Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր,
Ռուսաստանի Ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Զարգացման և արդիականացման խնդիրների կենտրոն
Մոսկվա
Ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են ընդհանուր միջազգային համատեքստում և դրանց վիճակը զգալիորեն կախված է Հարավային Կովկասում հիմնական միջազգային դերակատարների վարած քաղաքականությունից: 2008թ. Ռուսաստանին հաջողվել է ամրապնդել իր դիրքերը նշված տարածաշրջանում: Այդ խնդրի լուծման գլխավոր միջոցը ֆինանսական աջակցության, ռուսական ռազմական ներկայության մեծացման և այն երկարաժամկետ հիմունքներով հաստատելու ջանքերի համատեղումն էր:
Հարավային Կովկասում և վերջինիս շուրջ Ռուսաստանի համար իրավիճակի զարգացման բացասական կանխատեսումները չեն արդարացել: Անգամ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Արևմուտքը զերծ է մնացել Ռուսաստանի հետ առճակատումից:
Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից անկախ պետություններ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև 49 տարվա ժամկետով կնքվել են ռազմական համագործակցության պայմանագրեր՝ ևս 15 տարի ժամանակահատվածով դրանց ինքնաբերաբար երկարաձգման հնարավորությամբ: Որպես այս պայմանագրերին կարևոր հավելում են ծառայել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ուկրաինայի հետ Սևաստոպոլը՝ մինչև 2042թ. որպես Ռուսաստանի Սևծովյան ռազմածովային նավատորմի ռազմակայան պահպանելու վերաբերյալ համանման պայմանագրերը:
Թվում էր, թե Ռուսաստանի ղեկավարությանը հաջողվել է հարավային ուղղությամբ կառուցել ամենատարբեր հնարավոր սպառնալիքների դեմ երկարաժամկետ արձագանքման համակարգ: Իրադարձությունների այդպիսի զարգացումը չէր համապատասխանում այն միջազգային դերակատարների շահերին, որոնք ձգտում են մեծացնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում և օգտագործել Կովկասը որպես Մոսկվայի և Թեհրանի վրա ճնշում գործադրելու գործիք:
2008 թվականից հետո Վրաստանն արտաքին ուժերի համար դադարել է կատարել «հակառուսական խոյի» նախկին դերը: Վրացական ուղղությամբ ակտիվության շարունակությունն ԱՄՆ և ԵՄ համար կնշանակեր աբխազական և հարավօսական խնդիրների մեջ անմիջական ներգրավում և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում, որը ներկայիս միջազգային իրադրության պայմաններում (ԱՄՆ և իր դաշնակիցների՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման նախօրեին ռուսաստանյան տարանցիկ ուղիներից կախում ունենալը և այլն) նրանց շահերին չէր համապատասխանում: Հետևաբար, արտաքին դերկատարները նախընտրել են «ընդմիջում» վերցնել և կենտրոնացնել իրենց ջանքերը Հարավային Կովկասի մյուս երկրների վրա: Դրա շնորհիվ Մոսկվան և Թբիլիսին որոշակի հնարավորություններ են ստացել երկկողմանի հարաբերություների բնականոնացման համար:
Էներգակիրներով հարուստ Ադրբեջանն (ի տարբերություն Վրաստանի) ոչ մի կերպ չի հանդիսանում Արևմուտքի քաղաքականության սովորական առարկա. նրա ղեկավարությունն ունի բավականին անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով տարածաշրջանում առկա իրադրությունը հնարավոր է արմատապես փոխել միայն Երևանի՝ Արևմուտքի հանդեպ վերակողմնորոշվելու պարագայում, եթե Երևանը հրաժարվի իր նախկին իրապաշտական «կոմպլեմենտար» ուղեգծից և նախապատվություն տա «եվրոպական ընտրությանը»: Այս խնդիրը լուծելու նպատակով ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանում ծավալել են ակտիվ և համակարգված աշխատանք:
Ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանին հնարավորություն էին տալիս անգամ իր համար ամենաբարդ ժամանակներում պահպանել սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում: Այս հարաբերությունների բնույթի փոփոխությունն արտաքին դերակատարների համար կարող է պատվավոր ռևանշ լինել 2008թ. իրենց քաղաքականության ձախողման դիմաց:
Հանրահայտ է, որ հայկական ԶԼՄ-ների մեծամասնությունը վերահսկվում է առավել ազդեցիկ անձանց նեղ շրջանակի կողմից: Այդ գործոնի հաշվառմամբ Մոսկվան գնահատում է հայկական ԶԼՄ-ների՝ հայ-ռուսական հարաբերություններին տված մեկնաբանությունները: Անհնար է չնկատել, որ հայկական ԶԼՄ-ների քարոզած գաղափարների հանրագումարն արտացոլվում է հետևյալ հիմնական թեզերի մեջ.
– Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության վստահելի երաշխավոր չէ,
– Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար որևէ առանձնահատուկ բնույթ չունեն. նա Հայաստանի համար այլևս ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի կամ այլ երկրների համեմատ ավելի նշանակալից դաշնակից չէ,
– Ռուսաստանը թերարժեք և ապագա չունեցող պետություն է, որում հետևողականորեն ճնշում և սպանում են հայերին. նախկինում Ռուսաստանը հանցակից էր (անգամ՝ գլխավոր մեղավորը) հայերի կրած դժբախտությունների ու ողբերգությունների մեջ,
– Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանին օգուտի փոխարեն վնաս են բերում,
– Ռուսաստանն օգտագործում է սոցիալ-տնտեսական լծակները (գազի գներ, աշխատանքային շուկա և այլն) Հայաստանի վրա քաղաքական հարցերով ճնշում գործադրելու համար՝ դրանց միջոցով ձգտելով Հայաստանն ուժով ներքաշել Մաքսային կամ Եվրասիական միությունների ինտեգրացիոն նախագծերի մեջ. վերոհիշյալ նախագծերն ակնհայտ կայսերապաշտական բնույթի են, միտված են «ԽՍՀՄ վերականգնմանը», չեն համապատասխանում Հայաստանի շահերին և սպառնում են նրա անկախությանը,
– Միայն «եվրոպական ընտրությունը» և «ավտորիտար» Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելը կարող է բարելավել Հայաստանի դրությունը և ապահովել նրան պատմական հեռանկար,
– ԱՄՆ-ն և ԵՄ-ն ի վիճակի են լուծել Հայաստանի բոլոր հիմնական խնդրները (թուրքական սահմանի բացումը, ղարաբաղյան հիմնախնդրի արդար կարգավորումը, ֆինանսական աջակցությունը և այլն):
Ռուս-հայկական հարաբերությունների արդի դրության նմանօրինակ լուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում շատ է նման Ռուսաստանի դեմ կազմակերպված տեղեկատվական պատերազմի: Այդպիսի պատերազմ տարիներ շարունակ տարվել է Վրաստանում, որտեղ այն կարևոր բաղադրիչն էր Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների ուժային լուծումը նախապատրաստելու մեջ:
Ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանին հնարավորություն էին տալիս անգամ իր համար ամենաբարդ ժամանակներում պահպանել սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում
Ներկայումս, ի հեճուկս Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա բոլոր խնդիրների, վրացական տեղեկատվական դաշտում այսպիսի հակառուսական լարվածություն չկա: Տեղական ԶԼՄ-ների մեծամասնությունը չի հրապարակում հակառուական քարոզչանյութեր, որոնց նպատակը ոչ թե վերլուծությունն է, այլ՝ Կրեմլին հնարավորինս ցավոտ հարված հասցնելը: Այժմ նման մի բան է դիտվում Հայաստանում, և այսպիսի տեղեկատվական ֆոնը Մոսկվայում չի կարող կասկածներ չհարուցել Երևանի կողմից հայ-ռուսական համագործակցության գերարժեք բացառիկության վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարությունների նկատմամբ:
Անհեթեթ է Ռուսաստանը ներկայացնել որպես կատարյալ պետություն, ինչն արդարացի է նաև արդի աշխարհի մյուս բոլոր երկրների պարագայում: Ներկայիս Ռուսաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք արտացոլվում են նաև հայ հասարակական կարծիքն ալեկոծող նորություններում և սյուժեներում: Մյուս հետխորհրդային երկրներում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում հայերին հասցվող վիրավորանքներ, ծեծ, կողոպուտ ու սպանություններ նույնպես տեղի են ունենում: Բայց այնտեղ կատարվող համանման սյուժեները հայկական ԶԼՄ-ների մոտ հետաքրքրություն չեն առաջացնում: Հայկական ԶԼՄ-ներում լռության է մատնվում հայ-ռուսական հարաբերությունների ողջ դրական բովանդակությունը, բայց մեծապես ուռճացվում են Ռուսաստանի հանդեպ բացասական տրամադրությունների աճին նպաստող սյուժեները և իրադարձությունների խիստ միտումնավոր լուսաբանումը: Այս ամենը հերթական անգամ ակներև է դարձել Հայաստանին տրամադրվող ռուսական գազի գնի բարձրացման կապակցությամբ:
Իշխանություններին ենթակա հայկական ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը գազի գնի բարձրացումը կապել է ԵՄ հետ ասոցիացիայի վերաբերյալ Հայաստանի վարած բանակցությունների հետ՝ հերթական անգամ դատապարտելով Կրեմլի կողմից կայսերապաշտական ճնշման լծակների կիրառումը: Ընդ որում, բոլորովին չէր հիշատակվում այն հանգամանքը, որ ռուսական գազի գնի բարձրացումը նախապես համաձայնեցված էր ՀՀ կառավարության հետ: Ավելին՝ գնի բարձրացման նախնական ժամկետը փոխարինված էր ավելի ուշ ժամկետով՝ Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելուն նպաստելու համար: Հենց դրա համար էլ գները որոշվել է բարձրացնել ընտրություններից հետո:
Որպես արդի սոցիալ-տնտեսական դժվարությունների և հայ սպառողի անվճարողունակության պատճառ է ներկայացվում Հայաստանի հաջող զարգացմանը խոչընդոտող քսանամյա հաղորդակցային շրջափակումը: Այդ իսկ պատճառով հայկական շատ ԶԼՄ-ների կարծիքով Ռուսաստանը պետք է իր դաշնակից Հայաստանին գազը մատակարարեր անվարձահատույց կամ՝ խորհրդանշական գներով:
Որքանո՞վ է արդար Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը կապել հաղորդակցային շրջափակման հետ: Հայաստանն ունի դեպի արտաքին աշխարհ երկու ելք՝ Իրանն ու Վրաստանը: Իրանի բարդ միջազգային դրության պատճառով գլխավոր ելքը շարունակում է մնալ Վրաստանը: Դեպի Հայաստան ուղևորվող բեռների ամենակարճ և էժան ճանապարհը վրացական Փոթի և ռուսական Կովկաս նավահանգիստներն են:
Հիշյալ ուղիով լաստանավային հաղորդակցության լիարժեք գործունեությունը թույլ կտար Հայաստանի և Ռուսաստանի միջև հուսալի հաղորդակցային կապ հաստատել, էժանացնել բեռնափոխադրումները և մեծացնել դրանց ծավալը: Լաստանավային բեռնափոխադրումները սկսել են գործել 2007թ., բայց դրանց ծավալները շարունակում են ցածր մակարդակի վրա մնալ, իսկ բեռների մեծ մասը շարունակում է գալ ևս մի հավելյալ տարանցիկ պետության՝ Ուկրաինայի նավահանգիստների միջով՝ ավելի երկար, շրջանցող և թանկ ուղիով:
Նույնքան զարմանալի իրավիճակ է ստեղծվում Հայաստանի պետական շահերին հակասող որոշ հայ ազդեցիկ անձանց առևտրային շահերի բախման հետևանքով: Արդյո՞ք այս վիճակում Գազպրոմից արժե Հայաստանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ակնկալել, որն այլ նմանատիպ կորպորացիաների պես ձգտում է հասնել առավելագույն շահույթի և ամենևին չի կարող դասվել բարեգործական հաստատությունների թվին:
Հայկական ԶԼՄ-ների կողմից մեծապես քննադատվող Մաքսային և Եվրասիական միության նախագծերն առաջ են մղվում ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի կողմից նախ և առաջ սեփական խնդիրների լուծման համար և ոչ թե Ռուսաստանի ինչ-ինչ կայսերապաշտական նկատառումներով: Սակայն, ակնհայտ է, որ տվյալ նախագծերը զգալի չափով փոխելու են հետխորհրդային տարածությունում տիրող իրավիճակը, ինչն, իր հերթին, չի կարող չանդրադառնալ հիշյալ նախագծերի սահմաններից դուրս հայտնվելիք հետխորհրդային պետությունների վրա:
Գոյություն ունեն Մաքսային և Եվրասիական միությունների մեջ Հայաստանի մուտքը խոչընդոտող գործոններ: Հայաստանը պետք է հաշվի նստի տվյալ նախագծերի նկատմամբ ԱՄՆ և ԵՄ բացասական վերաբերմունքի հետ՝ բախվելով նրանց խոստացած ֆինանսական աջակցության դադարեցման սպառնալիքին, ինչպես նաև ԱՄՆ ու ԵՄ հայկական սփյուռքի և հայաստանյան բնակչության մի հատվածի «եվրասիական ընտրության» գաղափարին դեմ լինելու հանգամանքին:
Եթե Հայաստանը հայտնվի Եվրասիական ու Մաքսային միությունների տարածությունից դուրս, ապա ռուսական դիվանագիտության առջև ծառանալու է դաշնակից Հայաստանի դրությունը լրջորեն չբարդացնելու խնդիր: Հայաստանին ինչ-որ հատուկ արտոնությունների տրամադրումը Մաքսային և Եվրասիական միությունների հետ փոխհարաբերություններում (անգամ եթե դրան համաձայնվելու են Բելառուսն ու Ղազախստանը) կհանգեցնի տվյալ նախագծերի ամբողջական արժեզրկմանը և անգործունակ ԱՊՀ նմանակ դառնալու ճակատագրին: Երևանի՝ «կոմպլեմենտարության» քաղաքականությունից հրաժարվելու և ռուս-հայկական հարաբերությունների բնույթը փոխելու դեպքում հիշյալ թեման ինքնին կորցնելու է իր արդիականությունը, և ռուսական դիվանագիտության առջև ծառանալու են բոլորովին այլ խնդիրներ:
Ռուսական քաղաքականությունը հեռու է կատարյալ լինելուց. այն կարող է Հայաստանում, Հարավային Կովկասի այլ պետություններում և մեր արևմտյան գործընկերների շրջանում հիմնավոր դժգոհություն առաջացնել: Սակայն այն պետք է քննվի արդի միջազգային և տարածաշրջանային համատեքստում՝ ԱՄՆ և ԵՄ հետ սերտ գործընկերության վրացական փորձառության հաշվառմամբ, ինչպես նաև այլ առաջատար տերությունների կողմից հարևան տարածաշրջաններում՝ Սիրիայում, Իրաքում, Մեծ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վարած քաղաքականության համեմատությամբ: Արդյո՞ք այնտեղ կիրառվող մեթոդներն ու միջոցները կարող են Հայաստանի համար այլընտրանք դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Հայաստանն անկախ պետություն է, նա ինքն է պատասխան տալու այս հարցին:
Ռուսաստանյան քաղաքագետների մի մասը կարծում է, որ արդեն մոտակա ժամանակներում ռուս-հայկական հարաբերությունների բնույթը հայկական ղեկավարության կամքով արմատապես կփոխվի. «Հայաստանն արդեն կատարել է իր ընտրությունը: Այն ընկնում է Եվրամիության քաղաքական, տնտեսական և պաշտպանական պատասխանատվության ոլորտ, որի մեջ Հայաստանի անցումը համարյա ավարտված է և վերանայման ենթակա չէ: Ռուսաստանի մերձավորագույն ուղիղ պատասխանատվության սահմանը հետ է մղվել մինչև Ադրբեջան՝ հաստատվելով Աբխազիայի, Հարավային Օսիայի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի գծի երկայնքով: ԵՄ ասոցիացիայի շրջանակներում բրյուսելյան պաշտպանական պատասխանատվության ներքո գտնվող Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումն ընդամենը ժամանակի խնդիր է»: Դեռևս այսպիսի կարծիքը կարող է վաղաժամ ու չափից ավելի միանշանակ թվալ, բայց Մ. Կոլերովի առաջարկած սցենարը բացառել չի կարելի:
Ներկայումս Հայաստանը գտնվում է բարդ իրադրության մեջ, երբ աշխարհում ուժերի հավասարակշռությունն ու խաղի կանոններն անընդհտ փոփոխվում են: Նվազում են նաև նախկին «կոմպլեմենտար» քաղաքականությունը պահպանելու հնարավորությունները: Երևանից պահանջելու են ընտրություն կատարել «կամ-կամ» սկզբունքով, ընդ որում, այդ պահանջը բխում է այլ մայաքաղաքներից և ոչ Մոսկվայից, որի համար «և՛-և՛» քաղաքականությունը բավականին ընդունելի է:
Ճգնաժամ չհաղթահարած Եվրամիության զարգացման հեռանկարները դեռևս պարզ չեն: Ավելին՝ պարզ չեն վերջինիս հետագա ընդլայնման և հետխորհրդային տարածության հետ կապված այլ նախագծերի հեռանկարները: Դժվար է կանխատեսել նաև այլ ինտեգրացիոն նախագծերի՝ Մաքսային և Եվրասիական միությունների ճակատագիրը: Բայց բացառված չէ, որ, ի հեճուկս տարածված հոռետեսության, այդ նախագծերն ունենան պատմական հեռանկար:
Ռուսաստանի մերձավորագույն ուղիղ պատասխանատվության սահմանը հետ է մղվել մինչև Ադրբեջան՝ հաստատվելով Աբխազիայի, Հարավային Օսիայի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի գծի երկայնքով
Այսչափ անորոշ միջազգային իրավիճակում պարզ է մի բան. եթե Հայաստանին վիճակված է կատարել իր ապագա ճակատագիրը վճռելիք պատմական ընտրություն, ապա այն պետք է կատարի ոչ թե քաղաքական գործիչների նեղ շրջանակը, այլ նրա բոլոր քաղաքացիները՝ հրապարակային և ժողովրդավարական եղանակով: Ո՞ր՝ եվրամիութենական, թե՞ եվրասիական կանոններով ի վերջո կնախընտրի խաղալ Հայաստանը՝ կախված է միմիայն իրենից: Դա կլինի իր սեփական ընտրությունն ու սեփական պատասխանատվությունը: