Ու՞մ էր պետք խցկել Արցախն ուրիշի խաղի մեջ
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են արել Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ: Նախօրեին, հայտարարություն էր արել նաեւ Արցախի ԱԳՆ-ն: Հետաքրքիր է, արդյոք այդ ամեն ինչը դրանով կավարտվի, թե մի հայտարարություն էլ Բակո Սահակյանը կանի՝ իբրեւ Արցախի նախագահ:
«Մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին», ասում են Արցախի խորհրդարանի խմբակցությունները:
Եթե Ղրիմը քվեարկած լիներ անկախության օգտին, ապա այդ արտահայտությունը կլիներ տրամաբանական: Բայց Ղրիմը քվեարկել է ոչ թե իր ապագան ինքնուրույն տնօրինելու, այլ Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու օգտին: Իհարկե, ֆորմալ առումով Ղրիմն իր ապագան ինքնուրույն է տնօրինել (մի պահ թողնենք այդ ֆորմալության իրավականությունը վիճարկող միջազգային գնահատականները), բայց արդեն տնօրինել է եւ հանձնել Ռուսաստանին: Այսինքն, Ղրիմի ապագան արդեն Ռուսաստանին է հանձնված, հետեւաբար տրամաբանական չէ ասել, թե ապագան ինքնուրույն տնօրինելու «օգտին» են քվեարկել:
Դա իմիջիայլոց: Բայց ինքնուրույնության հարցն Արցախի արձագանքի պարագայում էական է ինքնին: Ինքնուրու՞յն է Արցախը ոոշել արձագանքել Ղրիմի հանրաքվեին: Ու՞մ գլխում է հղացել այդ միտքը:
Առաջին հայացքից թվում է, թե իսկ ինչ պետք է աներ Արցախը, եթե ինքն էլ ինքնորոշման խնդիր ունեցող մի չճանաչված միավոր է:
Իսկ Ղրիմի հանրաքվեն ողջունելու մասին հայտարարությունից հետո Արցախը ճանաչվե՞ց: Կամ ճանաչվելու՞ է:
Մյուս կողմից, Արցախն այդ հայտարարությունից հետո կարող է ճանաչվել: Այսինքն, Արցախին կսկսեն ճանաչել՝ ճանաչել որպես խորհրդա-ռուսական կայսրության վերականգնմանը գործուն մասնակցություն ցուցաբերող կամ հայտ ներկայացնող սուբյեկտ:
Մինչ այդ, Արցախը ճանաչում էին որպես չարիքի կայսրության փլուզմանը գործուն մասնակցություն ունեցած, անկախության համար պայքարի համարձակություն ունեցած եւ այդ պայքարում պատերազմ հաղթած մի սուբյեկտ: Արցախն ազատության եւ անկախության համար պայքարի խորհրդանիշ էր, նախադեպ, ինչի շնորհիվ էլ փաստացի արդեն երկու տասնամյակ աշխարհը հնարավորություն է տվել Արցախին տնօրինել իր հաղթանակի ստատուս-քվոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով դառնալով փաստացի դրա հովանին:
Ներկայում, Արցախը ողջունում է մի բան, որը միահամուռ կերպով դատապարտում է աշխարհը, այդ թվում ստատուս-քվոյի հովանի հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիան: Իրավացի են դատապարտում, թե անարդարացի, այլ հարց է: Նրանք դատապարտում են, պարզելով իրենց հարաբերությունը Ռուսաստանի հետ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումներով պարզորոշ ակնարկելով, որ Արցախի խնդիրն այստեղ կապ չունի, դա այլ «երգի քառյակ» է:
Պարզ է, որ Ղրիմում լուծվում է ոչ թե տարածքային ամբողջության կամ ինքնորոշման իրավունքի գերակայության, այլ բոլորովին այլ, շատ ավելի լայն խնդիր՝ նոր աշխարհակարգ, որոշումների կայացման շրջանակի դերաբաշխում, Ղրիմում կանխորոշվում են միջազգային նոր փոխհարաբերությունների ուրվագծերը, որոնցում գուցե ի վերջո գան մի ընդհանուր հայտարարի, երբ գտնվի հակամարտությունների կարգավորման բոլորովին նոր սկզբունք կամ բանաձեւ:
Արցախի իշխանությունն ունեցել է սեփական սուբյեկտության դրսեւորման, քաղաքականությամբ զբաղվելու բազմաթիվ առիթներ, որոնք սակայն չի օգտագործվել: Ներկայում, վտանգ կա, որ Արցախը դառնում է կայսերապաշտության սպասարկող օղակներից մեկը, ընդ որում միանգամայն այլ սուբյեկտների վեճում, որտեղ Ղրիմն ինքն ակնհայտորեն խաղալիք է կամ գործիք:
Ի՞նչ կարիք կա Արցախը վերածել գործիքի: Թեեւ այստեղ կարիքի խնդիրը իրողության մեղմ ձեւակերպում է, որովհետեւ պարզապես վտանգավոր է Արցախը վերածել գործիքի մի խաղում, որտեղ լուծվում են ազատությանն ու անկախությանը միանգամայն հակադիր խնդիրներ:
Ինչու փոխել արցախյան գործընթացի տրենդը, Արցախի տարբերանշանն աշխարհում, ինչու Արցախը վերածել «անհայտ տարբերանշանով» մի սուբյեկտի, երբ դրա գինը կարող է չափազանց ծանր լինել:
Աղբյուրը` http://www.lragir.am/index/arm/0/comments/view/96521