Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի խմբագիր
Ստեփանակերտ
Իշխանություն եւ խանություն
Իշխանության ընկալման «ասիական» մոդելը, որքան էլ ջանում ենք, դուրս չի գալիս մեր մտածելակերպից, քանի որ դարեր շարունակ ապրելով նման ընկալման պայմաններում` այն ուղղակի մեր արյան մեջ է մտել: Եւ որքան էլ արդիականացման-քաղաքակրթման-եվրոպականացման անհրաժեշտության մասին խոսում ենք, այնուամենայնիվ` լավագույն դեպքում արտաքին շղարշն է փոխվում, իսկ էությունը հիմնականում մնում է նույնը, երբ իշխանությունն ընկալում ենք որպես խանություն, որպես իշԽԱՆՈՒԹՅՈՒՆ:
Այսօր էլ մարդիկ մտքում ծիծաղում են, երբ նրանց ասում ես, որ տերը իրենք են, իսկ ծառան` իշխանությունը: Չեն հավատում, եւ հենց այս անհավատությունը, այս քմծիծաղն է ժողովրդավարության արմատավորման մասին մեր ղեկավարների հավաստիացումների սնանկության ամենապերճախոս վկայությունը:
Իշխանավորն առաջվա պես իրեն պահում է տիրոջ նման, քաղաքացիներն էլ (միասին` ժողովուրդը) իրենց պահում են ծառայի պես: Ժողովրդավարական մոտեցմամբ վերլուծելով սույն իրավիճակը` կստացվի մի այնպիսի ծիծաղելի վիճակ, երբ ժողովուրդն իր ծառայի ծառան է, այսինքն` մենք ծառայում ենք մեր իսկ ծառաներին:
Եւ դրանում համոզվում ենք Աստծո ամեն օր: Ինքնին գեթ մեկ այցելությունը որեւիցե պաշտոնյայի մոտ (անկախ նրանից` ընդունե՞ց, թե՞ ոչ) քեզ հստակից էլ հստակ ցույց կտա, թե ով է ծառան, ով` տերը: Եւ պետք էլ չէ զարմանալ, որ ծառան ընդունելության չի արժանացնում իր տիրոջը, նրա նամակին չի պատասխանում, նրան չի էլ լսում, լսելուց էլ` «մուննաթ» է անում: Ու մարդ չի ուզում հասկանալ, որ քանի դեռ ծառայի մոտ է գնում ծառայի հոգեբանությամբ, ապա իր հետ տիրոջ պես են խոսելու, չի ուզում հասկանալ, որ իր ծառայամտությունն է դրա պատճառը:
Սույն հոգեբանության դրսեւորումն է նաեւ «բարի ցարի» մասին մշտարթուն առասպելը: Մեկ-մեկ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ոգեւորությամբ պատմում են, թե ինչպես է նախագահն իրենց ընդունել եւ լուծում տվել մի հարցի, որը տարիներ շարունակ իրենք չէին կարողանում լուծել մինչ այդ իրենց դիմած բոլոր ատյաններում: Անհաջողակներն էլ մտածում են, որ իրենց նամակը չի հասել նախագահին ու փնովում են նրա շրջապատը, որ իրենց ձայնը չի հասցնում երկրի ղեկավարին:
Երկրի ղեկավարը չի կարող ընդունել բոլորին եւ պարտավոր էլ չէ, եւ անհնար էլ է: Լավ ղեկավարը նա է, ով ոչ թե ինքն է զբաղվում բոլոր հարցերով, այլ այնպիսի արդյունավետությամբ է գործարկում պետական կառավարման համակարգը, որ բոլոր օղակներն անխափան աշխատում են: Որ մարդ իր մոտ գալու կարիքը չունենա: Ընդունված խոսք է` լավ իշխանությունն այն է, որը չես նկատում:
Իշխանություն եւ բիզնես
ԼՂՀ օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ պետական պաշտոնյան իրավունք չունի զբաղվելու բիզնեսով: Այդուհանդերձ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միջին եւ ավելի բարձր աստիճանի պաշտոնյաների մեծ մասը մեզ մոտ զբաղվում է գործարարությամբ, ավելին` դա նույնիսկ արժանապատվության հարց է դարձել: Ընդ որում` որքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է բիզնեսը: Ստեփանակերտում նույնիսկ երեխաները գիտեն, թե այս կամ այն խանութը ումն է, այս կամ այն սերվիսի տերն ով է, այս կամ այն ոլորտն ով է վերահսկում:
Քանի դեռ այդպես է` տնտեսության զարգացման, ազատ շուկայական հարաբերությունների արմատավորման, արդար մրցակցության մասին խոսակցությունները պարապ վախտի խաղալիք կմնան, եւ դրանց ոչ ոք չի հավատա: Ի վերջո, ինչպե՞ս կարող է արդար մրցակցություն լինել պաշտոնյա-խանութպանի եւ սովորական խանութպանի միջեւ, ինչպե՞ս կարող է տենդերն արդարացի անցկացվել, երբ մասնակիցներից մեկը հենց այդ նույն տենդերն անցկացնողն է: Ինչպե՞ս կարող են հարկայինի առաջ հավասար լինել սովորական շինարարական կազմակերպությունը եւ այն կազմակերպությունը, որի իրական տերն է նշանակում հարկայինի ղեկավարին:
Մինչեւ բիզնեսը պետական իշխանությունից չտարանջատվի` երկիրը չի զարգանա: Այդ դեպքում ո՞րն է պետության, իշխանության դերը: Նորից հեծանիվ հնարելու կարիք չկա` քաղաքակիրթ աշխարհը վաղուց է գտել այդ հարցի պատասխանը: Իշխանությունը գոյատեւում է այն հարկերի հաշվին, որ մուծում են շարքային քաղաքացիներն ու գործարարները, ուստի նրա առաքելությունը կայանում է գործարարությունից վեր լինելու եւ շարքային քաղաքացիների ու գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծման մեջ: Իշխանությունը չի կարող շահագրգիռ կողմ լինել, նրա առաքելությունը հանրության տարաբնույթ ու հակադիր շահերի հավասարակշռումն է ու փոխզսպումների մեխանիզմների արմատավորումը:
Իսկ ո՞րն է այդ դեպքում իշխանավորի շահը: Գործարարությանը նպաստելը, ստեղծողին աջակցելը, քանի որ դրա հաշվին է ինքն ապրում, ինքը, որ չի ստեղծում, չի արարում: Մինչդեռ մեր պայմաններում իշխանավորներն ուզում են եւ գործարարների հաշվին ապրել, եւ նրանց խանգարելու գնով իրենք բիզնես անել: Եւ ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել իրենց բիզնեսից, ամեն ինչ կանեն, ամեն ձեւով կհիմնավորեն, բայց չեն հրաժարվի: Կամա թե ակամա հիշում ես Բեռնարդ Շոուի հայտնի խոսքը՝ «Հայրենասերը պատրաստ է հանուն հայրենիքի զոհել այն ամենը, ինչ չի վնասում սեփական բիզնեսին»:
Իշխանության ճյուղերի տարանջատում
Ընդունված խոսք է` իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում: Սա ժողովրդավարության այբուբենային ճշմարտություններից է: Հենց այս ճշմարտությունից էլ ելնելով` ժողովրդավարության ամենակարեւոր սկզբունքը համարվում է իշխանության ճյուղերի հստակ տարանջատումը, երբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններն իրարից անկախ են, իսկ չորրորդ իշխանությունն էլ (իմա` լրատվամիջոցները) վերահսկում են այս տարանջատված անկախության ու հավասարակշռության պահպանումը ի շահ քաղաքացիների: Սա թույլ չի տալիս իշխանությունը կենտրոնացնել մի ձեռքում, մի բեւեռում: Եթե այս սկզբունքը կա, ապա ժողովրդավարությունն էլ կա, իսկ եթե այդ սկզբունքը չկա, ապա ժողովրդավարության մասին զրույցները պարզապես պարապ վախտի խաղալիք են:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեզ մոտ, ինչպես եւ ավտորիտար բոլոր վարչակարգերում, կա միայն մեկ իրական ու կայացած իշխանություն` գործադիր իշխանությունն ի դեմս երկրի նախագահի եւ կառավարության: Օրենսդիր եւ դատական իշխանությունները ոչ միայն կախված են գործադիրից, այլեւ դրա կցորդն են: Գործադիրը վերահսկում է նաեւ առանցքային լրատվամիջոցները, այսինքն` ժողովրդավարության «պահապան շներ» համարվող լրատվամիջոցներն էլ դարձել են տնային-բազմոցային փափկասուն կենդանիներ:
Դիցուք, օրենսդիր մարմինը` Ազգային ժողովը: Մեր օրենսդիրների մեծամասնությունը խորհրդարանն ընկալում է միայն որպես օրենքների թխման փուռ, որպես քաղաքական տպարան: Նախկին խոսնակներից մեկը, քմծիծաղելով խորհրդարանի կարեւորագույն դերի մասին դասագրքային դրույթը, այսպիսի մի միտք է արտահայտել` «Ուրիշ խորհրդարանների մասին չգիտեմ, բայց մեզ համար միանգամայն բավարար կլինեին մի քսերոքս եւ 2-3 աշխատողներ»: Կարելի է ենթադրել, թե ինչ նկատի ուներ նա: Այո, հայաստանյան օրենքներում «ՀՀ»-ն «ԼՂՀ» դարձնելու եւ օրինագծերը բազմացնելու համար, իրոք, նշյալ ներուժը միանգամայն բավարար է: Պարզապես հարկ է համառորեն հիշեցնել, որ խորհրդարանը նաեւ քաղաքական մարմին պիտի լինի ու պիտի նաեւ վերահսկի կառավարության գործունեությունը: Մինչդեռ մեզ մոտ քաղաքական ամենավճռորոշ պահերին խորհրդարանի տեղը գտնելն ուղղակի անհնար է լինում, իսկ ինչ վերաբերում է կառավարությանը վերահսկելուն, ապա չի կարող կառավարությանը վերահսկել մի մարմին, որը հենց կառավարության աչալուրջ հսկողությամբ էլ ձեւավորվում է: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր Ազգային ժողովը պրոֆեսիոնալ խորհրդարան չէ, մշտական հիմունքներով գործող մարմին չէ, իմա` պատգամավորների մի զգալի մասը չի վարձատրվում իր խորհրդարանական գործունեության համար: Սա էլ է հատուկ արվում` կառավարությունից կախվածությունն ուժեղացնելու համար:
Իշխանություն եւ ճանաչում
ԼՂՀ-ն այսօր միջազգային ճանաչում չունի: Ընդունված է ճանաչումը միայնումիայն արտաքին գործոն համարել: Մինչդեռ դրսից ճանաչում չի լինի, եթե չլինի ճանաչում ներսից, այսինքն` եթե ժողովուրդը չճանաչի իր պետականությունն ու իր իշխանությունը, իսկ իշխանությունն էլ իր հերթին չճանաչի իր երկրի պետականությունն ու իր ժողովրդին, իր քաղաքացիներին: Պետական ճանաչման հիմքը քաղաքացիների պետական մտածողությունն է: Նաեւ` ընտրած արժեհամակարգը, այլ կեպ ասած` քաղաքակրթական ընտրությունը, ինչից ելնելով հստակեցվում են ճանաչման աշխարհաքաղաքական ակնկալիքները:
Բայց անկախություն հռչակած երկրի ու հանրության համար ամենակարեւորը ինքնուրույն քաղաքականություն վարելու ցանկությունը, կամքն ու հնարավորություններն են: Աշխարհի համար անհասկանալի է մեկ այլ կախվածության մեջ հայտնվելու նպատակով առկա կախվածությունից հրաժարումը:
Անկախության հռչակումից հետո 23 տարի է անցել, բայց ԼՂՀ-ն ցայսօր չունի քաղաքացիության մասին օրենք: Այսինքն` սեփական քաղաքացիներին ճանաչելու խնդիր կա: Անկախության հռչակումից 23 տարի անց էլ արտաքին աշխարհի հետ շփման հիմնական ժանրը նամակագրությունն է` «նամակ ռուսաց թագավորին» ավանդույթի գերակայությամբ: Արտաքին աշխարհի հետ առնչվող խնդիրների հարցում մենք չենք դիմում մեր իշխանություններին: Այսինքն` կա իշխանությունների ճանաչման խնդիր:
Ներքին այս բազմատարր ճանաչումից է բխելու արտաքին ճանաչումը: