Քլեմ ՄԱԿՔԱՐՏՆԻ
Անձնական կարծիք
Մարդկանց համար դժվար է կողքից` առանց հակամարտությունների կիզակետում գտնվելու, հասկանալ դրանց մեծամասնության էությունը: Հակամարտության կողմերն անցնում են մի շարք փոխակերպումների ու փոփոխությունների միջով եւ, առաջին հայացքից, քիչ են տարբերվում միմյանցից: Հակամարտության հիմքում ընկած հարցերը երբեմն այնքան առօրեական են պատկերանում, որ, թվում է, չարժե դրանց համար անտեղի ժամանակ վատնել: Նույնիսկ հակամարտություններում օգտագործվող եզրույթներն են մշտապես փոխում իրենց գուներանգն ու նշանակությունը եւ հենց իրենք էլ դառնում հակամարտության աղբյուր: «Ախր ինչու՞ նրանք իրենց հասուն մարդկանց պես չեն պահում եւ չեն սովորում խաղաղ ապրել»` ուզում ես կամա թե ակամա բացականչել, նայելով այդ ամենին: Այս առումով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը ոչնչով չի տարբերվում այլ հակամարտություններից:
Նույնիսկ հակամարտության կողմերն իրենք են երբեմն դժվարանում գնահատական տալ նրան եւ որեւէ բացատրություն գտնել: Հակամարտության իրենց վարկածը եւ դիմակայության պատմությունը նրանք «կառուցում են» այնպես, որ դրանք արտացոլեն այն, թե ինչպես են իրենք նախընտրում տեսնել հակամարտությունը եւ արդարացնեն իրենց այսօրվա գործողություններն ու հակամարտության լուծման իրենց առաջարկները: Մեծամասամբ նման վարկած-պատմություններն ընդհանուր առմամբ չեն ժխտում փաստերը, սակայն նույն այդ փաստերում նրանց ներդրած իմաստը կարող է տարբեր լինել: Ավստրիական հակամարտաբան Ֆրանց Գլասլն1 առաջարկել է մի մոդել, որում նկարագրվում է հակամարտության սրման ինը կացություն: Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես են վաղ փուլում հակամարտության կենտրոնում գտնվող հարցերից կողմերն անցնում այն վեճերին, թե ինչում է կայանում այդ հարցերի էությունը: Այսպիսով, նրանք իրար հետ մրցում են հանուն սեփական վարկածի հաղթարշավի, քանի որ եթե այդ վարկածն ընդունվի, ապա դրա հաղթանակը կհանգեցնի իրենց համար ցանկալի արդյունքի եւ, միեւնույն ժամանակ, հիմնազուրկ կդարձնի մյուս կողմի կարծիքը` ինչպես տեխնիկական, այնպես էլ զգայական տեսանկյուններից:
Բելֆաստցի Ջոն Ուայթը2, նախկինում քաղաքագիտության պրոֆեսոր, առանձնացրել է այն ժամանակների գիտական գրականությունում հանդիպող հյուսիսիռլանդական հակամարտության հիմնական գնահատականները: Քաղաքական տարբեր սուբյեկտների կողմից որպես կռվան վերցված այդ վարկած-պատմությունները խարսխվում են դասակարգային տարբերությունների, նույնականության կամ գաղութացման/հետգաղութացման իրողությունների վրա եւ, ինչ խոսք, հաճախ ներառում են բոլոր այդ երեք բաղկացուցիչների առանձին հայեցակետեր:
Կողմերը շարունակում են փոխել իրեն տեքստերը` կախված նպատակային լսարանից եւ այն ենթադրյալ առավելություններից, որ իրենց համար կարող են ստանալ յուրովի մեկնաբանման արդյունքում: Եթե հակամարտության կողմերը շատ բան այսկերպ պարզունակացնում են, ապա ընդհանրապես զարմանալի չէ, որ կողմնակի անձանց համար դժվար է լինում հասկանալ, թե ինչն ինչոց է: Ի հետեւանս դրա, նրանք կարող են որոշիչ համարել ինչ-որ հանգամանք, որն իրականում չի արտացոլում իրավիճակի առանցքային առանձնահատկությունները:
Շվեդ հակամարտաբան Պետեր Վալենստեենը3, ով հարմարացրել է Իոհան Գալտունգի մոդելը, առանձնացնում է հակամարտության երեք տարր եւ խաղաղության կառուցման գործում այդ տարրերի երեք զուգանմանություն. հակամարտության ձեւավորում (կամ դրա հակադիրը` խաղաղության ձեւավորում), որի ընթացքում կազմավորվում են կողմերի հայեցակարգերն ու դրանց փոխհարաբերությունները, հակամարտության շրջանակներում վիճարկվող բոլոր հարցերի անհամատեղելիությունը (կամ համատեղելիությունը), կողմերի ապակառուցողական կամ կառուցողական վարքը: Այս ամենը կարելի է պատկերացնել աթոռակի երեք ոտքերի տեսքով: Եթե մի ոտք պակասում է` հակամարտության աթոռակը վայր է ընկնում: Սակայն հակամարտություն հասկացությունն ավելի դինամիկ է: Եթե հեռացնենք մի ոտքը` թողնելով մյուս երկու տարրերը, ապա երրորդ ոտքը շուտով նորից կաճի, որն էլ թույլ կտա պահպանել հակամարտությունը: Եթե ընթացիկ խնդիրները լուծվում են, բայց ընդսմին կողմերի միջեւ պահպանվում է հակամարտությունը, իսկ նրանց գործողությունները շարունակում են թշնամական բնույթ ունենալ, ապա հին խնդիրներին հերթափոխելու են գալիս նորերը:
Իռլանդիայում ստեղծված իրավիճակի նկատմամբ այդ մոտեցումների կիրառումը, իրավիճակ, որ հետագայում ծնունդ է տվել հյուսիսիռլանդական հակամարտությանը, թույլ է տալիս ավելի լավ հասկանալու, թե ինչպես են զարգացել դեպքերը, որոնք էլ` 1969-ից ի վեր, հանգեցրել են «անկարգությունների» ժամանակաշրջանին:
Հնարավոր է, ավելի հեշտ կլինի բացատրել, եթե ցույց տանք, թե շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրն ինչպես է պաշտպանել այն, ինչը նրան պատկերացել է որպես սեփական շահ: Ստորեւ վերլուծության են ենթարկվում հակամարտության կողմերը, նրանց շահերն ու գործողությունները` միտված այդ շահերի առաջմղմանն ու պաշտպանությանը: Սա իմ սեփական վերլուծությունն է, որը չի համընկնում հակամարտության առկա տեքստերից որեւէ մեկի հետ:
Հակամարտության պատմական նախադրյալները
Հակամարտության գլխավոր կողմերն են եղել բնիկ կելտ ազգաբնակչությունը, բրիտանական պետությունը եւ Անգլիայից ու Շոտլանդիայից եկած վերաբնակիչները, որոնց կարելի է տարբեր խմբերի բաժանել` կախված այն բանից, թե ինչ ծագում ունեն, քրիստոնեության որ ճյուղն են դավանում եւ տնտեսական ու քաղաքական ինչ դիրք ունեն: Նրանց շահերի պաշտպանությունը հաճախ իրականացվում էր այլ խմբերի շահերի հաշվին, թեեւ, հնարավոր է, միշտ չէ, որ դա գիտակցաբար է արվել: Այս կամ այն քայլը հաճախ պայմանավորված է եղել վախով կամ միտված է եղել հարմարավետություն ապահովելուն, եւ կողմերին շատ քիչ կամ էլ ընդհանրապես չի հուզել այն հարցը, թե ինչպես են այդ իրենց գործողություններն անդրադառնալու մյուսների վրա: Սակայն ընկալումը, իսկ հաճախ էլ` բուն իրողությունը, կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր խմբի շահերը հակամարտության մեջ էին գտնվում մյուսների շահերի հետ` «զրոյական գումարով» մրցակցային հարաբերությունների շրջանակներում, ինչն էլ վիրավորանք ու վախ էր ծնում:
Ներկայիս հակամարտությունն իր արմատներով հասնում է անգլո-նորմանդական բարոնների կողմից 1169 թվականին Իռլանդիայի զավթմանը: Նրանք Անգլիայում են բնակություն հաստատել 1066 թվականին նորմանդական նվաճումից հետո: 1155 թվականին Հռոմի Պապը Laudabiliter հրովարտակն է հրապարակել, որը թագավորին իրավունք է շնորհել Իռլանդիա ներխուժելու, թեեւ թագավորն անմիջապես չէ, որ գործողության մեջ է դրել այդ հրովարտակը: Բարոնները շահագրգռված էին հողերի ու հարստությունների ձեռքբերմամբ` իրենց կալվածքների ներքին կյանքին թագավորի նվազագույն միջամտությամբ: Երբ իռլանդական արտաքսված առաջնորդ Դերմոտ Մակմուրոն նրանց դիմեց մյուս առաջնորդների դեմ պայքարում օգնություն խնդրելով, նրանք հաճույքով համաձայնվեցին: Նրանց ջանքերը հաղթանակով պսակվեցին, սակայն անգլիական թագավորը, ում անհանգստացնում էր նրանց կողմից իշխանության այլընտրանքային կենտրոնների ստեղծման հեռանկարը, ուղեւորվեց Իռլանդիա եւ դրանից քիչ հետո հռչակեց Իռլանդիայի նկատմամբ անգլիական թագի գերիշխանությունը:
Հետագայում շատ անգլո-նորմաններ հողեր ձեռքբերեցին Իռլանդիայում եւ բնակություն հաստատեցին այնտեղ, դուրս մղելով տեղացի առաջնորդներին, սակայն անդրենածին բնակչության մեծամասնության համար պարզապես մի տերը փոխարինվեց մյուսով, եւ դա ոչ մի կերպ չանդրադարձավ նրանց վիճակի վրա: Այն ժամանակ, երբ Անգլիայում սկսվել էր թագավորի ձեռքում պետական իշխանության կենտրոնացման գործընթաց, Իռլանդիան առաջվա պես իրենից ներկայացնում էր ավատատիրական կալվածքների ու ցեղային դաշինքների մի ցանուցիր խճանկար` ազգային նույնականության որեւիցե զգացողության բացակայությամբ: Անգլիական արքունիքից հեռու գտնվող անգլո-նորմանները միաձուլվեցին տեղի իռլանդական բնակչությանը, ընդունեցին իռլանդական սովորույթները, սկսեցին խոսել իռլանդերեն եւ ոչ մի ուշադրություն չդարձնել անգլիական միապետի վրա: Ընդունված էր ասել, որ նրանք ավելի մեծ իռլանդացիներ էին դարձել, քան իռլանդացիներն իրենք:
Շատ շուտով անգլիական միապետն ի զորու էր վերահսկել Դուբլինից ոչ հեռու գտնվող Փեյլ անվանմամբ ոչ մեծ շրջանը միայն: Այս տեղանունից է ծագել անգլիական “beyond the pale” արտահայտությունը, ինչը նշանակում է հաստատված շրջանակներից դուրս գտնվող ինչ-որ բան: Այս իրավիճակը չէր բավարարում թագավորին, որն Իռլանդիայում չնչին հարկեր էր գանձում, իսկ Փեյլ շրջանին էլ մշտապես սպառնում էին հարեւան կլանների ասպատակությունները: Թագավորը մի քանի փորձ ձեռնարկեց գաղութացնելու համար երկրի առանձին մասերը` հողերի բռնագրավման եւ այդ հողերում մարդկանց վերաբնակեցման ճանապարհով. Քինգս-քաունթիում` Լենսթերի (այժմ` Օֆֆալի կոմսություն) եւ Քուինս-քաունթիի (այժմ` Լիիշ կոմսություն) պլանտացիաներում 1556 թվականին, Մանսթերում` 1586 եւ Օլսթերում` 1606 թվականներից ի վեր:
Լենսթերի եւ Մանսթերի պլանտացիաները հիմնվել են հողեր նվիրաշնորհելով ձեռներեց կալվածատեր-ազնվականներին, որոնք էլ, ենթադրաբար, Անգլիայից իրենց հետ պիտի բերեին վարձակալ ֆերմերների: Նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, հավանաբար` այդ նպատակին ոչ բավարար նվիրվածության պատճառով: Ի վերջո ձեւավորվեց կալվածատերերի նոր խավ, սակայն մնացյալ բնակչության կազմը չփոխվեց: Արդյունքում Օլսթերի պլանտացիաները սկսեցին ձեւավորվել այլ հիմունքներով: Այստեղ հողերը վաճառականներին բաշխվում էին լոնդոնյան գիլդիայի միջոցով` որպես շահավետ գործարար առաջարկ: Վերջիններս ավելի շատ էին շահագրգռված տնտեսապես հաջող պլանտացիաների կազմակերպմամբ, ուստի եւ աշխուժորեն սկսեցին զբաղվել տեղաշրջանի տնտեսության փոխակերպմամբ եւ իրենց պլանների իրականացման նպատակով վարձակալների ներգրավմամբ:
Հավելյալ գործոն էր ծառայում այն հանգամանքը, որ Անգլիայում անցկացված կրոնական ռեֆորմացիայի արդյունքում նոր պլանտատորները բողոքականներ էին, ինչը նրանց տարբերում էր բնիկ կաթոլիկ բնակչությունից: Նրանք անհամեմատ քիչ էին հակված ներգրավելու բնիկ ազգաբնակչությանը, քան ժամանակին անգլո-նորմանական բարոնները, եւ եթե Մանսթերում եւ Լենսթերում նոր վաճառականներն ու արհեստավորական շերտերը կազմված էին անգլիական բողոքականներից, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին կոչվել անգլո-իռլանդացիներ, ապա Օլսթերում ոչ միայն իշխող դասակարգը, այլեւ շատ ֆերմերներ ու արհեստավորներ նույնպես բողոքական էին:
Եվս մեկ կարեւոր գործոն էր շոտլանդական վերաբնակիչների առկայությունը: Իռլանդիայի հյուսիս-արեւելքը գտնվում է Շոտլանդիայից տեսանելիության սահմաններում, եւ դարեր շարունակ այս երկու երկրամասերի ժողովուրդների միջեւ մշտական փոխանակություններ էին կատարվում: Եվ ահա Իռլանդիայի հյուսիս-արեւելք սկսեցին գալ ու վերաբնակվել ավելի ու ավելի շատ շոտլանդացիներ: Նրանք նույնպես բողոքականներ էին, բայց Շոտլանդիայում ռեֆորմացիան այլ` եկեղեցական այլախոհության ձեւ էր ստացել: Այս վերաբնակիչներն իրենց սովորույթներն ունեին եւ իրենց ավելի իրավահավասարային սոցիալական համակարգը: Ընդսմին` նրանք հաճախ խոսում էին շոտլանդական գելական լեզվով, իսկ Շոտլանդիայի դաշտային շրջաններից եկածները` ներքինշոտլանդական լալանական բարբառով: Ուստի մշակութային առումով նրանք տարբերվում էին եւ’ անգլիացի վերաբնակիչներից, եւ’ բնիկ իռլանդական ազգաբնակչությունից:
Կելտական ավանդական կլանները չէին կարող մրցակցել նորամույծ համակարգերի հետ, ընդսմին` իռլանդացիները շարունակում էին ինքնուրույն համայնք մնալ: Ոմանք փորձում էին ներգրվել նոր համակարգում եւ քայլել ժամանակին համընթաց, արդյունքում որոշ ժամանակ կլանային պլանտատորների ամրոցներն ու ձեռներեց-պլանտատորների ամրակառույց ֆերմաները գոյատեւում էին կողք կողքի: Սակայն ավանդական առաջնորդներից ընդամենը մի քանիսը կարողացան հաջողությամբ հաղթահարել փոփոխությունները: Առավել հաճախ նրանք չէին դիմանում անգլիացի կալվածատերերի հետ մրցակցությանը, որոնք այդ ժամանակ արդեն ավելի հարուստ էին եւ ավելի սերտ կապեր ունեին իշխանությունների հետ, իսկ իռլանդացի շատ ֆերմերներ դուրս էին մղվել դեպի ճահիճներ ու մորուտներ, որտեղ դժվար էր ընտանիք կերակրելը: Կալվածատերերն իրենց հաջողության պատճառը համարում էին աշխատասիրության եւ խնայողության բողոքական էթիկան, այլ ոչ թե այն քաղաքական արտոնությունները, որ իրենք ունեին: Ի տարբերություն նրանց, Օլսթերի իռլանդացիները գնալով ավելի շատ էին զգում իրավիճակի անարդարությունը, եւ նրանց դժգոհությունն աճում էր: XVII դարի մի շարք խռովությունները պատմության իրար դիմակայող երկու վարկածների արտացոլումն էին. մի կողմից` անգլիացի կեղեքիչների, մյուս կողմից` ոխերիմ իռլանդացիների մասին:
Եւ անգլիացի կառավարիչները, եւ պաշտոնական անգլիկան եկեղեցին շահագրգռված էին կրոնական տարբերությունների ընդգծմամբ: Եկեղեցին մտահոգված էր կաթոլիկ եկեղեցու «մոլորություններով» եւ առաջնորդվում էր իր հեղինակությունը չարատավորելու եւ իշխանությունը պահպանելու ցանկությամբ: Այն նաեւ կասկածամտությամբ էր վերաբերվում շոտլանդացի վերաբնակիչների դիսսենտերական (dissenter` անհամաձայնություն կարծիքին, հավատքին) սովորույթներին, որոնք ժխտում էին անգլիկան եկեղեցու հեղինակությունը: Պետությունը պաշտոնական եկեղեցուն ու բողոքականությանն ընկալում էր որպես վերաբնակիչների լոյալության պահպանման միջոցներ: Իշխանությունները նաեւ վախենում էին իռլանդական նոր խռովություններից եւ ուզում էին սահմանափակել իռլանդական կաթոլիկ ազգաբնակչության կողմից սպառնացող վտանգը: Նոր օրենքներ մտցվեցին, որոնք անգլիկաններին արտոնություններ էին տալիս կրոնական այլ խմբերի նկատմամբ: XVII դարում արգելվում էր հարել կաթոլիկ եկեղեցուն, եւ եկեղեցական ծեսերը գաղտնի էին կատարվում` որպես խորան ծառայող հատուկ քարի վրա` խոր անտառում կամ էլ լեռներում: Նույնիսկ երբ XVIII դարում այդ արգելքը վերացվեց` կաթոլիկ հոգեւորականներին պարտավորեցնում էին պետական գրանցում ունենալ, իսկ որոշ ժամանակ անց էլ ընդունվեց տնտեսական եւ քաղաքական սահմանափակումների նոր ժողովածու, որը հայտնի է «պատժիչ օրենքներ» անվամբ: Կաթոլիկներն ու դիսսենտերները հեռացվեցին պետական շատ պաշտոններից, ընտրություններին ու կրթական համակարգին մասնակցելուց: Հողի նկատմամբ սեփականության նրանց իրավունքները նույնպես սահմանափակվեցին, մտցվեցին նաեւ մի շարք տնտեսական եւ առեւտրային սահմանափակումներ: Օրենքները միշտ չէ, որ խստորեն պահպանվում էին, սակայն դրանք խստորեն սահմանափակում էին մարդկանց հնարավորություններն ու մեծ դժգոհություններ առաջացնում նրանց մոտ:
Պատժիչ օրենքները նաեւ նպաստում էին կաթոլիկների ու կրոնական հոսանքների շրջանում միասնական դիրքորոշման ձեւավորմանը, եւ Շոտլանդիայից եկածներից XVIII դարի վերջերին կազմավորվեց նոր ծայրահեղական ոչ-դավանակցային ավանդույթ: Դրա հետեւորդներին անհանգստացնում էր անգլիացիների կառավարման օրոք իրենց իրավունքների սահմանափակումը, սակայն նրանք դավանում էին ավելի վեհ իդեալներ, ինչպես եւ իրենց հայրենակիցները, որոնք սահմանափակումներից խուսափելու համար գաղթեցին Հյուսիսային Ամերիկա եւ ակտիվորեն մասնակցեցին Անկախության համար պատերազմին: Անկախության հռչակագրի նախնական տեքստը կազմել էր Չարզ Թոմսոնը` Մայրցամաքային առաջին կոնգրեսի քարտուղարը, իսկ տպագրել է Ջոն Դանլապը, որոնք երկուսն էլ շոտլանդական ծագում ունեին: Ամերիկյան Անկախության հռչակագրի ամբողջական տեքստը հրապարակած եվրոպական առաջին թերթը «Բելֆաստյան բանբերն» էր (Belfast Newsletter)` 1776 թվականի օգոստոսի 23-27-ը` հռչակագրի ստորագրումից երեք շաբաթ անց: Թերթը հիմնադրվել էր նույնպիսի արմատականների կողմից, որոնք տարված էին ֆրանսիական հեղափոխության ազատության, հավասարության ու եղբայրության իդեալներով:
Օլսթերցի բողոքական շոտլանդացիները 1798 թվականի ապստամբության գլխավոր շարժիչ ուժն էին երկրի հյուսիսում, նույն այդ ժամանակ էլ նրանց կաթոլիկ եղբայրակիցները աշխուժացել էին Ուեքսֆորդում եւ Իռլանդիայի հարավի այլ մարզերում: Ապստամբությունը ջախջախվեց, բայց այդ ընթացքում պատժիչ սահմանափակումները վերացվեցին, իսկ օլսթերական շոտլանդացիները քաղաքականության փոխարեն սկսեցին զբաղվել առեւտրային գործունեությամբ:
Մի ամբողջ շարք պատճառների բերումով Իռլանդիայի հյուսիսը ամենալավ կացության մեջ էր գնալով ուժեղացող արդյունաբերական հեղափոխության ընձեռած հնարավորություններից օգտվելու համար: Սկսվեց զանգվածային արտահոսք գյուղական բնակավայրերից դեպի քաղաքներ, որտեղ կաթոլիկներն ու բողոքականներն ապրում էին կողք կողքի: Նրանք, որպես կանոն, բնակություն էին հաստատում հայրենի վայրերից եկած բարեկամներից ու ընտանիքից ոչ հեռու` իրենց եկեղեցիների մերձակայքում: Այսպես ծագեց բողոքական եւ կաթոլիկ շրջանների այսպես կոչված «լաթակտոր վերմակը», որը պահպանվել է մինչ օրս:
XVIII դարի երկրորդ կեսին գյուղական վայրերում սկսեցին գործել մարտնչող բողոքականների ու կաթոլիկների ավազակախմբեր, եւ նրանց միջեւ այստեղ-այնտեղ բախումներ էին լինում: Նման մի բախումից հետո` 1796 թվականին, բողոքական բնակչության պաշտպանության եւ շահերի առաջմղման նպատակով, ձեւավորվեց բողոքականների նոր խումբ` այսպես կոչված Օրանժիստների ուխտը, որը հետագա երկու հարյուր տարում հանդիսանում էր բողոքական համայնքի հավաքագրման հզոր գործիք ու կաթոլիկների աչքերում բողոքական գերիշխանության վրդովեցուցիչ խորհրդանիշ: Լարվածությունը մշտապես հետեւում էր նրանց, ովքեր գյուղական վայրերից եկել էին քաղաքներ, որտեղ պարբերաբար բախումներ ու անկարգություներ էին տեղի ունենում:
Պատժիչ օրենքներն այլեւս չէին տարածվում բողոքականների վրա, բայց կաթոլիկներն առաջվա պես զրկված էին ձայնի իրավունքից, ինչը լուրջ խնդիր էր դարձել XIX դարի առաջին կեսում, քանի որ ընդունված էր կարծել, որ առանց ձայնի իրավունքի եւ հանրությունում ավելի մեծ ազդեցության կաթոլիկ բնակչության իղձերը չեն կարող իրականացվել: Հանուն էմանսիպացիայի կաթոլիկ շարժման առաջնորդ Դենիել Օ’Քոննելը հասկացավ, որ կաթոլիկ եկեղեցին մարդկանց հավաքագրման հիանալի գործիք է. գրեթե ողջ ծխական համայնքն ամեն շաբաթ մասնակցում էր եկեղեցական ծառայություններին, ինչը լավ հնարավորություն էր տալիս նրանց հետ շփվելու համար: Բողոքականները, հնարավոր է, բոլոր դեպքերում էլ չէին միանա կաթոլիկների հանուն էմանսիպացիայի շարժմանը, սակայն եկեղեցու միջոցով հավաքագրման այդօրինակ եղանակը նշանակում էր, որ նրանք տեղյակ չէին կատարվածին, ինչն էլ ավելի էր նվազեցնում նրանց մասնակցության հավանականությունը: Համայնքների միջեւ անդունդը գնալով խորանում էր:
Կաթոլիկների էմանսիպացիան տեղի ունեցավ 1829 թվականին, սակայն տասնհինգ տարի անց կաթոլիկ համայնքի գլխին իջավ եւս մի հարված` Մեծ սովը, որն առաջացավ ֆիտոֆտորոզից` կարտոֆիլի հիվանդությունից: Այդ սովը սկսվեց 1845 թվականից եւ 1848-ի մատույցներում արդեն աստիճանաբար վերացավ: Սովի արդյունքում շուրջ մեկ միլիոն մարդ մահացավ, եւս մի միլիոն արտագաղթեց, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս սփյուռքը դարձավ հակամարտության եւս մի կողմ: Թեեւ կարտոֆիլային ֆիտոֆտորոզը տարերային աղետ էր` այն ժամանակ գործող կառուցակարգային գործոնները հանգեցրել են նրան, որ այն ուժգնորեն հարվածել է հենց իռլանդացի գյուղացիներին: Ընդսմին, պետությունը եւ շատ կալվածատերեր գրեթե ոչինչ չէին ձեռնարկել սովյալներին օգնելու համար, ինչը դժգոհության ալիքներ է բարձրացրել ինչպես Իռլանդիայում, այնպես է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Արդեն համառոտակի հիշատակել ենք XVIII դարում օլսթերական շոտլանդացիների արտագաղթի մասին, որի ծավալները, ըստ գնահատումների, կազմում էին մեկ քառորդ միլիոն մարդ: Այդ արտագաղթը շարունակվում էր, ընդ որում ոչ միայն ԱՄՆ, այլեւ Կանադա, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա: Որպես կանոն, գաղթյալները լիովին ներգրվում էին տեղի բնակչությանը եւ քիչ հետաքրքրություն էին դրսեւորում Իռլանդիայում շարունակվող հակամարտության նկատմամբ: Այնուհետեւ` 1840-ից սկսած, Իռլանդիայից սկսեցին հեռանալ գլխավորապես կաթոլիկներ, աղքատներ, մեկուսի (մարգինալ) շերտեր, որոնք ձգտում էին իրար մոտ բնակվել: Նրանք իրենց համարում են հայրենիքը ճարահատ լքողներ, եւ անարդարության այդ զգացողությունն անցնում էր սերնդեսերունդ: Ավելի ուշ նրանցից շատերը հարստացան, ոմանք էլ դարձան բացառիկ հարուստ մարդիկ եւ վերաճեցին հզոր քաղաքական լոբբիի ԱՄՆ-ում: Ընտանեկան փորձն ու պատմությունը նրանց վարակել են ազգայնականության, որոշ դեպքերում էլ` մարտնչող ազգայնականության ուժեղ զգացումով, եւ նրանք հանդես էին գալիս ի աջակցություն ազգային-ազատագրական շարժումների` XIX դարի «Ֆենիների եղբայրությունից» մինչեւ Իռլանդական հանրապետական բանակ` վերջին «անկարգություների» ժամանակ: Այսօր, ըստ տարբեր գնահատականների, ԱՄՆ-ում ապրում է իռլանդական ծագմամբ շուրջ 40 միլիոն մարդ, որոնց մոտավորապես կեսը իրենից բողոքական ավանդույթի շարունակող է ներկայացնում, իսկ մյուս կեսը կաթոլիկ սովորույթների ժառանգորդն է:
XIX դարի վերջին ազգային նույնականության հարցն սկսվեց առաջին պլան մղվել: Ընդհանուր «գելական վերածնունդ» անվանմամբ հայտնի զանազան շարժումներ զբաղվում էին իռլանդական մշակույթի տարբեր հայեցակետերի հանրայնացմամբ` սպորտ, գրականություն, երաժշտություն ու պարեր, կերպարվեստ, պատմություն, ժողովրդական բանահյուսություն եւ առասպելաբանություն, լեզու եւ այլն: Հարկ է նշել, որ այդ շարժումների շատ ակտիվիստներ եղել են բողոքականներ, ում կրթությունն ու ժամանակը թույլ են տվել նրանց զբաղվելու գիտական գործունեությամբ եւ գրել տրակտատներ: Գելական վերածնունդը ձգտում էր իռլանդացիներին վերադարձնել իրենց ծագման հանդեպ հպարտությունը, ու թեեւ միշտ չէ, որ այն քաղաքական բնույթ էր կրում, այնուամենայնիվ` կապված էր իռլանդական ազգայնական զգացման հետ, որն էլ սնուցվում էր ընդհանուր առմամբ Եվրոպայում ազգայնական տրամադրությունների աճով: Դա փոխել է բրիտանական կառավարության եւ Իռլանդիայի փոխհարաբերությունների բնույթը. առաջ քաշվող պահանջները վերաբերում էին իռլանդական ինքնավարությանն ու ինքնակառավարմանը, կամ էլ, այսպես կոչված, «հոմրուլին»:
Նոր իռլանդական ազգային լիգան, որ ավելի ուշ ստացավ Իռլանդական խորհրդարանական կուսակցություն անվանումը, ձեւավորվել է կաթոլիկ նվիրապետության վճռական աջակցությամբ եւ շուտով մեծամասնություն է ստացել Իռլանդիայի խորհրդարանում, բացառությամբ երկրի հյուսիս-արեւելքի: Այդ ժամանակ արդեն Իռլանդիայի հյուսիս-արեւելքում կայունություն ու բարգավաճում էր տիրում, այնպես որ երբեմնի արմատական դիսսենտերներն ու պետական եկեղեցուն պատկանող անգլիկան համայնքներն այժմ կիսում էին մտահոգությունն առ այն, ինչ կատարվում էր Իռլանդիայի մյուս մասերում եւ սպառնում էր սասանել այն կայունությունը, որի վրա խարսխված էր տեղաշրջանի բարգավաճումը: Նրանք նաեւ վախենում էին, որ հոմրուլը կհանգեցնի կաթոլիկ Իռլանդիայի գերիշխանությանը, այնինչ նրանց տնտեսական շահերը պահանջում էին Մեծ Բրիտանիայի եւ Բրիտանական կայսրության հետ ավելի սերտ կապերի: Նրանք ձեւավորեցին Իռլանդական յունիոնիստական կուսակցությունը: Հյուսիսի տնտեսությունը խարսխված էր արդյունաբերական արտադրության ու առեւտրի վրա եւ Բրիտանական կայսրության բաց շուկաների կարիքն ուներ: Մնացյալ Իռլանդիայի տնտեսությունն իրենից ներկայացնում էր հիմնականում բնամթերային-ֆերմերային տնտեսություն, ուստի նրա բնակիչները վախենում էին կայսրության երկրներից պարենամթերքների էժան ներկրումից: Այսպիսով, բողոքականների ու կաթոլիկների շահերը գնալով տարանջատվում եւ իրենց արտահայտությունն են գտնում ազգայնականության ու յունիոնիզմի եզրաբանության մեջ: Այս փուլում խոսք չէր գնում կղզու բաժանման մասին, սակայն հոմրուլի կողմնակիցներն ուզում էին կղզին տեսնել որպես ինքնակառավարվող պետական կազմավորում Միացյալ Թագավորության շրջանակներում, իսկ յունիոնիստները հանդես էին գալիս Մեծ Բրիտանիայի հետ միությունում կղզու ամբողջական ներգրման օգտին: Լիբերալ կուսակցությունը բրիտանական խորհրդարանում Իռլանդական խորհրդարանական կուսակցության աջակցությամբ երեք անգամ փորձել է անցկացնել Իռլանիայում հոմրուլի մասին ակտը, բայց ամեն անգամ նրանց փորձերը ձախողվում էին Պահպանողական կուսակցության պատճառով, որին էլ աջակցում էին յունիոնիստները: Ի վերջո, այս իրադարձություններին խանգարեց Առաջին համաշխարհային պատերազմը, եւ բրիտանական բանակի շարքերում ճակատ մեկնած թե’ ազգայնականները ու թե’ յունիոնիստները ծանր կորուստներ կրեցին Ֆլանդրիայում տեղի ունեցած մարտերի ժամանակ` ռազմական գործողություններին մասնակցած մյուս երկրների հետ միասին:
Իռլանդական բնակչությունն ընդհանուր առմամբ առաջվա պես քիչ հետաքրքրություն էր դրսեւորում անկախության նկատմամբ, սակայն անկախ հանրապետության աննկուն կողմնակիցների մի ոչ մեծ խումբ կազմակերպեց 1916թ. Զատկական ապստամբությունը: Դատելով ամեն ինչից, դրա առաջնորդները հաջողություն չէին ակնկալում, այլ պարզապես հույս ունեին, որ իրենց անձնազոհությունը իռլանդական ժողովրդին կհամախմբի անկախ հանրապետության գաղափարի շուրջ: Ապստամբությունն արագորեն ճնշվեց, սակայն դրա հետեւանքները մեծապես գերազանցեցին կազմակերպիչների ակնկալիքները: Բրիտանական բնակչությունը վրդովված էր նրանով, որ ինչ-որ մեկը համարձակվել է հարձակվել Մեծ Բրիտանիայի վրա այն ժամանակ, երբ այն գտնվում էր պատերազմական իրավիճակում, ու ապստամբությունը համարում էր պետական դավաճանության ակտ: Ապստամբության առաջնորդներին մահապատժի ենթարկեցին, իսկ մինչ այդ ապստամբների վրա ոչ մի ուշադրություն չդարձնող իռլանդական բնակչությունն իր հերթին վրդովված էր նրանց մահապատժով: Ահա այսպես ծնվեց հանրապետական շարժումը, որը երկու տարի անց կայացած ընտրություններում քաղաքական ասպարեզից հողմացրիվ արեց Իռլանդական խորհրդարանական կուսակցությանը: Հանրապետականների «Շին Ֆեյն» կուսակցությունը վերցրեց գրեթե բոլոր խորհրդարանական տեղերը, բացառությամբ հյուսիս-արեւելքի, որտեղ հաղթեցին յունիոնիստները: «Շին Ֆեյն» կուսակցության պատգամավորները հրաժարվեցին զբաղեցնել իրենց տեղերը բրիտանական խորհրդարանում, ինչին հաջորդեց Անկախության համար պատերազմը, որն ավարտվեց 1921թ. Անգլո-իռլանդական պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրով նաեւ նախատեսվում էր հյուսիսարեւելյան վեց կոմսություններից բաղկացած Հյուսիսային Իռլանդիային հնարավորություն տալ դուրս գալու Իռլանդական Ազատ Պետության կազմից, ինչից էլ այն անմիջապես օգտվեց:
Այդ պահից ի վեր 50 տարիների ընթացքում Միացյալ Թագավորության կառավարությունը քիչ հետաքրքրություն էր ցուցաբերում իռլանդական հարցի նկատմամբ, թեեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իռլանդիան կարեւոր դեր խաղաց Ատլանտիկայի համար մարտում: Այն նույն ժամանակ, երբ Իռլանդիայի Ազատ Պետությունը տեսականորեն մնում էր որպես Ազգերի բրիտանական համագործակցության մաս, առաջարկվեց ստեղծել Իռլանդիայի գործադիր խորհուրդ, որը կներկայացնի կղզու երկու մասերը: Իռլանդիայի հարավային մասը դարձել էր, ոչ ավել` ոչ պակաս, անկախ հանրապետություն, որը վերջապես ճանաչվել էր Իռլանդիայի 1939թ. նոր Սահմանադրությամբ: Այսպես ծագեց հակամարտության եւս մի շահագրգիռ կողմ: Նրա գլխավոր խնդիրն, այնուամենայնիվ, նոր պետության ստեղծումն էր, եւ այն առավելս ձգտում էր ցույց տալ իր անկախությունը Միացյալ Թագավորությունից: Հանրապետությունը չէր ճանաչում Իռլանդիայի բաժանման օրինականությունը, բայց ի զորու չէր որեւէ բան փոխելու: Գաղութացման պատմությունը շարունակում էր ազդել կողմերի հարաբերությունների վրա: Ծայրահեղ դեպքերում անգլիացիները ցուցադրում էին իրենց անհաղթ գերազանցությունը իռլանդացիների նկատմամբ, որոնք էլ, իրենց հերթին, ձգտում էին հաղթահարել ոչ լիարժեքության ու անզորության զգացումը, ինչը պայմանավորված էր կղզու բաժանումը կանխել չկարողանալու հանգամանքով: Որոշ չափով այս հարաբերությունները պահպանվել են մինչեւ 1980-ական թվականները եւ սկսվել են փոխվել ու փոխադարձ հարգանքի վերածվել միայն այն բանից հետո, երբ Իռլանդիան կարողացավ իր օրինական տեղը զբաղեցնել եվրոպական ազգերի ընտանիքում: Մասնավորապես, երբ Մեծ Բրիտանիայի հետ հավասարը հավասարի պես հայտնվեց Եվրոպական համայնքում, եւ հաճախ ավելի կառուցողական դեր էր խաղում, քան իր հարեւանը: Այս փոփոխությունը դարձավ հարաբերությունների նորովի կարգավորման մասին հնարավոր բանակցությունների անկյունաքարերից մեկը:
Հյուսիսային Իռլանդիան նույնպես մտահոգված էր ներքին հարցերով, մասնավորապես` հանրապետականության սպառնալիքին ու կղզու վերամիավորման հնարավոր փորձերին դիմակայելով, չնայած այն բանին, որ այդօրինակ լուրջ փորձեր չէին ձեռնարկվել: Բնակչության մեկ երրորդը կազմում էին կաթոլիկները, որոնք ընդհանուր առմամբ պաշտպանում էին միասնական Իռլանդիայի գաղափարը: Նրանք որպես սպառնալիք էին ընկալվում, ուստի յունիոնիստները ուշադրության կենտրոնում էին պահում կաթոլիկների ազդեցության սահմանափակումը եւ խտրականությունը նրանց հանդեպ: Հանուն Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի միության պահպանման շարժման առաջնորդ Էդուարդ Կարսոնը հիասթափված էր կղզու բաժանմամբ եւ որոշեց այլեւս չմիջամտել իռլանդական հարցերին, սակայն քաղաքականությունից հեռանալիս նա Հյուսիսային Իռլանդիայի նոր վարչակազմին դիմեց այնպիսի իրավիճակ ապահովելու կոչով, որի դեպքում «Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ փոքրամասնությունը վախենալու բան չի ունենա բողոքական մեծամասնությունից»: Չանսալով Կարսոնի կոչերին` Հյուսիսային Իռլանդիայի Առաջին նախարարը հայտարարեց` «Հարավում պարծենում էին կաթոլիկ պետությամբ: Նրանք ցայսօր պարծենում են նրանով, որ հարավային Իռլանդիան կաթոլիկ պետություն է: Իսկ ես կարող եմ պարծենալ միայն նրանով, որ մենք բողոքական խորհրդարան ենք եւ բողոքական պետություն»: Հաջորդ սերունդների հիշողության մեջ այս արտահայտությունն ընկալվում էր որպես «բողոքական խորհրդարան` բողոքականների համար»: Ու զարմանալի չէ, որ այդ խոսքերը վերածվեցին վիրավորանքի անսպառ աղբյուրի:
1960-ական թվականներին ուսյալ կաթոլիկների մի խումբ` մի քանի բողոքականների մասնակցությամբ (սոցիալական պետության զավակներ), խանդավառվելով ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար Շարժմամբ եւ 1968թ. Փարիզում ու այլ քաղաքներում ու երկրներում տեղի ունեցած ուսանողական բողոքներով, կազմակերպեցին մի նոր Շարժում հանուն քաղաքացիական իրավունքների: Նրանք հանդես էին գալիս հօգուտ մարդու հիմնարար իրավունքների եւ ընդդեմ խտրականության` առանց սահմանադրական հարցերի հիշատակման, սակայն նրանց արշավները սադրեցին արմատականության, բողոքների, հանրապետականության եւ կաթոլիկության նկատմամբ բողոքական հանրույթի վախն ու թշնամությունը, ինչպես նաեւ կաթոլիկ հանրույթի վրդովմունքն ընդդեմ իրենց վերապրած խտրականության: Հակամարտային ավանդական վարքագիծը, որով դարեր ի վեր բնութագրվել էր Իռլանդիայի պատմությունը, անցավ սրման ճանապարհով. թշնամական վերաբերմունքից` փողոցային բողոքների տեսքով, մինչեւ «անկարգություններ» ու ռազմական բռնություններ:
Կարող է հեշտորեն տպավորություն ստեղծվել, թե Հյուսիսային Իռլանդիայում բողոքականների ու կաթոլիկների հարաբերությունները մշտապես լարված ու թշնամական են, եւ սա ի հեճուկս այն հանգամանքի, որ շատ բողոքականներ ու կաթոլիկներ աշխատում են ուս ուսի տված եւ աջակցում են միմյանց: Ֆերմերներն օգնում են իրենց հարեւաններին` անկախ նրանց դավանանքից, բողոքականներն ու կաթոլիկները հաճախ բուժվում են հիվանդանոցային հարեւան մահճակալներին, իսկ նրանց նկատմամբ հոգ են տանում բողոքական եւ կաթոլիկ դավանանքի տեր բուժքույրեր ու բժիշկներ, շատ տարիներ ի վեր արհմիություններին միավորում էր ընդհանուր նպատակը` աշխատանքային շահերի պաշտպանությունը, ինչպես արդեն նշվել է` երկու համայնքներն էլ կռվել են մի կողմում` Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում: Բայց անգամ այն ժամանակ, երբ համայնքներն այսկերպ համագործակցում են, նրանք խուսափում են այնպիսի թեմաներից, ինչպիսին են Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական կառուցվածքը կամ էլ համայնքների փոխհարաբերությունները` չհարուցելու համար վիճաբանություններ եւ չխարխլելու համար հարաբերությունները: Ինչպես Քոլում Սենդսի երգում է ասվում. «ինչի մասին էլ դուք խոսեք` ոչինչ մի ասեք»: Բացահայտ բռնությունը բավականին տեղայնացված բնույթ է կրում, բայց հակամարտության զգացողությունը երբեք անհետ չի կորչի, ենթագիտակցորեն այն միշտ մեզ հետ է, անգամ նրանց մեջ, ովքեր անմիջականորեն բռնություն կամ «անկարգություններե չեն տեսել:
Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը պատմության սուր զգացողություն ունի այն տեսքով, որով այն փոխանցվում է մարդկանց ավագ սերունդների կողմից եւ այնպես ինչպես որ նրանք դա վերապրում են: Մշակութային ուծացման ընդհանուր վախով տոգորված համայնքներն իրենց մեջ նույնականություն են արմատավորել միմյանց դիմակայելու միջոցով, ընդգծելով հենց այն հայեցակետերը, որոնք տարբերում են իրենց: Նրանք վախենում են, որ մյուս համայնքի վերաբերմունքն ու վարքագիծը կհանգեցնեն մշակութային ուծացման, ինչպես նաեւ նրա քաղաքական գերիշխանությանը, ինչն էլ կպահպանվի ապագայում: Հնարավոր է, «կրկնակի փոքրամասնություն» հասկացությունն առավելս ճշգրիտ է բացատրում, թե ինչու հակամարտությունը չի մարում ցայսօր: Հյուսիսային Իռլանդիայում իռլանդացի ազգայնականները երկար ժամանակ մեկուսի փոքրամասնություն էին հանդիսանում, միեւնույն ժամանակ բողոքականները գիտակցում են, որ իրենք փոքրամասնություն են ամբողջությամբ վերցրած Իռլանդիայում: Հասկանալու համար այն գործընթացներն ու մեխանիզմները, որոնք կողմերի համար հնարավոր են դարձրել Բելֆաստյան համաձայնագրի ստորագրումը, կարեւոր է հասկանալ տարիներ ի վեր ստեղծված այդ պատկերացումներն ու հարաբերությունները: Դրանք նաեւ զգալի չափով պարզաբանում են շարունակվող կասկածները եւ նոր ապագայի կառուցման գործընթացն ավարտելու փորձերին հակազդումները:
Աջակցման մեխանիզմների հաստատումն ու պահպանումը
Ավանդական հակամարտային հարաբերությունների պատճառով շահագրգիռ բոլոր կողմերը փորձում են համերաշխություն ապահովել սեփական ճամբարի ներսում, ներգրավել իրենց համակրող արտաքին սուբյեկտների եւ բացառել նրանց, ովքեր իրենց չեն աջակցելու: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաճախ ավելի կարեւոր դեր էին խաղում սեփական «նույնականության խմբում» հարմարվողականության ապահովման ու գերակշռող մոտեցումների պահպանման գործում, քան այլախոհության ու այլընտրանքային տեսլականի առաջմղման կամ էլ այլ խմբերի հետ դրական հարաբերությունների գաղափարի հանրայնացման ուղղությամբ: Մենք արդեն նշել ենք, թե ինչպես տարբեր ժամանակներում անգլիկան եկեղեցին հանդես էր գալիս որպես պետության դաշնակից, իսկ կաթոլիկ եկեղեցին ընդդիմության կողմն էր` իրենց ունեցած ընհանուր շահերի զորու: Երկուսն էլ գործում էին իրենց համայնքների կրոնական նույնականության պահպանման օգտին եւ այդպիսով ամրապնդում էին տարբերությունները, չնայած այն բանին, որ բոլոր եկեղեցիների համար ընդհանուր սպառնալիք հանդիսանում է հանրությունների աշխարհիկացումը:
Տպագիր լրատվամիջոցները հաճախ հանդես էին գալիս իրենց համայնքների կարծիքների արտահայտչի, այլ ոչ թե դրանց քննադատի դերում: Գանդին ասել է. «Լրագրողի առանձնակի դերը կայանում է նրանում, որպեսզի կարողանա կարդալ երկրի մտքերը եւ հստակ ու անվախ արտահայտի այդ մտքերը»4: Իռլանդիայում համայնքների «մտքերը» հաճախ տարբերվել են իրենց բացառիկությամբ եւ իրար միջեւ դիմակայությամբ, իսկ թերթերն էլ նման հայացքները սատարել են ինչպես գաղափարախոսական, այնպես էլ առեւտրային նկատառումներով: Դուբլինում հրատարակվող «Irish Times» թերթը Իռլանդիայում այդօրինակ պարբերականի պերճախոս օրինակն է: Այն հիմնադրվել է որպես բողոքական-ազգայնականների թերթ, սակայն քսան տարի անց դարձել է իռլանդական յունիոնիստների խոսափողը: Երկրի կողմից անկախության ձեռքբերումից հետո այն վերածվել է անկախ Իռլանդիայի իշխանական շրջանակների (իսթեբլիշմենթի) ձայնի` հեշտորեն փոխելով իր քաղաքական գուներանգը, սակայն առաջվա պես մնում է տեղեկատվության հուսալի եւ անաչառ աղբյուր: Մենք արդեն հիշատակել ենք «Բելֆաստյան բանբերը», որն ուշագրավ է նրանով, որ հանդիսանում է աշխարհում ամենահին անընդմեջ հրատարակվող թերթը: Այն հիմնադրվել է Բելֆաստի արմատական ավանդույթներին պատկանող դիսսենտերների կողմից XVIII դարում, բայց քանի որ այդ համայնքը գնալով հաջողակ էր դառնում` մաս կազմելով իստեբլիշմենթին, թերթն էլ գնալով սկսել է հենց այդպիսի տեսակետներ արտահայտել ու ի վերջո դարձել է յունիոնիստների տպագիր մարմինը: Մյուս կողմից էլ, «Irish News» թերթը հիմնադրվել է 1891 թվականին` մի եպիսկոպոսի կողմից, ով այն ստեղծել է «հոմրուլի» շարժման առաջնորդին դիմակայելու համար` վերջինիս անձնական կյանքի մի սկանդալի պատճառով, եւ այսօր այնտեղ տպագրվում են նյութեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այն կաթոլիկների համար, ում կարիքները չեն բավարարում մյուս թերթերը: Գոյություն ուներ նաեւ «Բելֆաստյան թելեգրաֆ» երեկոյան թերթը, որն այսօր լույս է տեսնում առավոտները եւ առեւտրային պատճառներով փորձում է բավարարել ողջ հանրության (իմա` երկու համայնքների էլ) հետաքրքրությունները: Բացի առեւտրային թերթերից` հակամարտության կողմերը հրատարակում էին նաեւ իրենց սեփական թերթերը, օրինակ` հանրապետական շարժման «An Phoblacht» հրատարակությունը, որպեսզի իրենց խոսքը հասցնեն ընթերցողին, իսկ իռլանդախոս համայնքը խրախուսում էր «Լա» իռլանդերեն հրատարակությունը: Տեղական համայնքներում ծնվել է նաեւ գրաֆիտի կոչվող որմնանկարչության ավանդույթ. որմնանկարները ստեղծվում էին տեղի բնակչության մտքերի ու տրամադրությունների վրա ազդելու նպատակով: Միեւնույն ժամանակ, Հյուսիսային Իռլանդիայում լոնդոնյան թերթերի տեղական հրատարակությունների (օրինակ, «Daily Mail» եւ «Daily Mirror») օրինակներն ընդհանուր առմամբ ավելի շատ են վաճառվում, քան տեղական պարբերականները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների վիճակը փոքր ինչ տարբերվում էր, քանի որ Բի-Բի-Սի-ն եւ «Telefis Eireann» ռադիոն հիմնադրվել են համապատասխանաբար բրիտանական եւ իռլանդական պետությունների կողմից: Լինելով պետական կորպորացիաներ` դրանք գործում են այն Խարտիաներին համապատասխան, որոնք իրենցից պահանջում են իրադարձությունների լուսաբանման նկատմամբ անաչառություն: Դրա տակ սովորաբար հասկացվում է հարցի բոլոր հայեցակետերի լուսաբանումը: Երբ Հյուսիսային Իռլանդիայում հիմնադրվեց «Ulster Television» անկախ հեռուստատեսությունը, նրա վրա նույնպես դրվեց իրադարձությունների անաչառ լուսաբանման պարտավորությունը: Իռլանդիայի Հանրապետությունում կառավարությունը, որը հանրապետականությունն ընկալում էր որպես լուրջ սպառնալիք, կիրառում էր գրաքննություն, ուստի հանրապետական շարժման առաջնորդներին արգելված էր հրապարակային ելույթներ ունենալ: 1988-ից մինչեւ 1994 թվականները բրիտանական հեռուստատեսությունում ու ռադիոյում գործում էր հակամարտության երկու կողմերի ռազմականացված խմբավորումների կողմնակիցների ելույթների կառավարական արգելքը, ուստի հեռուստառադիոհաղորդումների ժամանակ նրանց խոսքերը կարդում էին դերասանները:
«RTE» ռադիոն ժամանակին ուներ Հյուսիսային Իռլանդիայի մեծ մասի ծածկույթ, սակայն հեռուստատեսության մուտք գործելուց հետո ռադիոյում իրադարձությունների լուսաբանումը բավականին անհավասարաչափ դարձավ: Դա նշանակում էր, որ «անկարգությունների» ողջ ժամանակահատվածում ամբողջ հանրությունը հնարավորություն ուներ դիտելու եւ ունկնդրելու միեւնույն նորությունները եւ տեղեկանալու բոլոր կողմերի առաջնորդների կարծիքներին ու հայացքներին:
Ի տարբերություն շատ այլ հակամարտային իրավիճակների` հյուսիսիռլանդական հակամարտությունում արտաքին կողմերի մասնակցությունն աննշան էր, մասամբ էլ այն պատճառով, որ Իռլանդիան ծայրամասային տարածաշրջան է, որն իրենից առանձնակի ռազմավարական նշանակություն չի ներկայացնում: Այդուհանդերձ, նրա ենթադրյալ ռազմավարական նշանակությունը հաճախ որպես փաստարկ էր բերվում բրիտանական շահերի բացատրման համար: Մեծ Բրիտանիան իրո՞ք չէր ուզում անկայունություն հարեւան կղզում կամ էլ արտերկրյա ազդեցություն դրա վրա, եւ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ նվազ չափով նաեւ` Սառը պատերազմի ժամանակ Հյուսիսային Ատլատիկան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի: Ոչ վաղեմի «անկարգությունների» ժամանակ Եվրոպական Միությունը եւ ԱՄՆ-ն շահագրգռված էին Հյուսիսային Իռլանդիայի խնդիրների լուծմանն աջակցելով, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին էր Լիբիան` գնդապետ Քադաֆիի առաջնորդությամբ, պատրաստ էին սատարելու ապստամբներին: Միացյալ Նահանգների ազգայնական լոբբին ըստ ամենայնի փորձում էր ոչ միայն ԱՄՆ կառավարությանը ներքաշել հակամարտության կարգավորման մեջ, այլեւ որոշել այն դիրքորոշումը, որ պիտի ունենար այդ երկիրը: Գիտակցելով ԱՄՆ ներքին քաղաքականությունում իռլանդական լոբբիի կարեւորությունը` ԱՄՆ վարչակազմը փորձում էր բավարարել նրա պահանջները` ոչ միշտ համաձայնվելով նրա վերլուծությանը կամ ռազմավարությանը:
Ազգայնականներն ու յունիոնիստները շահագրգռված էին դրսի ցանկացած աջակցությամբ, բայց Միացյալ Թագավորությունը ցանկացած, անգամ բարյացակամ աջակցություն ընկալում էր որպես միջամտություն իր ներքին գործերին եւ բավականաչափ ազդեցություն ուներ սահմանափակելու համար օգնությունը եւ այն հանգեցնելու բարոյական, ֆինանսական ու փորձագիտական աջակցման: Ի վերջո Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան իրե’նք որոշում ընդունեցին գնալու հարաբերությունների բարելավման ճանապարհով, եւ ոչ մի արտաքին կողմ չէր կարող նրանց ստիպել անելու դա: Յունիոնիստներն ու ազգայնականները նույնպես միջոցներ ձեռնարկեցին հարաբերություններն ինքնուրույն բարելավելու նպատակով, եւ չնայած այն բանին, որ այդ գործընթացում նրանք օգնություն էին ստանում դրսից, ոչ Մեծ Բրիտանիան, ոչ Իռլանդիան եւ ոչ էլ շահագրգիռ այլ կողմեր չէին կարող հաջողության հասնել խաղաղության գործընթացում, քանի դեռ կողմերը չեն զգացել նման քայլեր անելու իրենց պատրաստակամությունը:
———————————————————————–
1. F. Glasl, Confronting Conflict, Bristol: Hawthorn Press, 1999.
2. J. Whyte, Interpreting Northern Ireland, Oxford: Clarendon Press, 1991.
3. P. Wallensteen, Understanding Conflict Resolution: A Framework. In Peter Wallensteen Peace Research:
Achievements and Challenges, London: Westview Press, 1988.
4. Collected Works of Mahatma Gandhi, Vol. XXVI, p. 369, Delhi: Publications Division, Government of India.