Միքայել ԶՈԼՅԱՆ
Ի՞նչ կարող է տալ հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումն այլ հակամարտությունների լուծման որոնումներում: Տոլստոյն, ինչպես հայտնի է, գտնում էր, որ յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Սույն դիտարկումը միանգամայն ընդունելի է նաեւ էթնոքաղաքական հակամարտությունների առնչությամբ. էթնոքաղաքական յուրաքանչյուր հակամարտություն բացառիկ է: Բացի այդ, հարկ է հիշել, որ պատմական զանազան համատեքստներով պայմանավորված` սկզբունքային տարբերություներ կան հետխորհրդային տարածությունում առկա հակամարտությունների եւ Արեւմտյան Եվրոպայի հակամարտությունների միջեւ:
Հյուսիսիռլանդական հակամարտության եւ հետխորհրդային տարածության հակամարտությունների բազմաթիվ տարբերությունները գործնականում անիմաստ են դարձնում հակամարտության լուծումների կոնկրետ սխեմաները մի համատեքստից մյուսը տեղափոխելու փորձերը: Հակամարտության կազմաձեւության մեջ եւ կողմերի դիրքորոշումներում կառուցակարգային նմանություններ գտնելու փորձերը (օրինակ, «կողմերից մեկի համար կարեւոր է ինքնորոշման սկզբունքը, իսկ մյուսի համար` տարածքային ամբողջականության սկզբունքը») չեն հաստատվում գործերի իրական վիճակով: Ուստի իռլանդական փորձից հակամարտության լուծման կոնկրետ դեղատոմսերի տեղափոխման մասին ի սկզբանե կարելի է մոռանալ: Սակայն հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումը` չնայած կառուցակարգային տարբերություններին (իսկ միգուցե եւ` դրանց շնորհիվ), թույլ է տալիս երեւան հանել որոշ սկզբունքներ, որոնք պիտի ընկած լինեն խաղաղ գործընթացի հիմքում, որպեսզի այն հաջողության հնարավություններ ունենա:
Ժողովրդավարությունը գործողության մեջ. քաղաքական հաստատությունները որպես հակամարտության փոխակերպման եղանակ
Բելֆաստի արվարձանում գտնվող Ստորմոնտյան ամրոցի դահլիճներից մեկում հանդիպում է անցկացվում Անդրկովկասից եկած հետազոտողների ու Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմնի պատգամավորների հետ: Խոսում են օրենսդիր ասամբլեայի պատգամավորները: Առաջին իսկ խոսքերից պարզ է դառնում, թե ինչ համայնքներ ու նույնիսկ ինչ կուսակցություններ են նրանք ներկայացնում: Նրանցից մեկը` միջահասակ, թխամաշկ ու թխահեր, սեւեռուն հայացքով, սկսում է խոսել գաղութատիրության ու բռնազավթման մասին. «մոտ 800 տարի առաջ բրիտանացի նվաճողները ոտք դրեցին Իռլանդիա, եւ այդ ժամանակից ի վեր սկսվեցին խնդիրները»: Այս արտահայտության մեջ բառախաղ կա. նա օգտագործում է «troubles» բառը, որով ընդունված է որակել հյուսիսիռլանդական հակամարտությունը, այնպես որ նրա խոսքերը կարելի է հասկանալ նաեւ այն իմաստով, որ հակամարտությունը շարունակվում է արդեն 800 տարի: Մեկ այլ պատգամավոր` թիկնեղ, ճերմակահեր, կապտաչ ու կլորադեմ, պատասխանում է թեթեւակի հեգնական հայացքով. «Այ քեզ բան, Ձեզ հաջողվեց 800-ամյա պատմությունն ամփոփել մեկ նախադասությամբ»:
Եվ այսպես, առաջինը` «Շին-Ֆեյնի» պատգամավորը, պատմում է, որ գրոհային է եղել եւ 18 տարի անցկացրել է բրիտանական բանտում: Նրա գործընկերը` Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության անդամը, ոչ նվազ բուռն անցյալ ունի` կամավորական է եղել բրիտանական բանակում, իսկ նրա կինը ծառայել է օլսթերական ոստիկանությունում եւ վիրավորվել է հանրապետականների հետ բախման ժամանակ: Բայց այսօր նրանք նստած են հյուսիսիռլանդական խորհրդարանի սենյակներից մեկում, թեյ են խմում` վայելելով կարագով ու ջեմով հացը: Նրանցից մեկը` ակնհայտորեն ոչ առաջին անգամ, մի տեքստ է արտաբերում, որում պսակազերծում է բրիտանական վարչակարգի գաղութատիրական քաղաքականությունը, իսկ մյուսը, նույնպես ակներեւաբար ոչ առաջին անգամ, հեգնում է Իռլանդիայի Հանրապետությունը, որն, ըստ նրա, Լոնդոնից իր անկախության համար երկար պայքար է մղել զուտ նրա համար, որպեսզի նույն այդ անկախությունից հրաժարվի հօգուտ Բրյուսելից կախվածության: Զգացվում է, որ քաղաքական այն դիրքերը, որոնց վրա հենված են նրանք, ուղղակիորեն հակադիր են: Ավելին, միանգամայն հնարավոր է, որ այս մարդիկ, ովքեր քսան տարի առաջ կարող էին հանդիպել մարտադաշտում, հոգու խորքում շարունակում են միմյանց թշնամիներ համարել: Այնուամենայնիվ, այսօր պարզապես անհնար է պատկերացնել, որ թանկարժեք կոստյումներով այս միջահասակ ու պատկառելի տղամարդիկ ժամանակին ինքնաձիգներով թաքնվում էին նրբանցքներում` դարանելով ոսոխին:
Այն, ինչ կատարվում է Ստորմոնտյան պալատի այս սենյակում, կարող է ծառայել որպես վերջին տասնամյակի ընթացքում հյուսիսիռլանդական քաղաքականության անցուդարձի փոխաբերություն: Հակամարտությունը ոչ մի տեղ չի անհետացել. հանրությունն առաջվա պես տարաբաժանված է. շատ մարդիկ` երկու կողմերից էլ, շարունակում են միմյանց թշնամիներ համարել, յուրաքանչյուր կողմ անցյալի իր պատմույթն ունի, որն անհամատեղելի է մյուս կողմի պատկերացումներին: Գրեթե նույնկերպ անհամատեղելի են պատկերացումներն առ այն, թե վերջիվերջո ինչպես պիտի լուծվի Հյուսիսային Իռլանդիայի թնջուկը: Ինչպես ասում է մեր զրուցակիցներից մեկը` կաթոլիկների մեծամասնությունը շարունակում է հուսալ, որ երբեւէ հյուսիսը կմիավորվի հարավին, իսկ բողոքականների մեծամասնության համար այդ հեռանկարը շարունակում է աշխարհի վերջի նման մի բան լինել: Սակայն, ի տարբերություն 20-30 տարիներ առաջ եղած իրավիճակի, այսօր պետությունը թշնամիներ չի տեսնում ի դեմս նրանց, ովքեր իրենց նույնականացնում են Իռլանդիայի հետ, իսկ նրանք էլ, իրենց հերթին, որպես թշնամի չեն ընկալում պետական կառավարման համակարգն ու դրա ծառայողներին:
Հարկ է ընդունել, որ Հյուսիսային Իռլանդիայի կառավարման համակարգը բավականին ուռճացված է, եւ դժվար թե այն կարելի լինի արդյունավետ կառավարման իդեալական մոդել համարել: Սակայն այն արդյունավետ է ամենագլխավորում. մեր օրերում պայթյուններն ու փոխհրաձգությունը Հյուսիսային Իռլանդիայում չափազանց քիչ են: Ինչ խոսք, ասել, թե քաղաքական բռնության խնդիրը տարածաշրջանում լուծված է, մեղմ ասած` դեռ վաղ է, բայց Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական բռնության աստիճանն այսօր ոչ մի կերպ համեմատելի չէ այն բանի հետ, ինչ եղել է մինչեւ համաձայնագրերի ստորագրումը: Իհարկե, այսօր էլ են բռնության հետ կապված միջադեպեր լինում, իսկ երբեմն էլ բանը հասնում է ահաբեկչական գործողությունների, որոնց ետեւում խաղաղ պայմանագիրը չընդունած կազմակերպություններն են կանգնած (այսպես կոչված «դիսիդենտները» կամ այլախոհները): Պարբերաբար տեղ են գտնում նաեւ զանգվածային անկարգություններ, ինչպես եղել է 2013թ. գարնանը: Սակայն ընդհանուր առմամբ այսօր բռնության չափով Հյուսիսային Իռլանդիան շատ չի տարբերվում Եվրոպայի որեւէ այլ տարածաշրջանից:
Ներկայումս օրենսդիր իշխանությունը Հյուսիսային Իռլանդիայում պատկանում է Օրենսդիր ասամբլեային (Legislative Assembly): Թեեւ այն իր նիստերը գումարում է Ստորմոնտյան ամրոցում` 1920-ական թվականներից ի վեր օրենսդիր իշխանության նստավայրում, այսօրվա Ստորմոնտը շատ է տարբերվում այն վարչակարգից, որը գոյություն ուներ Հյուսիսային Իռլանդիայի կազմավորումից հետո տասնամյակների ընթացքում` մինչեւ 1972 թվականին Լոնդոնից անմիջական կառավարում մտցվելը (օրենսդիր մարմինն ընդունված է նշել իր նստավայրի անվանմամբ, նույնկերպ բրիտանական խորհրդարանն ընդունված է անվանել «Վեսթմինսթեր»): Ներկայիս Ստորմոնտը, որտեղ առկա է կաթոլիկների ու բողոքականների միջեւ իշխանության տարանջատման բարդ համակարգ, արդյունք է տասնամյակներ տեւած հակամարտության եւ գրեթե նույնքան տեւական խաղաղ գործընթացի:
Հյուսիսային Իռլանդիայում շատերն այսօր դժգոհ են այն բանից, թե ինչպես են աշխատում ժողովրդավարական հաստատությունները: Կառավարման համակարգը քննադատում են ուռճացած եւ ոչ դյուրաշարժ լինելու համար, իսկ կառավարող կուսակցությունները քննադատության թիրախ են դառնում այն բանի համար, որ նրանք մենաշնորհել են իշխանությունը Հյուսիսային Իռլանդիայում` մեկուսի դիրքերի արտամղելով մյուսներին` ոչ բազմամարդ կուսակցություններին երկու համայնքներում էլ: Շատերը դժգոհ են նրանից, որ քաղաքական նոր համակարգի շրջանակներում նախկին գրոհայինները (այդ թվում` մարդիկ, ովքեր պատիժ են կրել բանտերում սպանությունների եւ այլ հանցագործությունների համար) պատկառելի քաղաքական գործիչներ դառնալու հնարավորություն են ստացել: Վերջապես, ոմանք քննադատում են Հյուսիսային Իռլանդիայի կառավարման համակարգը այն բանի համար, որ այն վերարտադրում եւ պահպանում է կրոնական հատկանիշներով հանրության տարանջատումը: Այդ դժգոհությունը հասկանալ կարելի է: Սակայն եթե անգամ ընդունելու լինենք, որ պետական կառավարման այդ հաստատություններն այնքան էլ արդյունավետ չեն` դրանք միանգամայն արդյունավետ են հակամարտության փոխակերպման եղանակների որակի հարցում: Այսպիսով, ինչպե՞ս է Հյուսիսային Իռլանդիայում հաջողվել հակամարտությունը քաղաքական բռնության ոլորտից տեղափոխել ժողովրդավարական կուսակցական քաղաքականության ոլորտ:
Ով ով է. հակամարտության հիմնական կողմերն ու նրանց դիրքորոշումները
Ինչպես հայտնի է, բուն Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը բաժանված է երկու համայնքների, որոնք տարբերվում են ոչ միայն կրոնական հատկանիշներով, այլեւ քաղաքական նախապատվություններով: Մեծամասնությունը, որի ներկայացուցիչներն իրենց նույնականացնում են որպես բողոքականներ, հանդես է գալիս Միացյալ Թագավորության կազմում Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի պահպանման օգտին: Սույն դիրքորոշումն ընդունված է կոչել յունիոնիզմ, իսկ դրա կողմնակիցներին` յունիոնիստներ («union»` միություն, իմա` Միացյալ Թագավորության հետ միություն) կամ լոյալիստներ («loyal» բառից, իմա` բրիտանական թագին հավատարիմ): Բողոքական-յունիոնիստների մեծամասնությունն ավանդաբար քվեարկում էր Օլսթերի յունիոնիստական կուսակցության (UUP) օգտին: Հակամարտության ընթացքում ծագեցին նաեւ մի շարք այլ յունիոնիստական քաղաքական կազմակերպություններ, որոնք, որպես կանոն, աչքի էին ընկնում առավել արմատականությամբ: Դրանցից մեկը` հոգեւոր քարոզիչ Իեն Փեյսլիի գլխավորած Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը (DUP) ի վերջո իր հանրաճանաչությամբ առաջ անցավ Օլսթերի յունիոնիստական կուսակցությունից եւ ներկայումս հանդիսանում է յունիոնիստական համայնքը ներկայացնող հիմնական քաղաքական ուժը:
Քաղաքական կուսակցություններից զատ գործում են նաեւ բողոքականներին միավորող այլ` փոքրիշատե պաշտոնական կառույցներ: Դրանց մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում Օրանժիստների ուխտը (Orange Order): Ուխտի ազդեցությունը խարսխվում էր նրա դարավոր ավանդույթների վրա, բացի դրանից` այն միավորում էր ամենատարբեր բողոքական կազմակերպությունների ներկայացուցիչների` քաղաքական կուսակցություններից մինչեւ ռազմականացված կազմավորումներ: Վերջապես, հակամարտությունում առանձնակի դեր են խաղացել լոյալիստների ռազմականացված կազմավորումները, որոնցից ամենահայտնիներն են Օլսթերական կամավորական ուժերը (UVF, Ulster Volunteer Force), Օլսթերի պաշտպանության ընկերակցությունը (UDA, Ulster Defense Association) եւ այլն:
Եթե բողոքականների մեծամասնությունը հարում է յունիոնիստական քաղաքական գաղափարախոսությանը, ապա իրենց կաթոլիկ համարողների մեծամասնությունը հանդիսանում է «ազգայնական», այսինքն` Իռլանդիայի Հանրապետության հետ Հյուսիսային Իռլանդիայի միավորման կողմնակից5: Կաթոլիկները բաժանվում են քաղաքական պայքարի լեգալ («սահմանադրական») մեթոդների եւ զինված պայքարի կողմնակիցների: Լեգալ ուղուն հակված հիմնական կաթոլիկ քաղաքական ուժը` Ազգայնական կուսակցությունը, գործում էր փաստորեն Հյուսիսային Իռլանդիայի գոյության սկզբից ի վեր` մինչեւ 1960-ական թվականները, սակայն պետական կառավարման վրա նրա ազդեցությունը նվազագույն էր: 1960-ականների վերջին նրա տեղը գրավել է Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը (ՍԴԼԿ), որն ակտիվ էր քաղաքացիական իրավունքների համար շարժման մեջ:
Հակամարտության սրմանը զուգընթաց առավել ազդեցիկ էին դառնում ռազմականացված կազմավորումները, իսկ դրանց մեջ ամենաազդեցիկը շուտով դարձավ Իռլանդական հանրապետական բանակը (Irish Republican Army), որը 1970-ականների սկզբներին երկու թեւերի էր պառակտվել` պաշտոնական ԻՀԲ, որը դադարեցրել էր զինված պայքարը, եւ «Ժամանակավոր» ԻՀԲ (Provisional IRA), որը շարունակում էր ահաբեկչական մեթոդներով պայքարը: Վերջինս աստիճանաբար դարձավ հակամարտության հիմնական դերակատարներից մեկը, իսկ պաշտոնական ԻՀԲ-ի ազդեցությունը ի չիք էր դառնում: Սովորաբար, երբ 1970-ականների կեսերից սկսված իրադարձությունների նկարագրման ժամանակ հիշատակվում է ԻՀԲ-ն, նկատի է առնվում Ժամանակավոր ԻՀԲ-ն: Հետագայում` պայքարի քաղաքական մեթոդներին ռազմականացված կազմավորումների անցմանը զուգընթաց, աճել է ԻՀԲ-ի հետ կապված «Շին Ֆեյն» կուսակցության ազդեցությունը: Նրա առաջնորդներից ամենաճանաչվածներն էին Ջերի Ադամսը եւ Մարտին Մակգինեսը[6]:
Ինչպես տեսնում ենք, քաղաքական կուսակցությունների մեծամասնությունն ուներ վառ արտահայտված համայնքային բնույթ: Միակ բացառությունը լիբերալ Ալյանսի կուսակցությունն էր, որը միավորում էր համայնքային քաղաքականության շրջանակներից դուրս գալ ձգտող կաթոլիկներին ու բողոքականներին: Բրիտանական կուսակցությունները` պահպանողականները, լեյբորիստները եւ լիբերալ-դեմոկրատները, համեմատաբար սահմանափակ դեր ունեին Հյուսիսային Իռլանդիայում: Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկում է ոչ թե ձախերի կամ աջերի, այլ «կանաչների» (իմա` Իռլանդիայի միավորման կողմնակիցների) եւ «օրանժիստների» (իմա` յունիոնիստների) օգտին: «Կանաչները» հիմնականում իրենց տեղանշում են քաղաքական համայնապատկերի ձախ բեւեռի կողքին, իսկ «օրանժիստներն» իրենց առավելս նույնականացնում են աջերի հետ, սակայն սոցիալ-տնտեսական հարցերում կուսակցությունների դիրքորոշումները երբեք նույնքան կարեւոր դեր չեն խաղացել ընտրողների համար, որքան նրանց դիրքորոշումը Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի հարցում:
Տեղացի դերակատարներից բացի` հակամարտության կողմերից մեկը, բնականաբար, հանդիսանում էր Միացյալ Թագավորության կառավարությունը: Չնայած Լոնդոնի եւ լոյալիստների դիրքորոշումների ակնհայտ փոխկապակցվածության` բրիտանական կառավարությունը ձգտում էր չեզոքություն պահպանել: Լոնդոնը պաշտոնապես հայտարարում էր, որ ճանաչում է Հյուսիսային Իռլանդիայի բնակչության ինքնորոշման իրավունքը եւ պատրաստ է ընդունելու տարածաշրջանի բնակչության ժողովրդավարական կամարտահայտության ցանկացած արդյունք: Լոնդոնի համակրանքը փոխվում էր` կախված այն բանից, թե որ կուսակցությունն է իշխում Վեսթմինսթրում: Ընդունված է կարծել, որ կոնսերվատորները ավելի հակված են յունիոնիստներին աջակցելուն, մինչդեռ ահա լեյբորիստները չեզոքության են ձգտում եւ նույնիսկ որոշ չափով համակրում են չափավոր ազգայնականներին, սակայն այս բաշխապատկերը ոչ միշտ է գործել: Երկու համայնքների նկատմամբ հավասարակշռությունը պահպանելու Լոնդոնի փորձերը միանշանակ չեն ընկալվել բուն Հյուսիսային Իռլանդիայում: Շատ ազգայնականներ շարունակում էին ի դեմս բրիտանական կառավարության տեսնել թշնամու եւ այդ փորձերն ընկալում էին որպես խաբեություն ու կեղծավորություն, իսկ շատ յունիոնիստներ այդ փորձերն ընկալում էին որպես վախկոտություն ու դավաճանություն:
Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի կառավարությանը, ապա նրան միանշանակ հակամարտության կողմ համարելը բարդ է: Ճիշտ է, XX դարի մեծ մասի ընթացքում Դուբլինում չէին երկնչում Իռլանդիայի բաժանումն անվանել պատմական անարդարություն, որը երբեւէ պիտի շտկվի, եւ դա նույնիսկ ամրագրվել է սահմանադրության մեջ: Սակայն այս ուղղությամբ գործնական քայլեր ոչ ոք երբեք չի ձեռնարկել. բոլորն էլ հասկանում էին, որ Իռլանդիան մտադիր չէ ներքաշվել զինված հակամարտության մեջ: Հյուսիսցի կաթոլիկներին Իռլանդիայի օգնությունը հիմնականում սահմանափակվում էր բարոյական աջակցությամբ եւ մարդասիրական օգնությամբ: Իռլանդական ռազմականացված կազմավորումները գործում էին Իռլանդիայի Հանրապետության տարածքում, բայց առանց պաշտոնական Դուբլինի հավանության: Ընդհակառակը, Դուբլինն աջակցում էր Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ «սահմանադրական» ազգայնականներին, այնպիսիներին, ինչպիսին էր ՍԴԼԿ-ն, եւ միանշանակորեն դատապարտում էր այնպիսի խմբերի ահաբեկչական գործողությունները, ինչպիսին ԻՀԲ-ն է: Այդուհանդերձ, Իռլանդիայն կաառվարությունն անկասկած հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի կարեւորագույն դերակատարներից է. առանց նրա մասնակցության հակամարտության լուծումն անհնարին կլիներ:
Հնարավոր է, հյուսիսիռլանդական հակամարտության եւ շատ այլ հիմնախնդիրների հիմնական տարբերություններից մեկն այն է, որ Հյուսիսային Իռլանդիայում չի եղել համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական շահերի այնպիսի հանգուցում, որը փաստորեն ընկալվում է որպես էթնոքաղաքական հակամարտության անքակտելի մաս: Արեւմտյան Եվրոպայում Հյուսիսային Իռլանդիայի աշխարհագրական դիրքը նշանակում էր, որ նրա բնակիչներն ազատված էին մեծ տերությունների աշխարհաքաղաքական դիմակայության պատանդը դառնալու հեռանկարից` թե’ սառը պատերազմի տարիներին, եւ թե’ դրանից հետ: Համաշխարհային տերություններից միայն ԱՄՆ-ն էր աշխույժ հետաքրքրություն ցուցաբերում Հյուսիսային Իռլանդիայի իրավիճակի նկատմամբ, ինչը պայմանավորված էր երկու գործոնով. ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության միջեւ դաշնակցային հարաբերություններով եւ ԱՄՆ-ում բազմամիլիոն իռլանդական սփյուռքի առկայությամբ: Ավելին, այս երկու` որոշակի չափով իրար հավասարակշռող գործոնների առկայությունը ԱՄՆ-ին օգնում էր չեզոքություն պահպանելու եւ նրան փաստորեն կատարյալ միջնորդի է վերածել: Ամերիկյան միջնորդ Ջորջ Միտչելի մասնակցությունը եւ 1995 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի այցը Հյուսիսային Իռլանդիա այն գործոնների թվում էին, որոնց շնորհիվ Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացը պսակվեց Ավագ ուրբաթի պայմանագրով:
Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ. պատմությունն ու ինքնությունը տարանջատված հանրությունում
Իռլանդական «Քրենբըրիզ» նշանավոր խմբի երգերից մեկում կան այսպիսի խոսքեր. «Քո գլխում 1916 թվականն էե («It’s 1916 in your head»): Այս խոսքերի նշանակությունը քիչ հասկանալի էր մնում 90-ականների սկզբներին ողջ աշխարհով մեկ այս խմբին լսող դեռահասների, այդ թվում` տողերիս հեղինակի համար: Սակայն բուն Իռլանդիայում «Քրենբըրիզի» ունկնդիրների համար ամեն ինչ միանգամայն պարզ էր. 1916թ. Զատիկի կիրակի Դուբլինում սկսվել էր այսպես կոչված «Զատկական խռովությունը», որը նշանավորեց Իռլանդիայի անկախության ձեռքբերման գործընթացի սկիզբը: Ապստամբությունը պարտություն կրեց, ինչը միանգամայն ակնկալելի էր: Սակայն այն փաստը, որ բրիտանական իշխանությունները մահապատժի են ենթարկել ապստամբության առաջնորդներին, հակառակ արդյունքը տվեց. ռազմական պարտությունը վերածվեց «բարոյական հաղթանակի»: Գնդահակահարության փաստն ինքնին խռովության առաջնորդներին հերոսների կարգավիճակ տվեց, իսկ անկախության համար Իռլանդիայի պայքարը հզոր խթան ստացավ:
Շատ բողոքականներ այս դեպքերը դիտարկում են այլ տեսանկյունից. նրանց համար կարեւոր է ռազմաճակատում հազարավոր բողոքականների «ռազմական սխրագործության» եւ թիկունքում խռովություն բարձրացրած հանրապետականների «դավաճանությանե հակադրությունը: Դրա փոխարեն բողոքականների օրացույցում առանձնակի նշանակություն ունի 1690 թվականը, երբ բողոքական Վիլհելմ III-ը հաղթանակ տարավ իր նախորդի` կաթոլիկ Հակոբ II-ի նկատմամբ: Խստորեն ասած, այդ մարտը Անգլիայում իշխանության համար պայքարի մի մասն էր: Այդուհանդերձ, շատ բողոքականների համար դա հերոսական անցյալի դրվագներից է, իսկ շատ կաթոլիկների համար` ողբերգալից տարեթիվ: Համենայն դեպս, եթե դուք ապրում եք Հյուսիսային Իռլանդիայում, ապա շատ բարդ է մոռանալ այդ տարեթվերի մասին: Հյուսիսիռլանդական հեղինակ Ֆերգալ Քոքրեյնը պատմում է հյուսիսիռլանդական մի պրոֆեսորի մասին, ով 1690 թիվն օգտագործում էր որպես բանկային քարտի գաղտնաբառ` վստահ լինելով, որ երբեք չի մոռանա թվերի այդ համադրությունը[7]:
Լոնդոնում գահին բողոքական տոհմի զորացումը նշանակում էր, որ մի քանի դար շարունակ բողոքականներն օգտվում էին մի շարք առավելություններից, իսկ կաթոլիկները, չնայած այն բանին, որ մեծամասնություն էին կազմում Իռլանդիայում, խտրականության էին ենթարկվում: Այնուամենայնիվ, «ազգայնականներ-կաթոլիկներ» եւ «յունիոնիստներ-բողոքականներ» փոխկապակցվածությունը ոչ միշտ է այնքան միանշանակ եղել, որքան այն դարձել էր անցյալ դարի երկրորդ կեսին: Այսպես, խտրական օրենքները վերաբերվում էին ոչ միայն կաթոլիկներին, այլեւ այն բողոքական հարանվանություներին, որոնք չէին պատկանում անգլիական պաշտոնական եկեղեցուն: Անշուշտ, կաթոլիկներն ընդհանուր առմամբ ավելի մեծ չափով էին ընդիմություն հանդիսանում Լոնդոնի համար, իսկ բողոքականների մեծամասնությունը սատարում էր բրիտանական իշխանությանը: Սակայն, չնայած երկու խմբերի միջեւ առկա սոցիալական ու կրոնական տարբերություններին, որոշ բողոքականներ կարեւոր դեր են խաղացել Իռլանդիայում XVIII–XIX դարերի ազգային շարժումներում: Օրինակ, բրիտանական իշխանությունների դեմ 1798թ. ապստամբությանը մասնակցել են եւ բողոքականներ, եւ կաթոլիկներ: Անգամ XX դարի սկզբներին իռլանդական անկախության կողմնակիցների թվում եղել են նաեւ բողոքականներ. այսպես, Յեյթսը` իռլանդական ամենահայտնի բանաստեղծներից մեկը, բողոքական էր, ինչը նրան չէր խանգարում սատարելու ազգայնական շարժումը[8]:
Սակայն աստիճանաբար իռլանդական ազգայնականության շրջանակներում ավելի ակնհայտ դարձավ ազգային ինքնության էթնոմշակութային ու կրոնական մեկնաբանման միտումը. նորաթուխ հանրապետությունում որպես ազգային ինքնության գլխավոր հենասյուներ էին ընկալվում կաթոլիկությունն ու իռլանդերենը: Ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը չէին կարող տարբեր դավանանքի տեր իռլանդացիների միավորման հենք հանդիսանալ, մանավանդ որ իռլանդական ինքնության այդօրինակ մեկնաբանությունը ոչ միանշանակ էր ընդունվում նույնիսկ իռլանդացի շատ կաթոլիկների կողմից: Իռլանդական ազգայնականության հետազոտող Ռիչարդ Ինգլիշը նկարագրում է, թե ինչպես իռլանդերենի վերականգնման եւ կաթոլիկական ինքնության ընդգծման փորձերից ավելի երկյուղեցին բողոքականներին, ովքեր առանց այդ էլ այնքան էլ հարամարավետ չէին իրենց զգում կղզու հարավային մասում[9]:
Իր հերթին, XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին բողոքականների մեծամասնությունն իրեն չէր զգում ինքնավարության մաս, առավել եւս` անկախ Իռլանդիայի: Իռլանդիայում անկախության համար պայքարը գնալով ավելի կառուցակարգված ու նախահարձակ բնույթ էր կրում եւ դրան զուգընթաց օլսթերցի բողոքականները նույնպես հավաքագրում էին իրենց ուժերը: Նրանք միանգամայն պարզ ու հստակ հասկացնել տվեցին բրիտանական իշքանություններին, որ եթե Իռլանդիան դառնա ինքնավար կամ անկախ պետական կազմավորում, ապա իրենք դրա մի մասը չեն դառնա եւ պատրաստ կլինեն զենքը ձեռքներին պաշտպանել իրենց դիրքորոշումը: Այս գործընթացների արդյունքը եղավ այն, որ օլսթերական բողոքական-յունիոնիստների առաջնորդները նորաստեղծ Հյուսիսային Իռլանդիայում գործնականում ստացան քաղաքական հաստատությունների լիակատար վերահսկման լծակներ:
Համայնքներից մեկի վերահսկողությունը պահպանվեց տասնամյակների ընթացքում` մինչեւ 1960-ականների վերջը: Երբ հակամարտության սրմանը զուգընթաց ակնհայտ դարձավ, որ այդ քաղաքական համակարգն այլեւս չի աշխատում` այն ավելի բաց ու ներառող, ինչպես նաեւ երկու համայնքների շահերն արտացոլող համակարգով փոխարինելու փորձերն անհաջողությամբ պսակվեցին: Տարածաշրջանում մտցվեց Լոնդոնի անմիջական կառավարում: Փաստորեն, միայն 1998թ. Ավագ ուրբաթից հետո Հյուսիսային Իռլանդիայում սկսեց կազմավորվել տարածաշրջանում ապրող երկու համայնքների շահերն արտահայտող քաղաքական համակարգ:
Խաղաղ գործընթաց. առաջին փորձ
Ավագ ուրբաթի համաձայնագրի ստորագրմամբ պսակված խաղաղ գործընթացը հակամարտության խաղաղ լուծման առաջին փորձը չէր: Նմանօրինակ փորձ ձեռնարկվել էր 70-ականների սկզբներին. 1974թ. Սանինգդեյլյան համաձայնագրում արդեն կիրառվել էին մի քանիսը այն սկզբունքներից, որոնք հետագայում դրվեցին Ավագ ուրբաթի պայմանագրի հիմքում: Այնուամենայնիվ, սանինգդեյլյան համաձայնագիրը անհաջողություն կրեց, որից հետո հակամարտությունը շարունակվեց գրեթե քառորդ դար:
Հյուսիսային Իռլանդիայում երկու համայնքներին էլ ձեռնտու պետական կառուցվածքի մշակման փորձեր ձեռնարկվել են նաեւ մինչեւ Սանինգդեյլը: 1960-ականների վերջերին հակամարտության բուն սրումը հաջորդել է բարեփոխումների այն փորձին, որը նախաձեռնել էր Առաջին նախարար Թերենս Օ’Նիլը: Նա հասկանում էր, որ կառավարման գործընթացի վրա կաթոլիկների կողմից ազդեցության հնարավորությունները բացառող համակարգն անհուսորեն հնացել է: Սակայն հենց նրա բողոքական ընտրողները վախեցան, որ կաթոլիկներին արվելիք զիջումներն այլ բան չեն, քան Իռլանդիայի Հանրապետության հետ միավորման առաջին քայլ: Բարեփոխումները ձախողվեցին, ինչն էլ, իր հերթին, հանգեցրեց կաթոլիկների ճամբարի համապատասխան արձագանքին. չափավոր ազգայնականները, որոնք կողմնակից էին օրինական քաղաքական պայքարի, սկսեցին կորցնել աջակցությունը կաթոլիկ թաղամասերում: Առաջացած վակուումը սկսեցին լրացնել ռազմականացված կազմավորումները, առաջին հերթին` ԻՀԲ-ն: Բողոքականներն էլ իրենց հերթին` տեսնելով կաթոլիկների ճամբարի արմատականացումը, սկսեցին զինվել, առավել եւս, որ լոյալիստական ռազմականացված կազմավորումներ գոյություն ունեին արդեն վաղուց: Հյուսիսային Իռլանդիան սկսեց վառոդի տակառ հիշեցնել: Քաղաքական բռնության պարույրը տարածվում էր դանդաղ, բայց հետեւողական:
Սանինգդեյլյան համաձայնագիրը փորձ էր լուծելու այն թնջուկը, որը չկարողացավ լուծել Օ’Նիլը, այն է` կաթոլիկ համայնքի համար հավասար իրավունքներ ապահովել Հյուսիսային Իռլանդիայի կառավարման մեջ: Յունիոնիստները համաձայնվեցին ՍԴԼԿ-ի հետ կոալիցիոն կառավարության ստեղծմանը: Նախատեսվում էր նաեւ Իռլանդիայի Հանրապետության մասնակցությունը, ինչը նշվում էր «իռլանդական չափում» եզրույթով («Irish dimension»). Ստեղծվում էր խորհրդատվական գործառույթ ունեցող Իռլանդական խորհուրդ, որտեղ ներկայացված էին երկու Իռլանդիաների կառավարությունները, ինչպես նաեւ դրանց օրենսդիր մարմինները: Սանինգդեյլյան համաձայնագրի հենքում դրված էր այն նույն սկզբունքը, որը հետագայում դրվեց Ավագ ուրբաթի պայմանագրի հիմքում. երկու համայնքների ներկայացվածության եւ որոշումների կոնսենսուսային ընդունման սկզբունքը: Սակայն, ի տարբերություն Ավագ ուրբաթի պայմանագրի, որը, թեեւ բազմաթիվ խնդրահարույց հարցերով, բայց, այնուամենայնիվ, հիմք դարձավ հակամարտության արդյունավետ փոխակերպման, սանինգդեյլյան համաձայնագիրը անհաջողություն կրեց:
Սանինգդեյլի հիմնական թերացումներից մեկն այն էր, որ խաղաղ գործընթացում ներգրավվել էին հակամարտության ոչ բոլոր դերակատարները: Բանակցություններին մասնակցում էին Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի կառավարությունները, Օլսթերի յունիոնիստական կուսակցությունը, ՍԴԼԿ-ն եւ Ալյանսի կուսակցությունը: Երկու կողմերի արմատական ու ռազմականացված կազմակերպությունները չեն մասնակցել խաղաղ գործընթացին եւ չեն ընդունել դրա արդյունքները: Ի հետեւանս դրա` շատ յունիոնիստներ դժգոհ մնացին համաձայնագրից: Առանձնակի դժգոհություն էր առաջացրել «իռլանդական չափումը». թեեւ «Իռլանդական խորհուրդը» հիմնականում խորհրդատվական գործառույթներ ուներ, շատ յունիոնիստներ դժգոհ էին այն բանից, որ հարավի իշխանություններին իրավունք էր տրված մասնակցելու հյուսիսի կառավարմանը: Կաթոլիկ համայնքը, բացառությամբ արմատականների, փոքրիշատե գոհ էր համաձայնագրից, բայց յունիոնիստական ճամբարում դժգոհությունն աճում էր: Յունիոնիստների առաջնորդ Բրայան Ֆոլքներն ակնհայտորեն ավելի հեռուն էր գնացել զիջումներում, քան դրանց պատրաստ էին նրա ընտրողները: Վերջին հաշվով, դժգոհ յունիոնիստական արհմիությունները նախաձեռնեցին գործադուլ, որը պաշտպանեցին ռազմականացված կազմավորումները: Պարզվեց, որ բրիտանական իշխանությունները եւս պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը, եւ գործադուլի կազմակերպիչներին հաջողվեց Հյուսիսային Իռլանդիային հասցնել փլուզման եզրին: Սանինգդեյլյան համաձայնագիրը ձախողվեց, Հյուսիսային Իռլանդիայում կրկին Լոնդոնի կողմից մտցվեց անմիջական կառավարման համակարգ:
Ինչու՞ սանինգդեյլյան համաձայնագիրը ձախողվեց, իսկ Ավագ ուրբաթի պայմանագիրը` իր դժվարություններով հանդերձ, դիմացավ ժամանակի փորձությանը: Իհարկե, ինչ-որ չափով Սանինգդեյլի անհաջողությունը կապված էր իրավիճակային ու սուբյեկտիվ գործոնների հետ: Չի բացառվում, որ 1970-ականների սկզբներին կողմերը ծայրաստիճան ընկղմված էին բռնության ու պատասխան բռնության տրամաբանության մեջ, ինչը թույլ չէր տալիս նրանց դժվար փոխզիջում ձեռքբերել: Այդուհանդերձ, սանինգդեյլյան համաձայնագրի անհաջողությունը զգալի չափով պայմանավորված էր խաղաղ գործընթացի կառուցակարգային թերություններով, մասնավորապես նրանով, որ խաղաղ գործընթացում ներգրավվել են ոչ բոլոր ազդեցիկ դերակատարները, այլ միայն «սահմանադրական» կուսակցությունները: Արդյունքում ռազմականացված կազմավորումները ներկայացված չէին եւ իրենց կապված չէին համարում այդ համաձայնագրին: Բանակցություներում «ահաբեկիչներին» չներգրավելու մասին որոշումը հեշտացրել է որոշման ձեռքբերումը, բայց վերջնարդյունքում համաձայնագիրը անհաջողության է մատնել: Բացի այդ, կողմերի առաջնորդները փոխզիջումների են գնացել` չհոգալով սեփական կողմնակիցների կողմից այդ փոխզիջման աջակցության ապահովման մասին:
Սանինգդեյլյան համաձայնագրի անհաջողության մեկ այլ պատճառ էլ ընտրողների աջակցության բացակայությունն էր: Համաձայնագրով չէր նախատեսվում քվեարկության ընթացակարգ, եւ նրա ճակատագիրը կախված մնաց այն կուսակցությունների ընտրողների աջակցությունից, որոնք կնքել էին այդ համաձայնագիրը: Սակայն Սանինգդեյլին հաջորդած` Վեսթմինսթրի ընտրություններում համաձայնագրի կողմնակիցները ակնհայտ պարտություն կրեցին: Արդյունքում համաձայնագիրը մնաց ժողովրդավարական իրավազորությունից զուրկ, ուստի եւ` ոչ հարատեւ:
Խաղաղ գործընթաց. թիվ երկու փորձ
«Քաղաքական շատ գործիչների սխալը,- ասում է Հյուսիսային Իռլանդիայի Օրենսդիր ասամբլեայի նախկին խոսնակ, ներկայումս էլ Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Ջոն Օլդըրդայսը,- կայանում է նրանում, որ նրանք կարծում են, թե մարդիկ միշտ գործում են սեփական շահերի, մասնավորապես` սոցիալ-տնտեսական շահերի բանական ընկալումից»: «Կան բաներ,- շարունակում է նա,- որ մարդկանց համար սրբազան են եւ չեն կարող բանակցությունների առարկա լինել, հատկապես եթե նրանց առաջարկվում է դրանցից հրաժարվել ի նպաստ նյութական բարիքների… Մարդկանց առաջարկեք իրենց պահանջները փոխանակել նյութական օգնության հետ, եւ ի պատասխան կստանաք ցասում, ավել շատ փող առաջարկեք, եւ ավելի մեծ ցասում կստանաք: Բայց ահա ասացեք նրանց, որ հակադիր կողմը պատրաստ կլինի ներողություն խնդրել կատարած բռնության համար, ու նրանք կասեն` «դա կարող է բանակցությունների հիմք լինել»: Ամեն անգամ, երբ մենք գործ ենք ունենում ահաբեկչության հետ, դա նշանակում է, որ կա մարդկանց խումբ, որն իրեն անարգված ու նվաստացած է զգում, հաճախ էլ անարգված ու նվաստացած են զգում երկու կողմերն էլ: Որպեսզի հակամարտության լուծումը հնարավոր լինի` կարեւոր էր, որպեսզի կողմերը դադարեն միմյանց ընկալել կաղապարների ու կարծրատիպերի շրջանակներում եւ սկսեին թեկուզեւ փոքր ինչ հասկանալ մյուս կողմի դրդապատճառները»[10]:
Այսպես, խաղաղ գործընթացն ընդունելու համար յունիոնիստներին անհրաժեշտ էր դադարել հանրապետականներին ընկալել որպես բացառապես ահաբեկիչներ կամ հանցագործներ: Նրանք պետք է հասկանային, որ այն, ինչ իրենք, հաճախ լիովին արդարացված, համարում էին ահաբեկչություն, եղել է կաթոլիկների նկատմամբ երկար տարիներ շարունակված խտրականության հետեւանք: Ինչպես ընդունել էր յունիոնիստների առաջնորդ Դեւիդ Թրիմբլն իր նոբելյան ճառում` «օլսթերցի յունիոնիստները… տներ էին կառուցում ամուր պատերով, բայց կաթոլիկների համար դա սառը տուն էր» (Թրիմբլը եւ կաթոլիկական ՍԴԼԿ կուսակցության առաջնորդ Ջոն Հյումը Խաղաղության Նոբելյան մրցանակ են ստացել Ավագ ուրբաթի պայմանագրի ձեռքբերման համար): Կաթոլիկները ոչ միայն իրենց նվաստացած էին զգում, այլեւ չէին տեսնում օրինական ճանապարհով իրենց վիճակը փոխելու ուղիներ. Ստորմոնտյան համակարգի պայմաններում «սահմանադրական» կուսակցությունները դատապարտված էին անարդյունավետության: Արդյունքում այն, ինչ նրանք «զինված պայքար» էին անվանում, ընկալվում էր որպես քաղաքական նպատակներին հասնելու միակ ուղի: Եղել է նաեւ նախադեպ, որը ցույց է տվել բռնության կամ սպառնալիքի գործունակությունը. ոչ միայն Իռլանդիայի Հանրապետության, այլ նաեւ հենց իր` Հյուսիսային Իռլանդիայի ստեղծումը զգալի չափով արդյունք էր բռնության կամ սպառնալիքի` որպես այդպիսին: Ավելին, դարասկզբի ռազմականացված կազմավորումների առաջնորդները ժամանակի ընթացքում պատկառելի քաղաքական գործիչներ ու պետական այրեր դարձան. հանրապետականները` հարավում, իսկ յունիոնիստները` հյուսիսում:
Իրենց հերթին կաթոլիկները նույնպես պետք է հրաժարվեին իրենց կաղապարներից ու կարծրատիպերից: Հանրապետականները տարիներ շարունակ կարծում էին, որ իրենց բոլոր դժբախտությունների պատճառը բրիտանական իմպերիալիզմն է: Զինված պայքարը պետք է հանգեցներ նրան, որ բրիտանական կառավարությունը հրաժարվի Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ իր ունեցած հավակնություններից, եւ Իռլանդիայի միավորման կնճիռը լուծվի: Ակնհայտ, բայց ոչ հարմար այն հարցը, թե նման հարաբերակցության պարագայում ի՞նչ կլինի բողոքական համայնքի հետ, անտեսվում էր: Ընդունված էր կարծել, որ յունիոնիստները վաղ թե ուշ կհաշտվեին նոր իրավիճակի հետ: Յունիոնիստները չէին ընդունվում որպես հակամարտության սուբյեկտ. եթե ինչ-որ մեկի հետ էլ պիտի պայմանավորվել, ապա Լոնդոնի, այլ ոչ թե նրա «ջատագովների» հետ:
Հակամարտության նկատմամբ վերաբերմունքի հոլովույթի փոփոխությունը ազգայնականների ճամբարում կապում են ՍԴԼԿ-ի առաջնորդ Ջոն Հյումի հետ, ով առանձնակի դեր խաղաց, որպեսզի խաղաղ գործընթացում ներգրավվեն միաժամանակ ԻՀԲ-ի ղեկավարությունը եւ Իռլանդիայի կառավարությունը: Հեշտ չէր պատկառելի քաղաքական գործիչներին ստիպել բանակցությունների սեղանի շուրջ նստել ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարության հետ: Հետագան ավելի բարդ էր` ԻՀԲ-ի ներգրավումը բրիտանական կառավարության եւ բուն Հյուսիսային Իռլանդիայի յունիոնիստների հետ բանակցություններին բացարձակապես անհնարինի նման մի բան էր պատկերանում: Սակայն հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի արդյունքում հենց դա էլ կատարվեց:
Խաղաղ գործընթացը, որին մասնակցել են այդքան շատ տարբեր դերակատարներ, հարկ էր կառուցակարգել: Գործընթացն իրականացվում էր երեք մակարդակներով. Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության կենտրոնական իշխանությունների միջեւ, Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ, երկու համայնքների միջեւ` բուն Հյուսիսային Իռլանդիայում: Առավել դժվարն այն մակարդակն էր, որում բանակցությունները տարվում էին Հյուսիսային Իռլանդիայի տարբեր կազմակերպությունների միջեւ: Որոշ լոյալիստներ հրաժարվում էին մասնակցել բանակցություններին, եթե դրանց պիտի մասնակցեին նաեւ ԻՀԲ-ի ներկայացուցիչները: Ուստի ինքնին այն փաստը, որ ԻՀԲ-ն հայտնվել է բանակցությունների սեղանի շուրջ, արդեն իսկ նշանակալից ձեռքբերում էր: Ինչպես հիշում ենք, խաղաղ գործընթացի առաջին փորձի անհաջողության պատճառներից մեկը ռազմականացված կազմավորումների բացակայությունն էր:
70-ական թվականներին ԻՀԲ-ն, ավելի ստույգ` «Ժամանակավոր» ԻՀԲ-ն, չէր պատրաստվում մասնակցել քաղաքական գործընթացին, չնայած բրիտանական կառավարության հետ հաղորդակցություն, այնուամենայնիվ, կար: 90-ականների սկզբներին ԻՀԲ-ն լուրջ փոփոխությունների ենթարկվեց: Դա երկար գործընթաց էր, որում առանցքային դեր են խաղացել 1980-ականների սկզբներին բանտում ԻՀԲ անդամների հայտնի հացադուլները: Ձեւականորեն հացադուլները, որոնց նպատակը հանրապետական կալանավորների համար հատուկ կարգավիճակի ձեռքբերումն էր, չեն հասել իրենց նպատակին: Բրիտանական կառավարությունը Մարգարետ Թետչերի գլխավորությամբ հայտարարեց, որ շարունակում է նրանց համարել սովորական հանցագործներ: Սակայն պարտությունը փոխվեց քաղաքական հաջողության. հացադուլի ամենաթեժ պահին հացադուլավորներից մեկը` հանրապետական բանտարկյալ Բոբի Սենդսը, ընտրվեց բրիտանական խորհրդարանի պատգամավոր: Բոբի Սենդսն այդպես էլ չզբաղեցրեց իր աթոռը եւ շուտով մահացավ` մի քանի այլ հացադուլավորների նման չդադարեցնելով հացադուլը: Այդ ամենի արդյունքում անմեղ մարդկանց մահվան մեջ մեղավոր ահաբեկչական կազմակերպությունից ԻՀԲ-ն համայն աշխարհի շատ մարդկանց աչքերում վերածվեց իմպերիալիզմին դիմակայության խորհրդանիշի:
Հացադուլի հարուցած արձագանքը ԻՀԲ-ի ղեկավարությանը ցույց տվեց, որ քաղաքական մեթոդներով պայքարը կարող է ավելի արդյունավետ լինել, քան բռնությունը: Ինչ խոսք, զինված պայքարից քաղաքականությանն անցնելն այնքան էլ հեշտ գործ չէր: Վտանգ կար, որ ԻՀԲ-ի կողմնակիցները չեն ընդունի ռազմավարության փոփոխությունը, եւ տեղի կունենա նոր պառակտում հանրությունում, ինչպես արդեն դա տեղի էր ունեցել կազմակերպության պատմության մեջ, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի բռնության շարունակմանը: Կրակի դադարեցման մասին ԻՀԲ-ի հայտարարությունից մինչեւ Ավագ ուրբաթի պայմանագիրը շատ ժամանակ է անցել, եւ հրադադարն էլ մի անգամ չէ, որ խախտվել էր: Սակայն ԻՀԲ-ի նոր պառակտում տեղի չունեցավ, եւ նրա կողմնակիցների մեծամասնությունն ընդունեց բռնությունից հրաժարումը: Ճիշտ է, այսօր, այդուհանդերձ, կան ԻՀԲ-ից պոկված խմբեր, որոնք չեն հրաժարվել ահաբեկչական մեթոդներից, բայց նրանք մեկուսի բնույթ ունեն:
Խաղաղ գործընթացի հաջողության գործում մեծ նշանակություն ուներ նաեւ լոյալիստական ռազմականացված կազմավորումների մի մասի դիրքորոշման փոփոխությունը: Հակամարտության տարիներին ճաղերի ետեւում հայտնվել են լոյալիստ շատ գրոհայիններ: Նրանցից ոմանք, հատնվելով բանտում որպես երիտասարդ արմատականներ, այնտեղից դուրս եկան փորձով իմաստնացած եւ այն համոզմունքով լեցուն, որ թնջուկըը պետք է լուծել խաղաղ մեթոդներով: Այն, որ Միացյալ Թագավորությունը, հանուն որի, ինչպես նրանք էին կարծում, իրենք «կռվել են», իրենց նկատմամբ վերաբերվում է ինչպես հանցագործների, նրանցից շատերին ստիպել է քննադատորեն վերաիմաստավորել յունիոնիզմի քաղաքական կարծրատիպերը: Միեւնույն ժամանակ, բանտում անցկացրած տարիները նրանց բարոյական հեղինակությամբ էին օժտել լոյալիստների շրջանում եւ թուլության ու դավաճանության մեջ մեղադրանքների առջեւ անխոցելիություն: Երբ բանակցությունների ժամանակ Իեն Փեյսլին մամուլի ասուլիս հրավիրեց` լոյալիստների առաջնորդին ծայրաստիճան զիջողականության մեջ մեղադրելու նպատակով, այն ընդհատեցին մի քանի նախկին լոյալիստ բանտարկյալներ. «Ու՞ր ես մեզ տանում, Իեն: Ու՞ր է քո համարանիշը, Իեն»: Նրանք ակնարկում էին այն, որ չնայած իր արմատական հռետորությանը` Իեն Փեյսլին երբեէ չի մասնակցել զինված ընդհարումներին, բանտարկյալ չի եղել եւ ուստի, ի տարբերություն իրենց, չի կարող կուրծք ծեծել բանտարկյալի անհատական համարանիշով: Այս ամենը շուտով տարածվել է մեդիայի շնորհիվ եւ դարձել փիար-աղետ խաղաղ գործընթացը չընդունող յունիոնիստների համար[11]:
Խաղաղ գործընթաց. հաղթողներ եւ պարտվողներ
Քանիցս փլուզման սպառնալիքի տակ գտնված բանակցություններն ի վերջո պսակվեցին այսպես կոչված Ավագ ուրբաթի պայմանագրի (հայտնի է նաեւ Բելֆաստյան համաձայնագիր անվանմամբ) կնքմամբ: Շատ հարցերի առնչությամբ համաձայնագրում պահպանվում էր «ստեղծագործական երկիմաստությունը» («creative ambiguity»), ինչը կողմերի համար հեշտացնում էր սեփական հանրություններում համաձայնագրի սատարումն ապահովելու խնդիրը: Որոշ հարցերում չկարողացան պայմանավորվել եւ որոշեցին դրանք թողնել ապագայի համար: Չնայած այս ամենին` Իեն Փեյսլիի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը (ԴՅԿ) այդպես էլ չճանաչեց համաձայնագիրը եւ գլխավորեց դրա ընդդիմությունը բողոքականների շրջանում: Կաթոլիկները հիմնականում գոհ էին փաստաթղթից, թեեւ «Շին Ֆեյնը» նախընտրեց զսպվածություն ցուցաբերել համաձայնագրի սատարման հարցում:
Համաձայնագրի պայմաններով մտցվում էր Հյուսիսային Իռլանդիայի համատեղ կառավարման համակարգ: Գործադիր իշխանությունը գլխավորում էր Առաջին նախարարը եւ նրա տեղակալը, իսկ պաշտոնները կառավարությունում պետք է բաշխվեն Օրենսդիր ասամբլեայի ընտրություններում համամասնական ընտրակարգով ձայների մեծամասնություն ստացած կուսակցությունների միջեւ, այնպես, որպեսզի կառավարությունում ներկայացված լինեն երկու համայնքներն էլ: Առավել կարեւոր հարցերում քվեարկությունը պետք է անցկացվի համայնքների միջեւ կոնսենսուսով, այսինքն` որոշման ընդունման համար անհրաժեշտ է մեծամասնություն յուրաքանչյուր առանձին վերցված համայնքում: Դա փաստորեն նշանակում է, որ կառավարման համար պատասխանատվությունը կիսում են յունիոնիստներն ու կաթոլիկները: Նաեւ ստեղծվել են այլ մարմիններ, որոնք հիմնականում խորհրդատվական գործառույթներ ունեն եւ կոչված են ապահովելու Իռլանդիայի երկու մասերի, ինչպես նաեւ դրանց ու Լոնդոնի միջեւ հաղորդակցությունը:
Ինչպես արդեն ասել ենք, Սանինգդեյլյան համաձայնագրի անհաջողության պատճառներից մեկն այն էր, որ դրանք այդպես էլ չեն ստացել ընտրողների աջակցությունը: Այս անգամ պատմության դասերը հաշվի են առնվել, եւ որոշվել է հանրաքվե անցկացնել, ընդ որում` այն պետք է անցկացվեր կղզու երկու մասերում էլ. հյուսիսում հանրաքվեի առարկան բուն համաձայնագրերն էին, հարավում` Իռլանդիայի սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելը, որից պիտի բացառեին Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային հավակնությունները: Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական հասարակությունը կազմակերպեց հանրաքվեի սատարման վերկուսակցական արշավ, որը զգալի դեր խաղաց հաջողության մեջ: Բելֆաստյան համաձայնագիրը ստացավ Հյուսիսային Իռլանդիայի ընտրողների 71 տոկոսի հավանությունը` 81 տոկոսի մասնակցության պարագայում[12]: Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունները, մեղմ ասած, այնքան էլ ակտիվ չէին համաձայնագրի սատարման գործում, այդ արդյունքները զգալի չափով կարելի է համարել հենց քաղաքացիական հասարակության վաստակը:
Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքները անհանգստության պատճառներ էլ թողեցին: Ինչպես ցույց են տվել սոցիոլոգիական հետազոտությունները` այն դեպքում, երբ կաթոլիկների գրեթե 99 տոկոսը պաշտպանում էր համաձայնագիրը, բողոքականների ապահոված մեծամասնությունը նվազ տպավորիչ էր` 57 տոկոս[13]: Սա վատ նորություն էր խաղաղ գործընթացի համար, բայց ավելի վատ` Թրիմբլի գլխավորած օլսթերյան յունիոնիստների կուսակցության համար: 2003 թվականին կայացած ընտրություններում նրա կուսակցությունն անհաջողություն կրեց. բողոքականների մեծամասնությունը քվեարկեց Փեյսլիի ԴՅԿ-ի օգտին, որը հանդես էր գալիս համաձայնագրերի դեմ: Կոալիցիոն կառավարության ստեղծման մասին ԴՅԿ-ի ու «Շին Ֆեյնի» միջեւ բանակցություններն արդյունք չտվեցին:
Թվում էր, պատմությունը կրկնվում է: Սակայն Հյուսիսային Իռլանդիայում իրավիճակի դինամիկան փոխվել էր: Արդյունքում` 2006 թվականին Սենտ-Էնդրյուսում ստորագրվեց համաձայնագիր, որը ոչ միայն թույլ տվեց նոր կառավարություն ստեղծել, որի կազմում ընդգրկվեցին «Շին Ֆեյնն» ու ԴՅԿ-ն, այլեւ լուծեց այն հարցերը, որոնք չկարգավորված էին մնացել Բելֆաստյան համաձայնագրում (օրինակ, Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանության բարեփոխման մասին հարցը): Շատերը զարմացած էին, որ արդյունքում Փեյսլին` երեւի ամենաանհաշտ յունիոնիստ քաղաքական գործիչը (նրա ամենահայտնի կարգախոսներից է «Օլսթերը «Ոչ» է ասում»), համաձայնվել էր կիսել իշխանությունը «Շին Ֆեյնի» հետ: Սակայն իրողությունը հենց այդպիսին էր: Նոր կառավարությունը գլխավորեցին երկու մարդիկ, ովքեր անցյալում ոչ միայն ոխերիմ թշնամիներ էին, այլեւ երկու հակամարտող գաղափարախոսությունների խորհրդանիշներ` յունիոնիստ Իեն Փեյսլին եւ հանրապետական Մարտին Մակգինեսը (տարեց Փեյսլիին քիչ անց այդ պաշտոնում փոխարինեց նրա կուսակից Փիտեր Ռոբինսոնը):
Ընդհանուր առմամբ հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացից շահեցին բոլոր կողմերը: Բայց եթե խոսելու լինենք զուտ քաղաքական հետեւանքների մասին, ապա որոշ քաղաքական ուժերի համար դրանք բավականին տխուր էին: Կաթոլիկ ընտրողները ոչ այնքան բարձր գնահատեցին խաղաղության ձեռքբերման գործում Հյումի ՍԴԼԿ-ի ջանքերը, որքան կարելի էր ակնկալել: Արդեն 2001 թվականի ընտրություններում պարզվեց, որ ամենամեծ ժողովրդականությունը վայելում է «Շին Ֆեյնը», անգամ ի հեճուկս ԻՀԲ-ի հետ ունեցած ակնհայտ կապերին, կամ, միգուցե, դրանց շնորհիվ: Ինչպես մենք տեսել ենք, Թրիմբլի կուսակցությունը պարտություն էր կրել ավելի արմատական ԴՅԿ-ից: Եվ այսպես, երկու համայնքներում էլ տեղի էր ունենում մի գործընթաց, որի արդյունքում ավելի չափավոր կուսակցությունը զիջում է իր դիրքերը ավելի արմատական ուժերին: Չօգնեց անգամ Թրիմբլի ու Հյումի ստացած Խաղաղության Նոբելյան մրցանակը: Ընդ որում, եթե կաթոլիկ համայնքի ընտրությունը կարելի է դիտարկել որպես ԻՀԲ-ի խրախուսում` խաղաղ քաղաքական պայքարի անցնելու համար, ապա ԴՅԿ-ի ընտրական հաջողությունը խրախուսանք էր կուսակցության առավել արմատական դիրքորոշման համար (որից այն հրաժարվեց արդեն ընտրություններից հետո):
Այս ամենը վկայում է այն մասին, որ խաղաղ գործընթացին մասնակցությունը քաղաքական լուրջ ռիսկով է զուգակցվում նրանց համար, ովքեր փոխզիջման են գնում. ընտրողները հաճախ քաղաքական գործիչներին պատժում են չափավորության համար ու խրախուսում արմատականության համար: Ուստի շատ կարեւոր է, որ խաղաղ համաձայնագրի քաղաքական ճակատագիրը հնարավորինս քիչ կապված լինի այս կամ այն քաղաքական գործչի կամ կուսակցության քաղաքական ճակատագրին: Ահա թե ինչու է այդքան կարեւոր քաղաքացիական հասարակության կողմից խաղաղ նախաձեռնություններին աջակցումը: Սա եւս մի դաս է, որ կարելի է քաղել հյուսիսիռլանդական փորձից:
Եզրակացություններ եւ առաջարկություններ
Հյուսիսիռլանդական հակամարտության դինամիկայի դիտարկումը թույլ է տալիս առանձնացնել մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել հակամարտությունների փոխակերպման հաջողությանը այլ տարածաշրջաններում.
• Մեծ նշանակություն ունի երրորդ երկրների չմիջամտելու քաղաքականությունը կամ էլ հակամարտության լուծման գործում նրանց միջեւ ձեռքբերված կոնսենսուսը: Հյուսիսային Իռլանդիայում գործնականում բացակայում էր համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների շահերի բախման տարրը: Գործընթացին մասնակից միակ գերտերությունը ԱՍՆ-ն էր, որը շահագրգռված էր հակամարտության լուծմամբ եւ լրջորեն էր վերաբերվում իր միջնորդական առաքելությանը:
• Հակամարտության լուծմանը նպաստած կարեւոր գործոն էին (առնվազը տեսականորեն) դավանած ժողովրդավարական մշակութային ու քաղաքական այնպիսի արժեքներ, ինչպիսին են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, խղճի ազատությունը եւ այլն: Ինչ խոսք, հակամարտության բոլոր կողմերն էլ գործնականում մի անգամ չէ, որ ոտնահարել են այդ արժեքները: Սակայն ընդհանուր առմամբ կար համընդհանուր գաղափարական դաշտ, որը խարսխված էր արեւմտաեվրոպական ժողովրդավարության ավանդույթների վրա, ինչն էլ հակամարտությունը որոշակի սահմաններում էր պահում:
• Հակամարտության լուծմանը նպաստել է ժողովրդավարական հաստատությունների առկայությունը: Այստեղ աշխատում էին քաղաքական գործիչներ, ովքեր գործնականում պատասխանատու են իրենց հանրույթների առաջ եւ, հետեւաբար, գործում էին այդ հանրույթների օգտին, այլ ոչ թե իրենց նեղ շահերն էին սպասարկում: Ճիշտ է, հարկ է վերապահել, որ իրականում Հյուսիսային Իռլանդիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն ընդհատվել էր Լոնդոնից մտցված անմիջական կառավարման արդյունքում: Սակայն այս իրավիճակն ընկալվում էր որպես ժամանակավոր եւ ոչ բնականոն երեւույթ բոլոր կողմերի համար էլ, որոնք, ամեն մեկը յուրովի, ձգտում էին բնականոն ժողովրդավարական հաստատությունների վերադարձին (թեեւ տարբեր կերպ էին պատկերացնում դրանք), եւ չէին կորցնում իրենց հանրույթների հետ կապը:
Այդ նկատառումներից զատ հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի դիտարկումը թույլ է տալիս հանդես գալ որոշակի առաջարկներով, որոնք կարող են օգտակար լինել ցանկացած այլ խաղաղ գործընթացի համար`
• հարկ է ճանաչել հակամարտության մեջ ներգրավված զանազան խմբերի սուբյեկտությունը: Կողմնակի դիտորդին հակամարտության կողմերը կարող են պատկերանալ միակուռ, սակայն իրականում յուրաքանչյուր կողմի ներսում կարող են գոյություն ունենալ տարբեր ընկալումներ ու շահեր ունեցող զանազան խմբեր: Այսպիսի բազմաբղետ խմբերի գոյության ճանաչումը` յուրօրինակ մոտեցումներով, խաղաղ գործընթացի հաջողության պայմաններից է,
• կողմերը պետք է դադարեն միմյանց ընկալել կաղապարների ու կարծրատիպերի շրջանակներում: Անհրաժեշտ է հասկանալ հակադիր կողմի դրդապատճառները: Դա չի նշանակում արդարացված համարել այդ դրդապատճառները, ինչն, ըստ էության, անհնար էլ է, քանի որ այլապես չէր լինի բուն հակամարտությունը: Սակայն պահանջվում է հասկանալ հակադիր կողմի մտածելակերպը, ինչն էլ հնարավորություն է տալիս համարժեքորեն ու իրատեսաբար հաշվարկել սեփական խնդիրները բանակցային գործընթացում: Հարկ է նաեւ գիտակցել, որ այդ դրդապատճառները հաճախ հիմնված են լինում ոչ թե բանական հաշվարկի վրա, այլ այն նկատառումների վրա, որոնք կարող են «անտրամաբանական» թվալ զուտ գործնական տեսակետից,
• հաջողության մեկ այլ անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի ներառականությունը, որը պետք է ապահովի հակամարտության մեջ ներգրավված բոլոր խմբերի ու դերակատարների մասնակցությունը: Սակայն ներառականությունը ենթադրում է այդ թվում նաեւ խաղաղ գործընթացի ձեւաչափի ճկունություն: Եթե խաղաղ գործընթացում բոլոր խմբերի ներառումը կարող է խնդիրներ ստեղծել (օրինակ, X-ը հրաժարվում է մասնակցել բանակցություններին, եթե դրանց մասնակցի Y-ը), անհրաժեշտ է գտնել մի այնպիսի լուծում, որը թույլ կտա շրջանցել այդ խոչընդոտը: Նմանօրինակ հնարավոր լուծումներից է տարբեր մակարդակներում զուգահեռաբար անցկացվող բանակցությունները,
• համաձայնագրի ժողովրդավարական իրավազորությունն ապահովելու նպատակով կարեւոր է նախատեսել ժողովրդավարական քվեարկության արդյունավետ ընթացակարգ: Ակնհայտ է, որ ժողովրդավարական իրավազորությամբ չօժտված համաձայնագիրը հարատեւության հնարավություն չունի: Դրա կոնկրետ ձեւերից են տարատեսակ հանրաքվեները, սակայն հնարավոր են նաեւ այլընտրանքային եղանակներ,
• համաձայնագրի ժողովրդավարական իրավազորության ապահովման մեխանիզմներ մշակելիս շատ կարեւոր է, որպեսզի դրանք առնչված չլինեն համաձայնագիրը ստորագրած կոնկրետ քաղաքական ուժերի ընտրական հեռանկարներին: Ինչպես ցույց է տալիս Հյուսիսային Իռլանդիայի օրինակը, բնակչությունը կարող է պաշտպանել համաձայնագիրը, ընդսմին չաջակցելով այն քաղաքական ուժերին, որոնք կնքել են դա,
• քաղաքացիական հասարակության կողմից խաղաղ նախաձեռնությունների սատարումը կարող է վճռորոշ լինել, մասնավորապես` կնքված համաձայնագրի ժողովրդավարական աջակցության ընթացակարգի փուլում, ինչպես դա եղել է Հյուսիսային Իռլանդիայում անցկացված հանրաքվեի պարագայում:
Եվ, վերջապես, հարկ է նկատի ունենալ, որ հակամարտության էության, դրա պատմության, իդեալական լուծման տարբեր ընկալումները, որպես կանոն, պահպանվում են նաեւ հաջողված խաղաղ գործընթացից հետո: Խաղաղ գործընթացն ի զորու չէ վերացնել իրողության` հակամարտության տարբեր կողմերի մոտ առկա տարբեր պատկերացումների բախումը: Սակայն, ինչպես ցույց է տալիս Հյուսիսային Իռլանդիայի փորձը, խաղաղ գործընթացը կարող է նպաստել ժողովրդավարական այնպիսի ձեւաչափերի ստեղծմանը, որոնց պարագայում անցյալի տարբեր հայեցակարգերի միջեւ հակամարտությունն այդպես էլ մնա որպես աշխարհընկալումների հակամարտություն` չհանգեցնելով բռնության ու դիմակայության:
5. «Ազգայնական» եզրույթը հյուսիսիռլանդական համապատկերում չունի արմատականության այն երանգը, որն առկա է հետխորհրդային համապատկերում. «ազգայնականը», բառի իռլանդական նշանակությամբ, կարող է միանգամայն չափավոր հայացքների տեր լինել:
6. «Շին Ֆեյն» եւ «ԻՀԲ» անվանումները վերարտադրում են դարասկզբին գոյություն ունեցած համանման կազմակերպությունների անունները, որոնց հետ դրանք չունեն անմիջական ծագումնաբանական կապ, թեեւ իրենց համարում են նրանց գաղափարական հետնորդները:
—————————————————————————
7. F. Cochrane, Northern Ireland: the Reluctant Peace, New Haven and London: Yale University Press, 2013, p.7.
8. R. English, Irish Freedom: the History of Nationalism in Ireland, London: Pan Books, 2007, p. 237.
9. Նույն տեղում:
10. Հանդիպում լորդ Օլդըրդայսի հետ, 2013թ. հունիսի 21 (Լոնդոն)
11. F. Cochrane, p. 181-182.
12. Նույն տեղում` էջ 198:
13. Նույն տեղում` էջ 201: