Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող
Երեւան
Նախորդ տարվա հոկտեմբերի 19-ին Լեւոն Աղաբեկյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ կնոջը դանակահարել էր, սակայն դատարանում, որդու խնդրանքով, կինը ներել էր ամուսնուն:
Լեւոնն էլ խոստացել էր այլեւս չանհանգստացնել կնոջն ու երեխաներին, սակայն ամանորի նախօրեին նա կոտրել էր տան կողպեքը, մտել տուն ու եղած-չեղածն այրել:
Իսկ այս տարվա մարտին Գյումրիում Գրիգոր Գրիգորյանը դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով կնոջը` 6-ամյա երեխայի ներկայությամբ դաժանաբար սպանել էր նրան:
Այսօրինակ դեպքերը բազմաթիվ են, ու մամուլում շատ հաճախ կարելի է հանդիպել մահվան ելքերով ընտանեկան բռնության կամ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց պատմություններ արձանագրող դեպքեր:
Քանի որ Հայաստանը դեռեւս չի ընդունել Ընտանեկան բռնության մասին օրենքը, եւ չկան սահմանված մեխանիզմներ, ոստիկանները բռնության ենթարկված կանանց հորդորում են դիմումներ չգրել:
«Հասարակություն՝ առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանն ասում է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկանություն դիմում գրած կանայք գալիս եւ հետ են վերցնում իրենց դիմումները:
«Իսկ օրենք լինելու դեպքում ոստիկանը կպարզի, թե ինչու է կինն այդպես վարվում, որովհետեւ մեծամասամբ ճնշումների արդյունքում է այդպես լինում,- ասում է նա,- մինչդեռ հենց ոստիկանն ինքն է ասում կնոջը, թե գնա, ամուսնուդ հետ սուրճ խմիր ու փորձիր յոլա գնալ հետը»:
Այս ոլորտում աշխատող ՀԿ-ների աշխատակիցները նշում են, որ կանանց սպանած ամուսինների քրեական գործերում միտում է նկատվում դատելու Քր. օրենսգքրի 105 հոդվածով, որը գործում է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունների համար՝ ենթատեքստում ունենալով այն դրդապատճառը, որ կինն անբարոյական էր, այդ պատճառով էլ ամուսինը աֆեկտի մեջ սպանել է կողակցին:
Ոլորտի ամենամեծ հիմնախնդիրներից մեկը գենդերային հիմքով բռնությունն է. այսինքն, բռնություն, որին ենթարկվում է կինը՝ կին ծնված լինելու հանգամանքի բերումով:
Բռնությունը կարող է լինել ինչպես ֆիզիկական ու սեռական, այնպես էլ հոգեբանական եւ ֆինանսական:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2008-2009թթ. իրականացրել է ՀՀ–ում կանանց հանդեպ ընտանեկան բռնության վերաբերյալ առաջին հարցումը, որի համաձայն՝ երբեւէ զուգընկեր ունեցած հարցված կանանց 61 տոկոսի վարքը վերահսկվել է զուգընկերոջ կողմից, 25 տոկոսը ենթարկվել է հոգեբանական, 8.9-ը` ֆիզիկական, 3.3-ը՝սեռական, իսկ 9.5 տոկոսը` միաժամանակ եւ ֆիզիկական, եւ սեռական բռնության:
Ընտանեկան բռնության ամենակոծկված շերտը սեռական բռնությունն է, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում: Սա, որպես կանոն, այն դեպքերում է լինում, երբ ամուսինը հարբած է լինում, կամ կինը պարզապես չունի հարաբերություն ունենալու ցանկություն, սակայն ամուսինը հարկադրում է հարաբերություն ունենալուն: Կինը դա չի դիտարկում որպես բռնաբարություն, որովհետեւ դա համարվում է ամուսնական կյանքի բաղկացուցիչ տարրն ու կնոջ պարտականության մի մասը, ու երբ կանայք դիմում են ֆիզիկական բռնության հարցերով, չի բացառվում, որ սեռական բռնություն էլ եղած լինի, սակայն, որպես կանոն, այդ մասին չի խոսվում:
Կանանց հիմնախնդիրներով զբաղվող փորձագետները նշում են, որ հայ կանայք շատ ցածր ինքնագնահատական ունեն, եւ կնոջ դերին համապատասխանող գործառույթները չանելու դեպքում ծեծն ու ֆիզիկական բռնությունը համարում են արդարացված՝ հենց կանանց կողմից: Հայ կանանց շրջանում տարածված է տղամարդու՝ որպես ընտանիքի գլուխ լինելու եւ որոշում կայացնողի մասին ընկալումը:
Այս խնդիրներն ավելի արմատացած են հատկապես մարզերում, որովհետեւ փոքր գյուղերում եւ քաղաքներում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, ամոթ է համարվում ընտանեկան հարցերը հանել տան պատերից դուրս, իսկ ոստիկաններն էլ կանանց դիմումներին լուրջ չեն վերաբերվում:
«Երկրում կա համընդհանուր հանդուրժողականություն կանանց դեմ բռնության, եւ ըստ տարածված ընկալման՝ կինը երեխա արտադրող գործիք է, ու նրա գործը տնից ու խոհանոցից այն կողմ չի անցնում. սա տարածված է հասարակության ամենալայն շերտերում՝ սկսած ռամիկից մինչեւ ամենաբարձր օղակներ»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը:
Փորձագետների կարծիքով՝ նմանատիպ մտքերի եւ կարծրատիպերի կրող են նաեւ կառավարման օղակներում ընդգրկված մարդիկ, ովքեր պարզապես «իրավունք չունեն այդպես մտածել»:
«Հասարակություն՝ առանց բռնության» ՀԿ-ն 2011 թվականին հանրապետության տարբեր մարզերում եւ քաղաքներում՝ 550 բնակչի ներգրավմամբ, սոցիոլոգիական հարցում է անցկացրել կնոջ ընդունված դերին վերաբերող կարծրատիպերի մասին, որի համաձայն տանը տղամարդու գործը հիմնականում աղբ թափելն է ու երբեմն առեւտուր անելը, իսկ երեխաների խնամք, դաստիարակություն, խոհանոց, լվացք եւ այլ տնային գործերը կնոջ պարտականություններն են: Հարցվածների 74 տոկոսը պատասխանել է, որ ազատ գործելու համար նրան խանգարում է հասարակական կարծիքը:
Գրեթե չկան բռնության համընդհանուր պատկերը պարզող վիճակագրական տվյալներ: Այդուհանդերձ, կա մասնակի վիճակագրություն, որ իրականացվում է ոլորտում աշխատող ՀԿ-ների կողմից:
2013թ. գրանցվել է բռնության 61 դեպք, տուժածներից միայն 2 հոգին են դիմել ոստիկանություն. սա բավական խոսուն ցուցանիշ է, եւ, ըստ էության, դիմողների տոկոսն առանց այդ էլ շատ ցածր է: «Հասարակություն՝ առանց բռնության» ՀԿ-ի տվյալներով՝ արձանագրվել է ընտանեկան բռնության 16 դեպք, որոնցից 6-ն ավարտվել է կնոջ մահով, իսկ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ–ն տարվա ընթացքում թեժ գծի միջոցով ստացել է 1344 ահազանգ, որոնցից 473–ը վերաբերել է ֆիզիկական, իսկ 261-ը՝ հոգեբանական բռնության դեպքերի։
Գենդերային հարցերին վերաբերվող խնդիրներն ու դրանց լուծումները ձեւակերպված են ՀՀ կառավարության կողմից 2010թ. ընդունված Գենդերային քաղաքականության հայեցակարգում եւ Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագրում:
Բացի այդ, Հայաստանը 1993թ. ստորագրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին CEDAW կոնվենցիան, իսկ 2006թ.՝ նաեւ կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:
Այս փաստաթղթերի ստորագրմամբ Հայաստանը պարտավորվել է ընդունել գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության մասին օրենքներ, որոնցից առաջինը նախորդ տարվա մայիսին ընդունվեց՝ «գենդեր» եզրի վերաբերյալ հասարակության ավանդական շերտի խորն ընդդիմությամբ, իսկ ահա մյուս օրենքը դեռեւս շրջանառվում է: Այն, ի դեպ, ընդգրկված է 2012թ. միջոցառումների շրջանակներում եւ մինչեւ տարեվերջ պետք է ընդունված լիներ:
Ընդունելով օրենքը՝ պետությունն ինքն է պատասխանատվություն կրում ոլորտի առողջացման համար, մինչդեռ այն այժմ արվում է ՀԿ-ների ջանքերով:
«Կանանց իրավունքի կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ օրինագիծը քննարկվում էր 2006-2007թթ. սկսած: Իսկ 2013թ. վերջապես մտավ խորհրդարան, սակայն մերժվեց:
Նման օրենք տարածաշրջանում արդեն ընդունել են բոլորը երկրները՝ բացի Հայաստանից: Վրաստանում այն ընդունվել է 2008թ.:
Օրենքով նաեւ նախատեսված է ստեղծել կացարան, որտեղ կպահվեն բռնության ենթարկված կանայք: Այժմ կացարան ունի միայն «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, որը մշտապես ծանրաբեռնված է:
Այս կացարանն իրենից ներկայացնում է սովորական առանձնատուն, որտեղ կարող են բնակվել 7-8 անձ:
«Օրենքի կարեւորությունը ոչ միայն պատժիչ, այլ նաեւ կանխարգելիչ մասն է, ինչը նշանակում է, որ հասարակության մտածելակերպի մեջ կընդունվի ընտանեկան բռնություն եզրը, որը քիչ չէ»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանը:
Այդուհանդերձ, ոլորտում աշխատող ՀԿ-ների աշխատակիցները նշում են, որ կանանց հիմնախնդիրներին վերաբերող հարցերում որոշակի տեղաշարժ կա, քանի որ շատանում է ահազանգերի թիվը: Սա չի նշանակում, թե բռնության դեպքերն են շատացել, պարզապես այդ մասին սկսել են խոսել:
Կանանց նկատմամբ բռնությունների գծով ամենաաղմկալից գործը Արտաշատի Տափերական գյուղից Մարիամ Գեւորգյանի պատմությունն է. ամուսնանալով եւ մեկնելով Սանկտ-Պետերբուրգ՝ ամուսնության ընդամենը 10 ամիսների ընթացքում տառացիորեն խոշտանգվել է՝ տաք արդուկի հարվածներով, պատառաքաղով եւ այլ անհավանական ձեւերով: Մարիամը դիմում գրեց ոստիկանություն, եւ դատական գործի արդյունքում նրա ամուսինն ու սկեսուրը դատապարտվեցին, սակայն նախորդ տարի հայտարարված համաներման արդյունքում նրանք դարձյալ ազատ են արձակվեցին: