Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի եւ «Թվիթեր»-ի օգտատերերի հետ առցանց հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, թե Արցախը ներկայիս կարգավիճակը պետք է պահպանի երկար տարիներ:
Հարցին, թե Ղարաբաղի ճանաչման հարցի դրական լուծումից հետ արդյոք երկիրը գնալու է անկախության ամրապնդման ճանապարհով, Հարությունյանը պատասխանել է, թե դա պետք է որոշի ողջ հայությունը.«Այսօր ճիշտ չէ դրա պատասխանը տալ: Ժամանակը ինքը թելադրելու է: Ժամանակն ինքն իր պահանջը դնելու է: Ունեմ ես իմ անձնական կարծիքը, բայց դա պաշտոնական կարծիք չէ` որ Արցախի ստատուսի հետ կապված մենք փոփոխության չպիտի ենթարկենք»:
Պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում ճանաչման ուղղությամբ եւ արդյո՞ք այդ քայլերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներով են սահմանափակվում, Արա Հարությունյանը նշել է, որ քայլեր ձեռնարկվում են 1992 թվականից` Անկախության հռչակումից ի վեր, եւ կան որոշակի ձեռքբերումներ. «Ունենք փոքր ձեռքբերումներ` ամերիկյան նահանգների մակարդակով, Ավստրալիայի նահանգների մակարդակով: Նաեւ տարբեր քաղաքների հետ կապերի ստեղծման, ամրապնդման, տարբեր քաղաքական ուժերի, միավորների հետ համագործակցելով: Սա է ընտրված ճանապարհը, եւ համոզված եմ, որ տարիների ընթացքում լուրջ հաջողություն ենք արձանագրելու»:
Վարչապետը չի կիսել այն կարծիքը, թե «դանդաղեցվել է վերաբնակեցման աշխատանքների ընթացքը»: Նրա խոսքերով` ծրագիրը ոչ թե դադարեցվել կամ դանդաղեցվել է, այլ կառավարությունը հստակ ծրագրով իրականացնում է մի քաղաքականություն, որի հիմքում ընկած է առաջին հերթին վերաբնակեցված շրջանների զարգացումը:
Նա նշել է, որ այդ շրջաններում հազարավոր վերաբնակիչները լքում էին իրենց բնակության վայրերը մինչեւ 2007 թվականը` անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Իսկ այսօր, ըստ Լեռնային Ղարաբաղի վարչապետի, կառավարության նոր քաղաքականության շնորհիվ բարելավվել են տվյալ գոտու ենթակառուցվածքների ու բնակիչների ապրուստի պայմանները, նկատվել է ժողովրդագրական զգալի աճ` հատկապես Քաշաթաղի շրջանում:
«90-ական թվականների վերջին Քաշաթաղի շրջանում արդեն, մեր հաշվարկներով` 15 հազարից ավելի մարդ: 2007 թվականին` 7 հազար մարդ: Այսինքն մի կողմից` վերաբնակեցում, մյուս կողմից` արտահոսք, որովհետեւ չկային նվազագույն պայմաններ: Դրա համար մենք փոխել ենք քաղաքականության անվանումը` ոչ թե վերաբնակեցման քաղաքականություն, այլ շրջանների զարգացման ծրագրեր: Բայց արդյունքում արձանագրեցինք ժողովրդագրական լուրջ առաջընթաց: Նույնիսկ Քաշաթաղի շրջանում արդեն ավելի քան 10 հազար մարդ է ապրում»:
Խոսելով տնտեսության վիճակի մասին` վարչապետն առանձնացրել է երկու գլխավոր գործոններ, որոնք խոչընդոտում են տնտեսական աճը` որակյալ մասնագետների եւ երկարաժամկետ ներդրումների սղությունը:
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