Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լրագրող
Երեւան
1970-ականներին հայրս ՎԷՖ ռադիոընդունիչ էր գնել, ու դրանում մենք մի կերպ որսում էինք «Ամերիկայի ձայնի» հաղորդումները եւ ամեն երեկո ժամը 7-ից 8-ը էսօրվա հասկացությամբ «ալտերնատիվ» լուրեր լսում: Սովետն ամեն կերպ խոչընդոտում էր. խշշոցներ էր մտցնում, խլացնում էր ձայնը… Շատ բան չէինք կարողանում որսալ… Սա էր սովետական գործելակերպը, որը նոր ձեւով վերականգնվում է պուտինյան Ռուսաստանում: Բայց եթե միայն իրենց մոտ վերականգնեն՝ քարն իրենց գլուխը: Նրանք դա ուզում են պարտադրել նաեւ մեզ:
Ահավասիկ՝ դրան է միտված մի հայտարարություն, որ փետրվարի 3-ին տարածել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Ռեգնումը», իմ գնահատմամբ, ռուսական կայսերապաշտական նկրտումների խոսափողերից է եւ սովետական փայլուն ավանդույթներով առաջնորդվող մի լրատվամիջոց, որն ամեն ինչում եւ ամենուր ընդդեմ Ռուսաստանի դավադրություններ է տեսնում: Բավական է միայն նայել մեկ օրվա նյութերի վերնագրերը՝ դրանում համոզվելու համար. օրինակ՝ փետրվարի 9-ին այդ գործակալության կայքի առաջին էջը մեզ մատուցում էր հետեւյալ նյութերը (միտումնավոր չեմ թարգմանում վերնագրերը). «Провал миссии Виктории Нуланд: помощник госсекретаря США втоптала в грязь “Клича”, “Яцика” и Евросоюз», «Мир в том виде, в каком он понимается США, не нужен никому: Израиль сегодня», «Новый план “Восточного партнерства”: ЕС “будет согласованно” противостоять России», «Шантаж вместо списания суверенных долгов: Запад кормит Украину обманом и демагогией»…
Կարդացեք այս հրապարակումներից որը կուզենաք, եւ դուք դրանում անմիջապես կզգաք սովետական նամշահոտը, որ նավթալինե տոնայնությամբ մատուցում է այս գործակալությունը: Եվ ահա նման մի կառույց, խոսքի ազատության մասին, որի պատկերացումները սնվում են սովետական գրաքննության ակունքներից, սույն թվականի փետրվարի 3-ին հրապարակում է մի հայտարարություն, որի վերնագիրը եւ ոգին ոչ մի բանով չէին տարբերվում վերոբերյալ հոդվածների խորհրդային ոգուց: Ահա վերնագիրը՝ «Осторожно, антироссийские дезинформаторы в Армении» (տե՛ս http://www.regnum.ru/news/1761819.html):
Էս աշխարհում, համացանցի տարածմանը զուգահեռ, ինչ տիպի ու ինչքան ասես կայքեր են բացվում օրական, եւ հայտնի չէ, ինչքան էլ փակվում են: Այդ կայքերում կարող են լինել տարբեր տեսակի լուրեր եւ տեղեկություններ: Անգամ գլխից դուրս բաներ: Ես բնավ նպատակ չունեմ արդարացնելու բացահայտ սուտ տեղեկություններ տարածողներին: Քավ լիցի: Ինքս ցանկացած ապատեղեկատվության, կեղծ տեղեկություններ տարածելու հակառակորդն եմ: Սակայն ի տարբերություն «Ռեգնումի» հավատաքննիչների` երբեք չեմ ասի, թե այդ տեղեկությունների հետեւում կանգնած են այս կամ այն ուժերը, եւ որ դա հատուկ արվում է Հայաստանի եւ որեւէ երրորդ երկրի հարաբերությունները փչացնելու համար: Դրանք հիմնականում ընթերցող գրավելու համար ոչ պրոֆեսիոնալների տարածած սենսացիաներ են: Իսկ ահա «Ռեգնումը», մեջբերելով նման մի քանի կեղծ տեղեկությունների օրինակներ, եզրակացնում է, որ դրանք տարածում են «ԱՄՆ դեսպանատան կողմից աջակցություն ստացող ԶԼՄ-ները» եւ դրանց նպատակը «Ռուսաստանին եւ Հայաստանի հետ նրա հարաբերություններին վնաս հասցնելն է՝ Մաքսային Միություն մուտք գործելու նախաշեմին», եւ, ուշադրություն, դարձյալ եզրակացնում է՝ թե նման նպատակ կարող են հետապնդել «Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գտնվող հակառուսական ուժերը» (բոլոր մեջբերումները՝ նույն տեղից՝ http://www.regnum.ru/news/1761819.html):
Դուք զգացի՞ք սովետական ոգին այս հրապարակման մեջ: Ճիշտ եւ ճիշտ ինչպես սովետական պրոպագանդան էր ամենուր տեսնում «միջազգային իմպերիալիզմի ձեռքը»: Ճիշտն ասած՝ իմ ծիծաղը եկավ: Զարմանում եմ, որ էս դարում դեռ կան նման մտածողություն ունեցող լրատվամիջոցներ ու լրատվական գործակալություններ: Բայց ծիծաղս միանգամից չքացավ, երբ կարդացի այդ հայտարարության վերջին պարբերությունը։ Ահա այն. «…Դիմում ենք Հայաստանի իրավապահ մարմիններին՝ օպերատիվ արձագանքել անբարեխիղճ «լրագրողների» հրապարակումներին» (նույն տեղում): Տեղ հասանք: Երեւի երազում են 20-րդ դարի երեսնական թվականները… Ի՞նչ պիտի անեն իրավապահ մարմինները: Պիտի քրեական գո՞րծ հարուցեն: Ի՞նչ մեղադրանքով: Շտապեմ «Ռեգնումի» անտեղյակ պրոպագանդիստներին տեղեկացնելով հանգստացնել. Հայաստանում, բարեբախտաբար, ի տարբերություն Ռուսաստանի, իրավապահ մարմինները ոչ մի իրավունք չունեն (առայժմ) միջամտելու լրատվամիջոցների խմբագրական անկախությանը: Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս կասեցնել լրատվամիջոցի գործունեությունը, չկա գրանցման կամ լիցենզավորման ինստիտուտ, հետեւաբար հնարավոր չէ նաեւ փակել լրատվամիջոցը:
Այսուհանդերձ, ինչպես տեսաք՝ Հայաստանի ներկա պահի օրենսդրությանը հղում անելով, ես փակագծերում գրեցի «առայժմ»: Մտավախությունս հիմքեր ունի: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները սովորություն ունեն ամեն ինչում կապկելու ռուսներին, եւ չի բացառվում, որ Մաքսային է, Եվրասիական է, թե ինչ զահրումար է, դրան անդամակցելուց հետո, օրենքների միասնականացման անվան տակ, մեզ մոտ էլ մտցնեն նախնական գրանցման ինստիտուտը կամ ռուսական իրականության վերջին մահակային օրենքը:
Ւսկ այդ օրենքը, որը գործողության մեջ է մտել սույն թվականի փետրվարի 1-ից, հնարավորություն է տալիս «Ռոսկոմնադզորին» (պաշտոնական անվանումը՝ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) արգելափակել ցանկացած կայք՝ «զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործողություններ իրականացնելու եւ զանգվածային հրապարակային միջոցառումներին մասնակցելու կոչերի» համար (տե՛ս «Ռոսկոմնադզորի» կայքում՝ http://goo.gl/V54EiG): Ընդ որում՝ արգելափակման մասին որոշումը կայացնում են գլխավոր դատախազը, նրա տեղակալները՝ կայքերի մոնիտորինգի, ինչպես նաեւ «իշխանության մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների ծանուցումների հիման վրա»: Դատախազության որոշումը ստանալուց հետո «Ռոսկոմնադզորը» անհապաղ կապի օպերատորներին հրահանգում է արգելափակել տվյալ տեղեկատվական ռեսուրսը: Արդեն հաղորդվել է նաեւ (տե՛ս http://goo.gl/bQt9QU), որ օրենքը փորձարկվել է. արգելափակվել է 4 կայք: «Ռոսկոմնադզորը» դա բացատրել է այսպես. «Արգելափակված ռեսուրսները տարածում էին հանրային վտանգավոր տեղեկություններ, որոնք սպառնալիք էին հասարակության եւ անհատի համար» (տե՛ս http://goo.gl/bQt9QU):
Սա Ռուսաստանն է: Ոչինչ չես կարող անել: Այստեղ սովոր են գրաքննության, այստեղ սովոր են ամենուր «թշնամի» ու «թշնամու ականջներ» տեսնել, սրանք մինչեւ հիմա չեն հասկացել, որ հասարակության թշնամին ոչ թե ազատ խոսքն է, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ արգելելու իրենց ստալինա-պուտինյան մղումը:
Սակայն ռուսական գրաքննիչներն ու նրանց հնարավոր հայ հետեւորդները հաշվի չեն առնում մի հասարակ բան: Սա 21-րդ դարն է, եւ կայք փակելով կամ «Դոժդ» հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումները կաբելային ցանցերով դադարեցնելով՝ ոչնչի չես կարող հասնել: Վերջինի դեպքում, բնականաբար, ավելանալու է այդ հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակումները դիտողների թիվը:
Ինչ մնում է կայքեր փակելուն: Ախր դե ո՞նց չասես, որ պուտինականներն այնքան «կացնային» մտածողություն ունեն, որ չեն էլ հասկանում, թե ինչ ասել է կայք արգելափակել: Ախր, հասկացեք, արգելափակես մեկը՝ բացվելու է հինգը, արգելափակես 5-ը՝ բացվելու է 50-ը, եւ այսպես շարունակ: Փորձես ինչ-որ սահմանափակումներ մտցնել համացանցի ru կամ am տիրույթներում, մարդիկ կայք կբացեն com, net կամ այլ տիրույթներում: Կացնային մտածողություն ունեցողները, որ պրոգրեսը չեն ըմբռնել, պիտի հասկանան, որ այս դարում, տեխնոլոգիաների այսօրվա պայմաններում նման մեթոդները ոչ մի արդյունք չեն տա: Վերջապես, ԶԼՄ-ների եւ լրագրողների համերաշխության դրսեւորման դեպքում կա փորձված ճանապարհը նաեւ. արգելափակված բովանդակությունը կհայտնվի միանգամից մի քանի տասնյակ կամ 100 կայքում… Դե գնա ու արգելիր…
Եվ եթե Ռուսաստանն իր «Ռեգնումով» եւ այլ պրոպագանդիստներով ուզում է գնալ այդ ճանապարհով՝ իր գործն է: Բայց մենք՝ հայաստանցի լրագրողներս, ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք «Ռեգնումի» նմաններից. ապրե՛ք ձեր պուտինյան գրաքննության երկրում, քարշ տվեք ձեր գոյությունը՝ կայսերական կերակրատաշտին մոտ լինելով, ընկերացեք Վենեսուելայի նախագահ Մադուրոյի հետ՝ նա էլ խոստացել է խիստ վերահսկողություն սահմանել ԶԼՄ-ների նկատմամբ (տես՝ http://news.rambler.ru/23519953/), բայց քիթներդ մի խոթեք հայկական լրագրության մեջ: Մենք ինքներս գլուխ կհանենք մեր խնդիրներից…