Այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ-ռուսական «հարաբերություններում», կարելի է բնութագրել մեկ բառով՝ օկուպացիա: Թվում էր, մինչեւ սեպտեմբերի 3-ը տեղի ունեցող շանտաժն ու սպառնալիքները պետք է սեպտեմբերի 3-ին ավարտվեին, քանի որ Մոսկվան ստացավ իր ուզածը եւ կարող էր տոնել «հաղթանակը»: Սակայն, Մոսկվայում եւ Հայաստանում նրա կրեատուրայի միջավայրում ոգեւորություն չկա: Եւ ավելին, նկատելի է, որ շանտաժն ու սպառնալիքները շարունակվում են ավելի մեծ թափով եւ ընդգրկում նորանոր «ոլորտներ»:
Մոսկվան ներկայում հարվածում է հիմքերի հիմքին՝ հայոց լեզվին: Արդեն խոսակցություններ են գնում ռուսերենին Հայաստանում աշխատանքային լեզվի կարգավիճակ տալու մասին: Պետք չէ կասկածել, որ շուտով կվերաբացվեն ռուսական դպրոցները, եւ աստիճանաբար ռուսերենը կստանա պետական լեզվի կարգավիճակ: Եւ ժամանակի ընթացքում՝ գուցե միակ:
Ի՞նչ է ուզում Մոսկվան, ինչո՞ւ չի հանգստանում: Ինչո՞ւ իր գերիշխանությունն ընդունած մյուս երկրների ու ժողովուրդների հանդեպ զիջող է եւ հանդուրժող, իսկ հայերի դեպքում՝ ոչ:
Կարելի է հիշել 1920-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանը «հավաքում» էր կայսրությունը: Բոլոր «հանրապետություններում»՝ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում իշխանությունը պահպանեցին «անկախական» ռեժիմները, վերածվելով կոմունիստական կուսակցության, բացի Հայաստանից. Այստեղ գնդակահարվեց ու կացնահարվեց անկախ Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը: Դրանից հետո, գնդակահարվեց նաեւ կոմունիստական «էլիտան», որի ձեռքով ոչնչացրել էին անկախ Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը:
Ներկայում էլ, Հայաստանի ու հայերի հանդեպ վերաբերմունքը թերեւս ամենադաժանն է ու նվաստացուցիչը: Այն դեպքում, երբ ի տարբերություն մյուսների, Մոսկվան այստեղ ոչ մի դիմադրության չի հանդիպում եւ իրականացնում է իր բոլոր մտադրությունները: Ոչ մի տեղ Մոսկվան չունի այնպիսի հավատարիմ ու ստրկամիտ կրեատուրա, ինչպես Հայաստանում: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ պատրաստ են արդարացնել Ռուսաստանի ցանկացած քայլ ու քաղաքականություն:
Ի՞նչ է պատահել: Արդյոք Մոսկվային նյարդայնացնում է այն, որ «հաղթանակը» շատ հեշտ է տրվում, առանց որեւէ դիմադրության: Եւ այդ «հաղթանակը» Մոսկվային դարձրել է ծաղրի առարկա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հնարավոր է, որովհետեւ Մոսկվայում հասկանում են, որ նման «էլիտա» ունեցող երկրի հանդեպ «հաղթանակը» պարզապես ծաղր է, իսկ չդիմադրող հանրության դեպքում՝ պարզապես ողբերգություն: Եւ որ այս ամենը հանգեցնում է ընդամենը նրան, որ Ռուսաստանը դառնում է օկուպանտ, նույնիսկ հայերի «կամավորության» դեպքում:
Ինչպես ասում էր մի հայ ինտելեկտուալ, Ռուսաստանը նորմալ պետություն կդառնա այն ժամանակ, երբ ազատագրվի հայերից: Միտքը թվում է անհեթեթ, առաջին հայացքից: Սակայն դրանում թերեւս մեծ իմաստ կա: Ռուսական կայսրության պատմության մեջ հայերն ունեցել են նշանակալի ներդրում տնտեսության, զինված ուժերի եւ այլ ոլորտների զարգացման գործում: Ռուսական պետության ռազմական հաղթանակների մեջ հայերի դերն առավել քան նշանակալի է եղել:
Մյուս կողմից, Ռուսաստանի ու Հայաստանի շահերը գրեթե ոչ մի հարցում չեն համընկնում: Դա հատկապես ակնհայտ երեւում է այն ժամանակ, երբ Հայաստանն անկախ պետություն է եւ ստիպված է ունենալ արտաքին քաղաքականություն եւ պաշտպանել իր շահերը: Ահա այս դեպքում առաջանում է շահերի բախում, ընդ որում՝ բավական լուրջ:
Հայկական թեման սպառնալիք է Ռուսաստանի համար: Այն չեզոքացնելու, Հայաստանից «ազատագրվելու» համար Ռուսաստանը թե 1920-ականներին, թե ներկայում այլ միջոց չի գտնում, քան բացահայտ թշնամական քայլերը Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու ուղղությամբ:
Կա իհարկե տարբերակը, երբ Հայաստանը եւ Ռուսաստանը կարող են հարաբերվել որպես իրական գործընկերներ, փորձելով խնդիրները լուծել շահերի հավասարակշռմամբ: Սակայն, իրականությունն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ նման հեռանկարի ու տարբերակի:
Մնում է այն, ինչ կատարվում է ներկայում: Ռուսաստանը քաղաքակրթական եւ քաղաքական ծանր պարտություն է կրում Հայաստանում:
Չի բացառվում, որ Ռուսաստանն ուզում է «ազատագրվել» հենց այս ճանապարհով, որովհետեւ հայերը չեն դիմադրում, չեն ցուցաբերում արժանապատիվ կեցվածք եւ պատրաստ են հանդուրժել ամեն ինչ: Ընդ որում՝ ատելությամբ: Ատելությունը լուրջ զգացում է եւ կարող է կործանել ամեն ինչ: