Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
Ստեփանակերտ
2014թ. մարտի 21-ին իսլամիստական զինված կազմակերպություններից մեկի զինյալները, անցնելով թուրք-սիրիական սահմանը, հարձակվել են հայաբնակ Քեսաբի շրջանի վրա: Քեսաբի գյուղերի հայությունը` մոտ 600 ընտանիք, տարհանվել է դեպի սիրիական Լաթաքիա քաղաք, նրանց մեծ մասը ապաստան է գտել տեղի հայկական եկեղեցում: Մի քանի տասնյակ քեսաբահայեր մնացել են գրավված գյուղերում, նրանց մի մասը տարվել են Թուրքիա, իսկ մի քանիսը` սպանվել: Քեսաբում ամուր հայկական ներկայություն կա մի քանի հարյուր տարի, ընդհուպ` հազարամյակ: Այս բնակավայրը ժամանակին մաս է կազմել Կիլիկիայի հայկական թագավորության, մինչեւ գրավվելը շրջանում գործում էին տարբեր դավանանքի հայկական եկեղեցիներ, հայկական դպրոցներ ու մշակութային օջախներ, գոյություն ուներ կազմակերպված հայկական համայնք:
Քեսաբի գրավումից հետո մի քանի օր Հայաստանում լռություն էր տիրում, ինչին հաջորդեց թեմայի չափազանց մեդիականացումը:
Օրեր անց միայն հայկական տարբեր համայնքներում Քեսաբի շրջանի հայ բնակչության տարհանման կապակցությամբ սկսվեցին բողոքի ցույցեր:
Մարտի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը, Թեւան Պողոսյանը, Արթուր Գեւորգյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարիտիրոսյանը հայտարարություն տարածեցին Քեսաբի դեպքերի առնչությամբ` միջազգային հանրությունից պահանջելով «միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս նողկալի դեպքերի վերաբերյալ` ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնակ տարածքներ` փաստաթղթավորելու տեղի ունեցածի` մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը»: Մարտի 25-ին Արցախի ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը կոչ արեց հայությանը զինված խմբեր ձեւավորել եւ պաշտպանել քեսաբահայությանը, աջակցել Քեսաբի ինքնապաշտպանական ուժերին` ազատագրելու հայաթափված շրջանը: Վ. Բադասյանը պատրաստակամություն հայտնեց գլխավորել Քեսաբի պաշտպանության համար ձեւավորվելիք խմբերը եւ մեկնել գործողությունների վայր:
Այս հայտարարությանը հաջորդեց ՀՀ ԱԺ պատգամավորների այցը Լաթաքիա, որտեղ նրանք հանդիպեցին քեսաբահայության հետ, իսկ Դամասկոսում հայկական խորհրդարանական պատվիրակությանն ընդունեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Լաթաքիա մեկնեց նաեւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը վերադարձից հետո տված հարցազրույցում դեմ արտահայտվեց քեսաբահայերին զինված խմբերով աջակցության գաղափարին եւ պնդեց Սիրիայում հայերի չեզոքության վրա: Օրեր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնեց Հրանտ Մարգարյանին` զինված ջոկատների գաղափարն անվանելով արկածախնդրություն եւ նույնպես կարծիք հայտնելով, թե Սիրիայի հայերը պետք է չեզոք մնան: Այդ ժամանակ արդեն Վահան Բադասյանի գլխավորած փոքր խումբը գտնվում էր Քեսաբի մատույցներում, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Լաթաքիա մեկնել պատրաստվող հայկական խմբերի առջեւ խոչընդոտներ էր հարուցում` փորձելով համոզել մարտական փորձ ունեցող տղաներին չգնալ հայությանն օգնության:
Արցախի իշխանություններն էլ յուրովի արձագանքեցին Վ. Բադասյանի նախաձեռնությանը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորի այս նախաձեռնությունն անվանեց պոպուլիստական, իսկ հաջորդ օրը տեղեկություն տարածվեց, որ վարչապետն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է քեսաբահայերին:
Համառոտակի այսպիսին էր հայության արձագանքը Քեսաբի դեպքերին: Փորձենք քննարկել այս արձագանքի տարբեր բաղադրիչներն առանձին-առանձին:
Վահան Բադասյանի նախաձեռնությունը: Խմբի միակ նպատակը քեսաբահայերի ինքնապաշտպանության կազմակերպումն է: Խմբի գործունեությունն ամբողջովին մարդասիրական է` պաշտպանել անզեն հայությանը, կանանց ու երեխաներին, որոնք ստիպված են եղել ավազակախմբերի հարձակման պատճառով լքել սեփական բնակավայրերը, որտեղ հայությունը բնակվում էր դարեր ի վեր: Պնդումները, թե այս նախաձեռնությունն Արցախի կամ ՀՀ վրա կհրավիրի իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների ուշադրությունը, անհիմն են: Արցախյան պատերազմում ադրբեջանցիների կողմից կռվել են բազմաթիվ վարձկաններ: Փորձել ջիհադիստական կազմակերպությունների «սիրտը շահել» հայության մի հատվածին զոհաբերելով` հիմարություն է: Անհիմն են նաեւ ադրբեջանցիների տարածած լուրերը, թե Արցախից գնացած հայերը գնացել են կռվելու մահմեդականների դեմ:
Ավազակախմբերը, որոնք իրենց իսլամիստական են անվանում, ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ: Դրանք անաստվածներ են, աթեիստներ` քողարկված իսլամի ինչ-ինչ գաղափարների տակ: Ես վստահ եմ, որ նրանցից շատերը նույնիսկ Ղուրան չեն կարդացել: Դրանք ծայրահեղական քարոզիչների դպրոց անցած մարդիկ են, ովքեր չկարողանալով կայանալ` փորձում են այսկերպ վերաիմաստավորել իրենց կյանքը: Իզուր չէ, որ նրանց մի մասն Ադրբեջանից է` աթեիստական երկրից: Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի որոշ հիմնադրամներն էլ ակտիվորեն լրացնում են աթեիստական վակուումը` երիտասարդներին որպես թնդանոթի միս ուղղելով սեփական քաղաքական նպատակների իրականացմանը:
Բադասյանի նախաձեռնությունը կարեւոր է նաեւ հայության ընկալումներում փոփոխություններ մտցնելու համար: Հայը, աշխարհի որ հատվածում էլ հայտնվի վտանգի մեջ, պետք է զգա մյուս հայերի աջակցությունը: «Ազգային վերածնունդ» կուսակցության ծրագրում նշված է, որ արտաքին քաղաքականության բնագավառում կուսակցությունը ձգտում է «Հայության անվտանգության պաշտպանությանը` որպես կարգախոս ընտրելով «ո՛չ այլեւս Դեր Զոր, ո՛չ այլեւս Սումգայիթ» նախադասությունը»: Սա նշանակում է, որ հայության նոր ջարդեր ու ցեղասպանություններ չպետք է թույլ տանք: Այնինչ Քեսաբի բնակչությունն այսօր կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առջեւ, այն էլ` Դեր Զորից ոչ շատ հեռու:
Վահան Բադասյանի նախաձեռնությունը նաեւ խորհրդանշական կողմեր ունի: Արցախյան պատերազմի ժամանակ տասնյակ սփյուռքահայեր շտապեցին Արցախին օգնության, հետպատերազմյան շրջանում Սփյուռքը տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարեց Արցախի ենթակառուցվածքների եւ տնտեսության վերականգնման համար, եւ ժամանակն է, որ Արցախից նույնպես Սփյուռքին աջակցություն լինի նրա մի հատվածի ծանր պահին: Մյուս խորհրդանշական պահն այն է, որ Վահան Բադասյանը Հադրութի Խանձաձոր գյուղից է, որը նույնպես ենթարկվել է տեղահանման խորհրդային զորքերի եւ ադրբեջանցիների նախաձեռնած «Օղակ» գործողության ժամանակ: Միայն տեղի հայության զինված պայքարի պատրաստակամության շնորհիվ այսօր Խանձաձորը եւ Հադրութի այլ գյուղեր հայկական են, իսկ սահմանները` բավականաչափ ընդարձակված:
Չեզոքության բաղադրիչը: Սիրիայի քաղաքացիական պատերազմում, այդ թվում եւ՝ Քեսաբի դեպքերի շուրջ, հայությանը չեզոքության կոչեր են անում մերձավորարեւելյան սփյուռքում մեծ ազդեցություն ունեցող Դաշնակցությունը եւ ՀՀ իշխանություններն` ի դեմս Սերժ Սարգսյանի: Սա ոչ այլ ինչ է, քան պարտվողական քաղաքականություն, պատասխանատվություն ստանձնելու անկարողություն:
Չեզոքությունը, ըստ էության, պայմանավորվածություն է: Ոչ ոք չի կարող հենց այնպես հայտարարել, որ չեզոք է, եւ զերծ մնալ հարձակումներից: Չեզոքությունդ պետք է հարգվի պատերազմող ուժերի կողմից: Այսօր Սիրիայի գործող վարչակարգի դեմ կռվող վարձկանական մի խմբավորում ակնհայտորեն հարձակվել է հայության վրա, գրավել հազարամյա հայկականություն ունեցող բնակավայրեր, ինչի հետեւանքով հայ բնակչությունը տարհանվել է: Այստեղ արդեն չեզոքության մասին խոսք լինել չի կարող: Կամ պետք է կազմակերպել Լաթաքիայի մարզի, այդ թվում Քեսաբի շրջանի հայության ներգաղթը հայրենիք կամ էլ աջակցել նրանց ինքնապաշտպանությանը: Սակայն հայկական պետությունները հայտնվել են այնքան խղճուկ վիճակում, որ այս կամ այն խորհրդարանական վեհաժողովում հարցը բարձրացնելուց բացի այլ գործողություն ի վիճակի չեն անելու: Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Քեսաբի հարցում ցույց է տալիս վերջինիս անկարողությունը եւ վարկաբեկում է Հայաստանը հայության եւ աշխարհի աչքերում: Այն պետությունը, որը չի կարողանում պաշտպանել իր հայրենակիցներին, չի կարող հարգանք վայելել աշխարհում:
Ինչ վերաբերում է չեզոքության մյուս կողմնակցի` Արցախի վարչապետի գնահատականներին, ապա դրան մանրամասն չարժե անդրադառնալ` ծիծաղելի լինելու պատճառով: Հայությանը պաշտպանելը պոպուլիզմ անվանելը, ապա քեսաբահայերին մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելը ոչ այլ ինչ է, քան խնդրի շուրջ գործնական որեւէ քայլ անելու անկարողություն:
ՀՀ ԱԱԾ-ի վարքը: Մի անգամ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը նշել է, որ ծառայության հիմնական նպատակը հայերի նոր ցեղասպանություն թույլ չտալն է: Ցավոք, ՀՀ ԱԱԾ-ը ոչինչ չարեց Քեսաբի դեպքում, երբ հայության մի հատված կանգնած էր ոչնչացման եզրին: Ավելին, այս ծառայությունը փորձեց խոչընդոտել Քեսաբի հայկական ուժերին օգնության շտապող հայաստանյան խմբերին: Այս փաստը ցույց է տալիս, որ ծառայությունը ենթարկվել է խորը դեգրադացիայի, դարձել մահակ վարչակազմի ձեռքում այս կամ այն ուժերին չեզոքացնելու համար:
Վերջաբանի փոխարեն: Հոդվածը գրելու պահին Քեսաբի շրջանում սիրիական բանակը զբաղեցրել էր ավանի վրա արեւմուտքից իշխող լեռնային դիրքը` սեղմելով ահաբեկիչների շրջապատման օղակը: Սա սիրիական կառավարական ուժերի հերթական հաղթանակն էր Քեսաբի շուրջ ռազմավարական բարձունքների ազատագրման գործում: Մնում է հուսալ, որ Քեսաբի ազատագրումը սարերի ետեւում չէ, եւ առաջիկայում հոդվածներ կգրվեն ոչ թե Քեսաբն ազատագրելու, այլն այն վերականգնելու մասին: