Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բեյրութ
Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժիններն ամփոփվում են հիմնական մի քանի ուղղության վրայ:
Նախ, անշուշտ, հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի եւ անուղղակի միջոցներով: Պարզ է, որ ամերիկյան ռազմական օժանդակությունը նաեւ թուրքական տարածքներից եւ կայաններից է անցնում` հասնելու համար Սիրիայի հակաիշխանական ուժերին: Եթե այս օժանդակությունը որոշ քողարկումներով կամ կիսաբացահայտ ձեւով է կատարվում, ապա թուրքական աղբյուրներն իրենք են հայտարարում տեղվույն թյուրքմենները զինելու եւ ընդհանուր շարժումին զորակցելու աշխատանքների մասին:
Զինական եւ ֆինանսական հոսքը Թուրքիայից Սիրիա ընդգծում է Անկարայի շահագրգռվածությունը սիրիական իրադարձություններին: Այստեղ հարկ չկա կեդրոնանալու հայտարարողական մակարդակի վրա կատարվող թատերականացումներին: Նախ մերձեցում, ժողովուրդների եղբայրացման մասին պաշտոնական ելույթներ, զերո խնդիրների արտաքին քաղաքականության վարքագծի շեփորում, բազմաոլորտ պայմանագրերի կնքում եւ մուտքի արտոնագրերի ջնջում, եւ ապա, հազիվ դեպքերը սկսված, կեցուածքների 180 աստիճան տրամագծային փոփոխություն, ցեղապաշտական եւ արյունարբու վարչակարգի բնութագրումներ, թուրքական խորհուրդներն անտեսած ըլլալու հիշեցումներ ու սպառնալիքներ:
Սիրիայի թուրքմենները զինելու բացահայտ դիրքորոշումն ուղղակի հակակշիռ քայլ է եւ կապվում է քուրդական գործոնին նկատմամբ Անկարայի ունեցած գլխավոր մտավախության հետ: Անվտանգության գոտիի ստեղծումը, Սիրիա-Թուրքիա սահմանային շրջանների երկայնքին թուրքական զորքերի կուտակումներն ու ցուցադրական զորավարժությունները եւս սերտորեն կապվում են Թուրքիայի թիվ մեկ խնդրին` քուրդական թղթածրարին հետ: Թուրքիայի արտգործնախարարին փութալը հյուսիսային Իրաքի քուրդական ինքնավար շրջան եւ տեսակցությունը նախագահ Պարզանիի հետ գլխավոր այդ մտավախությունից է բխում: Մինչ միջազգային մամուլի էջերին տարբեր դիտանկյուններից վերլուծվում է ՙքուրդական գարուն՚-ի գալուստը, որ, ի տարբերություն արաբական գարնանային եղանակներին, իշխանափոխություններից ավելի նոր Քուրդիստանի սահմանագծումին է վերաբերվում: Իսկ նոր Քուրդիստանն ամենից շատ կմտահոգի ապահովական գոտիների ձեւավորման ձեռնարկած Անկարայի վարիչներին:
Նայենք համապատկերին: Թուրքական տարածքներից Սիրիա են թափանցում ամերիկյան ծառայությունները` իրենց ռազմարհեստագիտական սարքերով: Սիրիայի ծովափը տողանցում է ռուսական նավատորմը, որ հաջորդաբար կհամալրվի նոր ուժերով: Ծովեզերյա Սիրիայի նկատմամբ կիրառվող ռուսական այս հոգատարությունն ու պաշտպանվածությունը թուրքական գոտիին դիմաց ռուսական գոտի է ենթադրում:
Ռուս-ամերիկյան անուղղակի ընդհարումները նախանշում են գոտիների ձեւավորման հետեւելիք նոր սահմաններ: Նոր սահմանագծումներ առաջադրող աշխարհաքաղաքական այս վարքագիծը ներկա Սիրիայի սահմաններուն վերագծման չի վերաբերվում միայն: Տարածաշրջանային մակարդակ ու տարողություն ունի այն եւ հառաջիկա հանգրվանին կարող է ներառել Թուրքիան: Ճիշդ այստեղ է, որ կբազմապատկվի քուրդական գործոնին նշանակությունը: Հյուսիսային Իրաքի ինքնավար տարածքը մեկ մասնիկն է քուրդերի առաջադրած տարածքներին: Սիրիական տարածքից ավելի ներկա Թուրքիայի սահմաններում ապրող քուրդերի ինքնորոշման վտանգն է, որ սարսափի մատնած է անվտանգության գոտիներ որոնող Անկարային: Սիրիական դեպքերից պաշտպանվելուց առաջ համաքրդական միավորումի գործընթացները խոչընդոտելու են միտվում այդ գոտիների ստեղծման փորձերը, զորքերի կուտակումները, զորավարժությունների ցուցադրությունները:
Սիրիայի քրդերի ինքնակառավարումը եւ թուրքական զգուշացումները
Հյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը հետզհետե ձեւավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունն իրավական հարթություն տեղափոխելու մասին: Եվրոպական կառույցներին այս առումով դիմումներ են կատարվում եւ ներկայացուցչական հաստատություններ առաջացնելու ուղղությամբ բարձրաձայն քննարկումներ են տեղի ունենում: Իբրեւ թե փակ խորհրդակցություններից արտահոսքի ձեւով դուրս եկած տեղեկություններ են հրապարակվում` այս բոլորը հաստատող: Նույնիսկ ինքնավար Քուրդիստանի սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման ենթակա է:
Այս բոլորն անշուշտ հանրային կարծիքը պատրաստելու համար է, թէ Սիրիայում քրդական ինքնավարությունը կայացման ընթացքի մեջ է եւ իբրեւ քաղաքական միավոր ճանաչման հրամայական պիտի առաջադրի: Առաջատար ուժը Ժողովրդավարական միություն կուսակցությունն է, որ այս ուղղությամբ քրդական տարբեր խմբավորումների հետ է բանակցում:
Առաջադրանքները, որոնք հայտարարվում են Ժողովրդավարական միություն կուսակցության կողմից, փորձում են զգուշավորություն պահել: Նրանք խնդրո առարկա չեն դարձնում Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ավելի օգտագործում են ինքնակառավարում բառակապակցությունը: Զգուշավորությունը սակայն երկկողմանի է` թե՛ կառավարական, եւ թե՛ հակակառավարական ուժերը զգուշավորության սահմանագիծը պահում են քրդերի նկատմամբ:
Խնդիրը, սակայն, սիրիական կողմերի նկատմամբ եւ փոխադարձաբար կիրառվող քաղաքականություններին չի վերաբերում, որքան այս զարգացումներով հիմնական մտահոգ եւ անհանգիստ վիճակ ցուցաբերող Անկարային:
Թե° թուրքական, եւ թե° միջազգային մամուլը խոսում են նորերս Անկարայից հնչած ազդարարության մասին: Վարչապետ Էրդողանը զգուշացրել էր քրդերին հյուսիսային Սիրիայում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլեր անելիս` ակնարկելով ինքնավար Քուրդիստանի հայտարարության հավանականությանը:
Նման ոճով, կիսասպառնական հայտարարություններով Անկարան միայն Սիրիայի վարչակարգին եւ Սիրիայի քրդերի հետ չէ, որ խոսում է: Եգիպտոսում ծայր առած շարժումը, իսլամական վարչակարգի տապալումը հայտնապես խոր անհանգստության են մատնել Թուրքիայի իսլամական վարչակարգի ղեկավարներին: Կահիրեի եւ Անկարայի իշխանությունների երեւութական դիմագծերը, անշուշտ, տարբեր հանգամանքներով ու պայմաններով զուգահեռներ ունեն (ունեին): Իսլամական վարչակարգերի հակակշիռը զինվորականությունն է, որ երկրի ու պետության շահերից մեկնած միջամտություն կատարելու մղձավանջի տակ է պահում գործող իշխանություններին:
Իսլամական վարչակարգի տապալումը Կահիրեում կշարունակի անհանգիստ վիճակում պահել նույն բնութագիրն ունեցող թուրքական իշխանություններին: Առանց մոռանալու, անշուշտ, որ Եգիպտոսը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան հիմնական մրցակիցներ են արաբական աշխարհի եւ հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու առաջնային գործոնի դիրքը գրավելու մրցավազքում:
Սակայն, եթե Եգիպտոսում գաղափարակից վարչակարգի տապալումն անհանգստացնում է Անկարայի վարիչներին, Սիրիայում քրդական ինքնավարության կայացումով համաքրդական միավորման ուրվականը շատ ավելի խոր տագնապի է առաջնորդում Էրդողանին ու իր վարչախմբին: Այս մեկն արդեն Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող լրջագույն վտանգ է, որը օրից օր ավելի տեսանելի է դառնում:
Հիմա նայենք ընդհանուր համապատկերին` Անկարայից դիտված: Վայրիվերումներով հատկանշվող եւ հաճախ մրցակցային լարվածությամբ դրսեւորվող հարաբերություններ Իրանի հետ, ոչ միայն խզված, այլ թշնամական հարաբերություններ Դամասկոսի հետ, սպառնական մոտեցումներ հյուսիսային Սիրիայում ստեղծված ինքնավար Քուրդիստանի հետ եւ փակ սահմաններ Հայաստանի հանրապետության հետ:
Հիշե՛նք, որ ոչ հեռու անցյալում Անկարայի արտգործնախարարությունը հոխորտում էր “զրո խնդիրներ հարեւանների հետ” կարգախոսով: