: Նա կարող է գաղտնաբար և առանց որևէ խոչընդոտի իր ձեռքերում կենտրոնացնել իշխանություն, արտոնություններ և պաշարներ:
Պատերազմը՝ որպես իրական ռազմական գործողություններ, ու ճգնաժամերը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդում են անխուսափելի վտանգի զգացողություն: Պատերազմն արդարացնում, ազնվացնում և մեծարում է պետությունը: Համարյա մի ողջ հարյուրամյակ առաջ լրագրող Ռենդոլֆ Բոռնը (Randolph Bourne) գրել է հետևյալ տողերը. «Պատերազմը պետության առողջությունն է»: Պատերազմը նպաստում է քաղաքացիների շրջանոմ ամբոխի զգացման և ստորաքարշության առաջացմանը: «Պատերազմում,- գրում է Բոռնը,- մարդիկ բառացիորեն հնազանդ, հարգալից և դյուրահավատ երեխաներ են դառնում՝ լիակատար միամիտ հավատ տածելով իրենց համար հոգ տանող մեծահասակի ամենազորության և իմաստության նկատմամբ»:
Բոռնի արտահայտությունն արտացոլում է նորագույն ամերիկյան պատմության էությունը: Մինչև Սառը պատերազմի սկիզբը ԱՄՆ մայրաքաղաքը ամերիկյան հարավի երրորդ կարգի քաղաք էր, որի գործառույթը փող տպելն ու կենսաթոշակները բաշխելն էր: Մի քանի պատերազմական և մերձպատերազմական տասնամյակներ վերածել են նրան տիզերքի կենտրոնի: Վաշինգտոնն իր հանդեպ հարգանք էր պահանջում, և ամերիկացիները հետզհետե վարժվել են, որ այս պահանջը հիմնավոր է: Ազգային անվտանգության հարցերում ամերիկացիները եթե ոչ բացարձակ հնազանդ, ապա առնվազն զիջող են դարձել՝ չընդդիմանալով գաղտնիության քողի ներքո գործող և իրենց սպառնալիքների կանխատեսման ու կանխարգելման փորձագետ հռչակած իշխանություններին:
Ամերիկայի քաղաքացիների հարգալից վերաբերմունքը հանգեցրել էր իշխանությունների անպատժելիությանը. նրանք այժմ հնարավորություն ունեն կատարելու իրական և այլաբանական սպանություններ: Սակայն, շատ հաճախ կառավարության գործողությունները բերում էին բավականին վիճելի արդյունքի, իսկ Վաշինգտոնի քաղաքական շրջանակների գիտելիքներն ու հմտությունները չէին նպաստում այդ շրջանակների հեղինակությանը: Եվ եթե նախկինում ոմանք այդ կապակցությամբ որոշակի կասկածներ ունեին, ապա սեպտեմբերի 11-ն ու դրան հետևած իրադարձություններն ու պատերազմներն ամեն ինչ ակնհայտ են դարձրել:
Այնուամենայնիվ, Վաշինգտոնում այդպիսի ձախողումները, որքան էլ դրանք թանկ կամ աղետալի լինեն, շատ քչերին են հուզում: Ազգային անվտանգության պետությունն օժտված է կուլ տալու, մոռանալու և առանց ապաշխարելու առաջ ընթանալու զարմանալի կարողությամբ: Դրա լավագույն ապացույցը արդեն իսկ մոռացված իրաքյան պատերազմն էր:
Քննադատներն ու աութսայդերներն ի վիճակի չեն հաղորդակից դառնալ պետության բարձրագույն գիտելիքներին. նրանք ընդունակ չեն գնահատել ենթադրյալ սպառնալիքները: Ինսայդերներին որոշակի կարգավիճակ տրամադրող մեխանիզմը կայանում է գաղտի տեղեկատվությունը վերահսկելու մենաշնորհի մեջ: Գաղտնի տեղեկատվության իմացությունը նրանց անսահման իշխանություն է շնորհում: Այն նաև ազատում է նրանց ամեն կարգի պատասխանատվությունից և նրանց քննադատության համար անմատչելի է դարձնում:
Այսպիսի ապարատի շրջանակներում, գրում էր Բոռնը, «այլակարծությունն ընդամենը առանցքակալների միջի ավազն է»՝ միանգամայն տեղին այլաբանություն: Ազգային անվտանգության հարցերում այլակարծությունն արժեք ունի միայն այն ժամանակ, երբ այն խանգարում է մեքենայի ներքին մեխանիզմների աշխատանքին: Միայն այս դեպքերում է կառավարությունն անհրաժեշտ համարում դրա վրա ուշադրություն դարձնել:
Հասկանալ դա՝ նշանակում է ըստ արժանվույն գնահատել Մենինգի և Սնոուդենի արարքը, ըմբռնել, թե ինչու են նրանց գործողությունները Վաշինգտոնում այսչափ մեծ խուճապ առաջացրել: Մենք ականատեսն ենք այն անհերքելի ապացույցին, որ այլակարծությունը ներթափանցել է պետական մեքենայի կարևորագույն մեխանիզմների մեջ: Տեխնիկայից գլուխ հանող մի քանի ըմբոստների շնորհիվ համացանց ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է իմանալ այն, ինչ նախկինում հայտնի էր միայն ինսայդերներին:
Օգտվելով այն տեխնոլոգիաներից, որոնք կառավարությունն օգտագործում է գաղտնիքների ստեղծման և գաղտնիքներն անհնարին դարձնելու համար, նրանք վտանգի տակ են դրել ողջ պետական մեքենան: Մոռացեք «Ալ-Քաիդայի» մասին, մոռացեք Իրանի միջուկային ծրագրի մասին: Մենինգն ու Սնոուդենը դուրս են եկել Վաշինգտոնի դեմ՝ իրենց ձեռքում ունենալով շատ ավելի մեծ սպառնալիք ներկայացնող մի բան: Նրանք սպառնում են այն իշխանությանը, որին պետությունը տևականորեն կուտակում էր անվերջ պատերազմների և պատերազմական պատրաստությունների ֆոնին: Նրանք վտանգի տակ են դրել պետության հեղինակությունը, ստիպելով ամերիկացիներին խորհել այն հնարավորության մասին, որ, ըստ երևույթին, գոյություն ունեն ազգային անվտանգության ապահովման այլ՝ նվազ ռազմականացված և ավելի ժողովրդավար մոտեցումներ:
Պետության աչքերում Մենինգն ու Սնոուդենը և նրանց ուղու վրա կանգնող յուրաքանչյուր ոք դավաճաններ են: Արդյո՞ք երբևիցե Ամերիկան կընկալի նրանց որպես հայրենասերների. այս հարցը կախված է նրանից, թե կկամենա՞ն, արդյոք, ամերիկացիներն օգտվել այս երկուսի կողմից իրենց ընձեռած հնարավորությունից:
Էնդրյու Բացևիչ. Բոստոնի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների պրֆեսոր, «Breach of Trust: How Americans Failed Their Soldiers and Their Country» («Վստահության խախտում. թե ինչպես են ամերիկացիները խաբել իրենց զինվորների ու երկրի հույսերը») գրքի հեղինակ:
Հրապարակման բնագիրը՝ Are Manning and Snowden patriots? That depends on what we do next
Հրապարակված է 16. 08. 2013 թ.