Կամ` երկրորդ օպերատորին սպասելիս
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
«Ղարաբաղ տելեկոմի» մասին շատ-շատ է գրվել: Ե՛վ մենաշնորհի, ե՛ւ անհամարժեք սակագների, ե՛ւ «անհասկանալի» բաժանորդավճարի մասին: Որպեսզի փոքր ինչ նորովի լինի հոդվածս` որոշեցի պարզել վերջին տարիներին բջջային կապի կանխիկ ծառայությունից օգտվողների քանակը ու ՂՏ-ի բարեգործությունների դրամային համարժեքը:
Մտահղացումս շատ բարդ չէր` կշեռքի մի նժարին պիտի դնեի տարեկան բաժանորդավճարներից ստացված եկամուտը (1200 x օգտատերերի թիվը x 12 ամիս), մյուս նժարին` բարեգործությունների տարեկան գումարը (մեզ մոտ քանիցս բարձրաձայնվել է այն միտքը, որ ՂՏ-ի լավագույն բարեգործությունը 1200 դրամանոց բաժանորդավճարից հրաժարվելը կլիներ): Երկրորդ տվյալը (բարեգործությունների միագումարը) ստացա նամակով` «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Գարեգին Օդաբաշյանի ստորագրությամբ: Առաջին տվյալը (օգտատերերի քանակը) այդպես էլ չհաջողվեց պարզել:
ԼՂՀ Վիճակագրական ծառայության կայքում ներկայացված է բջջային կապի ընդհանուր բաժանորդների քանակը. 2010 թվականին` 51.6 հազար, 2011-ին` 56.7, 2012-ին` 54.7, իսկ մի քանի ամիս առաջ ՂՏ ծառայությունից դժգոհ օգտատերերի հետ հանդիպման ժամանակ Օդաբաշյանը խոսեց 95 000 բջջային բաժանորդի մասին (www.artsakh.tv/am/news/show/5881): Պարզելու համար, թե սրանցից քանիսն են կանխիկ ծառայությունից օգտվում (20-ով համարները), մի իսկական ոդիսական ունեցա ու արդեն չեմ հիշում, թե քանի ատյան եմ դիմել բանավոր ու գրավոր` տեղեկություն ստանալու համար: Գրել եմ Արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը ու ստացել հետեւյալ պատասխանը.
Մոտավորապես նույն պատասխանն եմ ստացել վիճակագրական ծառայությունից` բանավոր:
Իսկ ամենաարտառոցը Օդաբաշյանի պատասխանն էր.
Նման է փակ շղթայի. Արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից ուղարկում են «Ղարաբաղ տելեկոմ», այնտեղից` Կառավարություն (կարծեմ, Արտադրական ենթակառուցվածների նախարարությունն էլ է Կառավարության կառուցվածքում, ավելին` կապը հենց այս գերատեսչության ոլորտն է):
Ինչեւէ, Օդաբաշյանի խորհրդով դիմեցի Կառավարությանը: Սակայն ապրիլի 11-ին Կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանին հղած հարցումս մինչ օրս անպատասխան է մնացել: Գրիգորյանը զանգել ու խոստացել է պատասխանել, սակայն հետագա զանգերին քարտուղարուհուց ստանում էի «պարոն Գրիգորյանը հանդիպման է» պատասխանը: Այդպես էլ պարոն Գրիգորյանը չպատասխանեց ու չզանգեց: Սա արդեն օրենքի խախտում է: Ահա անպատասխան հարցումս:
«Անալիտիկոնի» փետրվարյան համարում հրապարակված տեղեկանքի (ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ) համար ավելի շատ եմ վազվզել, նույնիսկ դիմել էի ԼՂՀ օմբուդսմանին:
Վերջերս հայաստանյան «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցը դատի է տվել ՀՀ Բնապահպանության նախարարությանը` տեղեկություններ տրամադրելու պահանջով (http://urla.ru/10000rGi): Սա ի գիտություն նրանց, ովքեր օրենք են խախտում: Ընդհանրապես, պետական կառույցների աշխատանքի թափանցիկությունը մեր պարագայում հնարավոր է միայն ներքեւից ճնշման դեպքում, իսկ դատի տալն էլ այդ նպատակին ծառայող քաղաքակիրթ միջոց է: Արցախում տեղեկատվություն չտրամադրողներին խորհուրդ կտամ կարդալ ԼՂՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերը, ինչպես նաեւ Տեղեկատվության ազատության մասին ԼՂՀ օրենքը, հատկապես` 6-րդ, 9-րդ եւ 11-րդ հոդվածները (ահա հղումը` http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=743 ):
Սակայն կրկին անդրադառնանք վերոնշյալ մտահղացմանս: Ըստ ՂՏ-ի` 2011-ին, 2012-ին, 2013-ին բարեգործական ծրագրերի համար ծախսվել է համապատասխանաբար 487.5 մլն, 500 մլն եւ 640 մլն դրամ: 2014-ի համար նախատեսվում է 620 միլիոն դրամ: Բարեգործությունները հիմնականում ուղղվել եւ ուղղվելու են առողջապահության ոլորտին: Իսկ ԼՂՀ վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 եւ 2012 թվականներին ՂՏ բջջային կապի ծառայությունների եկամուտները կազմել են 5 261 800 000 եւ 5 571 600 000 դրամ: Համաձայն 2010 թվականի տվյալների` 50 հազար բաժանորդ հետվճարային ծառայությունից էր օգտվում («Նոր էջ»): Զբաղվենք թվաբանությամբ. 50 000 x 1200 x 12 ամիս = 720 000 000: Այս տրամաբանությամբ` 2014-ի ընթացքում ՂՏ-ն բարեգործությամբ բնակչությանը կվերադարձնի հետվճարային ծառայության բաժանորդավճարից ստացված եկամուտների 86,1 տոկոսը (2013-ին վերադարձրել էր 88,8 տոկոսը): Կա նաեւ կանխավճարային ծառայությունը, որի զանգերն ավելի թանկ են, գումարած դրան` ամսվա կտրվածքով օգտատերը պարտավոր է 3 000 դրամ լիցքավորել:
Զանգեր դեպի ԼՂՀ ֆիքսված գիծ – 34.99 դրամ
Զանգեր դեպի ԼՂՀ բջջային ցանց – 34.99 դրամ
Զանգեր դեպի Հայաստանի ֆիքսված գիծ – 44.99 դրամ
Զանգեր դեպի Հայաստանի բջջային ցանց – 49.99 դրամ
Զանգեր դեպի ԼՂՀ ֆիքսված գիծ – 28.99 դրամ
Զանգեր դեպի ԼՂՀ բջջային ցանց – 28.99 դրամ
Զանգեր դեպի Հայաստանի ֆիքսված գիծ – 38 դրամ
Զանգեր դեպի Հայաստանի բջջային ցանց – 39.99 դրամ
Ինչ որ է, ստացվում է, որ տվյալ պարագայում մեզնից հավելյալ գանձվածի մի մասի վերադարձն է բարեգործություն: Ընդհանուր առմամբ, խնդիրը բաժանորդավճարների մեջ չէ (թեեւ, ինչ խոսք, «լավագույն բարեգործությունը մեզ բաժանորդավճարից ազատելն է»), քանի որ միշտ էլ հնարավոր է բաժանորդավճարի փոխարեն այլ մեխանիզմ կիրառել: Խնդիրն արմատական է` մենաշնորհը:
ԼՂՀ վարչապետի հավաստիացմամբ` կապի ոլորտն Արցախում բնական մենաշնորհ է (http://hetq.am/arm/multimedia/videos/251/): Բնական մենաշնորհի որոլտում սակագնային կարգավորման մասին ՀՀ օրենքում տրվում է հետեւյալ սահմանումը. «բնական մենաշնորհ` ապրանքային շուկայի վիճակ, որի դեպքում պահանջարկի բավարարումը` պայմանավորված արտադրության մասշտաբի էֆեկտով, արդյունավետ է մրցակցության բացակայության պայմաններում, իսկ մատակարարվող ապրանքները (ծառայությունները, աշխատանքները) փոխադարձ փոխարինելի չեն»: Օրինակ, ՂՏ-ի պարագայում պահանջարկի բավարարումը մրցակցության բացակայության դեպքում ավելի՞ արդյունավետ է (փոխադարձ փոխարինելիի մասին ավելորդ է խոսել): Կամ էլ` այլ օպերատորի մուտքն Արցախ անշահութաբե՞ր է լինելու….
Մենաշնորհը ոչ միայն ազդում է բնակչության բարեկեցության վրա, այլեւ արգելակում կամ դանդաղեցնում է տվյալ ոլորտի զարգացումը: Ահա մի քանի փաստ. 3G-ն Հայաստանում հայտնվել է 2009 թվականին, Ղարաբաղում` 2013 թվականին: Սա Վիքիպեդիայից է. «Orange»-ը մուտք է գործել 3G+ կատարելագործված տարբերակով, զգալի իջեցրել է ծառայության սակագները, բարձրացրել որակական պահանջները, ինչին մի քանի օրվա ընթացքում արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը` առաջարկելով դրանից էլ էժան համարժեք փաթեթներ:
Իսկ ահա թե ինչ է գրել «Առավոտ» թերթն այն ժամանակ, երբ «ԱրմենՏելի» մենաշնորհային դիրքը խախտել էր «ՎիվաՍելը». «…Հայաստանում կապի այս տեսակը բուռն վերելք ապրեց երկրորդ օպերատորի` «Վիվասելի» շուկա մուտք գործելով: Եթե հաշվի չառնենք գործունեության առաջին շաբաթներին առաջացած խառնաշփոթն ու կապի կաթվածահար վիճակը, ապա հետագայում բջջային կապի որակը մինչ այդ եղածի համեմատ բարելավվեց, սակագները նվազեցին, նախկին մենաշնորհ ունեցող «ԱրմենՏելից» դժգոհությունները վերացան, «Վիվասելի» բաժանորդների թիվն, ըստ ընկերության տվյալների, անցավ 100 հազարից: Այսինքն` տեղի ունեցավ այն, ինչ կարելի էր սպասել շուկայական մրցակցության դեպքում: Արդյունքում Հայաստանում բջջային կապի սակագները համարժեք դարձան տարածաշրջանի երկրներում գործող սակագներին»:
Վերջում կուզենայի ընդգծել հետեւյալը. «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության բաժանորդավճարի ու սակագների դեմ պայքարով բավարարվելն անիմաստ է, քանի որ, վերջիվերջո, երկրորդ օպերատորին հրավիրողն ու նրա բնականոն գործունեության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծողը հաստատ «Ղարաբաղ տելեկոմը» չպիտի լինի:
Ի դեպ, 2015-ից Հայաստանում կգործի չորրորդ օպերատորը` Ucom-ը: