ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ՍիվիլՆեթի c-ԿԱՃԱՌ հաղորդմանը հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրները, միտումները եւ հնարավոր լուծումները: Ստորեւ ներկայացված է Հայրապետյանի դասախոսության տեքստային ամփոփ տարբերակը:
Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, հատկապես Հայաստանում, շատ բացասական եւ մտահոգված տրամադրության մեջ ենք խոսում, ինչը թերեւս նորմալ է` հաշվի առնելով այն հանգամանքները, որ մենք կանք, ապրում ենք եւ գոյություն ունենք: Բայց մյուս կողմից` ժողովրդագրությունը ցիկլիկ գործընթաց է. գալիս է պահ, երբ ծնելիությունը բարձրանում է, բնական աճ է տեղի ունենում, հետո հասնում է ինչ-որ պիկի, այն սկսում է իջնել եւ այդպես շարունակ: Պետությունների քաղաքականության խնդիրն այդ ցիկլերը մեղմելն է, որպեսզի դրանք չհասնեն իրենց ծայրահեղ դրսեւորումներին: Այս գաղափարի շուրջ փորձեմ ներկայացնել իրավիճակը Հայաստանում` որտեղ ենք մենք: Փորձենք նաեւ քննարկել, թե ինչպես կարող ենք այդ իրավիճակից օգտվել կամ բարելավել այն:
Ինչպես գիտեք, մոլորակի վրա արդեն 7,2 մլրդ մարդ է ապրում: 2011թ. նշեցինք 7 մլրդ-ը լրանալու տարեթիվը: Երկիր մոլորակի վրա տարեկան մոտ 78 մլն մարդ է ավելանում, եւ այժմ մեր մոլորակի վրա երիտասարդների ամենամեծ չափաքանակն է ապրում երբեւէ. 43%-ը 25 տարեկանի սահմանագծում է ամբողջ աշխարհում: 60+ բնակչությունն այսօր 760 մլն է, բայց ինչպես տեսնում եք, ըստ կանխատեսումների` 2050թ. այն կհասնի 2 մլրդ-ի: (Տե´ս «Համաշխարհային միտումներ» պատկերը):
Ծնելիությունը գլոբալ անկում է ապրում. եթե 1950-ականներին ունեինք միջին ծնելիություն 6, 7 երեխա` մեկ կնոջ հաշվով, այդ թվում` աֆրիկյան երկրներում` 10, 11, 12-ի էր հասնում, ապա այսօր գլոբալ ծնելիության ցուցանիշը 2,5 երեխա է` մեկ կնոջ հաշվով: Ամենաբարձրը Նիգերում է եւ աֆրիկյան մյուս երկրներում` համարյա 7, ամենացածրը` Բոսնիա-Հերցեգովինայում` 1,1: Այսինքն` աճը բավական դանդաղեցված է:
Աշխարհում ամենացածր աճ ունեցող երկրներն են Մոլդովան եւ Վրաստանը: Այս առումով ուզում եմ ասել, որ Հայաստանը դեռ ունի շատ չնչին դրական բնական հավելաճ: Սակայն մեր կանխատեսումների համաձայն` 2017թ. այդ հավելաճը կզրոյանա, եւ դրանից հետո կգնա արդեն բացասական աճ, այսինքն՝ տարեկան մահացածների թիվն ավելի շատ կլինի, քան ծնվածներինը:
Հայաստանը խոցելի է հիմնական երեք գործընթացներով, որոնք ազդում են ժողովրդագրության վրա` միգրացիա, ծնելիության անկում եւ ծերացում: 2001թ. եւ 2011թ. մարդահամարների տվյալներով` տասը տարվա մեջ, մոտավորապես 186 հազար հաշվեգրված բնակչություն պակասել է: Փաստացի տասը տարվա ընթացքում երկրում ներկաների 130 հազար պակասորդ է եղել: (Տե´ս «Ժողովրդագրական բուրգ» պատկերը):
ՄԻԳՐԱՑԻԱ
Եթե նայենք 2011թ. բուրգին, կտեսնենք, որ դրա հիմքը նեղանում է: Սա հենց հետեւանքն է այն բանի, որ մեզ մոտ ծնելիության լուրջ անկում է տեղի ունեցել` սկսած 1980-ականների վերջից (ծնելիության կրկնակի անկում ենք ունեցել անկախության տարիների ընթացքում): (Տե´ս «Մարդահամար 2001 vs 2011» պատկերը):
Միգրացիոն պատկերը հետեւյալն է. բոլորս գիտենք, որ մենք դեռ չունենք միգրացիան կառավարելու կամ միգրացիոն հոսքերը հասկանալու լավ մեխանիզմներ: Դա հիմնականում այսպես կոչված ուղեւորափոխադրումների շարժն է, որ տարեկան մենք կարողանում ենք գրանցել` քանի մարդ հատեց սահմանը այս կողմ եւ այն կողմ: Մենք ունենք հետեւյալ պատկերը` 2000թ. ունեցել ենք 57,5 հազար բացասական սալդո: 2006թ. մենք ունեցանք դրական միտումներ` երկու-երեք տարի` 2004, 2005, 2006 թվականներին մեզ մոտ միտումները դրական էին, այսինքն` ավելի քիչ մարդ էր երկրից հեռանում, քան գալիս: Սակայն սկսած 2007-ից` նորից սկսեցինք անկում արձանագրել: (Տե´ս «Միգրացիա» պատկերը):
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների` մենք անընդհատ ունենում ենք անկում: Այս 13 տարիների ընթացքում ընդհանուր ունենք 311 հազար բացասական սալդո, այսինքն` 311 հազար բնակչություն ենք կորցրել կամ մեր ընդհանուր բնակչության 10%-ից ավելին:
Հետաքրքիր են Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալները, որոնք ցույց են տալիս, թե քանի մարդ է Հայաստանից մտել Ռուսաստան` մշտական գրանցում ստանալու համար, 2011թ.` 32 հազար, 2012թ.` 37 հազար, որը կազմում է Հայաստանից դուրս եկածների 80-85%-ը: Այսինքն` Ռուսաստանն իսկապես մեզ համար մինչեւ այսօր հիմնական միգրացիոն նպատակն է. մեր միգրանտների 80-85%-ը գնում է Ռուսաստան եւ մշտական բնակություն փորձում հաստատել այդ երկրում:
ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
1950թ. մենք ունեցել ենք 4,5 երեխա` մեկ կնոջ հաշվով, այսինքն` ծնելիության բավական բարձր գործակից: Սկսած 1990-ից, երբ ծնելիության 1,62 գործակից գրանցվեց, Հայաստանում ծնելիությունը սկսեց բավական արագ անկում ապրել` 2002թ. հասնելով 1,21-ի` Հայաստանում երբեւէ գրանցված ամենացածր գործակիցը: Հետո որոշակի կայունացում եղավ, եւ հիմա` վերջին տարիներին, ծնելիությունը 1,5-1,6-ի սահմաններում է: (Տե´ս «Ծնելիություն. ծնելիության ընդհանուր գործակից» պատկերը):
ԱՎԾ-ն տալիս է 1,5 գործակից` մեկ կնոջ հաշվով, իսկ DHS-ը (Demographics Health Survey)` Ժողովրդագրական եւ առողջապահական հետազոտությունը, տալիս է 1,7: Այստեղ մոտեցումների տարբերություն կա: ԱՎԾ-ն հաշվում է առկա բնակչության` Հայաստանում ծնված երեխաների թիվը, իսկ DHS-ն ընդհանրապես հարցնում է` «ունեցե՞լ եք երեխա վերջին հինգ տարիների ընթացքում»: Եթե անգամ ընտանիքի անդամը երեխա է ունեցել երկրից դուրս, DHS-ը հաշվում է: Այսինքն` 1,7-ը դե յուրե բնակչության ծնելիության ցուցանիշն է, իսկ ԱՎԾ-ինը` դե ֆակտո` առկա բնակչության ցուցանիշն է: Հասարակ վերարտադրության համար անհրաժեշտ է առնվազն 2,1 ծնելիություն: Այնպես որ, պատկերը մտահոգիչ է:
Եթե մենք 1990թ. ունեցել ենք 80 հազար ծնունդ, ապա 2001թ. բացարձակ թվով ունեցել ենք ավելի քան կրկնակի պակաս ծնունդներ:
2010թ. լավ աճ ունեցանք, եւ բոլորը սկսեցին լավատեսորեն ասել, որ Հայաստանում ծնելիությունը բարձրանում է: Իրականում պատճառը ծնելիության բարձրացումը չէր. ինչպես որ բոլոր կանայք ունենում էին 1,5 երեխա, շարունակում էին ունենալ իրենց 1,5 երեխան: Պարզապես 1990թ. 80 հազար ծնվածները մտան վերարտադրողական տարիք, եւ հասարակության մեջ մայր/հայրերի թիվն ավելացավ: Այժմ տարին տարվա վրա նորից ծնելիության 1-2% նվազում ենք տեսնում, եւ ըստ մեր կանխատեսումների` 2024թ. կունենանք 25 հազար ծնունդ: Սա մտահոգիչ է նաեւ երկրի անվտանգության տեսանկյունից` զորակոչ, բանակ եւ այլն:
Առաջին, երկրորդ եւ երրորդ երեխաները
2012թ. տվյալներով` հայաստանյան ընտանիքներում ծնունդների հաջորդականության պատկերը հետեւյալն է. 1-ին երեխա` 20453, 2-րդ երեխա` 15481, 3-րդ երեխա` 5352: (Տե´ս «Ծնելիություն. ծնունդներն ըստ ծննդի հաջորդականության» պատկերը):
Հայաստանյան ընտանիքների 15%-ից պակասը երեք եւ ավելի երեխա ունի: Սա ծնելիության իրավիճակի ցուցանիշ է: Չնայած Հայաստանում փաստացի գործում է մեկ-երկու երեխա ընտանիքի ֆորմատը, բայց մեր հետազոտություններից մեկը ցույց է տալիս, որ հայկական ընտանիքների 57%-ը ցանկանում է ունենալ երեք եւ ավելի երեխա: Այսինքն` եթե մենք կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել, այդ մասով ծնելիությունը խթանելու տեղ ունենք:
Մեր հետազոտության հարցումներից մեկն այն էր, թե որոնք են քիչ երեխա ունենալու պատճառները եւ սպասելիքները: Շատ հետաքրքիր ցուցանիշ ստացանք: Մարդկանց սպասելիքների թվում էր, որ երրորդ երեխայի ծնունդով սոցիալ-մշակութային կյանքը կաշխուժանա: Մի բան, որ երբեք մտքովդ չէր անցնի: Սա համազգային հետազոտություն էր, որն ընդգրկել էր 2800 տնային տնտեսություն: Հայաստանյան ընտանիքների վերարտադրողական վարքագծի փոփոխությունն էինք ուսումնասիրում, որպեսզի հասկանանք` ինչու է մեկ-երկու երեխայի ֆորմատն ավելի նախընտրելի այսօր: Հարցումների մնացած պատասխանները սպասելի էին` առողջապահական որակյալ ծառայություններ, արտոնյալ վարկեր, կրթություն երեխաների համար եւ այլն:
Քիչ երեխաներ ունենալու պատճառների թվում առաջինը սոցիալ-տնտեսական խնդիրներն են` գործազրկություն եւ այլն: 44%-ն ասաց, որ հաջորդ երեխան չի ունենում, որովհետեւ իրենց եւ իրենց երեխաների ապագան այս երկրի հետ չի կապում: 44%. սա իրականում վախենալու թիվ է: Հայաստանի բնակչության կեսը, փաստորեն, բարոյահոգեբանական անբավարավածության եւ անապահովության զգացում ունի:
Ծնելիության վրա ազդող գործոններ
Որո՞նք են այն հավելյալ գործոնները, որ ազդում են ծնելիության վրա: Մենք 2009թ. իրականացրինք մի հետազոտություն, որը նաեւ կլինիկական մաս էր պարունակում: Այսինքն` այն ընտանիքները, որոնք երեխա չունենալու խնդիր ունեին, ուղարկվեցին անվճար հետազոտման: Մեզ հարկավոր էր նաեւ բժշկական տեսանկյունից հասկանալ` որոնք են պատճառները, որ անպտղության են բերում: Իսկ անպտղությունը Հայաստանում բավականին բարձր է` 17%: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մինչեւ անցյալ տարի տագնապալի շեմը 15% էր սահմանել, այս տարի բարձրացրեց 18%-ի: Բայց միեւնույն է` մենք վերին շեմի մոտ ենք, այսինքն` տագնապալի վիճակում ենք:
Անպտղության ընդհանուր ցուցանիշը 17% է, այդ թվում՝ առաջնային անպտղություն` 5%, երկրորդային անպտղություն՝ 12%: Առաջնային անպտղությունը բնածին անպտղությունն է: Երկրորդային անպտղությունն առաջանում է սեռավարակների եւ անորակ աբորտի հետեւանքով: Սա նշանակում է, որ մենք 12% պոտենցիալ ենք կորցնում գիտելիքների պակասի կամ առողջության նկատմամբ սխալ վերաբերմունքի պատճառով: Եվ սա շտկելը շատ ավելի հեշտ է, քան առաջնային անպտղությունը բուժելը:
Մյուս գործոնը սեռով պայմանավորված աբորտներն են: Սա Հայաստանում համեմատաբար երիտասարդ ֆենոմեն է: Մենք այսօր ունենք հետեւյալ պատկերը՝ 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով, այսինքն՝ 10%-ից ավելի շեղում ունենք: Նորման 102-106-ն է: Դա բնության կողմից դրված նորմա է, որովհետեւ տղա պտուղն ավելի թույլ է ֆիզիկապես եւ առողջապահական առումով, եւ նրա` մինչեւ վերարտադրողական տարիքի հասնելու հավանականությունն ավելի քիչ է, քան աղջիկ երեխայինը: Այդ առումով` այս բալանսը բնությունը կարծես պահպանել է: Բայց, ցավոք, Հայաստանն այս ցուցանիշով երրորդն է աշխարհում` Չինաստանից (118) եւ Ադրբեջանից (116) հետո: (Տե´ս «Նոր երեւույթ. սեռերի շեղված հարաբերակցություն կամ սեռով պայմանավորված աբորտներ» պատկերը):
Այսօրվա դրությամբ տարեկան մոտ 1500 աղջիկ չի ծնվում միայն այն պատճառով, որ աղջիկ է: Ընդհատում են հղիությունը` սպասելով, որ հաջորդը տղա լինի: Տղա երեխայի նախընտրությունը միջինը վեց անգամ ավելի է Հայաստանում. տասը անգամ` շրջաններում, չորս անգամ՝ Երեւանում: Ըստ կանխատեսումների` եթե միտումն այսպես շարունակվի, մինչեւ 2060թ. մոտ 100 հազար աղջիկ, այսինքն` ապագա մայր, լույս աշխարհ չի գա: Եթե մենք հաշվենք նրանց չունեցած երեխաներին եւ այդ երեխաների չունեցած երեխաներին, Հայաստանի համար դա հսկայական թիվ կկազմի: Սակայն ի տարբերություն ասիական երկրների` Հայաստանում դրական մի բան կա. աղջկա հետ կապված մեզ մոտ խնդիրը մինչեւ ծնվելն է, ծնվելուց հետո աղջիկների եւ տղաների միջեւ խտրականություն չի դրվում:
Այսօր մենք արդեն մինչեւ 21 տարեկան 47 հազար ավելի տղա ունենք ծնված: Դա նշանակում է, որ երբ այդ տղաները մտնեն վերարտադրողական տարիք, զույգ գտնելու խնդիր են ունենալու: Սա կարող է բերել վտանգավոր տենդենցի` միգրացիոն հոսքերի ավելացման: Շատերն ասում են` լավ է` «հարսնացուն հյուսիսից» տարբերակը կաշխատի: Շատ լավ կլինի, եթե աշխատի, միգուցե մեր արյունն էլ մի քիչ թարմանա, բայց սովորության համաձայն` մերոնք գնում են, չեն բերում:
Ինչու տղա երեխա
Ինչո՞ւ են Հայաստանում նախապատվություն տալիս տղա երեխային: Ամենաառաջինը` տոհմը շարունակելու համար: Երկրորդը` ունեցվածքի ժառանգորդ ունենալու համար, երրորդը` ընտանիքում տղամարդու ազդեցիկ, ավելի բարձր դերով եւ տղաների` թե´ ֆինանսապես, թե´ սոցիալապես, թե´ տնտեսապես ավելի ակտիվ լինելով: Այսինքն` հույս ունեն, որ տղան մեծահասակ տարիքում կկարողանա ծնողներին ֆինանսապես աջակցել:
Ելնելով մեր հետազոտությունից` ընդհանուր ֆոնն այն էր, որ հասարակության մեջ կնոջ դերը շատ ցածր է, հավատ չկա, որ կինը կկարողանա ծնողներին պահել: Օրինակ` որոշ հարցազրույցների ժամանակ, երբ հարցնում էին տղամարդուն` «տղա՞ ես ուզում, թե՞ աղջիկ», ասում էր` «իհարկե` տղա»: «Բա ինչքան ամուսնուց գողանա, որ բերի ինձ պահի»,- պատճառաբանում էին: Այսինքն` նաեւ արժեհամակարգի խնդիր է:
ԾԵՐԱՑՈՒՄ
1950թ. մենք ունեինք 33,3% 0-14 տարեկան եւ 16,1% 60+ բնակչություն: 2050թ. շեղակի կփոխվի պատկերը` 30% ունենալու ենք մեծահասակ եւ ընդամենը 12%՝ 0-14 տարեկան: Այսինքն` այդ բուրգի հիմքն ավելի է նեղանալու, այն գլխիվայր շրջվելու է: (Տե´ս «Ծերացում» պատկերը):
Այսօր Հայաստանում բնակչության միջին տարիքը մոտ 33 է, մինչդեռ 1950թ. եղել է 22: 2050թ. կդառնա 43, այնքան, որքան այսօր մոտավորապես Գերմանիայում է. Գերմանիայում միջին տարիքը 45 է: Եթե 1990թ. մեզ մոտ 11 հոգի աշխատում էր, որպեսզի 1 հոգի չաշխատող պահեր, 2010թ. 6 հոգի էր աշխատում` 1 հոգի պահելու համար, իսկ 2050թ. 1,6 հոգին պետք է պահի 1 հոգու: Այսինքն` սոցիալ-տնտեսական բեռը, որը նստելու է պետության եւ բնակչության ուսերին, մոտ տասն անգամ ավելանալու է: Դրա համար իրականում շատ կարեւոր են կենսաթոշակային բարեփոխումները: Խնդիր է, թե ինչպես պետք է դրանք արվեն: Կարելի է քննարկել` ինչպես անել, բայց որ դա պետք է անել, միանշանակ է, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող 1,6 աշխատողով 1 հոգի պահել: Պարզապես հնարավոր չէ:
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Փորձենք հասկանալ` այս երեք ուղղություններում որոնք են այն գործիքները, որոնցով կարելի է շտկել իրավիճակը:
Միգրացիա
Առաջինը, նաեւ ըստ մեր հետազոտության, բարոյահոգեբանական վիճակի բարելավումն է: Այսինքն` գաղափարը, որ «երկիրը երկիր չի», ու թողնում գնում են, պետք է շեղենք եւ ավելի դրական վերաբերմունք ձեւակերպենք: Երկրորդ կարեւորագույն հարցը մրցակցությունն է: Կրկին մեր հետազոտության համաձայն` մարդիկ հեռանում են, որովհետեւ աշխատելու համար մրցակցային դաշտը բավարար չէ, բարձր որակավորում ունեցող ակտիվ տարիքի աշխատողները, այդ թվում` վերարտադրողական ակտիվ տարիքի, մեկնում են երկրից, որովհետեւ չեն կարողանում ապահով դաշտ գտնել իրենց տնտեսական գործունեությունն իրականանցնելու համար:
Այսօր միգրացիոն հոսքերում գենդերային փոփոխություններ են զգացվում տասը տարվա համեմատությամբ. մոտ 30%-ով մեծացել է այն կանանց թիվը, որոնք մեկնում են կամ ուզում են մեկնել: Սա խոսում է միգրացիայի պատճառների փոփոխության որակականության մասին: Եթե նախկինում գնում էին ցածր որակավորում ունեցող սեւագործ բանվորները, հիմա արդեն կրթված, բարձր որակավորում ունեցողներն են գնում, ինչը շատ ավելի վտանգավոր է:
Սովորաբար միգրացիան կանգնեցնել հնարավոր չէ, պետք է պարզապես այն դարձնել կառավարելի: Եթե կարողանանք պահպանել այդ միգրանտների կապը երկրի հետ, այսինքն` երկիրը հոգ տանի նրանց մասին այն երկրում, որտեղ ապրում են, օրինակ` նույն Ռուսաստանում չթողնի, որ իր քաղաքացիներին օգտագործեն որպես ճորտերի, եւ այդ քաղաքացիները տեսնեն պաշտպանությունը, կապը կպահպանվի, եւ նրանց հետ գալու հավանականությունը կմեծանա:
Մյուսը ցիկլիկ միգրացիայի գաղափարն է որակավորումներ ունեցող մարդկանց համար: Պետությունը պետք է կարողանա ստեղծել համակարգ, որի միջոցով մարդիկ ժամանակավոր` երկու-երեք տարով, կգնան, կաշխատեն, կվերադառնան: Ավելի լավ է` տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը գնա երեք տարի աշխատի, փորձ հավաքի, վերադառնա, քան մնա այստեղ եւ, ասենք, սեւագործ բանվորություն անի, քանի որ մասնագիտությամբ աշխատանք չի գտնում:
Ծնելիություն
Գաղափարախոսություն է պետք, թերեւս: Այն իրավիճակում, որը մենք ունենք, ծնելիությունը հենց այնպես չի աճելու: Մենք ունենք, դեռ բավական ուժեղ արմատներով, ընտանիքի գաղափարը: Այդ ընտանիքը հզորացնելը, բարեկեցիկ դարձնելը, ընտանիքի համար լավ պայմաններ ստեղծելը,- նաեւ այդ գաղափարախոսության շուրջ պետք է միավորել ծնելիության հետ կապված խնդիրները: Մեր պատկերացումն է, որ ընտանիքը կարող է լինել այդ արմատներից մեկը: Կարող են լինել նաեւ այլ մոտեցումներ:
Երկու անհրաժեշտ պայման կա, որոնց դեպքում երկրները հաջողություն են ունեցել ծնելիությունը բարձրացնելու գործում: Ցավոք, մեր երկրի պես երկիր չկա, որը ծնելիությունը բարձրացնելու այդ հաջողությունն ունեցել է: Հիմնական երկու երկրները Ֆրանսիան եւ Շվեդիան են: Ճիշտ է` զարգացման առումով նրանք բավական առաջ են մեզնից, սակայն մոտեցումների առումով կարելի է օգտագործել նրանց փորձը: Երկու անհրաժեշտ պայմաններն են.
Նախ, երեխայի ծնունդը ռիսկային չպետք է լինի նորաստեղծ ընտանիքի համար, որպեսզի նրանք երեխայի պատճառով մրցակցային դաշտից դուրս չմնան, որովհետեւ այսօրվա աշխարհը մրցակցային է, բոլորն ուզում են իրենց տեղն ունենալ այս աշխարհում: Եթե երեխան նրանց խանգարելու է, նրանք նախընտրելու են կարիերան կամ մրցակցային մնալը, քան երեխաների մեծ թիվը:
Երկրորդ, կանանց վստահությունը, որ հնարավոր է համատեղել ցանկալի թվով երեխաներ ունենալը եւ կարիերան: Կարեւոր է գենդերային հավասարության հաստատումը: Մենք չենք կարող կնոջն ասել՝ «չէ, դու դեռ տանը պիտի մնաս, ափսե լվանաս խոհանոցում, լվացքդ անես»: Անցել են ժամանակները, աշխարհը փոքրացել է, տեղեկատվությունը շատացել է, չենք կարող մենք այդ երկաթե վարագույրը դնել եւ ասել` «այսպես պիտի լինի»: Այսինքն՝ մենք պետք է ստեղծենք իրավիճակ, որում կինը երեխա ունենալու պատճառով տղամարդու նկատմամբ մրցունակությունը չկորցնի: Փորձը ցույց է տալիս, որ սկզբնական շրջանում գենդերային հավասարությունը բերում է ծնելիության նվազման, բայց հետո, նույն Ֆրանսիայի եւ Շվեդիայի օրինակներով, սկսում է աճ: Այսինքն, եթե ստեղծվեն հավասար պայմաններ, կանանց զբաղվածությունը չի խանգարի երեխա ունենալուն: Սա բացահայտ ապացույց է այն բանի, որ այդ պայմանները շատ կարեւոր են:
Շվեդիայում 1990թ. ծնելիության գործակիցը եղել է 1,5, 2012թ. հասել է 1,91-ի: Սա աշխարհում երբեւէ ամենաարագ աճած ծնելիության գործակիցն է: Շվեդիայում կանանց զբաղվածությունը 81% է: 26 շաբաթ ծնողական արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատավարձի 84%-ը է: Դա շատ կարեւոր է, որպեսզի կինը չվախենա երեխա ունենալ: Այնտեղ մի հետարքրիր բան էլ կա. անգամ մասնավոր խնամող վարձելու համար փոխհատուցում են տալիս, եթե հասանելի չեն երեխաների հասարակական խնամքի ինստիտուտները` մանկապարտեզներ, արտաժամյա դպրոցներ եւ այլն:
Ծնելիության ավելացման գործիքների թվում են ֆինանսական աջակցությունը, առողջության մատչելի եւ որակյալ խնամքը, ծնողի ճկուն աշխատաժամերը: Կարեւոր է ծնողական արձակուրդը երկու ծնողների համար: Ի դեպ, Հայաստանում երկու ծնողն էլ կարող են արձակուրդ վերցնել երեխայի ծնվելու դեպքում, սակայն վերջին տասը տարիների ընթացքում ընդամենը երկու հոգի է հայրական արձակուրդ վերցրել:
Կարեւոր է նաեւ բնակարանների մատչելիությունը: Գործիքների թվում կարող են լինել նաեւ հարկային արտոնությունները. Ինչո՞ւ, օրինակ, չազատել եկամտահարկից այն երիտասարդ ընտանիքներին, որոնք հիփոթեք են վճարում:
Սակայն, իհարկե, երեխաների քանակի վերաբերյալ որոշում ընդունելիս ամենակարեւոր գործոնը զբաղվածությունն է: Սա միայն պետության խնդիրը չէ. ամբողջ հասարակությունը պետք է ընդգրկված լինի, այդ թվում` բիզնեսը: Եթե բիզնեսն ուզում է 20 տարի հետո բավականաչափ աշխատուժ ունենալ, եւ հարկերն այնքան չլինեն, որ 1,6 հոգին պահի 1 հոգու, այս խնդիրը նաեւ նրա խնդիրն է: Ճկուն աշխատաժամեր, արձակուրդ, աշխատավարձի պահպանում՝ ծնողական արձակուրդի ժամանակ,- սրանք խնդիրներ են, որոնց լուծմանը բիզնեսը եւս պետք է մասնակցի: Իհարկե, դա շատ թանկարժեք հաճույք է: Ֆրանսիան, որը հաջողված փորձ ունի, իր ՀՆԱ-ի 3,6%-ն է ծախսում դրա վրա: Այսօր այնտեղ ծնելիության գործակիցը հասել է 2,02-ի:
Սա այն քաղաքականություններն են, որոնք օգտագործվում են հաջողված փորձ ունեցած երկու երկրներում` Ֆրանսիայում եւ Շվեդիայում:
Ծերացում
Ծերացումը, ուզենք, թե չուզենք, լինելու է: Մենք գնում ենք դրան: Մենք այսօր արդեն 13% 60+ բնակչություն ունենք: Պարզապես պետք է հասկանալ, որ այսօրվա 60 տարեկանը 25, 30, 40 տարի առաջվա 50 տարեկանն է, 70 տարեկանը` 60 տարեկանն է: Եվ հիմա կան նոր մոտեցումներ, նաեւ գիտական հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ թոշակի գնալու տարիքը չի կարելի բոլորի համար նույնը սահմանել: Ուրեմն` մտավոր գործունեությամբ զբաղվող մարդիկ կարող են մինչեւ 70, 75 տարի մնալ աշխատանքի մեջ: Իհարկե, սեւագործ բանվորը, որը հող է փորում, չի կարող նույն արդյունավետությամբ դա անել 65 տարեկանում, քան դա անում էր 30 տարեկանում, բայց այստեղ փորձում են դասակարգում մտցնել, թե տարիքը մինչեւ երբ ամենաարդյունավետը կարող է լինել:
Լավագույն օրինակը Գերմանիան է, որտեղ միջին տարիքը 45 է: Այսօր Գերմանիան երկու սեռերին էլ՝ կանանց եւ տղամարդկանց, ընդգրկել է մինչեւ այն տարիքը, որ նրանք կարող են աշխատել: Նույնը ԱՄՆ-ում է, որտեղ չկա պարտադիր թոշակի գնալու տարիք. գնում են այն ժամանակ, երբ գտնում են, որ այլեւս չեն կարող աշխատել, եւ այդ առումով ավելի քիչ ճնշում կա ծերացման գործակցի հետ կապված, որովհետեւ եթե 63 տարեկանում երկու սեռին մենք ուղարկում ենք թոշակի եւ նրանց չենք տալիս բավարար թոշակ, որպեսզի կարողանան ապրել, մենք նրանց բառացիորեն դատապարտում ենք դանդաղ մահվան:
Պատրաստել է Սյուզաննա Հովհաննիսյանը
Civilnet.am