Սերգեյ ՔԱՄԱԼՅԱՆ
Անկախ վերլուծաբան
Երևան
Արցախում էլեկտրաէներգիայի կտրուկ և աննախադեպ թանկացման հետ կապված իրավիճակը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում, եթե անտեսենք 1%-ի* սահմաններում տնտեսական հիմնավորման հնարավորությունը՝ ռուսական գազի թանկացման կապակցությամբ: Էլեկտրաէներգիայի փաստացի թանկացումը 50 և 100 անգամ ավելի մեծ է և կարող է բացատրվել միայն քաղաքական պատճառներով:
Թե քաղաքական որ պատճառներն են մղում Արցախի իշխանություններին էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը` սույն հոդվածի թեմայից դուրս է: Մենք կսահմանափակվենք միայն այն գերշահույթի չափերի գնահատմամբ, որն ապահովելու են նոր սակագներն ի հաշիվ Արցախի բնակչության հետագա աղքատացման:
Որպես ելակետ ընդունենք էլեկտրաէներգիայի տարեկան սպառման` Արցախի կառավարության ղեկավարի բարձրաձայնած 250 միլիոն կվտ/ժամ թիվը և Արցախի բնակչության թվաքանակի մասին հանրապետության վիճակագրական ազգային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ 146.6 հազար: Այսպիսով, մեկ բնակչի հաշվով արցախցիները տարեկան սպառում են շուրջ 1705 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը մի քիչ ավել է Հայաստանի բնակիչների սպառած շուրջ 1606 կվտ/ժամ և Ադրբեջանում մեկ շնչի կողմից սպառվող 1603 կվտ/ժամ չափից: Արցախցիների մեկ շնչի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի չափը մոտենում է Վրաստանի 1743 կվտ/ժամ ցուցանիշին՝ ըստ International Energy Agency, IEA Statistics-ի 2012-ի տվյալների:
Հայտնի են նաև Արցախի կառավարության հավակնոտ և լայնորեն գովազդված ծրագրերը՝ 2012թ. հասնել հանրապետության ընդհանուր ներքին պահանջարկը գերազանցող էլեկտաէներգիայի արտադրության մակարդակին՝ այդ նույն 250 միլիոն կվտ/ժամ-ին և անցնել էլեկտրաէներգիայի արտահանմանը: Տեղին է նաև հիշատակել, որ ներդրողների հրավիրման համար «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ արժեթղթերի սկզբնական և հետագա թողարկման ժամանակ լայնորեն շրջանառվում էին Արցախի էներգետիկ անկախության և, ինչն ավելի ուշագրավ է, «էլեկտրաէներգիայի սակագների հետագա նվազեցման» մասին հավաստիացումներ: Այս ամենը ենթադրում էր բնակչության կենսամակարդակի օրինաչափ բարձրացում և Արցախի գրավչության աճ ներգաղթի և հայրենադարձության համար: Դեռևս այս հավաստիացում-հայտարարությունները շարունակում են մնալ սոսկ բարի ցանկություններ, որոնցով, ինչպես հայտնի է, հարթված է ներկայումս շատ ապրողների վերջնակետի ճանապարհը:
Իսկ կոշտ և չափազանց կոռումպացված արցախյան իրականության մեջ բնակչությունը կանգնած է էլեկտրաէներգիայի ծայրահեղորեն բարձրացված սակագների արդեն իսկ կատարված փաստի առջև:
Ինչպես հայտնի է, ընթացիկ թվականի հուլիսից ցերեկային սակագինն աճել է 52%-ով՝ կազմելով 38 դրամ մեկ կվտ/ժամի համար՝ նախկին 25 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը թանկացել է 120 %-ով՝ կազմելով 33 դրամ մեկ կվտ/ժամի համար՝ նախկին 15 դրամի դիմաց:
Հարկ է նշել, որ Արցախի կառավարությունը բնակչության համար սուբսիդիաներ է նախատեսել՝ 13 ցերեկային և 8 դրամ գիշերային սակագների համար:
Արդյունքում, հաշվի առնելով կառավարական սուբսիդիաները, էլեկտրաէներգիայի կենցաղային սպառողների համար ցերեկային սակագինը չի փոխվել՝ պահպանելով 25 դրամ արժողությունը մեկ կվտ/ժամի համար, իսկ գիշերային սակագինը թանկացել է 66,7%-ով՝ կազմելով 25 դրամ մեկ կվտ/ժամի համար՝ նախկին 15 դրամի փոխարեն:
Սակայն, Արցախի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագները անփոփոխ են մնացել: Սա ի՞նչ է՝ անամոթ սո՞ւտ, թե՞ աղաղակող անտեղյակություն:
