Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
Ստեփանակերտ
2010թ. հունիսի 17-19-ը Սանկտ-Պետերբուրգում կայացած XIV Միջազգային տնտեսագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս հանդիպումից մեկ օր անց Ադրբեջան-Արցախ սահմանին, Չայլուի ուղղությամբ տեղի ունեցավ ադրբեջանական դիվերսիա հայկական դիրքերի նկատմամբ, զոհվեցին 4 հայ զինվոր, 4-ն էլ վիրավորվեցին: Սա էական հաջողություն էր ադրբեջանցիների համար:
Իլհամ Ալիեւի իշխանության գալուց ի վեր ադրբեջանական կողմն ակտիվացրել էր ռազմական հռետորաբանությունը, ինչն ուղեկցվում էր դիվերսիաներով, դիպուկահարների ակտիվությամբ եւ ռազմամթերքի ու նոր զինատեսակների ձեռքբերմամբ: Հայկական կողմը հաճախ էր խուսափում հրադադարը խախտելուց եւ թշնամուն պատժելուց: Թշնամուն նշանակալի կորուստներ հասցվել էին հեռավոր 2008թ. մարտի սկզբին, երբ ադրբեջանցիները, ոգեւորվելով Երեւանում առկա անկայուն վիճակից, առաջացել էին եւ գրավել հայկական դիրքերը Լեւոնարխ գյուղի ուղղությամբ: Այդ ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի պատասխանը կոշտ էր, ինչն ուղեկցվեց թշնամու մեկ տասնյակից ավելի զինվորականների ոչնչացմամբ, հայկական կողմն ընդամենը երկու վիրավոր տվեց: Սակայն այս դեպքից 6 տարի է անցել եւ այն մոռացության է տրվել թե Ադրբեջանում, թե մեր հասարակության մոտ: Այն, ինչ հիշվում է, ամենօրյա լրատվությունն է` Ադրբեջանը Ռուսաստանից կամ այլ երկրից ձեռք է բերել ռազմավարական նշանակություն ունեցող զինտեխնիկա եւ ռազմամթերք` հրթիռային համալիրներ, արդիական տանկեր, հակաօդային պաշտպանության եւ զենիթային համակարգեր: Այս ամենին գումարվում էր դիվերսիաների եւ դիպուկահարների պատճառով հայկական կողմերի կորուստների մասին լրատվությունը, ինչը ոգեւորություն էր առաջացնում Ադրբեջանում եւ հոռետեսություն` Հայաստանում:
Վերջին շրջանում Ադրբեջանը հիմնական շեշտը դրեց այս մարտավարության վրա: Պաշտպանության նոր նախարարի նշանակումից, բանակում որոշակի կառուցվածքային փոփոխություններից հետո Բաքուն շեշտը դրել էր լկտի գործողությունների վրա` հույս ունենալով խուճապ առաջացնել հայկական հասարակություններում` դրդելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին լքել իրենց գյուղերը: 2014թ. ամառն աչքի ընկավ ադրբեջանական նոր ակտիվացմամբ, ինչը դրսեւորվեց Նախիջեւանի սահմանին եւ Քարվաճառում:
Արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր Նախիջեւանի սահմանում ադրբեջանցիներն իրենց պահում էին զուսպ եւ հանգիստ: Սակայն 2014թ. հունիսին ադրբեջանցիները համարձակվում են սպանել սահմանին մարտական հերթապահություն իրակականցնող ՀՀ ԶՈւ-ի ծառայակցին: Նախիջեւանյան կորպուսը բանակի անվանափոխելուց եւ այն նոր սպառազինություններով հագեցնելուց հետո սա հերթական քայլն էր հայաստանյան հասարակության մեջ խուճապ առաջացնելու համար: Ուղերձը հստակ էր` Ադրբեջանը սպառնալիք է ստեղծում ոչ միայն Արցախի կամ Տավուշի մարզի սահմաններին, այլեւ` Երեւանից քիչ հեռու: Շաբաթներ անց, օգոստոսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը պետք է հայտարարեր, թե «ադրբեջանական բանակը, որի հրթիռներն ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երեւանը»: Նախիջեւանի սահմանին հայ զինվորի սպանությանը հայկական կողմը պատասխանեց չեզոք գոտու հաշվին այս սահամագոտում դիրքերի բարելավմամբ` կրակային հսկողության տակ պահելով նախիջեւանյան որոշ բնակավայրեր: Այս առաջխաղացումը թշնամուն ստիպեց դադարեցնել ակտիվությունը նախիջեւանյան ուղղությամբ:
Սակայն հայերին խուճապի մատնելու հիմնական գործողությունը դեռեւս առջեւում էր: Հուլիսին հայտնի դարձավ Քարվաճառի տարածքում ադրբեջանական դիվերսիոն խմբի հայտնվելու մասին: Տարածվող շշուկները, քարվաճառցի (Նոր Էրքեջ գյուղից) պատանու անհետացումը, դիվերսանտների գործողությունները մի քանի օր շարունակ լարվածության մեջ պահեցին հայ հասարակությանը: Ձերբակալված դիվերսանտի ցուցմունքներից պարզվեց, որ պատանուն սպանել են իրենք: Խմբի երկրորդ անդամը սպանվեց դիմադրություն ցույց տալիս, մյուս դիվերսանտը նույնպես ձերբակալվեց` ցավոք ճանապարհին խլելով հայ սպայի կյանքը եւ վիրավորելով նրան ուղեկցող կնոջը: Այս խումբը պետք է ահուսարսափ տարածեր իր գործունեության վայրում` խուճապ առաջացնելու նպատակով: Ադրբեջանական կողմը համառորեն հերքում էր Արցախում ձերբակալվածների դիվերսանտ լինելը, այնինչ նույնիսկ բաց աղբյուրների ուսումնասիրությունը հաստատեց վերջիններիս պատկանելիությունն ադրբեջանական ուժային կառույցներին:
Այն փաստը, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը կարող է այդչափ խորանալ Արցախի տարածքում խիստ մտահոգիչ է եւ հարցերի տեղիք է տալիս: Ադրբեջանական խմբերի ներթափանցման մասին հայտնի էր դեռ ավելի վաղուց, տեղի բնակիչները դրա մասին բազմիցս հայտնել էին համապատասխան մարմիններին, կային նաեւ ներթափանցողների կողմից կատարված տեսանյութեր, որոնք առնվազն 2010թ.-ից դրված են YouTube-ում: Այս մասին ամբողջովին տեղյակ էին հայաստանյան եւ արցախյան պատկան մարմինները, սակայն դիվերսիան կանխվեց միայն ողբերգական դեպքերից հետո:
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը բնակչության շրջանում երկյուղ հարուցող ծառայություններից մեկն է` իր մասին տարածվող լեգենդներով եւ բյուջեից հատկացվող հսկայական գումարներով: Այնինչ, իրականում այս խղճուկ կառույցը սեփական քաղաքացիներին գաղտնալսող եւ հաճախ այդ լսած ինֆորմացիան մշակելու անկարող, մեծամասամբ ոչ կոմպետենտ կադրերից բաղկացած, իր առաքելությունը կատարելու անկարող մարմին է: Վկան` ադրբեջանցիների ազատ ելումուտն Արցախի թիկունքային բնակավայրերից մեկում:
Տարիների ընթացքում հնարավոր չեղավ Արցախի ԱԱԾ-ն վերածել մի կառույցի, որից վախենային Ադրբեջանում, սակայն հաջողվել է անել այնպես, որ դրանից վախենան Արցախում:
Ժամանակն է, որ այս մակաբույծ կառույցին հատկացվող գումարների մեծ մասը տրվի բանակի հետախուզական ստորաբաժանումներին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հսկողությունն ուժեղացնելու, տարբեր հսկիչ սարքեր դնելու, տեղանքին ծանոթ քաղաքացիներին սահմանի հսկողության մեջ ներգրավելու եւ այլ կարիքների համար:
Քարվաճառյան դիվերսիոն խմբի ձերբակալումից հետո ադրբեջանցիներն ակտիվացրին սահմանային միջադեպերի թիվը` փորձելով մարդկային կորուստներ պատճառել հայկական կողմին, հնարավորության դեպքում գերիներ վերցնել` դիվերսանտների հետ փոխանակելու համար: Սակայն հայկական կողմերին կորուստների գնով հաջողվեց ծանր կորուստներ պատճառել ադրբեջանցիներին: Պաշտոնական Բաքուն ստիպված էր որդեգրել իր զոհերի մասին լրատվությունը թաքցնելու մարտավարություն, ինչը բերում էր քաղաքացիական ակտիվիստների բողոքին: Լարված վիճակը Ալիեւների ռեժիմին թույլ էր տալիս հաշվեհարդար տեսնել իրավապաշտպանների, անկախ լրագրողների ու բլոգերների հետ` նրանց ներկայացնելով տարբեր շինծու մեղադրանքներ:
Ադրբեջանը չէր հաշվարկել հայկական կողմի կոշտ պատասխանը: Տասնյակ զոհեր տալով եւ սահմանամերձ բնակավայրերը դարձնելով հայկական զինուժի թիրախ` Բաքվի իշխանությունը ձեռնամուխ եղավ իր երկրում առաջացած խուճապը զսպելուն: Ադրբեջանի անկախ լրագրողների եւ այլ օգտատերերի տարածած տեսանյութերը խոսում են Տավուշի մարզի եւ Արցախի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական բնակավայերից առկա արտագաղթի մասին: Ադրբեջանական մարտավարությունը` սահմանային միջադեպերի միջոցով հայկական կողմին հասցնել մարդկային կորուստներ, ներթափանցել մեր տարածք եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել խաղաղ բնակչության շրջանում, ինչպես նաեւ զինտեխնիկայի գնման մասին լուրերով փորձել թուլացնել ու խուճապի մատնել հայկական հասարակությունները, տապալվեց: Այս լարված ժամանակաշրջանում տեղի ունեցավ աննախադեպ համախմբում, առաջնագիծ մեկնեցին հարյուրավոր պահեստազորայիններ, քաղաքական բոլոր ուժերն առանց բացառության աջակցեցին բանակի գործողություններին: Այս ամենը թույլ տվեց Սերժ Սարգսյանին 2014թ. օգոստոսի 10-ին Սոչի Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մեկնել ամրացված դիրքերով, իսկ Ադրբեջանի նախագահը ստիպված էր օրեր առաջ իր ռազմատենչ հայտարարությունները փոխարինել խաղաղ կարգավորման մասին զրույցներով: Ս. Սարգսյանը հանդիպումից հետո տված հարցազրույցում հայտնեց, որ լայնամասշտաբ պատերազմի սկսվելու դեպքում հայկական բալիստիկ հրթիռներն ադրբեջանական ծաղկուն բնակավայրերը կարող են վերածել Աղդամի: Սա նոր շեշտադրություն էր Ս. Սարգսյանի խոսքում եւ համարժեք պատասխան ադրբեջանական հոխորտանքներին:
Ամառային միջադեպերն աչքի ընկան նաեւ ճղճիմ վարքով: Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը հայտնվելով Ադրբեջանի տարածքում եւ այնուհետեւ գերի վերցվելով ադրբեջանական զինուժի կողմից` մեկ օր անց տանջամահ արվեց: Սա առաջին դեպքը չէ, երբ պատահմամբ սահմանն անցած հայ գյուղացին սպանվում է Ադրբեջանի տարածքում:
Ամփոփելով, պետք է նկատել, որ ռազմական գործողություններում սովորաբար ադրբեջանական կողմը ծանր կորուստներ է կրում եւ ետ շպրտվում, իսկ հաջողություններ ունենում է միայն գերիներին սպանելու ժամանակ: Սրան կարող ենք ավելացնել նաեւ Գուրգեն Մարգարյանի սպանությունը, երբ ՆԱՏՕ-ին դասընթացներին մասնակցող հայ սպան քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի զինվորականի կողմից: Սրանք դեպքեր են, որոնք այս օրերին լայնորեն քննարկվեցին նաեւ Ադրբեջանում` ցույց տալով սեփական բանակի անկարողությունը: Մեր խնդիրը պետք է լինի նման դեպքերը լայնորեն համաշխարհային մամուլով լուսաբանելը:
2014թ. ամառվա դեպքերը ցույց տվեցին, որ թշնամուն կոշտ պատասխանելն այլընտրանք չունի: Այն պետք է լինի պարբերաբար, հրադադարի ամեն մի խախտման դեպքում:
Թշնամու ակտիվացմամբ պայմանավորված ազգային համախմբումը, սակայն, չի նշանակում, որ անտեսվում են բանակում կարեւոր բարեփոխումներ անցկացնելու հարցերը, բանակում առկա կոռուպցիան եւ այլ արատավոր երեւույթներ: Բանակն ազգային արժեք է, եւ ինչպես ծանր պահերին է հասարակությունը կանգնում բանակի մեջքին, այնպես էլ համեմատաբար խաղաղ ժամանակ բանակի խնդիրները պետք է հուզեն հասարակության լայն շերտերին:
2014թ. ամառային ակտիվությունը զինուժի եւ հասարակությունների եւս մեկ ստուգատես էր, ինչը ցույց տվեց, որ հնարավոր պատերազմի դեպքում թշնամին հաջողության հասնելու որեւէ շանս չունի: