Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Զիջում՝ զիջման ետևից

marut
September 2013

Պաշտոնական Երևանի ոչ հետևողական քաղաքականությունը

Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
Քաղաքագետ
ԱՄՆ

Հայաստանի նախագահը հերթական անգամ շատերին, այդ թվում և իր թիմակիցներին «զարմացրեց», երբ այս ամսվա սկզբում հրապարակավ խոստացավ ներառել իր երկիրը Ռուսաստանի ստեղծած նոր տնտեսաքաղաքական միության մեջ: Այս հայտարարությունն ի չիք է դարձրել առավել քան երեք տարի նախապատրաստվող Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը և էապես սասանել է իր կառավարության հեղինակությունը եվրոպական մայրաքաղաքներում: Միաժամանակ, բանակցությունների գործընթացն ինքնին երկար ժամանակ պղտորում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները և չի կարողացել կանխել Հայաստանի համար այնպիսի տհաճ իրադարձություններ, ինչպիսին են Ադրբեջանին ռուսական սպառազինությունների վաճառքը:

Դատելով Մոսկվայում հայկական մայր տաճարի բացմանը Ռուսաստանի ղեկավարության ցուցադրական բացակայությունից՝ Սերժ Սարգսյանի վերջին խոստումները չեն նպաստել Կրեմլի հետ նրա հարաբերությունների առողջացմանը: Եվ, իրոք, Հայաստանի նախագահին դժվար է վստահել:

Վերջին կազուսները միանգամայն համահունչ են Սերժ Սարգսյանի քաղաքական ոճին, որն առանձնանում է շատախոսությամբ և սակավագործությամբ: Հայաստանի նախագահը վաղուց է սկսել սասանել վստահությունն իր խոսքերի և գործերի նկատմամբ: Ահա արտաքին քաղաքականության մեջ նրա ունեցած առավել հիշատակելի զիջումների և ձախողումների ցանկը.

2012թ. օգոստոսի վերջերին Ադրբեջանի ղեկավարության ջանքերով հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտից ազատելուց և հերոսացնելուց հետո արվել են կոշտ հայտարարություններ՝ այդ քայլից բխելիք հետևանքների մասին: Անցել է մեկ տարի, բայց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց և Եվրոպական դատարան հայց ներկայացնելուց բացի այլ հետևանքների մասին ոչինչ հայտնի չէ: Ավելին, ընդամենը մի քանի ամիս անց ՀՀ արտաքին գործերի նախարարը վերսկսել է ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումները, իսկ անցած ամիս Սարգսյանը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի վերընտրվելը բխում է հայկական շահերից: Վերջին շրջանում այս թեմայով որևէ նոր հայտարարություն չի հնչել, իսկ սույն խայտառակ միջադեպի մեկամյա տարեդարձից հետո սպանված սպայի հայրն ինքնասպանության փորձ է կատարել և տարվել հիվանդանոց:

2010թ. հունիսին չորս հայ զինվորականներ սպանվել են հրադադարի գծում հայկական կողմի համար տեղի ունեցած ամենաարյունալի միջադեպերից մեկի ժամանակ: Ի հեճուկս կատարվածի՝ Սերժ Սարգսյանը չի ընդհատել իր մասնակցությունը Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովին, իսկ այնուհետև մեկնել է Գերմանիա: Սարգսյանը վրավորներին այցելել է միայն երկու շաբաթ անց: Նույն թվականի հոկտեմբերին ադրբեջանական սահմանին գերեվարված հովիվ Մանվել Սարիբեկյանը մահանում է ադրբեջանական բանտում: Մի քանի ամիս անց, ի հեճուկս հայկական ղեկավարության սկզբնական պնդումների, արդեն իսկ Ադրբեջանի ազգային հերոս հռչակված՝ հայ զինվորականներին սպանողի մարմինը հակառակորդին է փոխանցվել Սարիբեկյանի մարմնի դիմաց: Ալիևի հետ բանակցություններն այդ ժամանակ էլ չեն դադարել:

Նույն 2010 թվականին կառուցվում է Ստեփանակերտի օդանավակայանի նոր շենքը: Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է Երևանից ուղիղ չվերթներ սկսելու պատրաստակամության մասին, իսկ Սարգսյանը խոստանում է դառնալ առաջին ուղևորներից մեկը: Անցել է երեք տարի: Քաղաքացիական ինքնաթիռները հարվածելու Ադրբեջանի սպառնալիքներից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկների ներկայացուցիչների հորդորներից հետո ցայսօր օդանավի ոչ մի չվերթ չի կայացել: Փաստորեն, Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է Ղարաբաղի օդային տարածքի վրա լիարժեք ինքնիշխանությունից:

Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը նույնպես կրել է բավական տհաճ փոփոխություններ: Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բացառում էր Ղարաբաղի ուղղահայաց ենթակայությունն Ադրբեջանին և իրեն էր վերապահում Ղարաբաղի միակողմանի ճանաչման իրավունքը բանակցություններում առաջընթացի բացակայության պարագայում: Սերժ Սարգսյանի գալով խոսվում է ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա ընդունման մասին, իսկ ԼՂՀ միակողմանի ճանաչումը Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է քննարկել միայն Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիայի դեպքում: Սույն թվականի մարտ ամսին ԼՂՀ ճանաչման կոչերը Սարգսյանը որակել է «հիմարություն և դավաճանություն»:

Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» բուռն շրջանում Սարգսյանը խոստացել է մեկնել պատասխան խաղին և թուրք ղեկավարության հետ հանդիպել միայն բաց սահմանի միջով: Բայց 2009թ. սեպտեմբերին նա մեկնել է Բուրսա փակ սահմանով, որը փակ է մնում նաև այսօր՝ ի հեճուկս ստորագրված արձանագրությունների: Սերժ Սարգսյանը չի հարգել նաև իր սպառնալիքը արձանագրություններից ստորագրություն հետ կանչելու վերաբերյալ: Դրանից միանշանակ տուժել է ցեղասպանության ճանաչման սփյուռքյան արշավը, իսկ Սարգսյանը որոշ ժամանակով շահել է մի շարք երկրների ղեկավարների բարեհաճությունը:

– 2008թ. օգոստոսին Միխեիլ Սաակաշվիլու սանձազերծած վրաց-ռուսական պատերազմից ընդամենը 10 ամիս անց Հայաստանի նախագահն իր վրաց գործընկերոջը պարգևատրում է «Պատվո շքանշանով» և երկար ժամանակահատվածով թունավորում է ամենաազդեցիկ տարածաշրջանային տերության ղեկավարի հետ իր ունեցած հարաբերությունները:

Իհարկե, այս ոճն ունի նաև հակառակ՝ դրական կողմը: Ի տարբերություն Քոչարյանի կոշտ ներքին ուղեգծի՝ Սարգսյանը թե՛ քաղաքական ընդդիմախոսների, և թե՛ շարքային քննադատների հետ վարվում է ավելի ժողովրդավար և ձգտում խուսափել հակամարտություններից: Բայց երկրի ղեկավարի որակը պետք է չափվի հենց նման փոխզիջումային մոտեցումները սկզբունքային հարցերում անհրաժեշտ կարծրության հետ համատեղելու ու նաև՝ խոսքերը գործերի հետ համատեղելու ունակությամբ:

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.