Եթե ելնենք էներգիայի երկսակագնային սպառումը կիրառող այլ երկրների փորձից, ապա էլեկտրաէներգիայի գիշերային սպառման մասնաբաժինը տեղավորվում է օրվա ընդհանուր սպառման 12-20%-ի արանքում: Ուրեմն, կենցաղային սպառողների համար անկախ օրվա ժամից էլեկտրաէներգիայի սպառվող յուրաքանչյուր կվտ/ժամի արժեքը միջին հաշվով աճել է 1.2 դրամով՝ հաշվի առնելով նաև պետական սուբսիդիաները: Արդյունքում, ամեն տեսակ սուբսիդիաների հաշվառմամբ, Արցախում կենցաղային սպառողի համար 25 դրամ կազմող հիմնարար ցերեկային սակագնից ելնելով՝ էլեկտրաէներգիայի գինը մեկ կվտ/ժամի համար ուղղիղ կերպով աճել է ոչ պակաս քան 5%-ով:
Բայց սա ընդամենը ուղիղ թանկացումն է, որը կազմում է ընդհանուր թանկացման սոսկ փոքր բաժինը՝ էլեկտրաէներգիայի թանկացման «այսբերգի գագաթը», որն անուղղակիորեն ազդելու է տեղի արտադրողների կողմից արցախցիներին մատուցվող ապրանքների և ծառայությունների ներքին գների վրա, որոնք էլեկտրաէներգիայի համար կվճարեն նոր սակագներով և առանց որևէ պետական սուբսիդիայի: Արցախի կառավարության ղեկավարը բնակչությանը տրամադրվող սուբսիդիաների մասին խոսելիս դրանք ներկայացրել է որպես բնակչության բարեկեցության հանդեպ «առանձնահատուկ խնամքի» վկայություն և մասնավորապես նշել է, որ բնակչությունը կվճարի ցածր սակագներ, իսկ ահա «կաֆեների սեփականատերերը»՝ ըստ նոր ամբողջական սակագների:
Այստեղ ծագում է օրինաչափ մի հարց. իսկ ո՞ւմ են սպասարկում «կաֆեների սեփականատերերը», արդյո՞ք միայն արտասահմանցիներին և զբոսաշրջիկներին: Եվ ո՞վ է Արցախի բնակչությունից բացի, ի վերջո, կրելու էներգակիրների թանկացման ողջ բեռը: Ե՛վ «կաֆեների տերերը», և՛ ալրաղացների, հացի փռերի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, թռչնաբուծական ֆաբրիկաների, անասնապահական տնտեսությունների սեփականատերերն ու ոչ պարենային ապրանքների արտադրողներն իրենց ուղիղ ծախսերի աճի հետևանքով կա՛մ ստիպված կլինեն բարձրացնել իրենց արտադրանքի և ծառայությունների գինը, կա՛մ՝ սնանկանալ:
Արցախի Հանրապետությունն ապրում է շուկայական տնտեսության պայմաններում, ուստի այդ տնտեսության բոլոր սուբյեկտներն ու օբյեկտները միմյանց հետ փոխկապակցված են հեղուկ պարունակող հաղորդակից անոթների նման: Անոթներից մեկում որևէ փոփոխություն ողջ համակարգում շղթայական արձագանք է առաջացնում և արդյունքում ամեն ինչի համար վճարում է ապրանքների և ծառայությունների վերջին սպառողը՝ Արցախի Հանրապետության շարքային քաղաքացին: Այն դեպքում, երբ Արցախի Հանրապետության արտաքին առևտրային հաշվեկշիռը խիստ բացասական է, արտահանման փոքր մասնաբաժինը տվյալ հաշվարկներում միանգամայն տեղին է անտեսել: Դրանից բխում է, որ նոր սակագներով էլեկտրաէներգիայի վաճառքից ստացվող ողջ գերշահույթն, ըստ էության, գոյանում է Արցախի աղքատացող բնակչությունից փողի հավելյալ կորզման հաշվին:
Փորձենք գնահատել գերշահույթի չափերը կամ, այլ կերպ ասած, Արցախի բնակչության «օրինականացված» թալանի ծավալները՝ էլեկտրաէներգիայի սակագների վերոհիշյալ խայտառակ և տնտեսապես չհիմնավորված թանկացման հետևանքով:
Գաղտնիք չէ, որ մինչև էլեկտրաէներգիայի թանկացումը «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն և «Արցախէներգո» ՓԲԸ-ն աշխատում էին նորմալ եկամտաբերությամբ: «ԱրցախՀԷԿ»-ի աշխատակիցների վարձատրությունը շուրջ 20%-ով գերազանցում էր հանրապետությունում վճարվող միջին աշխատավարձը, իսկ բուն բաժնետիրական ընկերությունն առանց դժվարության կատարում էր արժեթղթերի նոր էմիսիաներ (երկու անգամ): «ԱրցախՀԷԿ»-ի պատասխանատու ներկայացուցիչները հայտարարում էին, որ միանգամայն ի վիճակի են շահույթ ապահովել իրենց բաժնետերերի համար՝ հավաստիացնելով գերշահույթներ չունենալու մասին: Հավատ ընծայենք նրանց խոսքերին և հավատանք, որ նրանք գերշահույթ չեն ունեցել: Բայց գերշահույթը չէր կարող չառաջանալ սակագների կտրուկ թանկացման պատճառով՝ առանց էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի մեծացման: Ռուսական գազի թանկացումն, ի դեպ, բոլորովին չի ազդում բացառապես հիդրոպաշարներից գազի զուտ կենցաղային աննշան օգտագործմամբ ստացվող արցախյան էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա: Ուստի, թանկացման հետևանքով ստացվող բոլոր եկամուտները կարելի է համարձակ դասել «գերշահույթի» շարքը:
Որպես հիմք ընդունելով պաշտոնապես հրապարակված տվյալները՝ ընդունենք, որ «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ տարեկան արտադրությունը կազմում է 170 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ելնելով ցերեկային և գիշերային սպառման մոտավոր կառուցվածքից՝ մեկ կվտ/ժամի միջին թանկացումը կազմում է 2.16 + 11.4 = 13.56 դրամ: Արդյունքում, «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ ընդհանուր արտադրանքը թանկացել է 2 միլիարդ 305 միլիոն 200 հազար դրամով կամ՝ 5 միլիոն 622 հազար ԱՄՆ դոլարով: Արցախի յուրաքանչյուր բնակչի հաշվով՝ տարեկան 15 հազար 724 դրամ: Բացի դրանից, «Արցախէներգո» ՓԲԸ-ն յուրաքանչյուր արցախցուց կկորզի ևս 6 հազար 739 դրամ գերշահույթ, բայց ոչ թե «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ի մասնակցությամբ, այլ Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարների օգնությամբ՝ գերշահույթը, բնականաբար, նրանց հետ կիսելու պայմանով:
Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի գերշահույթի գումարը պետք է նվազեցնել 4%-ով՝ հաշվի առնելով գազի թանկացման հետ կապված ծախսերի աճը: Արդյունքում ստանում ենք 6 հազար 469 դրամ: Տվյալ դիտարկման մեջ կարևոր չէ, թե մասնակիցների միջև ինչ հարաբերակցությամբ է բաժանվում գերշահույթը: Կարևոր է, որ «օրինականացված թալանի» արդյունքում յուրաքանչյուր արցախցի տարեկան կորցնելու է 22 հազար 194 դրամ: Կան, թե չկան սուբսիդիաներ՝ տվյալ դեպքում նույնպես կարևոր չէ: Այս կամ այն կերպ թանկացման բեռը դրվում է Արցախի բնակչության՝ նորածին երեխայից մինչև զառամյալ ծերունիների, ուսերի վրա:
Անտարակույս, սուբսիդիաներն ունեն սահմանափակ և բավականին նեղ նշանակություն՝ պաշտպանելով բնակչության առավել անապահով շերտերն արագացված աղքատացումից, բայց ոչ աղքատացումից՝ որպես ընդհանուր երևույթ: Սուբսիդավորման աղբյուրներն, ի վերջո, ենթադրում են հենց բնակչության մոտ առկա դրամի կորզում, քանի որ այլուստ դրանք հավաքագրվել չեն կարող: Եթե արցախյան կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն կփոխհատուցի սուբսիդիաների համար տրամադրվող ծախսերը, ապա, ըստ երևույթին, պետք է հասկանանք, որ խոսքը շահույթների մեջ պետական մասնակցության մասնաբաժնի հաշվին արվելիք փոխհատուցումների մասին է:
Հիշեցնենք, որ «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ում արժեթղթերի պետական մասնաբաժինը կազմում է 47.9%: Փոխհատուցումների մյուս տարբերակները, օրինակ՝ այլ բաժնետերերի շահույթների հաշվին, պատկանում են բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը, և օրինաչափ է ենթադրել, որ, անկախ զբաղեցրած դիրքից, ոչ մի պետական պաշտոնյա չի կարող խոսել բաժնետերերի չկայացած ընդհանուր ժողովի անունից:
Արդյունքում այս ամենից ի՞նչն է նպաստում իրերի դրության բարեփոխմանը: Ոչի՛նչ: Պետության եկամուտները «ԱրցախՀԷԿ»-ի շահույթների պետական մասնակցությունից կարող էին ուղղվել հրատապ սոցիալական ծրագրերի վրա, որոնց կարիքն Արցախի բնակչությունը զգում է անչափ ավելի շատ, քան էներգետիկայի ոլորտում գերշահույթ ապահովելուն միտված ծախսերի փոխհատուցումը:
* Տե’ս “Անալիտիկոն N8 (56), Սերգեյ Քամալյան, «Հայաստան. որտեղի՞ց է գալիս եւ ու՞ր է գնում էներգակիրների թանկացումը»