Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Միջազգային իրավունքը խուսափում է սուր անկյուններից»

marut
May 2014

Ալեքսեյ Արբատովը կարծում է, որ Ղրիմը եւ ուկրաինական հակամարտությունը մերկացրել են երկու համապարփակ տեսանկյունների հակասությունները

ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը պնդում են, որ նախապատվություն պետք է տալ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, իսկ Ռուսաստանի իշխանությունները հակադարձում են, թե չպետք է անտեսվի նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սա հին վեճ է, պարզապես 1990-ականներին կողմերն ամբողջովին հակադիր դիրքորոշումներ ունեին: Ի՞նչ է տեղի ունեցել եւ որքանո՞վ է մեծ ՄԱԿ-ի Կանոնադրության այս երկու հիմնարար սկզբունքների հակասությունը: «Օգոնյոկ»-ի համար հարցը լուսաբանում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Արբատովը:

– Պարոն Արբատով, Ձեր կարծիքով` նախապատվելի է տարածքային ամբողջականությա՞ն, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունքը:

-Տարածքային ամբողջականությունը մի քանի քայլ առաջ է, թեեւ ազգերի ինքնորոշումը նույնպես ժողովրդավարական հասարակության կարեւոր տարր է: Իրականում այս երկու սկզբունքների հակասությունը բավական հարաբերական է: Ես «իրական քաղաքականության» դպրոցի ջատագով եմ եւ կարծում եմ, որ պետություններն առաջնորդվում են ոչ այնքան սկզբունքներով, որքան սեփական ազգային շահերով, իսկ սկզբունքները ծառայում են այդ շահերի պաշտոնական հիմնավորմանը: Քաղաքական շահերից ելնելով` նախապատվություն է տրվում կա°մ մեկ, կա°մ մյուս սկզբունքին: Լավ է, երբ ազգային շահերն ու սկզբունքները համընկնում են, բայց եթե ոչ` դարձյալ հոգ չէ: Ասածս կարող է ցինիկաբար հնչի, բայց հարցը հաճախ մեկնաբանվում է այսպես. ինձ եւ իմ դաշնակիցների համար` տարածքային ամբողջականություն, իսկ հակառակորդների համար` նրանց տարածքում ապրող ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Ընդ որում, ինքնորոշման սկզբունքի իրացման ձեւերն, իհարկե, բազմազան են եւ դրանից ամենեւին ոչ բոլորն են ենթադրում ինքնանջատում (սեցեսիա): Անկախության հռչակումը բացառիկ դեպք է, որը միջազգային իրավունքում պետք է ըստ էության եւ մանրակրիտ կանոնակարգվի, բայց դա ցայսօր արված չէ: Ոչ մի տեղ կանոնակարգված  չեն ինքնանջատման թույլատրելիության չափորոշիչները, ինչպես նաեւ` ինքնանջատման իրավունքի իրացման մեխանիզմը: Օրինակ, պարզ չէ, թե ո՞ր կազմակերպությունները պետք է որոշեն, թե առանձին վերցված ո՞ր իրավիճակն է համապատասխանում ինքնանջատման պահանջներին՝ հնարավոր կամայական մեկնաբանություններից կամ սադրանքներից խուսափելու համար:  Չէ՞ որ արտաքին միջամտությունը սադրելու ակնհայտ նպատակով հնարավոր է ինչ ասես բեմադրել՝ անգամ ցեղասպանություն (վկա` Հարավսլավիայում 1990-ական թվականների իրադարձությունները): Սակայն, միջազգային իրավունքն առայժմ ընթանում է սուր անկյուններից խուսափելու ուղիով: Դա պայմանավորված է ոչ թե իրավաբանների տգիտությամբ կամ երկչոտությամբ, այլ այն պարզ պատճառով, որ քաղաքական գործիչները չեն ցանկանում սահմանափակել իրենց հնարավորությունները:

-Եվ որքա՞ն կտեւի նման իրավիճակը:

-Եթե մեզ բոլորիս` Ռուսաստանին եւ Արեւմուտքին հաջողվի առանց մեծ կորուստների եւ զոհերի դուրս գալ ուկրաինական ճգնաժամից, ապա այդ աշխատանքը կարելի է կատարել: Իմ կարծիքով, ակներեւ է, որ այս պարագայում չի կարելի դիմել միայն ուժի իրավունքով հարցը լուծելու գայթակղությանը: Ի՞նչն է հարուցել ամերիկացիների այսչափ սուր արձագանքը: Նրանք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ են զգացել Ռուսաստանի իշխանություններն ու ժողովուրդը, երբ ՆԱՏՕ-ն միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ ռմբակոծում էր Հարավսլավիան:  Միացյալ Նահանգները լրջորեն զայրացել են` Ռուսաստանին հակադարձելու իրենց փաստացի անկարողությունից: Հարավսլավական դեպքերի ժամանակ նրանք պաշտպանում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ռուսաստանը հակված էր նախապատվելու տարածքային ամբողջականությունը: Այժմ ամեն ինչ հակառակն է. . .

-Իսկ ինչո՞ւ են Արեւմուտքն ու Ռուսաստանը սկզբունքներ ճոճում իրար վրա:

– Խնդիրը սկզբունքները չեն, այլ պետությունների միջեւ հարաբերությունները: Սառը պատերազմի ավարտից հետո ռուսաստանյան քաղաքականության եվրոպամետ ուղղվածությունն ակնհայտ էր: Այդ տարիներին Ռուսաստանը պաշտպանում էր իր տարածքային ամբողջականությունը՝ տարածելով այս մոտեցումը նաեւ իր սահմաններից դուրս՝ ողջ հետխորհրդային տարածության վրա: Թեեւ հենց այն ժամանակ են ձեւավորվել մի շարք մեկուսատարածքներ` Ղարաբաղը, վրաստանյան ինքնավարությունները, Մերձդնեստրը: Արեւմուտքում ԱՄՆ առաջնորդությամբ հռչակվել է միաբեւեռ աշխարհի հայեցակարգ` «խորհրդային կայսերապաշտության» վերընձյուղումը կանխելու կարգախոսի ներքո: Ռուսաստանը հակադարձել է բազմաբեւեռ աշխարհի հայեցակարգով, որում նա կարող էր դառնալ ուժի կենտրոններից մեկը: Քանի որ Ռուսաստանը տնտեսապես ի վիճակի չէր մրցել Չինաստանի, Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ` Մոսկվան ընթացել է հետխորհրդային տարածությունում դաշինք ձեւավորելու ճանապարհով: Խոսքը ԱՊՀ-ի, Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի եւ այլնի մասին է: Աշխարհում դաշնակիցների մեծ դաշինք կարողացել է հավաքագրել միայն ԱՄՆ-ն: Դաշնակից պետությունների դաշինք ձեւավորելը յուրաքանչյուր գերտերության պատվի եւ հեղինակության խնդիր է: Ոչ Եվրամիությունը (որպես հավասար շատ  երկրների դաշինք) եւ ոչ էլ Չինաստանն, օրինակ, այդպիսի դաշինք չունեն: Այսօր սոսկ միջուկային տերություն լինելը նույնքան հեղինակավոր չէ, որքան 1990-ականներին կամ առավել եւս` 1970-ականներին:

– Ինչո՞ւ:

-Միջուկային ռումբը դառնում է ոչ թե առաջատար, այլ «աղքատ» տերությունների զենքը` Պակիստան, Հյուսիսային Կորեա, ենթադրաբար` Իրան… Միջուկային զենքը պաշտպանում է երկիրը ուղիղ ռազմական ագրեսիայից, բայց այլեւս չի երաշխավորում միջազգային հարաբերությունների համակարգում առաջատար դերակատարում ունենալը, բացառությամբ այդ զենքին անմիջապես առնչվող հարցերի: Այլ բան է` բլոկները: Այս երկու ուղղությունները` ԽՍՀՄ վերականգնումը չթույլատրելու Արեւմուտքի քաղաքականությունը եւ Ռուսաստանի` հետխորհրդային տարածությունում բլոկ ձեւավորելու ռազմավարությունը վաղ թե ուշ պետք է միմյանց բախվեին: Այդ բախումը տեղի է ունեցել դեռեւս 2008թ. … Բայց դրանից ոչ ոք ոչ մի եզրակացություն չի արել: Արեւմուտքն, օրինակ, հրաժարվել է քննարկել  Մոսկվայի առաջարկած եվրոպական անվտանգության նոր պայմանագրի եւ նմանատիպ հակամարտությունները կանխելու ունակ կազմակերպության ստեղծման գաղափարները, պնդելով, թե առկա կառույցները միանգամայն բավական են` ծագող խնդիրները հանգուցալուծելու համար:

– Ռուսաստանը պատմության միեւնույն փոցխին է կրկին ոտք դնում: Ինչո՞ւ:

-Կա տեսություն, ըստ որի ռուս ժողովուրդը չի կարող ապրել ազգային սահմաններում. իբր դրանցում նա մոլորվում ու հետադիմում է: Ասվում է, որ նրա պատմական առաքելությունն իր երկրից դուրս ինչ-որ աշխարհացունց նպատակ իրականացնելն է. նախկինում այն սլավոնների կամ ուղղափառների միավորումն էր, այնուհետեւ` կոմունիզմի համաշխարհային հաղթանակը, իսկ այժմ` Ռուսաստանի սահմաններից դուրս ապրող ռուսների հետ վերամիավորվելը: Խնդիրն այն է, որ «առաքելական նպատակն» ընդունակ է ամբողջովին տիրել մարդկանց ուղեղին եւ շեղել նրանց ներքին խնդիրների եւ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների իրականացումից, իսկ դա վաղ թե ուշ հանգեցնում է ծայրահեղ ցնցումների: Ռուաստանի պատմության մեջ դա առնվազն երեք անգամ եղել է` 16-րդ դարավերջում, 1917 եւ 1991 թվականներին: Ընդհակառակը, երբ Ռուսաստանում զբաղված էին լինում սոցիալ-տնտեսական բարեփոխումներով, ինչպես, օրինակ, Ալեքսանդր Բ-ի, Ստոլիպինի եւ Վիտտեի օրոք, ապա, որպես կանոն, արտաքին քաղաքականությունում «առաքելականության» ժամանակ չի մնում:

– Լենինը գրում էր, որ ԱՄՆ-ին միավորել է արտաքին սպառնալիքը եւ հարց էր տալիս` արդյո՞ք այն օգնելու է նաեւ Ռուսաստանին, որպեսզի ազգային ծայրամասերը միավորվեն ռուսական կենտրոնի հետ: Դուք ի՞նչ կպատասխանեիք:

-Այն օրերից շատ բան էր փոխվել: Ռուսական կայսրությունը պատմականորեն երեք ճանապարհով էր ստեղծվում` քաղաքակրթության տարածմամբ (շրջապատի նկատմամբ, սակավ բացառություններով, Ռուսաստանը սոցիալ-տնտեսապես ամենազարգացած երկիրն էր), ռազմական ճանապարհով (պաշտպանություն կամ գրավում) եւ որոշակի վեհ գաղափարախոսության (ուղղափառություն, կոմունիզմ) սփռմամբ: Երբեմն գնացել են դրանցից մեկի ուղղությամբ, երբեմն էլ համատեղել են երեքն էլ: Այսօր Ռուսաստանն Ուկրաինայի (բացառությամբ հարավ-արեւելյան նահանգների), Մոլդովայի կամ Վրաստանի համար տնտեսական զարգացման գրավիչ մոդել չէ: Այս երկրներում Ռուսաստանով հետաքրքրված են լավագույն դեպքում բնակչության առավել կարիքավոր շերտերն` աշխատանք գտնելու կամ զեղչված էներգակիրներ ստանալու ակնկալիքով: Գաղափարախոսությունը նույնպես շատ արդյունավետ գործիք չէ` վերջինիս անհստակության եւ եկեղեցու` պետությունից անջատված լինելու պատճառով: Առավելագույնը, ինչ Մոսկվան կարող է առաջարկել` «ռուսախոսների վերամիավորումն» է, թեեւ խոսքը մարդկանց համեմատաբար փոքր թվաքանակի մասին է:  Գոյություն ունի նաեւ ռազմական ճանապարհը, բայց արդի պայմաններում այն չարաշահելը վտանգավոր է եւ թանկ…

-Այսինքն, Ռուսաստանին չի՞ հաջողվել տնտեսապես գայթակղել Ուկրաինային:

– Այո°, բայց դա հաջողվել է Եվրամիությանը (անգամ ԵՄ-ի ապրած տնտեսական ճգնաժամի օրերին): Ուկրաինայի բոլոր նախագահները վաղ թե ուշ հայացքն ուղղում էին դեպի Արեւմուտք: Յանուկովիչն էլ բացառություն չէր: Մոսկվայում դրան, հավանաբար, լուրջ չէին վերաբերվում, ուստի եւ չէին հավատում այդպիսի ելքի հնարավորությանը մինչեւ այն պահը, երբ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնության ստորագրմանը մի շաբաթ էր մնացել: Այս հանգամանքը Մոսկվայի աչքից մասամբ վրիպել է 2012 թվականից ի վեր եվրասիական ուղղությամբ սեւեռուն քաղաքականություն վարելու պատճառով: Յանուկովիչի տապալումից եւ Կիեւում իշխանության գրավումից հետո Ռուսաստանը շեշտը դրել է Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա` զուգակցելով այն այսպես կոչված «փափուկ» ռազմական ուժի շատ արդյունավետ եւ ընտրովի կիրառմամբ: Իհարկե, Ռուսաստանի տնտեսական եւ ռազմական հզորությունը համեմատելի չէ ԽՍՀՄ ունեցածին, բայց Ղրիմի համար այն բավարար էր: Զուտ տեսականորեն այն բավարար է նաեւ հոծ ռուսական բնակչություն ունեցող Արեւելյան Ուկրաինայի, Մերձդնեստրի եւ Հյուսիսայի Ղազախստանի միացման համար: Այլ հարց է, որ այսպես շարունակելը հղի է ամենալուրջ միջազգային հետեւանքներով: Ռուսաստանը կարող է հայտնվել արտաքին աջակցությամբ նրան ներսից քանդել ձգտող թշնամական պետությունների շրջապատում:

– Նրանք դեռեւս զերծ են մնում կոշտ պատասխանից…

– Ամերիկացիներն անակնկալի են եկել. նրանք այսպիսի բան չէին սպասում ու պատրաստ չեն եղել: Վաշինգտոնում համոզված էին, որ Ռուսաստանը հաշտվելու է Կիեւի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ. չէ` որ այն ՆԱՏՕ չէ, չէ՞ որ ոչ ոք անգամ չի խոստացել Ուկրաինային ԵՄ կազմ ընդունել: Ամերիկացիները հաշվի չեն առել, որ վերջին 20 տարիների ընթացքում Եվրամիության ընդլայնումն ընթանում էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը զուգահեռ: Այդ տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցած համարյա բոլոր երկրները ԵՄ անդամ էլ են դարձել:  Կրեմլի համար դեպի Եվրամիություն Ուկրաինայի շրջադարձը նշանակում էր, որ որոշ ժամանակ անց նա ինքնաբերաբար դառնալու է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ: Կրեմլի համար անընդունելի էր կորցնել հետխորհրդային տարածությունում Ռուսաստանից հետո երկրորդ ամենախոշոր երկիրը: Դրանից հետո էլ ի՞նչ դաշինք, ի՞նչ Եվրասիական միություն: Բելառուսը, Ղազախստանը կամ Ղրղզստանը դրա համար բավարար չեն… Հատկապես, որ Աստանան վարում է ինքնուրույն բազմավեկտորային քաղաքականություն (Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ), իսկ Բելառուսի հետ մենք առանց այդ էլ կառուցում ենք դաշնային պետություն:

-Իսկ Ուկրաինային կընդունեի՞ն ԵՄ:

– Ժամանակին այս հարցին իրեն հատուկ առեղծվածային ոճով պատասխանել էր անմոռանալի Վիկտոր Չեռնորմիրդինը: Երբ նրան, որպես Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի, լրագրողները հարցրել էին, թե Թուրքիայի եւ Ուկրաինայի պարագայում ո՞ր երկիրն ավելի շուտ կանդամակցի Եվրամիությանը, նա անմիջապես պատասխանել է` Ուկրաինան: Իսկ երբ նրան հարցրել էին` ե՞րբ, նա ասել է` երբեք:

– Իսկ Ուկրաինային կընդունե՞ն ՆԱՏՕ:

– Չլուծված տարածքային խնդիրներ ունեցող երկիրը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Հազիվ թե Դաշինքի 28 անդամ-երկրներն այս հարցում միաձայն քվեարկեն: Այնտեղ կան շատ ողջամիտ քաղաքական գործիչներ, որոնք չեն կամենում իրենց վրա բարդել ուկրաինական խնդիրների ողջ ծանրությունը: Բայց Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հակամարտության սրման դեպքում ՆԱՏՕ-ն, հավանաբար, Ուկրաինային ռազմական աջակցություն կցուցաբերի: Հնարավոր է նաեւ ԱՄՆ-ի հետ երկկողմանի դաշինք… Ամերիկացիները սովոր չեն զգալ իրենց այնպես, ինչպես Ռուսաստանը 1999 եւ 2003 թվականներին  (Հարավսլավիայի եւ Իրաքի դեմ արեւմտյան պետությունների դաշինքի ագրեսիայի ժամանակ):

– Ձեր կարծիքով, Ղրիմի պարագայում ո՞րն էր Կրեմլին գործողությունների դրդած վճռական գործոնը` թերակղզում ՆԱՏՕ-ի ռազմակայանների հայտնվելու վա՞խը, թե՞ փետրվարի 21-ի պայմանավորվածությունների ոտնահարումը:

– Երկրորդը: Ո°չ դեկտեմբերին, եւ ո°չ էլ հունվարին Սեւաստոպոում ՆԱՏՕ-ական ռազմանավերի մասին ոչ ոք չէր խոսում: Բայց հանուն արդարության պիտի ասել, որ մենք չենք կարող կանխատեսել, թե ի՞նչ տեղի կունենար հետագայում, եթե… Իսկ եթե գալիք տասնամյակի ընթացքում Ուկրաինան մտնե՞ր ԵՄ եւ ապա անդամակցե՞ր ՆԱՏՕ-ին: Տեսականորեն իրադարձությունների այսպիսի զարգացումը բացառել չէր կարելի: Այլ հարց է, թե որքանո՞վ է այս ամենն ազդել Ղրիմի հարցով Կրեմլի որոշման կայացման վրա: Կարծում եմ, որ չի ազդել: Այս փաստարկները հետին թվով են առաջ քաշվել, ինչպես եւ այն պնդումները, թե ղրիմցիներին «բարթուղիմեոսյան  գիշեր» էր սպասվում:

– Դուք ինքներդ հավատո՞ւմ էիք կոտորածների հավանականությանը:

– Առանձնապես չէի հավատում… Ղրիմում Ռուսաստանի աջակցությամբ շատ արագ ձեւավորվել են ինքնապաշտպանական ուժեր: Եթե կոտորածներ սկսելու փորձ արվեր, ապա ռուսական զորքերն այնտեղ չէին մտնի «լուռ եւ քաղաքավարի զինվորներով», այլ` տանկերով, թնդանոթներով եւ ռազմօդային ուժերով, ու նրանց ոչ ոք չէր կանգնեցնի:  Այսպես ժամանակին զորքերը մտել էին Չեխոսլովակիա կամ Աֆղանստան: Դա չէին կարող չհասկանալ մարդիկ, որոնք ղրիմցիների նկատմամբ նման ծրագիր կարող էին մշակել: Մյուս կողմից, պետք չէ մոռանալ Սեւծովյան ռազմածովային նավատորմի եւ վերջինիս հետեւակային ու ռազմաօդային ուժերի մասին: Այդ զորքերը կարող էին շրջափակել Ղրիմում գտնվող ուկրաինական ստորաբաժանումները` կանխելով դրանց օգտագործման հնարավոր փորձը «Ռուսաստանի հետ վերամիավորվելու» շարժումը ճնշելու համար: Նշեմ նաեւ, որ ուկրաինական զորամասերը նույնպես կրակել չէին կամենում: Կիեւն էլ նրանց զինված գործողությունների չէր մղում: Լավ է, որ այսպիսի զսպիչ գործոնը դեռ երկուստեք աշխատում է:  Սակայն Կիեւում իշխանության եկած անձինք չարաչար սխալվել են մեկ այլ տեղ. լեզվի մասին օրենք ընդունելու փոխարեն նրանք, օրինակ, կարող էին ընդունել 1992թ. Ղրիմի սահմանադրւթյունը վերականգնելու մասին որոշում: Այդ դեպքում իրավիճակը, թերեւս, այլ կերպ զարգանար… Իսկ այժմ Ուկրաինան կանգնած է երկընտրանքի առջեւ` կա°մ դաշնայնացում  (ապակենտրոնացում, ժողովրդավարացում), կա°մ տրոհում:

– Ո՞ր պահին է բացվել Պանդորայի արկղը` Կոսովոյո՞ւմ, Վրաստանո՞ւմ, թե՞ Ուկրաինայում:

– Եթե հետխորհրդային տարածությունում ստեղծվեր այլ իրավիճակ, եթե Ռուսաստանը չշեղվեր եվրոպական ուղղուց, իսկ Արեւմուտքը, ամեն գնով փորձելով դուրս մղել Ռուսաստանին ԱՊՀ-ից,  չդրդեր նրան, ապա Կոսովոն սոսկ նախադեպ կմնար: Բայց Ռուսաստանն ու Արեւմուտքը սպասելիորեն ներքաշվել են հետխորհրդային տարածությունում գերակայության համար պայքարի մեջ, իսկ Կոսովոն նախադեպ է հանդիսացել Հարավային Օսիայի, Աբխազիայի, իսկ այժմ նաեւ Ղրիմի անջատման համար: Խնդիրը ոչ թե որպես այդպիսին նախադեպ ունենալու, այլ դրանից ինչ-ինչ պայմաններում օգտվելու ցանկության մեջ է: Այս հարցի առնչությամբ միջազգային իրավունքը լռում է, իսկ յուրաքանչյուր տերություն այն սպասելիորեն մեկնաբանում է իր օգտին:

– Պարզվում է, որ ՄԱԿ-ի համակարգն այլեւս ի վիճակի չէ պետություններն իրենց սահմանների մեջ պահել…

– Այս սկզբունքը որոշ վերապահումներով գործում է միայն Եվրոպայում: Այսպես` Հարավսլավիան մասնատվել է սարսափելի պատերազմի ընթացքում, Չեխոսլովակիան` բարիդրացիաբար, իսկ ԽՍՀՄ-ը` համեմատաբար խաղաղ ճանապարհով, թեեւ վերջինիս անկումից հետո բռնկված հակամարտություններում մեծ արյուն է թափվել: Գերմանիան միավորվել է այն ժամանակվա ԳԴՀ-ի քաղաքական համակարգի փլուզման շնորհիվ: Սահմանները փոփոխվել են, պարզապես 1945 թվականից ի վեր չի եղել մի դեպք, երբ մի պետությունն իրեն միացներ մյուս պետության որեւէ մաս: Հենց այս հանգամանքն է Արեւմուտքում այսչափ մեծ զայրույթ առաջացրել: Բայց հստակ միջազգային կանոնների բացակայության պայմաններում ինքնանջատման օրինավորության շուրջ բոլոր վեճերը տեղափոխվում են բարոյականության ոլորտ… Ռուսաստանի հասարակական կարծիքի համար կարեւոր է ոչ թե այն, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին տեղի է ունեցել անկախության փուլի բացթողմամբ, այլ այն, որ ռուսական զորքերը չեն կրակել, իսկ ինքնաթիռները չեն ռմբակոծել: Ռուսաստանցիների համար անընդունելի էր հենց Կոսովոյի դեպքը, երբ հելսինկյան բոլոր նորմերի խախտմամբ Եվրոպայի կենտրոնում ռմբակոծվում էր եվրոպական երկիրը, որին հետեւել է սերբ փախստականների զանգվածային արտահոսքն ու ամեն ինչ ավարտվել է այդ տարածքի անջատմամբ, թեեւ Կոսովոյի անկախանալու պահին այլեւս գոյություն չունեին պատերազմ հարուցած ելակետային պատճառները (Միլոշեւիչը մահացել էր բանտում, իսկ Սերբիան ձգտում էր ԵՄ): Արեւմուտքի համար էլ անընդունելի է, որ Ռուսաստանն իրեն է միացրել 60 տարի այլ պետությանը պատկանած տարածքը:

– Ըստ Ձեզ, արդյո՞ք գոյություն ունի պետությունների մասնատման սոցիալ-տնտեսական պահանջարկ:

– Որքան էլ տարօրինակ հնչի` այո°: Անգամ Եվրամիության պես բարեկեցիկ գոտիներում, որտեղ ազգային սահմանները կորցնում են նշանակությունը, պարբերաբար ծագում են անջատման օգտին շարժումներ` Շոտլանդիայում, Կատալոնիայում, Հյուսիսային Իտալիայում… Խոսքը ոչ այնքան դե-յուրե կամ դե-ֆակտո անջատվելու, որքան այդ ուղղությամբ ցուցադրաբար քաղաքական քայլ կատարելու եւ դրա շնորհիվ տնտեսական ավելի շահավետ պայմաններ կորզելու մասին է` թե° Կատալոնիայի, եւ թե° Հյուսիսային Իտալիայի պարագայում: Շոտլանդիան բացառություն է. նրա հետեւում կա դարավոր պատմություն եւ եթե նրան վիճակված է անջատվել, ապա դա տեղի կունենա խաղաղ ճանապարհով եւ կենտրոնական կառավարության համաձայնությամբ:

– Ներկայումս աշխարհում կան 220 երկրներ եւ 2500 ազգեր…

– Խոսքը հենց այն մասին է, որ բացի Եվրոպայից այս գործընթացն առկա է նաեւ ամենաանկայուն տարածաշրջաններում, որոնց չկայացած պետություններում  մոլեգնում են ազգային կամ ցեղային ատելությունը, աղքատությունը եւ բացարձակ իրավազրկությունը: Անվերջանալի արյունահեղ հակամարտությունները կանխելու համար հարկ է միջազգային մակարդակով ամրագրել ինքնանջատման պայմանների եւ գործընթացի իրավական չափանիշները եւ այդ հարցում առավելագույնս ապահովել գերտերությունների համաձայնությունն ու համագործակցությունը:

Զրույցը վարել է Սվետլանա Սուխովան

«Օգոնյոկ», N16, 28.04.2014 թ.

Աղբյուրը՝ http://www.kommersant.ru/doc/2447930

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.