Դր. Ջոն ՄԱԼԿՈԼՄ (Dr. John MALCOLM)
«Ֆլամանդական ներդրողների ֆեդերացիայի»
եւ «Ֆլամանդական Ազատագրում միացյալ կուսակցության» անդամ Գենտ, Բելգիա
Արեւելյան Եվրոպայի բոլոր այն երկրներում, ներառյալ Ռուսաստանը, որտեղ նախկինում գործում էր կոմունիստական կուսակցությունը, ժողովուրդը կոմունիստական գաղափարախոսության նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել, մինչդեռ Արեւմուտքում դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգանում է ձախական ամբողջատիրական կառավարման ձեւը, որտեղ «մեծ եղբայրն» անընդհատ բոլորին հետեւում է:
Իրականում, դաշնային պետության կառավարման կարգի եւ միջազգային տնտեսական վիճակագրության համաձայն Բելգիան ներկայումս պատկանում է այն երկրների շարքին, որտեղ պետական ծախսերը մեծացնում են տարեկան բյուջեն, եւ միայն Ճապոնիան է տնտեսությունից նկատելի օգուտ ստանում:
Վերլուծելով Դե Գուխտի գործի շուրջ ստեղծված իրավիճակը` մենք մի կողմից կարող ենք եզրակացնել, որ մեր կառավարման ձեւի մեջ «գաղտնապահության» հետքն անգամ չի մնացել, այլ կա միայն լրտեսություն ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր իսկ դաշնակիցների, մասնավորապես` ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունների կողմից, իսկ մյուս կողմից էլ` մեր երկրում դեռեւս գործում է «Խորհրդային Միության» ռեժիմը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման ռեժիմը դատապարտելու փոխարեն Բելգիան ավելի լավ է խոստովաներ, որ մեր օլիգարխներն էլ պետական գանձարանից հսկայական գումարների թալանից հետո փախչելու սովորություն ունեն, իսկ հարկային փաստաբան եւ VUB համալսարանի հարկային իրավունքի պրոֆեսոր Միշել Մաուսը հայտարարում է, որ անհետաձգելի անհրաժեշտություն է հուսալի ու վստահելի ֆինանսական կոմիտեի ստեղծումը:
«Արաբական գարունը» հանգեցրել է արեւմտյան քաղաքականությունից լիակատար հրաժարվելուն, իսկ քրիստոնյաները պետք է վճարեին դրա համար: Դա հանգեցրել է տարածաշրջանի բազմակրոն բնույթի ավարտին, մինդեռ Եվրոպան շարունակում էր անհողդողդ այլ կողմ նայել:
Մ.թ.ա. առաջին հազարամյակից ի վեր եւ մինչեւ արդի ժամանակները քրիստոնեական համայնքները չեն կարողացել գոյատեւել Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի կամ Թուրքիայի պես երկրներում: Սիրիան եւ Լիբանանն արեւելյան քրիստոնյաների վերջին համեմատաբար անվտանգ ապաստանավայր էին: Միաժամանակ, գոյություն ունի որոշակի հավասարակշռություն Ռուսաստանի եւ Իրանի կողմից սատարվող նախագահ Բաշար Ասադի եւ Արեւմուտքի, Թուրքիայի, արաբական սուննի պետությունների եւ Ալ-Ղաիդայի կողմից աջակցվող ապստամբների միջեւ:
Ահա թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հանկարծակիորեն որոշել իր քայքայիչ գործունեությունը «փոխադրել» դեպի Սեւ ծով եւ, մասնավորապես, Ուկրաինա, դրանից բխող բոլոր հետեւանքներով, մինչդեռ Ղրիմը, Սեւաստոպոլը` Ուկրաինայի հարավ-արեւելյան հատվածը՝ Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի եւ Օդեսայի հետ միասին Ռուսաստանի համար ակնհայտորեն «կազուս բելլի»` պատերազմի պատրվակ են հանդիսանում: Այս գործողությունները գիտակցաբար Կրեմլին էին հասցեագրված, որը լրջորեն է վերաբերվում ոչ միայն տեղի բնակչության էթնիկական պատկանելության հանգամանքին, այլեւ Ռուսաստանի Դաշնության «սահմանների խորությանը»:
Երկիր ներխուժած Նապոլեոնի եւ Հիտլերի դեմ նախորդ մեծ ճակատամարտերում Ռուսաստանն ամեն գնով փորձում էր հետ մղել գրոհները Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա-Վոլգոգրադ ռազմավարական գծի ուղղությամբ: Այսօր բալթյան երկրների արեւելյան սահմանից (լայն իմաստով` պատմական Արեւելյան Պրուսիայի) մինչեւ Սանկտ-Պետերբուրգ ընկած տարածությունը զգալիորեն կարճ է դարձել:
Միացյալ Նահանգները չպետք է միջամտեն Եվրոպայի քաղաքականությանը: Սա անընդունելի է այնպես, ինչպես անընդունելի կլիներ Ռուսաստանի կամ Եվրամիության միջամտությունը Հյուսիսային Ամերիկայում մնացած սակավաթիվ հնդիկների իրավունքների եւ շահերի պաշտպանության հարցերին: Գազպրոմը ստիպված է այլ շուկաներ որոնել, քանի որ կարճաժամկետ կտրվածքով դեպի Չինաստան տանող խողովակաշարի կառուցումը դեռ չի ավարտվել:
ԱՄՆ-ն դեռեւս բավարար հնարավորություններ չունի Եվրոպային գազ մատակարարելու, ինչպես նաեւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար (ըստ երեւույթին` դա մերձավոր հեռանկար չէ): Ուստի, մենք` եվրոպացիներս, ռուսների հետ միասին պետք է շարունակենք հենվել մեր ընդհանուր եվրոպական աշխարհի վրա:
«Դրանգ նախ Օստեն»
Գեբելսն այս մարտակոչն էր Հիտլերի ականջին փսփսում «Բարբարոսա» գործողությունից, այսինքն` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խորհրդային Միության վրա գերմանական զորքերի հարձակումից առաջ: Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Արեւմուտքն առանց դույզն իսկ մտածելու նույն կարգախոսը գործնականում հիմա էլ է օգտագործում, քանի որ ներկայումս միայն Ռուսաստանն ու Չինաստանն են շարունակում մնալ այն երկրներ, որոնց իրավունքների հետ նա ստիպված է ակամա հաշվի նստել` նկատի ունենալով Սիբիրում եւ Տիբեթում չօգտագործված բնական ահռելի պաշարների գոյությունը:
Վոլգոգրադն այսօր ՌԴ-ի համար նույնքան մեծ ռազմական կարեւորություն է ներկայացնում, որքան Ստալինգրադը Խորհրդային Միության համար: Ի վերջո, Վոլգոգրադը դեպի նավթային հարստությամբ լի Կովկաս եւ Կասպից ծով ճանապարհ բացող դարպասն է: Ի դեպ, Երկրոդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան անհամբեր սպասում էր Ստալինգրադի անկմանը` Կովկաս ներխուժելու եւ պանթուրանական «վերամիավորումն» իրականացնելու մեծ հույսով:
Ավելին՝ ռեւանշիստական գաղափարները դեռեւս կենդանի են Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրների ֆաշիստական շրջանակներում, ինչպես նաեւ Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում: Արեւմուտքն անընդհատ ձգտում է ՆԱՏՕ-ի նորանոր ռազմակայաններ ստեղծել Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ: Եվրոպական հասարակական կարծիքին ամենամեծ անհանգստություն են պատճառում անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ի կողմից մարտավարական Joint Strike Fighters կործանիչները եւ այսպես կոչված «խելացի» միջուկային B61 ռումբեր կրող «Սթելս» ռմբակոծիչները եվրասիական մայրցամաքում օգտագործելու հնարավորությունը:
Եվրոպայի բնակչությունը միշտ տուժել է անթիվ-անհամար պատերազմներից եւ բազմաթիվ արտաքին ներխուժումների զոհ է դարձել, մինչդեռ երկու օվկիանոսների բնական պաշտպանության ներքո գտնվող ԱՄՆ-ն 1863թ. քաղաքացիական պատերազմից հետո ոչ մի պատերազմ իր տարածքում չի տեսել: Իհարկե, Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ ամերիկացիները ձեւավորել են Եվրոպայում պատերազմած էքսպեդիցիոն կորպուսը, իսկ ապա ստեղծելով ՆԱՏՕ-ն` որպես պաշտպանական ատլանտյան դաշինք, սկսել են ագրեսիվորեն միջամտել Հարավսլավիայում, Իրաքում եւ Լիբիայում առկա հակամարտություններին:
«Դրանգ նախ Օստեն»` ահա թե ինչպես է ինքնիրեն տրամադրում Արեւմուտքն այդ պարբերական արշավանքների դեմ: Ռուսաստանը գիտի, թե ինչպես լավագույնս պաշտպանի իրեն: Կրեմլը շատ լավ էլ գիտի Արեւմուտքի մարտավարությունը, որն ինքն էլ այժմ Ուկրաինայում է կիրառում: Այն, ըստ էության, չի տարբերվում Արեւմուտքի «Արաբական գարնան» մարտավարությունից: Ուկրաինայի արեւմտյան մասն անկայուն է բնակչության էթնիկական կազմի պատճառով, մինչդեռ երկրի արեւելյան նահանգների բնակչությունը շատ ավելի միատարր է եւ ռուսերեն է խոսում:
Երկու համաշխարհային պատերազմների ընթացքում ամերիկացիներն օվկիանոս են հատել ոչ թե Եվրոպայի հանդեպ անկեղծ սեր տածելու, այլ Եվրոպայում իրենց շահերը պաշտպանելու համար: Ամերիկան չի կարող հանդուրժել եվրոպական շուկայի կորուստը, թեեւ քաջատեղյակ է, որ Արեւմտյան Եվրոպան մտադիր է Արեւելքում սեփական շահերը պաշտպանել: Արեւելյան Պրուսիան վերադարձված է, Արեւմտյան Ուկրաինայի հարցում, հավանաբար, որոշակի ծրագրեր կան, այնպես որ առկա է դեպի Կովկաս եւ Սիբիր շարժվելու անթաքույց ձգտում:
Դժվար է հասկանալ, թե ինչպես է Կրեմլը թույլ տվել արտգործնախարար Լավրովին Ժնեւում ԱՄՆ ներկայացուցչի հետ բանակցային սեղանի շուրջ նստել եւ քննարկել միանգամայն եվրոպական խնդիր հանդիսացող ուկրաինական հարցը, որը պետք է եվրոպացիների հոգածության առարկա լինի` ամերիկացիներին եվրոպական գործերին միջամտելու ոտնձգություններից հեռու պահելու համար: Եվրոպական Միությունն ու Ռուսաստանը բավարար փորձառություն ունեն հարցն առանց օտարերկրյա գործակալների խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: