պաշտոնական տվյալներն ու փաստացի իրականությունը
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր,
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Երեւան
2014թ. հունիսի կեսերին մի շարք տեղեկատվական գործակալությունների կողմից ակտիվորեն շրջանառվել է 2013թ. ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրին Ռուսաստանի Դաշնության տրամադրած պաշտոնական զեկույցի մասին տեղեկատվությունը` սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) հիմնական տեսակների արտահանման տվյալներով, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մասով: Մի շարք (առաջին հերթին` ադրբեջանական եւ ռուսաստանյան) ԶԼՄ-ների մեկնաբանությամբ տպավորություն էր ստեղծվում, թե անցած տարի Ռուսաստանը պաշտոնապես Հայաստան ավելի շատ ՍՌՏ է արտահանել, քան Ադրբեջան` ի հեճուկս վերջին շրջանում սպառազինությունների առքուվաճառքի ոլորտում Բաքվի հետ ազդարարված բազմամիլիարդ համաձայնագրերի իրականացմանը:
Սակայն ՌԴ պաշտոնական զեկույցի մանրազննին քննությունն այլ պատկեր է տալիս: Հարավային Կովկասի երկրներ արտահանված ռուսաստանյան սպառազինությունների պաշտոնական քանակի եւ տեսականու թվարկումը չի արտացոլում դրանց ազդեցության իրական պատկերը թե՛ հակամարտության գոտում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի ռազմական հավասարակշռության, եւ թե՛ սպառազինությունների մրցավազքի իրական տեմպերի առումով: Ավելին` պետք է հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Ռեգիստրին ՌԴ եւ յուրաքանչյուր այլ կողմի ՍՌՏ ներկրման եւ արտահանման տարեկան ծավալների մասին տրամադրած կամավոր զեկույցը սկզբունքորեն ավելի շուտ բարի կամքի եւ թափանցիկության ցուցադրում է, քան իրավաբանորեն պարտավորեցնող ակտ: ՄԱԿ-ի Ռեգիստրին ուղղվող ամենամյա զեկույցները չեն կարող վերջնականորեն ճշգրտված տեղեկատվության աղբյուր լինել որեւէ երկիր կամ տարածաշրջան սպառազինությունների շրջանառության իրական տեմպերի մասին, հատկապես, եթե նրանք հակամարտող կողմեր են, որոնք շատ դեպքերում նախընտրում են թաքցնել, աղավաղել կամ չափազանցնել/նվազեցնել նշված թվերը:
Հաշվի առնելով զեկույցն ու փորձագիտական հաշվարկները (քանի որ ՍՌՏ անվանումներն ու տեսակները 2013թ. ՌԴ Զեկույցում չեն մանրամասնվում)՝ Ռուսաստանը 2013թ. ընթացքում Ադրբեջանին է փոխանցել Т-90С մակնիշի 10 տանկ (սա դեռևս 2011թ. կնքված և 2014թ. ամբողջացված Т-90С 94 տանկ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրի մի մասն է), 10 БМП-3 մակնիշի հետևակի մարտական մեքենա (համանմանաբար՝ դեռևս չամբողջացած 100 БМП ձեռքբերման վերաբերյալ պայմանագրի շրջանակներում), 25 մարտական և ռազմափոխադրման ուղղաթիռ (պատվիրված 24 Ми-35М-ներից 8-ը. պայմանագիրը նույնպես ամբողջացված է այս տարի, ինչպես նաև 17 Ми-17В-1՝ տվյալ տեսակի 60 ռազմափոխադրման ուղղաթիռների ձեռքբերման դեռևս իրականացվող պայմանագրից)։ Ընդ որում, բավական տարօրինակ է թվում 2013թ. Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած 438 հրետակոծային համակարգերի թիվը։ Այդ թվի մեջ կարելի է ներառել մեկ դիվիզիոն՝ 18՝ 300 մմ РСЗО «Смерч», ТОС-1А «Солнцепек», 152 մմ САУ 2С19М1 «Мста-С», 120 մմ САУ 2С31 «Вена» թնդանոթային և հրթիռակոծային համակարգեր։ Ամենայն հավանականությամբ, ՌԴ-ից Ադրբեջան մատակարարված հրետակոծային համակարգերի քանակը բաղկացած է 120մմ 2С12 «Сани» նռնականետներից, որոնցով վերազինվում են ադրբեջանական հետևակային և մեքենայացված գումարտակների նռնականետային մարտկոցները։
Միաժամանակ, 2013թ. ընթացքում ՌԴ-ից Հայաստան է բերվել 35 տանկ (ամենայն հավանականությամբ՝ Т-72БМ), ինչպես նաև 110 մարտական զրահապատ մեքենա (հավանաբար՝ БМП-2, թեև որոշ քանակով դրանք կարող են լինել նաև БТР-80 կամ ГАЗ-2975 «Тигр» զրահամեքենաներ)։ Բացի դրանից, Հայաստանը ստացել է 50 մեկնարկային կայանք և 200 հրթիռ. ամենայն հավանականությամբ՝ դրանք ժամանակակից 9К135 «Корнет-Э» հակատանկային հրթիռային կայանքներ են, որոնց ձեռբերմամբ հայկական կողմը ձգտում է ավելի էժան միջոցներով հավասարակշռել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված Т-90С հարյուրավոր միավոր տանկեր ունենալու առավելությունը։
Ինչպես տեսնում ենք, 2013թ. Ռուսաստանի` Հայաստանին եւ Ադրբեջանին պաշտոնապես մատակարարած սպառազինությունների ընդհանուր տեսականու որակական քննությունը բոլորովին չի վկայում, որ Հայաստանն ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Ադրբեջանը: Չպետք է մոռանալ, որ զեկույցի Ադրբեջանին վերաբերող բաժնում նշված են սպառազինությունների այն տեսակները, որոնց ձեռքբերման պայմանագրի մեծ մասն ավարտական փուլում էր
(հարվածային Ми-35М, САУ 2С19М ուղղաթիռներ) կամ նոր զինատեսակների մատակարարումը ծրագրվում է ավարտի հասցնել հետագա տարիներին (Т-90С տանկեր, БМП-3 զրահամեքենաներ)։ Ընդսմին, զեկույցում արտացոլված չեն 2014 թվականից սկսած Ադրբեջանին մատակարարվող БТР-82А, ПТРК «Хризантема» սպառազինային տեսակները։
Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ն հաճախ պարզապես չի նշում իր ՀԱՊԿ գործընկերներին մատակարարվող սպառազինությունների քանակը, որը ոչ մի կերպ չի արտացոլվում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի արտահանումը մշտադիտարկող ու վերահսկող միջազգային կազմակերպություններին Մոսկվայի կողմից ներկայացվող պաշտոնական զեկույցներում:
Օրինակ, վերջին տարիների ընթացքում 102-րդ ռուսական ռազմակայանի զրահատանկային համակազմի համարյա ամբողջական վերազինումը, վերջինիս անցումը բրիգադային համակարգի, Երեւանում տեղակայված մոտոհրաձգային գնդի կազմալուծումը եւ նրան պատկանած սպառազինությունների ողջ ավելցուկի փոխանցումը Հայաստանի զինված ուժերին երբեք չեն արտացոլվել Ռուսաստանի կամ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Ռեգիստրին տրամադրվող ոչ մի պաշտոնական զեկույցում: Գրեթե երկու տասնամյակ տեւող ՌԴ եւ ՀՀ ռազմատեխնիկական համագործակցությունն ընդամենը երկու անգամ է արտացոլվել միջազգային կազմակերպություններին տրամադրված զեկույցներում, առաջին անգամ` 2000-ականների սկզբներին, երբ Հայաստանին է փոխանցվել Լս-76 երկու ռազմափոխադրող ինքնաթիռներ, իսկ երկրորդ անգամ` 2000-ականների երկրորդ կեսին, երբ հռչակագրվել են Ռուսաստանից Հայաստան իրականացված մի քանի թեթեւ եւ հրազենային տեսակներին պատկանող մի քանի հարյուր միավորի մատակարարումները: Իսկ նախորդ տասնամյակի ընթացքում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանից տանկերի, հետեւակի մարտական մեքենաների, նռնականետների, հրետանային համակարգերի եւ հակաօդային պաշտպանության միջոցների հարյուրավոր միավորների փոխանցումը, ինչպես նաեւ 2006-2007թթ. Վրաստանի Բաթումի եւ Ախալքալաքի ռազմակայաններից փոխանցված մեծաքանակ սպառազինությունների փոխանցումները նույնպես որեւէ կերպ չեն արտացոլվել Ռուսաստանի տրամադրած զեկույցներում:
Ավելին՝ Ռուսաստանի և Հայաստանի ոչ մի պաշտոնական զեկույցում չեն արտացոլվել առնվազն մեկ դիվիզիոն 9К79-1 «Точка-У» մարտավարական հրթիռային կայանքների կամ 2011 թվականից ի վեր բոլոր պաշտոնական միջոցառումներում, ռազմաշքերթներում և զորավարժություններում ցուցադրվող երկու-երեք դիվիզիոն ЗРК С-300ПС-ների փոխանցումը։ Եվ, ի վերջո, հրապարակավ չեն լուսաբանվել վերջին շրջանում հայկական կողմին իրականացված 152մմ հրետանային Д-20, 2А65 և 2А36, САУ 2С3 «Акация» կայանքների և 72Б ու Т-72БМ տանկերի մատակարարումները, որոնք վերջին տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությանը թույլ են տվել սկսել առանձին հրետանային դիվիզիոնների եւ տանկային գումարտակների վերափոխումը համապատասխանաբար հրետանային եւ տանկային կորպուսային ենթակայության գնդերի: Համանման կերպով, նոր տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների հարյուրավոր նոր միավորների ձեռքբերման շնորհիվ հնարավոր է եղել ձեւավորել ԼՂՀ Պաշտպանության բանակի երկու նոր տանկային եւ մոտոհրաձգային բրիգադներ:
Միանգամայն արդարացի հարց է ծագում, թե ինչո՞վ էր պայմանավորված ՄԱԿ-ի Ռեգիստրին 2013թ. տրամադրված ռուսաստանյան բազմամյա զեկույցների պրակտիկայի համար անսպասելի եւ ոչ տիպիկ թափանցիկությունը Հայաստանին ՍՌՏ բավականին խոշոր խմբաքանակը հայտարարագրելու հարցում: Չէ՞ որ այս զեկույցի համաձայն ստացվում է, որ անցած տարի Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է ավելի շատ սպառազինություններ, քան Խորհրդային Միության փլուզումից եւ խորհրդային բանակի ունեցվածքի բաժանումից անցած երկու տասնամյակի ընթացքում:
Ամենայն հավանականությամբ, սա բացատրվում է երկու հանգամանքով: Նախ` նախորդ տարիների ընթացքում ռուսական սպառազինությունների վաճառքն Ադրբեջանին (այդ թվում և ժամանակակից ЗРК С-300ПМУ-2 «Фаворит» համակարգերի, Ми-35М հարվածային ուղղաթիռների, Т-90С տանկերի, «Смерч» հրթիռային կամ ТОС-1А համակարգերը) այնքան մեծ ծավալի է հասել, որ շատ խիստ եւ բացասական արձագանք է հարուցում ոչ միայն իշխանությունների, այլեւ հայ հասարակության լայն շերտերում: Այդ իսկ պատճառով բացառված չէ, որ ռուսական սպառազինությունների արտահանման տվյալների այդպիսի անսպասելի հրապարակայնացումը հետապնդում էր հայ հասարակությանը` ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հետագա հեռանկարների մասով հանդարտեցնելու նպատակ:
Երկրորդ` պետք է ենթադրել, որ այս անգամ Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ հրապարակված տվյալները վերաբերում են ՌԴ ՊՆ պահեստներից կամ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանից ուղիղ ճանապարհով չստացված, այսինքն` բարձրորակ եւ մարտունակ, բայց արդեն օգտագործված 1990-ական թվականների կամ անգամ խորհրդային արտադրության ռազմական տեխնիկային: Հավանական է, որ 2013թ. Հայաստանին փոխանցված Ձ-72 տանկերը եւ ըըԾ զրահամեքենաները ռուսաստանյան ռազմաարդյունաբերական կենտրոններում արդիականացված բավականին թարմ մեքենաներ են, որոնք Հայաստան են բերվում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության գծով: Դա առավել եւս վերաբերում է հակաօդային պաշտպանության հրթիռային կայանքների համար անցած տարի Հայաստանին տրամադրված 50 մեկնարկային կայանքներին:
Այսպիսով, կարելի է պնդել, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ներկա դրությամբ ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինությունների գլխավոր մատակարար Ռուսաստանի կողմից հրապարակվող տվյալների միջեւ լուրջ անհավասարակշռություն: Մյուս կողմից, պնդելու լուրջ հիմքեր կան, որ ի հեճուկս Ադրբեջանի աշխուժացրած սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքի, այն չի հանգեցրել հակամարտության գոտում ռազմատեխնիկական հավասարակշռության էական փոփոխության: Դա մեծամասամբ բացատրվում է նրանով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքի կարեւորագույն առանձնահատկություններից է վերջինիս հավասարակշռային եւ ասիմետրիկ լինելը:
Ռազմական փոխհավասարակշռությունն ապահովվում է Հայաստանի կողմից գերազանցապես այսպես կոչված «դիմակայության սպառազինությունների» ձեռքբերմամբ կամ իր ռազմական դաշնակից Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամության շրջանակներում սպառազինությունների արտոնյալ մատակարարումների հաշվին: Տարածաշրջանի ռազմականացման ներկա փուլում Ադրբեջանն օգտագործում է էներգակիրների վաճառքից գոյացող եկամուտները, իսկ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ եւ ԵՄ լռելյայն համաձայնությամբ օգտվում են գերազանցապես Ռուսաստանից կամ ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող սպառազինությունների «փոխհատուցող» կամ «պարիտետային» մատակարարումներից:
Այն, ինչ Ադրբեջանը գնում է, Հայաստանը հաճախ գրեթե անվճար կամ արտոնյալ պայմաններով է ստանում, այսպիսով` մեծացնելով իր զսպման ռազմատեխնիկական ներուժը եւ ղարաբաղյան բանակի հետ միասին պահպանելով հակամարտության գոտում տիրող փխրուն հրադադարը: