Ինչպես պարզ է դառնում 168.am-ի հրապարակումից՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ կապված, Մանուկյանը հայկական մամուլում իր գործունեության կապակցությամբ քննադատական հրապարակումները վերագրում է ադրբեջանական ցանցի, որը հայկական լրատվամիջոցներին պատվեր է տալիս Մանուկյանի դեմ:
Անդրանիկ Մանուկյանը կարող է Հայաստանում «նորաձեւության օրենսդիր» դառնալ, այսպես ասած դիվանագիտական պաշտպանության հիմնադիր: Եթե որեւէ դիվանագետի կապակցությամբ կլինեն դժգոհություններ, թե նա վատ է աշխատում, ապա նա կարող է դիմել «մանուկյանական պաշտպանության» եւ հայտարարել, թե ադրբեջանական ցանցն է իր դեմ գործում:
Ընդ որում, այդ «նորաձեւությանը» կարող են հետեւել ոչ միայն դիվանագետները՝ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, այլ ընդհանրապես բոլոր պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանից սկսած: Դա երկաթյա տրամաբանություն կլինի՝ ցանկացած ընդդիմախոսություն վերագրել ադրբեջանական լրտեսությանը կամ պատվերին:
Կարելի է նույնիսկ Սահմանադրության փոփոխության կետերում ինչ-որ կերպ ամրագրել այդ պաշտպանությունը` սերունդների համար:
Եթե մարդիկ բողոքում են պետական միջոցների մսխման դեմ, ուրեմն ադրբեջանցիների պատվեր են կատարում, եթե բողոքում են մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների դեմ` նույն պատվերն է, նույն պատվերն է, եթե դժգոհում են կարմիր գծերից կամ արագաչափերից, եթե դժգոհում են կադրային խտրականությունից, հարազատ, ընկեր, բարեկամ սկզբունքով պետությունը ոչնչացնելու քաղաքականությունից, եթե դժգոհում են ընտրություն կեղծելուց, եւ նույնիսկ եթե ընտրությանը ՀՀԿ-ից բացի ուրիշ որեւէ ուժի ձայն են տալիս:
Ընդ որում, մեղադրվող կամ քննադատվող պաշտոնյաներին էլ կարելի է պետական բարձրագույն պարգեւներ շնորհել՝ ի հեճուկս ադրբեջանական լրտեսների քաջ եւ հայրենանվեր գործունեության:
Այդ ամենն իհարկե այժմ կարող է զավեշտալի թվալ, բայց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում կարծես մի օրինաչափություն է ձեւավորվել, որ երբ հասարակությունն ինչ-որ բանի վրա ծիծաղում է, հետո անպայման այդ բանը՝ ժողովրդական լեզվով ասած՝ գլխին է գալիս:
Այնպես որ, պետք չէ բացառել, որ որոշ ժամանակ անց Անդրանիկ Մանուկյանի ներդրած գաղափարը Հայաստանում լայն կիրառություն ստանա: Առավել եւս, որ Հայաստանում կա դրա այսպես ասած աշխարհաքաղաքական պահանջարկը: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն առաջարկում էր իշխանությանը փակել արեւմտյան ֆինանսավորում ունեցող այն բոլոր կազմակերպությունները, որոնք «հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ են խրում»: Դա իհարկե հիանալի հնարավորություն կլիներ իշխանության համար ազատվել նաեւ իր ընդդիմախոսների ու քննադատների զգալի մասից:
Բայց, դա Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ձեւավորած բանաձեւով իրականացնելը մի քիչ բարդ է, քանի որ խնդիրներ կառաջանան Արեւմուտքի հետ:
Իսկ ահա երբ ընդդիմախոսության ու քննադատության դեմ պայքար սկսվի Անդրանիկ Մանուկյանի բանաձեւով, ապա Արեւմուտքի հետ խնդիր չի լինի՝ չէ որ բոլորը գիտեն հայ-ադրբեջանական վատ հարաբերության մասին: Այնպես որ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի անհաջող բանաձեւը շատ հաջող կերպով «տեղայնացնում» է Ուկրաինայում Հայաստանի դեսպանը: Դա արդեն պետական պարգեւի արժանի քայլ է, ընդ որում՝ նույնիսկ Ռուսաստանի պետական պարգեւի:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան