Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Ներածություն
Պատմական հայրենիքում հակամարտության ակտիվ փուլերում սփյուռքի դերի եւ խաղաղ կարգավորման գործում նրա ավանդի ուսումնասիրությունը` հյուսիսիռլանդական հակամարտության օրինակով, նշանակալից հետաքրքրություն է իրենից ներկայացնում: Ինչպիսի՞ն է իրականում սփյուռքի դերը. արդյո՞ք այն խաղաղ գործընթացը սատարող ուժ է, թե՞ հանդես է գալիս որպես հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործոն:
Ընդունված է կարծել, որ սփյուռքի խմբերը, որպես կանոն, հարում են առավել ծայրահեղ հայացքների եւ առաջարկում են արմատական ծրագրեր: Բենեդիկտ Անդերսոնը շրջանառության մեջ մտցրեց «հեռակա ազգայնականություն» եզրույթը, որն ընդգծում է սփյուռքի այն առանձին խմբերի քաղաքական անպատասխանատվությունը, որոնք շահարկում են քաղաքական նույնականությունը` գին չվճարելով բռնի հակամարտությունների համար, որոնց էլ կարող է հանգեցնել նման քաղաքականությունը: Այդօրինակ խմբերը, գտնում է նա, կարող են նպաստել լարվածության աճին, կրկնելով հնամաշ տափակություններ, ընդսմին նվազ ջանքեր գործադրելով փոխընդունելի խաղաղ լուծման ուղղությամբ[80]:
Սփյուռքների հայտնի տեսաբան Ուիլյամ Սաֆրանն առաջարկել է մի տեխնոլոգիա, ըստ որի կարելի է սփյուռքը տարբերել էմիգրանտական համայնքներից: Սփյուռքի պարագայում խմբի անդամները կամ էլ նրանց նախնիները տեղափոխվել են որոշակի ելակետային «կենտրոնից» մեկ կամ մի քանի «ծայրամասային» կամ արտասահմանյան տարածաշրջաններ: Նրանք պահպանել են հավաքական հիշողությունը, իրենց նախահայրենիքի, նրա տեղորոշման, պատմության ու ձեռքբերումների մասին պատկերացում կամ միֆ, նրանք վստահ են, որ չեն դարձել եւ, հնարավոր է, չեն էլ կարող «ընդունող» հանրության համար ամբողջովին յուրային դառնալ, ուստի եւ իրենց ինչ-որ չափով օտարացած ու մեկուսացված են զգում: Նրանք իրենց նախնիների հայրենիքը համարում են իրենց իսկական, իդեալական հայրենիքը, ուր իրենք կամ էլ իրենց հետնորդներն ի վերջո, հնարավոր է, վերադառնան (կամ էլ պիտի վերադառնան), երբ պայմանները թույլ տան: Նրանք վստահ են, որ պետք է հավաքական կերպով սատարեն իրենց նախնական հայրենիքի գոյությունը, անվտանգությունն ու բարգավաճումը, կամ էլ նպաստեն նրա վերականգնմանը: Նրանք շարունակում են իրենց վերագրել այդ հայրենիքին` անհատապես եւ/կամ հավաքական նույնականությունների միջոցով, եւ հենց այդ հանգամանքով էլ էապես որոշվում են նրանց էթնոհամայնական գիտակցությունն ու համերաշխությունը[81]:
Վալերի Տիշկովի բնորոշմանբ` «նորագույն ժամանակների սփյուռքները հզորագույն պատմական դերակատարներ են, որոնք ի զորու են ամենաբարձր կարգի իրադարձություն հարուցելու (օրինակ` պատերազմներ, հակամարտություններ, պետությունների ստեղծում կամ փլուզում, հենակետային մշակութային արտադրություն) եւ ներազդելու դրանց վրա: Սփյուռքը քաղաքականություն եւ անգամ աշխարհաքաղաքականություն է ողջ պատմության ընթացքում, իսկ արդի ժամանակաշրջանում` հատկապես»[82]:
Տիշկովը գտնում է, որ «սփյուռքին պահում եւ միավորում է ինչ-որ ավելի մեծ բան, քան մշակութային ուրույնությունը: Մշակույթը կարող է անհետանալ, իսկ սփյուռքը` պահպանվել, քանզի վերջինս` որպես քաղաքական նախագիծ եւ կենսական իրավիճակ, կատարում է առանձնակի` էթնիկականության համեմատ, առաքելություն: Դա նվիրվելու, դիմադրելու, պայքարի ու ռեւանշի քաղաքական առաքելություն է: Ամերիկյան իռլանդացիները էթնոմշակութային իմաստով վաղուց արդեն առավել իռլանդացիներ չեն, քան Սուրբ Պատրիկի օրը համերաշխ տոնող ԱՄՆ մնացյալ բնակչությունը: Ինչ վերաբերում է Օլսթերի իրավիճակին առնչված քաղաքական եւ այլ մասնակցությանը, ապա այստեղ նրանք իրենց պարզորոշում են որպես իռլանդական սփյուռք»[83]:
Հյուսիսիռլանդական հակամարտության օրինակով կարելի է տեսնել խաղաղ փոխակերպման մեջ սփյուռքի ներգրավման եւ կարգավորման գործընթացում ազդեցիկ միջնորդի (ԱՄՆ) ներգրավման նրա ներուժի օգտագործման արդյունավետ մեխանիզմ:
Արտասահմանյան իռլանդական սփյուռքի ծագման պատճառները[84]
Արդի սփյուռքի կազմակերպությունների վարքի հոլովույթի վրա կարեւոր ազդեցություն են ունեցել վերաբնակեցման պատմական պատճառները: Խոշոր իռլանդական համայնքներ կան Շոտլանդիայում ու Անգլիայում, ինչպես նաեւ Կանադայում, Ավստրալիայում եւ մի քանի այլ երկրներում: Բրիտանական շատ քաղաքացիներ իռլանդական արմատներ ունեն: Այդ մարդիկ նրանց ժառանգորդներն են, ովքեր ժամանակին վաստակելու նպատակով տեղափոխվել ու բնավորվել են Բրիտանիայում: Նրանցից շատերն ուծացվել են: 1969-94թթ.` հակամարտության ակտիվ փուլում, իռլանդացիների վիճակը բարդ էր Բրիտանիայում: Նրանք վախենում էին հայտնվել բրիտանական որոշ քաղաքների փողոցներում, հատկապես Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) կողմից ռումբեր պայթեցնելուց հետո[85]:
Ամենախոշոր իռլանդական արտասահմանյան սփյուռքն ապրում է ԱՄՆ-ում. նրա թվաքանակը գրեթե յոթակի մեծ է Իռլանդիայի Հանրապետության բնակչության թվաքանակից[86]: Կաթոլիկ իռլանդացիները սկսել էին ԱՄՆ մեկնել դեռեւս XVIII դարի սկզբներին` փրկվելով Մեծ Բրիտանիայի բողոքական իշխանությունների հետապնդումներից: Պրեսբիտերական իռլանդացիները նույնպես փրկություն էին գտնում օվկիանոսից այն կողմ[87]: Այդ նույն ժամանակահատվածում Հյուսիսային Ամերիկա, ինչպես նաեւ Ավստրալիա ու Նոր Զելանդիա տեղափոխվեցին նաեւ օլսթերցի բողոքական շոտլանդացիները (Ulster Scots/Scotch-Irish` ամրկ.)[88]:
Իռլանդացիների զգալի ներհոսք եղավ XIX դարում. 1820 թվականից հետո` մեկ հարյուրամյակի ընթացքում, ԱՄՆ ժամանեց 5 միլիոն մարդ: 1840-ական թվականներին իռալանդացիները կազմում էին ԱՄՆ բոլոր ներգաղթյալների գրեթե կեսը, իսկ 1850-ականներին` մեկ երրորդը: Այս թվերն ուշագրավ են, եթե նկատի ունենանք, որ Իռլանդիայի բնակչության թվաքանակը երբեք չի գերազանցել 8.5 միլիոնը: Այսօրվա դրությամբ, ըստ որոշ տվյալների, շուրջ 44 միլիոն ամերիկացիներ իրենց համարում են ծագումով իռլանդացի[89]:
1845-55թթ. ժամանակաշրջանում կարտոֆիլի` տեղի հիմնական սննդամթերքի, համատարած ու շարունակական անբերրիության պատճառով[90] իռլանդական բնակչությունը կրճատվեց մեկ երրորդով: Ավելի քան մեկ միլիոն մարդ մահացավ սովից ու դրան ուղեկցած հիվանդություններից, իսկ եւս 1.5 միլիոնը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Իռլանդացի շատ գաղթականներ գտնում էին, որ սովից կարելի էր խուսափել: «Կարտոֆիլի նեխումն իրո՞ք Ամենազորն էր առաքել, – գրել էր իռլանդացի ազգայնական ու քաղաքական աքսորյալ Ջոն Միտչելը,- սակայն սովը ստեղծել են անգլիացիները»: Դրա հետեւանքով Ամերիկայում իռլանդացիների բնավորության մեջ արմատակալած էր վտարման ու աքսորի զգացումը[91]: Իռլանդական կարտոֆիլային սովը, կամ Մեծ սովը (An Gorta Mցr) նվազ չափով էր ազդել Իռլանդիայի հյուսիսային մասի վրա[92], որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում էին անգլիացի ու շոտլանդացի վերաբնակները:
Հյուսիսիռլանդական ասամբլեայի` «Շին Ֆեյն» կուսակցությունից պատգամավոր Փաթ Շիհանի կարծիքով` այն ժամանակներից ի վեր, ինչ 800 տարի առաջ Իռլանդիա եկան բրիտանացիները, անկարգություները կղզում չեն դադարում[93]: Բրիտանիայի ու «Զմրուխտե կղզու» պատմականորեն բարդ փոխհարաբերությունները, որոնք իռլանդացիների համար ողբերգական հետեւանքներ են ունեցել եւ դարձել սփյուռքի ծագման հիմնական պատճառներից մեկը[94], մեծապես պայմանավորել են հայրենիքը լքած իռլանդացիների ու նրանց հետնորդների վարքագիծը:
Անցյալի վիրավորանքների պատճառով հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ սփյուռքի վերաբերմունքն արմատական բնույթ է կրել: Հակամարտաբան Թերենս Լայոնսը գտնում է, որ հայրենիքում հակամարտության ու քաղաքական գործընթացների հետեւանքով ծագած սփյուռքներն իրենցից մի ցանց են ներկայացնում, որը ստիպված է գործել առանց սահմանների` հակամարտության ու բռնաճնշումների միջոցով, քանի որ ունի ցավագին հիշողությունների հատուկ հավաքանի եւ հայրենիքի հետ պահպանում է ցուցադրական խորհրդանշական կապեր[95]: Ցավագին հիշողությունն էլ, իր հերթին, հանդես է գալիս որպես հավաքական նույնականության հավաքագրող ռեսուրս:
Սփյուռքների աջակցությունը հակամարտության կողմերին
Հյուսիսիռլանդական հակամարտության կողմերը` հանրապետականներն ու յունիոնիստները, իրենց սփյուռքներից ոչ համադրելի օգնություն են ստացել: Յունիոնիստների արտաքին աջակցությունը քանիցս քիչ էր ֆինանսական ու քաղաքական այն աջակցությունից, որը ցուցաբերվել է հանրապետականներին` իռլանդական սփյուռքի կողմից: Սույն փաստը բացատրվում է արտերկրում օլսթերցի բողոքականների փոքրաթվությամբ. XVIII դարում շուրջ 250 հազար օլսթերցի բողոքականներ գաղթեցին Ամերիկա, բայց նրանց գերակշռող մեծամասնությունը ձուլվել եւ զգալի հետաքրքրություն չէր ցուցաբերում նախկին հայրենիքում առկա քաղաքական գործընթացների նկատմամբ[96]: Բացի այդ, բողոքական սփյուռքում իրենց ծագման հանրույթների հետ կապն ու նույնականացումն ավելի թույլ էին[97]: Մյուս կողմից էլ, յունիոնիստները` լինելով ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ, կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների կարծիքով, գտնվում էին Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, քանի որ Մեծ Բրիտանիայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի պահպանման հարցում յունիոնիստների ու բրիտանական կառավարության շահերը համընկնում էին: Սակայն 1985թ. նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում (Hillsborough, Հյուսիսային Իռլանդիա) ստորագրվեց Անգլո-իռլանդական համաձայնագիր, որի մի քանի դրույթներ չէին բավարարում յունիոնիստներին[98]: Այդ փաստաթղթի ընդունմամբ պաշտոնական Լոնդոնը հասկացնել տվեց, որ ոչ միշտ է սատարելու բողոքական համայնքին[99]:
Այդուհանդերձ, հակամարտության ժամանակ յունիոնիստները որոշ ոչ պաշտոնական ու չկառուցակարգված աջակցություն էին ստանում «սպիտակ» Հարավային Աֆրիկայից[100], Կանադայից ու ԱՄՆ-ից[101]: Լոյալիստները փորձում էին զենքի առեւտրի գործարքներ կատարել այլ երկրների ամենատարբեր մարդկանց հետ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր ԻՀԲ-ն[102]:
Հյուսիսային Իռլանդիայի հանրապետական շարժմանը հզոր աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ-ում արդեն ամրացած իռլանդական սփյուռքի կազմակերպությունները: Քեւին Քեննին նշում է, որ «սկզբում իռլանդացի ներգաղթյալները հիմնականում ոչ բարձր որակավորում ունեցող բանվորներ էին, որոնք աշխատում էին ցածր աշխատավարձով ու հաճախ էին օգտագործվում որպես գործադուլների դադարեցման նպատակով պահեստային բանվորական ուժ…Իռլանդացիները երբեք չեն առնչվել ռասիզմի, որը համադրելի լիներ աֆրոամերիկացիների ու Ասիայից ներգաղթածների նկատմամբ վերաբերմունքին, որոնց մերժում էին քաղաքացիություն տրամադրել կամ էլ սահմանափակում էին մուտքը Միացյալ Նահանգներ:
Քանի որ իռլանդացիները խոսում էին անգլերեն եւ Միացյալ Նահանգներ եկած մեծաթիվ կաթոլիկների առաջին խումբն էին, նրանք արագորեն վերահսկողության տակ վերցրին ամերիկյան կաթոլիկ եկեղեցին: Ինչպես ժողովրդական ասացվածքն է պնդում` եկեղեցին Միացյալ Նահանգներում «միասնական, սուրբ, ժողովական, առաքելական ու իռլանդական» է: Կաթոլիկությունը դարձավ Ամերիկայում իռլանդական ինքնագիտակցության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը: Կաթոլիկությանը պատկանելությունը վերածելով առավելության եւ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք մատչելի չէին Իռլանդիայում, իռլանդացիները հետեւողականորեն վեր էին բարձրանում հասարակությունում»[103]:
ԱՄՆ-ում ստեղծվել էր ամերիկաբնակ իռլանդացիների խիտ ցանց, որն ազդեցիկ էր դարձել իշխանությունում ու քաղաքացիական հասարակությունում, այլ ոչ թե միայն ոստիկանությունում ու շինարարական ոլորտում: Մեծանում էր նրանց ազդեցությունը խոշոր բիզնեսում, ոչ կառավարական ու պետական հատվածներում: Նրանք հավասար, եթե ոչ ավելի զորեղ դիրքեր ունեին արհմիություններում, իսկ Դեմոկրատական կուսակցությունում էլ գերիշխում էին քաղաքներում: Նման գերիշխանության օրինակ կարող է ծառայել Նյու Յորքում «Թամանի-հոլլ» քաղաքական ընկերակցության գործունեությունը[104]:
Իռլանդացիները ձեւավորում էին փոխաջակցության սեփական քաղաքական ու մշակութային մեխանիզմները, որոնց թվում էին Հիբերնցիների հինավուրց ուխտը (Ancient Order Of Hibernians, AOH) եւ Կելտական ատլետիկ ասոցիացիան (GAA): «Իր հերթին կաթոլիկ եկեղեցին կապող օղակի դեր էր խաղում, որը նպաստում էր ամերիկաբնակ իռլանդացիների միավորմանն ու զորեղացմանը»[105]:
BBC-ի աշխատակից Օլգա Սմիռնովայի կարծիքով` «եթե այսօրվա եզրաբանությունն օգտագործենք, ապա նրանք «տնտեսական» ներգաղթյալներ էին, բայց նրանք բարձունքների հասան եւ° քաղաքականության մեջ, եւ° ռազմական բնագավառում. Ջորջ Վաշինգտոնի բանակում 20 իռլանդացի գեներալ կար, իր` Վաշինգտոնի նախնիներն էլ Զմրուխտե կղզուց էին: Իրենց իռլանդական ծագմամբ հպարտանում էին նախագահներ Ռոնալդ Ռեյգանը, Ջոն Քենեդին ու Բիլ Քլինթոնը»[106]: Բարաք Օբաման ԱՄՆ-ի թվով 22-րդ նախագահն է, ում մոտ իռլանդական նախնիներ են հայտնաբերվել: Ամերիկյան հասարակական ու քաղաքական գործիչների մոտ իռլանդական արմատների առկայությունը քաղաքականապես շահավետ էր դարձել: Պատմաբան Ջոն Ռոբերտ Գրինը պնդում է, որ Իռլանդիայի նկատմամբ տածած սիրո հիմնական պատճառը Ամերիկայի կաթոլիկ ընտրազանգվածն է[107]:
Հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ ԱՄՆ իռլանդական սփյուռքի հետաքրքրությունը կրել ու շարունակում է կրել ալիքաձեւ բնույթ եւ կախված է բուն Հյուսիսային Իռլանդիայում կաթոլիկ ու բողոքական համայնքների միջեւ լարվածության աստիճանից[108]: ԱՄՆ իռլանդական սփյուռքի մի քանի կազմակերպություններ աջակցություն էին ցուցաբերում հանրապետականներին, որոնք հանդես են գալիս Մեծ Բրիտանիայի կազմից Հյուսիսային Իռլանդիայի դուրս գալու եւ Իռլանդիայի Հանրապետության հետ միավորվելու օգտին: Կառույցների մի մասը զբաղվում էր Իռլանդական հանրապետական բանակի ֆինանսավորմամբ: ԱՄՆ-ից ստացվող դրամական նվիրատվությունները հնարավոր են դարձրել ԻՀԲ-ի ընդլայնումը 1970-ական թվականներին[109]:
Սինչեւ վերջերս Նահանգներում դեռեւս ապրում էին այն իռլանդացիները, ովքեր անցյալ դարում մասնակցել են հանուն Մեծ Բրիտանիայից Իռլանդիայի անկախության պատերազմին: «Եվ նրանք «ԻՀԲ-ի տղաներին» օգնելը համարում էին իրենց հայրենասիրական պարտքի մի մասը: Իսկ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ տարբերություն կա «Ալ Քաիդայի» ահաբեկիչների ու ԻՀԲ-ի ահաբեկիչների միջեւ, նրանք ասում էին, որ դրանց միջեւ ոչ մի նմանություն չկա: Չէ՞ որ իռլանդացիներն իրենց չեն պայթեցնում, դե, նրանք իսկի էլ ահաբեկիչներ չեն, այլ Իռլանդիայի ազատության մարտիկներ»[110]: 2002թ. հունվարին ամերիկյան իշխանությունները սառեցրին հյուսիսիռլանդական հինգ խմբավորումների հիմնադրամները:
«1970-1980-ական թվականներին հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ թաքնված հետաքրքրությունը հանգեցրեց ԱՄՆ-ում մի քանի իռլանդական ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կազմավորմանը, որոնք ապահովում էին Հյուսիսային Իռլանդիայում հանրապետականների ռազմականացված խմբերին ուղղված դրամական հոսքը: Օգնության Իռլանդական հյուսիսային կոմիտեն (Irish Northern Aid Committee – Noraid), որ ձեւավորվել է 1970 թվականին, պաշտպանում էր Հյուսիսային Իռլանդիայում ռազմականացված հանրապետական խմբերի նպատակներն ու մեթոդները: 1970թ. մինչեւ 1991թ. Noraid-ը պաշտոնապես Իռլանդիային է փոխանցել 3.5 միլիոն ԱՄՆ դոլար»[111]: Այդ փողերով «Շին Ֆեյնի» կողմից վերահսկվող բարեգործական կազմակերպությունները աջակցություն էին հայտնում ձերբակալված հանրապետականների ընտանիքներին[112]: Թեեւ գումարը մեծ չէր, ինքնին աջակցության փաստն ուղեկցվում էր հանրապետականների վիճակի մասին միջազգային աշխույժ փիարով: Հյուսիսիռլանդական հակամարտության ընթացքում Noraid-ը գործում էր սփյուռքի այն մասի ակնկալիքներին համապատասխան, որը, որոշ հետազոտողների, այդ թվում` Բենեդիկտ Անդերսոնի, Փոլ Քոլիերի, Անկե Հյոֆլերի կարծիքով, հակված էր հայրենիքում ռազմական բռնությունն ու քաղաքական արմատականությունը պաշտպանելուն[113]:
Ամերիկյան սփյուռքի կազմակերպությունները Հյուսիսային Իռլանդիայի հանրապետականներին ցուցաբերում էին ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական աջակցություն: Դիմակայության ժամանակաշրջանում միայն Noraid-ը չէր, որ մարմնավորում էր ամերիկա-իռլանդական համայնքը: 1974թ. կազմավորված «Իռլանդական ազգային խումբը» (Irish National Caucus-INC)` վաշիգտոնցի ակտիվիստների խումբը, մշտապես քննադատության էր ենթարկում բրիտանական պետական քաղաքականությունը Հյուսիսային Իռլանդիայում, շեշտադրումն անելով բրիտանական անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների վրա: INC-ի գործունեության որոշակի հաջողությունը պատկերում է սփյուռքի ներուժը, որն ունակ է ոչ միայն միջոցներ հայթայթելու, այլեւ ավելի նշանակալից դեր խաղալու:
Հիբերնցիների հինավուրց ուխտը եւ «Իռլանդական ազգային խումբը» աշխուժորեն հետաքրքրվում էին Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական հիմնախնդրով, սակայն ընդգծված կերպով հակված էին ոչ ուժային մեթոդների[114]: Նրանց ուշադրության կենտրոնում ազգայնական կաթոլիկ համայնքի նկատմամբ խտրականությունն էր ու բրիտանական կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումները: Ավելի ընդհանրական մակարդակում այդ ՈԿԿ-ները Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական ներկայության դեմ արշավ էին իրականացնում եւ իռլանդական միավորման քաղաքական նպատակն էին լոբբինգ անում:
1970-ականների սկզբներին իռլանդական ծագում ունեցող ազդեցիկ ամերիկյան քաղաքական գործիչները, այդ թվում սենատոր Էդուարդ Քենեդին եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թիփ Օ’Նիլը, հաճախ էին հրապարակավ քննադատում բրիտանական կառավարությանն այն բանի համար, որ այն չի կարողացել առաջարկել հիմնախնդրի լուծման` ամերիկյան քաղաքական գործիչների համար գրավիչ տարբերակներ[115]: 1971 թվականին Քենեդին ԱՄՆ սենատ ներկայացրեց մի բանաձեւի նախագիծ, որը Իռլանդիայի միավորման եւ Հյուսիսային Իռլանդիայից բրիտանական զորքերի անհապաղ դուրսբերման կոչ է անում: Իսկ Նյու Յորքից կոնգրեսական (ավելի ուշ` նահանգապետ) Հյու Քերին բրիտանական բանակն անվանեց «ավազակներ»: Ֆերգալ Քոքրեյնը եւ նրա գործընկերները կարծում էին, որ «այդ երկու օրինակները ցույց են տալիս այն ժամանակների «քաղաքական ջերմաստիճանը»[116]: Թեեւ նման նախահարձակ ելույթները ԱՄՆ քաղաքական շրջանակների աջակցությանը չէին արժանանում, այդօրինակ հայտարարություններն, այնուամենայնիվ, Հյուսիսային Իռլանդիայում իռլանդական հանրապետական համայնքի քաղաքական աջակցության կարեւոր աղբյուր էին:
Իռլանդական ազգային խումբն առաջ էր քաշում գործողությունների ոչ ուժային ծրագիր եւ շեշտադրում անում աշխատանքային խտրականության վրա, որը քաղաքական հակամարտության առանցքային խնդիրներից էր ու Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ համայնքի դժգոհության առարկան: 1980-ականներին INC-ը զբաղվում էր այսպես կոչված Մակբրայդի սկզբունքների (MacBride Principles)[117] լոբբինգով, սկզբունքներ, որոնք մշակվել էին Հյուսիսային Իռլանդիայում աշխատանքի արդարացի տեղավորմանը նպաստելու եւ հատուկ միտված էին ամերիկյան ներդրումներին:
«Ի հեճուկս յունիոնիստների ու Մեծ Բրիտանիայի կառավարության դիմադրության` Մակբրայդի սկզբունքները ընդունվեցին ԱՄՆ մի քանի նահանգներում: Ընդունված օրենսդրությունը ամերիկյան ընկերություններից պահանջում էր պահպանել դրանք: 1989թ. բրիտանական կառավարությունն իր սեփական նոր օրենքն ընդունեց` Հյուսիսային Իռլանդիայում արդարացի զբաղվածության մասին ակտը, եւ ստեղծեց Հյուսիսային Իռլանդիայում աշխատանքային խտրականության հաղթահարման նպատակով արդարացի զբաղվածության հարցերով հանձնաժողով»[118]: 1992թ.` իր նախագահական արշավի ժամանակ, Բիլ Քլինթոնը նույնպես հայտարարեց Մակբրայդի սկզբունքներին աջակցելու մասին:
Ամերիկյան իռլանդական սփյուռքի դերը հյուսիսիռլանդական հակամարտության լուծման մեջ ԱՄՆ-ի` որպես միջնորդի ներգրավման գործում
Հյուսիսիռլանդական կարգավորման գործընթացում ԱՄՆ վարչակազմի` որպես միջնորդի ներգրավումն առանցքային պահ դարձավ հակամարտության փոխակերպման մեջ: Այս գործընթացում կարեւոր դեր են խաղացել ԱՄՆ իռլանդական սփյուռքի կազմակերպությունները եւ իռլանդամետ լոբբին:
Այսպես թե այնպես, հակամարտության հնարավոր խաղաղ փոխակերպման խթանը բխել է Բելֆաստից: 1994 թվականի մատույցներում հանրապետականներն ու յունիոնիստները հայտարարել էին կրակի դադարեցման մասին: Այդ պահի դրությամբ կողմերն արդեն կորցրել էին ավելի քան 3500 մարդ: Բրիտանական բանակը եկավ այն եզրահանգման, որ իրեն չի հաջողվի ջախջախել զինված խմբերին: Այն միտքը, որ ուժային մեթոդներով հնարավոր չէ հասնել Իռլանդիայի միավորմանը, ԻՀԲ-ին հասու եղավ դրանից փոքր ինչ շուտ: Հակամարտող կողմերը հայտնվել էին, Ուիլյամ Զարթմանի բնորոշմամբ, «տրավմատիկ փակուղում»[119] եւ հասունացել էին բանակցություններ վարելու համար:
Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության (SDLP) հիմնադիր եւ առաջնորդ Ջոն Հյումը որսաց պահը եւ բանակցություններ սկսեց երկու կողմերը ներկայացնող բոլոր կուսակցությունների ու խմբավորումների հետ[120]: Երբ պարզ դարձավ, որ յունիոնիստների դիրքորոշման պատճառով հնարավոր չէ լուծում գտնել Հյուսիսային Իռլանդիայի ներսում, որոշվեց բանակցային գործընթացում ներգրավել արտաքին խաղացողներին, մասնավորապես` Մեծ Բրիտանիային ու ԵՄ-ին: Սակայն ամենակարեւոր հովանավորը ԱՄՆ-ն դարձավ:
Ջոն Հյումը` 1979-2004թթ. լինելով Եվրախորհրդարանի անդամ, ակտիվ աշխատանք էր տանում հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործում Եվրոպական համայնքի ներգրավմամբ: Նա լավ հարաբերություններ էր ստեղծել եվրոպական երկրների ու սոցիալիստական կուսակցությունների առաջնորդների հետ: Եվրախորհրդարանի իր գործընկեր պատգամավորների աջակցությամբ նրան 1982թ. մարտին հաջողվեց հասնել Նիլս Հոգերուպի նշանակմանը Եվրախորհրդարանի Հյուսիսային Իռլանդիայի հարցերով զեկուցողի պաշտոնում[121]: Զեկուցողի նշանակումը եւ Եվրախորհրդարանում Հյուսիսային Իռլանդիայի հիմնախնդրի քննարկումը ցասումնալից արձագանք գտավ վարչապետ Մարգարետ Թետչերի կողմից[122]: Դա նշանակում էր, որ Հյուսիսային Իռլանդիայի կնճիռը չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի ներքին խնդիրը եւ նպաստում էր հյուսիսիռլանդական գործընթացում այլ արտաքին խաղացողների, մասնավորապես ԱՄՆ-ի ներգրավմանը:
Հյուսիսիռլանդական կարգավորման գործընթացում ԱՄՆ վարչակազմի ներգրավումը մի քանի փուլ է ապրել: Դեռեւս 1970-ականների կեսերից Ջոն Հյումը մտերիմ հարաբերություններ էր ստեղծել իռլանդական ծագմամբ ամերիկացի քաղաքական գործիչների հետ եւ ազդեցություն ուներ նրանց վրա: «Հյումը Վաշինգտոնում Իռլանդիայի դեսպան Շոն Դոնլոնի հետ միասին համոզում էին ամերիկա-իռլանդական էլիտային «Շին Ֆեյնի» ու ԻՀԲ-ի մարտնչող իռլանդական հանրապետականությունից սահմանադրական ազգայնականության անջատման կարեւորությունը, որի ուղղորդողների թվում էին Ջոն Հյումի SDLP կուսակցությունը եւ իռլանդական կառավարությունը»[123]:
Հյումին ու Դոնլոնին հաջողվեց ամերիկացի քաղաքական գործիչներին համոզել, որ աջակցելով իրապես մատչելի բարենորոգչական նպատակներին եւ կրճատելով Հյուսիսային Իռլանդիայի հանրապետականներին աջակցությունը` իռլանդական Ամերիկան ավելի շատ շանսեր կստանա բրիտանական քաղաքականությունը փոխելու համար: Այս ռազմավարութունը պաշտպանեց «Իռլանդիայի բարեկամներ» չափավոր ՈԿԿ-ն, որը ցանցային լայն կառուցվածք ուներ: Ահա այսպես փոխկապ հաստատվեց Իռլանդիայի սահմանադրական ազգայնականության, Վաշինգտոնի քաղաքական էլիտայի ու Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական քաղաքականության միջեւ:
ԱՄՆ իռլանդական սփյուռքի ռազմավարության փոփոխման մեջ որոշակի դեր է խաղացել Իռլանդիայի Հանրապետության կառավարությունը: Իռլանդական իշխանությունները պարբերաբար հանդիպումներ էին անցկացնում սփյուռքի ակտիվ ներկայացուցիչների հետ: Բացի այդ, ամեն տարի Սբ. Պատրիկի օրը ԱՄՆ էին մեկնում իռլանդական նախարարներ, սփյուռքի խմբերի հետ համապատասխան աշխատանք տանելու նպատակով[124]:
«Սփյուռքի այնպիսի ցանցեր, ինչպիսին է «Իռլանդիայի բարեկամներ» ՈԿԿ-ն, Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական էվոլյուցիայի կարեւոր տարրերից էին, որոնք էլ հանգեցրել են 1985թ. Անգլո-իռլանդական համաձայնագրի կնքմանը: SDLP-ի ու իռլանդական կառավարության սերտ համագործակցության շնորհիվ «Իռլանդիայի բարեկամներ» ՈԿԿ-ն կարեւոր դեր խաղաց Անգլո-իռլանդական համաձայնագրի ձեռքբերման գործում»[125]: Հարկ է նշել, որ ստորագրած երկրների կառավարությունները համաձայնագրի ձեռքբերման ծանրակշիռ պատճառներ ունեին[126]:
Իռլանդացի ծագմամբ ամերիկյան քաղաքական գործիչների ճնշումն ու ազդեցությունը որոշակի փուլերում նպաստել են այդ պայմանագրի կնքմանը[127]: «Համաձայնագրի ստորագրման օրը նախագահ Ռոնալդ Ռեյգանը եւ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թիփ Օ’Նիլը մամուլի ասուլիս հավիրեցին Սպիտակ տանը: Նրանք սատարեցին Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջեւ պայմանագրի կնքման նախաձեռնությունը եւ խոստացան ֆինանսական օգնություն հատկացնել նոր «Իռլանդիայի համար միջագային հիմնադրամին» (ԻՄՀ)[128]: Այս քայլը ցուցադրեց իռլանդական սփյուռքի առանցքային դերը, իսկ հիմնադրամի` որպես տնտեսական միջնորդի հետագա աշխատանքը «խաղաղ շահաբաժիններ» է ունեցել 1990-ականների խաղաղ գործընթացի ժամանակ:
ԱՄՆ-ում իռլանդական լոբբինգի իրականացումը սկզբունքորեն նոր մակարդակի հասավ, իսկ վարչակազմն էլ առատաձեռն ֆինանսավորում էր ԻՄՀ-ի աշխատանքը[129]: Նյու Յորքում Իռլանդիայի գլխավոր հյուպատոս Նայալ Բերջեսի կարծիքով` «80-ականների կեսերին ինչ-որ բան կատարվեց Իռլանդիայում ԱՄՆ ներգրավման հետ: Իռլանդական սփյուռքի մտածելակերպի փոփոխությունն անմիջականորեն հանգեցրեց Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ գործընթացին Նահանգների ներգրավման հետագա փուլին»[130]:
1990-ական թվականներին Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործընթացում զգալի դեր խաղաց սփյուռքի «Ամերիկացիները հանուն Իռլանդիայի համար նոր օրակարգի» (Americans for a New Irish Agenda, ANIA) կառույցը: 1992թ. ստեղծված այս կառույցը աշխատանք էր տանում Բիլ Քլինթոնի հետ, տեղեկացնելով նրան Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական իրավիճակի մասին, մինչեւ նրա նախագահ ընտրվելը:
«ANIA-ն իռլանդական ծագումով ամերիկացիների ազդեցիկ կոալիցիա էր, որում ընդգրկված էին լրագրողներ, իրավաբաններ, արհմիութենական առաջնորդներ եւ բիզնես-կորպորացիաների սեփականատերեր: Այս հզոր ու լավ ֆինանսավորվող կառույցը դարձավ ամերիկաբնակ իռլանդացիների մտքերի արտահայտիչը: ANIA-ն սահմանդրական ազգայնականության ուղեգիծ էր իրականացնում, հանդես էր գալիս ավանդական չմիջամտելու քաղաքականությունից Վաշինգտոնի հրաժարման օգտին եւ պատրաստ էր գործընթացում ներգրավել չափավոր լոյալիստներին: Նոր կառույցը ավելի մեծ ուշադրություն էր դարձնում գործընթացին, քան արդյունքին: Քլինթոնին էին ներկայացվում քաղաքական գործնական քայլեր, այլ ոչ թե հայեցակարգեր, որոնք կարող էին շփոթության մեջ գցել Մեծ Բրիտանիայի կառավարությանը»[131]:
Ադրիան Գելկեն նշում է, որ ANIA-ն հեռացավ սփյուռքի` Իռլանդիայի միավորման ավանդական պահանջներից եւ հրատապ դարձրեց հակամարտային կարգավորման ու խաղաղարարության անհրաժեշտությունը[132]: «Դա արդեն «հեռակա ազգայնականություն» չէր, որի մասին նախազգուշացնում էր Բենեդիկտ Անդերսոնը, այլ գործնական մտածողության դրսեւորում: Նպատակ էր դրվել համագործակցել Քլինթոնի վարչակազմի հետ, այլ ոչ թե դիմակայել դրան:
Այս նոր ռազմավարությունն իր շահաբաժինները բերեց, երբ ANIA-ն օգնեց ապահովելու նախագահ Քլինթոնի կողմից «Շին Ֆեյնի» առաջնորդ Ջերի Ադամսին 48-ժամյա մուտքի այցագիր տրամադրելու մասին որոշումը` ԱՄՆ-ում Հյուսիսային Իռլանդիայի մասին համաժողովին վերջինիս մասնակցելու նպատակով»[133]: Դա տեղի է ունեցել նախքան ԻՀԲ-ի կողմից կրակի դադարեցման մասին[134] հայտարարությունը (1994-ի օգոստոս), հակասում էր Պետական դեպարտամենտի, Արդարադատության նախարարության ու ԿՀՎ-ի երաշխավորագրերին, ինչպես նաեւ արժանացել էր բրիտանական կառավարության բացասական արձագանքին: «ԱՄՆ իռլանդական սփյուռքը կարեւորագույն դեր է խաղացել մարտնչող իռլանդական հանրապետականության կողմնակիցների եւ Բիլ Քլինթոնի վարչակազմի միջեւ կապերի հաստատման գործում: Առանց հաղորդակցության այդ խողովակի հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացը բավականին խնդրահարույց կլիներ»[135]: Ուիլյամ Հեյզըլթոնը կարծում է, որ ANIA-ն առանցքային դեր է խաղացել 1990-ական թվականներին հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի ներգրավման գործում: «Հյուսիսային Իռլանդիան Քլինթոնի ուշադրությանն արժանացնելու եւ նրա հետագա մասնակցության ապահովումը մի շարք մարդկանց վաստակն է, որոնց թվում են «Իռլանդական ձայնի» հրատարակիչ Նայալ Օ’Դաուդը, նախկին կոնգրեսական Բրյուս Մորիսոնը, ընկերությունների ղեկավարներ Չակ Ֆինին եւ Ուիլյամ Ֆլինը, արհմիութենական բոս Ջո Ջեյմիսոնը, ովքեր իրենցից ներկայացնում էին ամերիկա-իռլանդական քաղաքական բրոքերների նոր սերունդը»[136]:
Նոր սերունդը շատ ավելի մոտ էր ԻՀԲ-ին, ինչն էլ ANIA-ի կոալիցիան ավելի հետաքրքիր էր դարձնում ԱՄՆ վարչակազմի համար: Էլ ավելի կարեւոր դեր նոր կառույցի մարդիկ խաղացին ԻՀԲ-ի դիրքորոշման փոփոխման գործում: Կլեմ Մակքարտնիի կարծիքով, դա այն հիմնական գործոններից մեկն էր, որոնք հանգեցրել են կրակի դադարեցմանը եւ հետագա բանակցություններին: Այդ մարդիկ կարողացան ներազդել ԻՀԲ-ի մտածելակերպի վրա, քան որ մինչ այդ նրանք աջակցում էին նրա նպատակներին եւ վայելում էին ԻՀԲ-ի վստահությունը, որն էլ հավատում էր, որ նրանք իրո՞ք գործում են իր շահերի շրջանակներում: ԻՀԲ-ի դիրքորոշման փոփոխումից հետո կոալիցիան կարողացավ այդ տեղեկությունը հասցնել Սպիտակ տան գիտությանը[137]:
Չակ Ֆինին` խոշոր գործարար ու «Ատլանտիկ ֆիլանտրոպիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, իռլանդական ծագմամբ ամերիկացի գործարարների խմբի աջակցությամբ կապեր էր պահում Հյուսիսային Իռլանդիայի իռլանդական զինված կազմավորումների հետ: Բացի այդ, Չակ Ֆինին կապեր էր պահում ԱՄՆ պետական դեպարտամենտի հետ: Ոչ պաշտոնական կապի եւ Հյուսիսային Իռլանդիայի գործընթացների վրա դրական ազդեցության այդ խողովակը գոյություն ուներ մինչեւ սենատոր Ջորջ Միտչելի նշանակումը նախագահի հատուկ խորհրդական եւ Իռլանդիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղար (1995)[138]: Միտչելի միջնորդական առաքելության ձեւավորումից հետո ոչ պաշտոնական աշխատանքի անհրաժեշտություն արդեն չկար: Սենատոր Միտչելը բանակցային գործընթացում մեծ թվով դերակատարների ներգրավման կողմնակից էր` պայմանով, որ վերջիններս պահպանեն իր մշակած սկզբունքները:
Այսպիսով, սփյուռքների կողմից հայրենիքի գործընթացներին միջամտելու տեսակը երբեմն մոտ է լինում խաղաղարար կազմակերպությունների գործունեության բնույթին: «Սփյուռքի կառույցները կարող են դրական ներուժ ցուցադրել: Սփյուռքի դրական դերը հաճախ անտեսվում է նրանց կողմից, ովքեր դրանցում ապակառուցողական հիմքեր են տեսնում: ԱՄՆ-ի իռլանդացիները ակտիվորեն փոխգործակցության էին ձգտում մարտնչող իռլանդական հանրապետականության կողմնակիցների հետ, փորձելով վերջիններիս համոզել խաղաղ ու ժողովրդավարական ծրագիր ընդունելու: Դրան հաջողվեց հասնել «Շին Ֆեյնի» հետ անմիջական քաղաքական երկխոսության եւ իռլանդական հանրապետականների ու Քլինթոնի վարչակազմի հաղորդակցության խողովակի ստեղծման ճանապարհով, ինչն էլ կարեւոր դեր խաղաց 1990-ականների խաղաղ գործընթացի խորեոգրաֆիայում»[139]:
Հետագայում Բիլ Քլնթոնը Հյուսիսային Իռլանդիայի խնդրին առաջնահերթ դեր տվեց ԱՄՆ արտաքին քաղաքականությունում, անձամբ մասնակցում էր բազմակողմ բանակցություններին, որոնք 1998թ. ապրիլին հանգեցրին Բելֆաստյան համաձայնագրի (հայտնի է նաեւ որպես «Ավագ ուրբաթի համաձայնագիր») կնքմանը (Good Friday Agreement կամ Belfast Agreement)[140]: Դրանով իսկ Քլինթոնը կատարեց փրայմերիզի ժամանակ Նյու Յորքում 1992 թվականի ապրիլին իռլանդական սփյուռքին տված նախընտրական խոստումը[141]:
Սփյուռքի կազմակերպությունների ներգրավումը հակամարտության փոխակերպման գործում: Ներքին աշխատանքը Հյուսիսային Իռլանդիայի երկու համայնքների հետ
Սփյուռքի մի քանի կազմակերպություններ նպաստում էին հյուսիսիռլանդական հակամարտության ընդլայնմանը, իսկ մյուս մասն էլ մեծ ավանդ է ունեցել խաղաղարարությունում:
Ընդհանուր առմամբ, մինչեւ 1990-ականները Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը բացասական էր ընդունում սփյուռքի գործունեությունը: Սակայն այն բանից հետո, երբ սփյուռքը փոխեց մարտավարությունը եւ որոշեց նպատակին հասնել ոչ ուժային մեթոդներով, նրա նկատմամբ վերաբերմունքը բարելավվեց[142]:
«Որպես կանոն, ֆինանսական այն աջակցությունը, որ սփյուռքները ցուցաբերում են ոչ ուժային ձգտումներին, քիչ ուշադրություն է դարձվում: Հյուսիսային Իռլանդիայի պարագայում խաղաղությանը նվիրաբերված ամերիկյան դոլարները քանիցս գերազանցում են ուժային մեթոդների համար փոխանցված գումարներին: 1985 թվականի Անգլո-իռլանդական համաձայնագրի ալիքի վրա Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի կառավարությունների ստեղծած «Իռլանդիայի համար միջազգային հիմնադրամը» (ԻՄՀ) զգալի ֆինանսավորում է ստացել ԱՄՆ-ից եւ իռլանդական մեծաթիվ բնակչություն ունեցող այլ պետություններից: ԻՄՀ-ն իր ուշադրությունը սեւեռել էր միջհամայնքային զարգացմանը եւ հաշտեցման ծրագրերին Իռլանդիայի երկու մասերում: Խրախուսվում էին անդրսահմանային համագործակցության առաջմղման նախաձեռնությունները»[143]: Ստեղծման պահից ի վեր հիմնադրամն իրականացրել է 5800 ծրագիր, դրանց վրա ծախսելով շուրջ 890 միլիոն եվրո[144]:
Ֆերգալ Քոքրեյնի ու իր գործընկերների կարծիքով, «դա նսեմացնում է Noraid-ի եւ մյուս արմատական ամերիկա-իռլանդական խմբերի ֆինանսական զորությունը: Դա արդյունք էր սփյուռքի այն խմբերի աշխատանքի, որոնք լոբբինգի էին ենթարկում ԱՄՆ վարչակազմին, նրան համոզելով աջակցել Հյուսիսային Իռլանդիայում «խաղաղության շահաբաժինների» տնտեսական զարգացմանը»[145]:
Հյուսիսային Իռլանդիայում իրականացվող խաղաղարար ծրագրերին զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Ատլանտիկ ֆիլանտրոպիա» բարեգործական հիմնադրամը[146]: Դրա հիմնադիր Չակ Ֆինին պատկանում էր ամերիկա-իռլանդական լոբբիստների նոր ալիքին, որոնք աջակցում էին ԱՄՆ-ի ներգրավմանը հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հիմնադրամն օգնում էր իռլանդական ինը համալսարանների, պաշտպանում էր Հյուսիսային Իռլանդիայում կրթական այլընտրանքային համակարգը (դպրոցներ, որտեղ համատեղ սովորում են երեխաներ կաթոլիկ եւ բողոքական ընտանիքներից), լուծում էր նախկին քաղբանտարկյալների խնդիրները (զբաղվածություն, քաղաքական կրթություն եւ որակավորման բարձրացում), ֆինանսավորում էր ոչ կառավարական հատվածի ծրագրերը, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության գծով, եւ ոչ պաշտոնական դիվանագիտական կապեր էր պահպանում: «Ատլանտիկ ֆիլնատրոպիան» ֆինանսավորում էր քաղաքական գործիչների այցերը նախկին հակամարտային գոտիներ եւ զբաղվում էր տեղի քաղաքական գործիչների քաղաքական կրթության մակարդակի բարձրացմամբ[147]: Աջակցություն էին ստանում այն անձանց կրթությանն առնչվող ծրագրերը, որոնք հասարակական հերթապահություն էին իրականացնում Բելֆաստի տարանջատված թաղամասերում եւ այլ շրջաններում: Ակտիվիստների թվում քրեական շատ տարրեր կային, որոնք հերթապահության ժամանակ ուժային գործողությունների էին դիմում: Ծագեց կրթական ծրագրերում նրանց ներգրավման անհրաժեշտություն: Փոլ Մյուրեյի կարծիքով, բռնության մեջ ներգրավված մարդկանց պետք է այլընտրանք առաջարկել[148]: 2004-2013 թվականներին միայն «Ատլանտիկ ֆիլնատրոպիա» հիմնադրամի «Հաշտեցումն ու մարդու իրավունքները» ծրագրով Հյուսիսային Իռլանդիային հատկացվել են ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ[149]:
«Կորպորատիվ իռլանդական Ամերիկայի վարքագիծն ապացուցել է, որ սփյուռքի ֆինանսական կապիտալը հնարավոր է օգտագործել հանուն խաղաղության հաստատման, այլ ոչ թե որպես «վառելիք» բռնության համար»[150]:
Եզրակացություններ
Հյուսիսիռլանդական դիմակայությունում սփյուռքի դերի եւ հակամարտության փոխակերպման գործում նրա ներգրավման մեխանիզմների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ.
• սփյուռքները, լինելով արդիականության հզորագույն դերակատարներ, ի զորու են ինչպես աջակցել խաղաղ գործընթացին պատմական հայրենիքում, այնպես էլ հանդես գալ որպես խոչընդոտող գործոն: Հյուսիսիռլանդական հակամարտությունը լույս է սփռում սփյուռքի ինչպես բացասական, այնպես էլ դրական ներուժի վրա, որը նրա կողմից կարող է օգտագործվել խաղաղարար գործընթացի վրա ներազդելու նպատակով,
• սփյուռքի արդի կառույցների վարքագծային հոլովույթի վրա կարեւոր ազդեցություն ունեն վերաբնակեցման պատմական պատճառները: Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի պատմականորեն բարդ փոխհարաբերությունները դարձել են իռլանդական սփյուռքի ծագման հիմնական պատճառը, ինչը մեծապես որոշել է հայրենիքը լքած իռլանդացիների եւ նրանց հետնորդների վարքագծային ուղղությունը,
• որպես կանոն, սփյուռքը միշտ ավելի կոշտ դիրքորոշում է ունենում, քան հակամարտող հանրությունը: Անցյալի վիրավորանքներն արմատականացնում են սփյուռքի վերաբերմունքը հայրենիքում առկա հակամարտության նկատմամբ, իսկ տրավմատիկ հիշողությունը հանդես է գալիս որպես հավաքական նույնականության հավաքագրող ռեսուրս,
• սփյուռքի կազմակերպությունները ունակ են ոչ միայն ֆինանսական օգնություն, այլեւ հզոր քաղաքական աջակցություն ցուցաբերելու,
• սփյուռքն անշարժ հանրույթ չէ, կարող է ճկունություն դրսեւորել եւ համարժեք արձագանքել նոր իրավիճակին,
• Իռլանդիայի քաղաքական գործիչների փաստարկված դիրքորոշումը նպաստում էր հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ ամերիկյան սփյուռքի մոտեցումների ու ռազմավարության փոփոխմանը: Նոր ռազմավարությունը հնարավորություն է ստեղծել խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի ներգրավման համար,
• հյուսիսիռլանդական կարգավորման մեջ որպես միջնորդ ԱՄՆ-ի վարչակազմի ներգրավումը առանցքային պահ է դարձել հակամարտության փոխակերպման գործընթացում: Այդ գործընթացում կարեւոր դեր են խաղացել իռլանդական սփյուռքի կառույցները եւ ԱՄՆ-ի իռլանդամետ լոբբին,
• ԱՄՆ-ի իռլանդացիներն ակտիվորեն ձգտում էին փոխգործակցության իռլանդական մարտնչող հանրապետականության կողմնակիցների հետ` նպատակ ունենալով վերջիններիս համոզել ընդունելու խաղաղ ու ժողովրդավարական օրակարգ: Ներառական մոտեցումը կարեւոր դեր է խաղացել 1990-ականների խաղաղ գործընթացի մշակույթում,
• ԱՄՆ-ի իռլանդական սփյուռքը կարեւորագույն դեր է խաղացել իռլանդական մարտնչող հանրապետականության կողմնակիցների եւ Բիլ Քլինթոնի վարչակազմի միջեւ կապերի հաստատման գործում: Առանց հաղորդակցության այս խողովակի հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացը բավականին խնդրահարույց կլիներ,
• մինչեւ 1990-ականները Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը բացասական էր ընդունում սփյուռքի գործունեությունը, սակայն, երբ սփյուռքը փոխեց մարտավարությունը եւ որոշեց նպատակին հասնել ոչ ուժային մեթոդներով, նրա նկատմամբ վերաբերմունքը բարելավվեց,
• սփյուռքն ունակ է հայրենիքում առկա գործընթացներին միջամտելու խաղաղարար կազմակերպությունների գործունեությանը հարիր կերպով,
• Հյուսիսային Իռլանդիայի պարագայում խաղաղությանը նվիրաբերված ամերիկյան դոլարները քանիցս գերազանցում են ուժային մեթոդներին փոխանցված գումարներին,
• հյուսիսիռլանդական հակամարտությունում ամերիկաբնակ իռլանդական սփյուռքի ներկայացուցիչները գտել են հակամարտող երկու համայնքներում էլ աշխատելու մեխանիզմ,
• Ամերիկայի իռլանդական նոր բիզնես-էլիտայի վարքագիծն ապացուցել է, որ սփյուռքի ֆինանսական կապիտալը հնարավոր է օգտագործել հանուն խաղաղության հաստատման, այլ ոչ թե որպես «վառելիք» բռնության համար:
————————————————————————
80. Anderson, The New World Disorder, New Left Review (1992) 193, p. 13.
81.W. Safran, Diasporas in Modern Societies: Myths of Homeland and Return. Review Diaspora, ed. by Kachig Tololyan, no. 1, pp. 83-99.
82. Валерий Тишков, Механизм и динамика диаспоры URL: http://valerytishkov.ru/cntnt/publikacii3/lekcii2/lekcii/n44_mehaniz.html
83. Նույն տեղում:
84. «Իռլանդական սփյուռք» անվանման տակ առաջին հերթին հասկացվում է ԱՄՆ-ի իռլանդական համայնքը: Ամերիկյան իռլանդական համայնքը, ամենամեծաքանակ ու ազդեցիկ խումբը լինելով, առանցքային դերերից մեկն է խաղացել Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության փոխակերպման գործում: Խաղաղ կարգավորման մեջ իռլանդական սփյուռքի ներգրավման մեխանիզմն էլ սույն հետազոտության առարկան է:
85. Հեղինակի հարցազրույցը Իռլանդիայի նախկին արտգործնախարար Դերմոտ Ահերնի (Dermot Ahern) հետ` 2013թ. հունիսի 24 (Դուբլին):
86. US Department of Commerce, US Census Bureau. URL: http://www.census.gov/newsroom/releases/archives/facts_for_features_special_editions/cb12-ff03.html
87. США – Ирландия: наследие и споры. URL: http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_1870000/1870613.stm
88. Հեղինակի առցանց հարցազրույցը հակամարտությունների ու համայնքների հարցերով անկախ խորհրդատու Կլեմ Մաքկարտնիի (Clem McCartney) հետ` 2013թ. նոյեմբերի 10:
89. И. Титова. Зачем американским президентам ирландские корни.URL: http://www.mn.ru/world/20110427/301461117.html
90. Անբերրի են եղել 1845, 1846, 1847 եւ 1848 թվականները (Կլեմ Մաքկարտնիի հետ հարցազրույցից)
91. K. Kenny, Irish Immigrants in the United States. URL:
http://photos.state.gov/libraries/amgov/30145/publications-english/EJ-immigrants-mainstream-0208.pdf
92. Հեղինակի հարցազրույցը Ռոբ Ֆերմայքլի (Rob Fairmichael) հետ` Կրոնական ընկերակցությունների համաժողովից` 2013թ. հունիսի 22 (Բելֆաստ):
93. Հեղինակի հարցազրույցը Փաթ Շիհանի (Pat Sheehan) հետ` 2013թ. հունիսի 25 (Ստորմոնտ, Բելֆաստ):
94. Անմիջական պատճառը սովն էր, սակայն Իռլանդիան առանց այդ էլ աղքատ գյուղացիներով գերհագեցած երկիր էր, ու նման դեպքերում գյուղացիական համայնքների ներկայացուցիչներն արտագաղթում են (Կլեմ Մաքկարտնիի հետ հարցազրույցից):
95. T. Lyons, Diasporas and Transnational Politics in Ethiopia, in Diasporas Armed Conflicts and Peace-building in Their Homeland, Uppsala University, Department of Peace and Conflict Research Report No. 79, 2007, p. 32. Տես նաեւ` http://www.gvpt.umd.edu/davenport/dcawcp/paper/mar0304.pdf
96. A.J. Wilson, The Billy Boys Meet Slick Willy: The Ulster Unionist Party and the American Dimension to
the Northern Ireland Peace Process, 1994–9, Irish Studies in International Affairs, Vol. 11 (2000), pp. 121–136.
97. Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ:
98. 1985թ. Մարգարետ Թետչերը, չնայած տարածաշրանում առկա լարված վիճակին, ստորագրեց Անգլո-իռլանդական համաձայնագիրը, ըստ որի՝ բրիտանական կառավարությունը պատմության մեջ առաջին անգամ Իռլանդիայի Հանրապետությանը խորհրդատվական գործառույթներ տրամադրեց Հյուսիսային Իռլանդիայի կառավարման հարցերում: Ստորագրված համաձայնագիրը կտրուկ քննադատության է արժանացել յունիոնիստների կողմից, որոնք գերազանցապես ներկայացնում էին բողոքական բնակչության շահերը եւ հանդես էին գալիս Մեծ Բրիտանիայի կազմում Օլսթերի պահպանման օգտին եւ Հյուսիսային Իռլանդիայի գործերին Իռլանդիայի միջամտության դեմ: Կլեմ Մակքարտնիի կարծիքով, 1985թ. համաձայնագիրը չեն հավանել նաեւ հանրապետականները, քանի որ այն ի ցույց է դրել իռլանդական կառավարության կողմից նրանց աջակցության բացակայությունը:
99. Հեղինակի հարցազրույցը գրող-հրապարակախոս Դեգլան դե Բրեդունի (Deaglոn de BrռadՕn) հետ` 2013թ. հունիսի 24 (Դուբլին):
100. M. O’Doherty, Piece by Peace, Belfast Telegraph, 11 June 2013.
101. Հեղինակի հարցազրույցը Քլեր Հաքեթի (Clair Hackett) հետ` 2013թ. հունիսի 27 (Բելֆաստ):
102. Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ:
103. K. Kenny, Irish Immigrants in the United States. URL: http://iipdigital.usembassy.gov/st/english/publication/2008/03/20080307131416ebyessedo0.6800043.html
104. Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ:
105. F. Cochrane, B. Baser & A. Swain, Home Thoughts from Abroad: Diasporas and Peace-Building in Northern Ireland and Sri Lanka, Studies in Conflict & Terrorism, Vol. 32, Issue 8, 2009, pp. 688.
106. США – Ирландия: наследие и споры. URL: http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_1870000/1870613.stm
107. T. Geoghegan, Why are US presidents so keen to be Irish? URL: http://www.bbc.co.uk/news/world-us-canada-13166265
108. Հեղինակի հարցազրույցը Քլեր Հաքեթի (Clair Hackett) հետ` 2013թ. հունիսի 27 (Բելֆաստ):
109. Ирландия – Колумбия – далее везде?. URL: http://news.bbc.co.uk/hi/russian/uk/newsid_1492000/1492885.stm
110. США – Ирландия: наследие и споры.
111. F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 689.
112. A. Guelke, Northern Ireland: International and North/South Issues, in Ireland and the Politics of Change, ed. by W. Crotty and D. Schmitt. London: Longman, 1998, p. 203.
113. Paul Collier and Anke Hoeffler, Greed and Grievance in Civil War,
Oxford Economic Papers 56(4) (2004), pp. 563–595.
114. INC-ին մեղադրում էին ԻՀԲ-ի հետ սերտ կապի մեջ, չնայած այն բանին, որ այս կազմակերպությունն ավելի շատ դիվանագիտական գործունեություն էր իրականացնում (Կլեմ Մակքարտնիի հետ հարցազրույցից)
115. F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 692.
116. Richard Finnegan, Irish American Relations, in Ireland on the World Stage, ed. by W. Crotty and D. Schmitt, London: Pearson, 2002, p. 99.
117. Շոն Մակբրայդը (Seոn MacBride) իռլանդացի քաղաքական եւ հասարակական գործիչ է, իրավաբան-միջազգայնագետ: Իռլանդիայի հանրապետական կուսակցության կազմակերպիչ (1946թ.) եւ առաջնորդ: 1948-51թթ. եղել է արտաքին գործերի նախարար: 1974-76թթ. Նամիբիայի հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար: Խաղաղության նոբելյան մրցանակակիր է (1974թ.):
118. A. Guelke, p. 204.
119. W. Zartman, Negotiating Internal Conflict: Incentives and Intractability,
International Negotiation Vol. 6, No. 3 (March 2001), p. 298.
120. Հեղինակի հարցազրույցը Ջոն Հյումի գաղափարակիցներ ու գործընկերներ Շոն Ֆարենի (Sean Farren) եւ Դենիս Հովիի (Denis Haughey) հետ` 2013թ. հունիսի 27 (Բելֆաստ):
121. European Parliament Working Documents, Report drawn up on behalf of the Political Affairs Committee on the situation in Northern Ireland, Rapporteur: Mr N. J. Haagerup, Document 1-1526/83, 19 March 1984.
122. Հեղինակի հարցազրույցը Շոն Ֆարենի (Sean Farren) եւ Դենիս Հովիի (Denis Haughey) հետ:
123. R. J. Briand, Bush, Clinton, Irish America and the Irish Peace Process, Political Quarterly 73(4) (April–June, 2002), p. 174.
124. Հեղինակի հարցազրույցը Իռլանդիայի նախկին արտգործնախարար Դերմոտ Ահերնի (Dermot Ahern) հետ` 2013թ. հունիսի 24 (Դուբլին):
125. F. Cochrane, B. Baser & A. Swain , p. 692.
126. Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ:
127. A. J. Wilson, The Congressional Friends of Ireland and the Anglo-Irish Agreementե, ch. 9, in Irish-America and the Ulster Conflict 1968–1995 (1995), URL: http://cain.ulst.ac.uk/events/aia/wilson95.htm#chap9
128. F. Cochrane, B. Baser & A. Swain , p. 692.
129. Կլեմ Մակքարտնիի կարծիքով` հավանաբար, լոբբիստական գործունեության մակարդակի բարձրացման առավել էական գործոն դարձավ լոբբիստական խմբերի ունակ լինելը ԱՄՆ-ի վարչակազմին հասցնելու այն միտքը, որ իրենց հաջողվել է համոզել գրոհայիններին, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել նրանց հրադադարի կոչ անելու, եւ որ դրան կարելի է հեշտությամբ հասնել, եթե Վարչակազմն ինչ-որ կերպ կարողանար խրախուսել այդ գրոհայիններին: Նրանք կարողացան հաջողության հասնել իռլանդական հանրապետականների հետ բարեկամական հարաբերություններ ունեցող նոր մարդկանց մասնակցության շնորհիվ: Դա ցույց է տալիս, որ լոբբիստական խմբերն առավել մեծ ազդեցության կարող են հասնել այն ժամանակ, երբ նրանց շահերը համընկնում են լոբբինգի ենթարկվող կառավարության շահերի հետ:
130. F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 692-3.
131. Նույն տեղում:
132. A. Guelke, p. 136.
133. F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 694.
134. 1995թ. մարտին հրադադարի մասին ԻՀԲ-ի հայտարարությունից հետո Քլինթոնը Ջերի Ադամսին եւս մեկ մուտքի թույտվություն տրամադրեց` ԱՄՆ-ում Սբ. Պատրիկի օրվան նվիրված հանդիսություններին ու «Շին Ֆեյնի» համար դրամահավաքի միջոցառումներին մասնակցելու համար:
135. F. Cochrane, B. Baser & A. Swain
136. W. Hazleton, Encouragement from the Sidelines: Clinton’s Role in the Good Friday Agreement, Irish Studies in International Affairs 11 (2000), p. 104.
137. Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ:
138. Հեղինակի հարցազրույցը Փոլ Մյուրեյի (Paul Murray) հետ ”The Atlantic Philanthropies” կազմակերպությունից` 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ):
139. F. Cochrane, B. Baser & A. Swain
140. G. Mitchell, Making Peace, London: Heinemann, 1999, p. 178.
141. C. O’Clery, Clinton’s journey to Lower Falls began with pledge in New York,
The Irish Times, 27 November 1995.
142. Հեղինակի հարցազրույցը Փոլ Մյուրեյի (Paul Murray) հետ` 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ):
143. F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 689.
144. IFI-ի պաշտոնական կայքը` URL: http://www.internationalfundforireland.com/about-the-fund
145. F. Cochrane, B. Baser & A. Swain, p.689.
146. ”The Atlantic Philanthropies” կազմակերպության պաշտոնական կայքը`
http://www.atlanticphilanthropies.org/region/northern-ireland
147. Հեղինակի հարցազրույցը Ռոբ Ֆերմայքլի (Rob Fairmichael) հետ` 2013թ. հունիսի 22 (Բելֆաստ):
148. Հեղինակի հարցազրույցը Փոլ Մյուրեյի (Paul Murray) հետ` 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ):
149. ”The Atlantic Philanthropies” կազմակերպության պաշտոնական կայքը`URL: http://www.atlanticphilanthropies.org/programme/reconciliation-human-rights
150. F. Cochrane, B. Baser & A. Swain, p.689.