Նավթագազային ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Petrostrategies հետազոտական ընկերությունն իր շաբաթական հանդեսում ծավալուն անդրադարձ է կատարել օգոստոսի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում հայ-ադրբեջանական բախումներին։ Հոդվածը կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև
Օգոստոսի սկզբին վեցօրյա միկրոպատերազմ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Հարավային միջանցք խողովակաշարերից ընդամենը երկու քայլ հեռավորության վրա, որով տարեկան արտահանվում է 37 մլն տ ադրբեջանական նավթ և 6 մլրդ խմ ադրբեջանական գազ:
Իրադարձությունը միջազգային լրատվամիջոցներում մեծ ուշադրության չարժանացավ։ Ուշադրության կենտրոնում ավելի շատ խոշոր պատերազմաներն էին՝ Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում: Այդուհանդերձ, միկրոպատերազմն ընդգծեց այս միջանցքի խոցելիությունը, որով նախատեսվում է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և որը կյանքի կոչելու համար արևմտյան կառավարությունները գրեթե քառորդ դար ջանք են թափել: Վերջին վեց տարիների ընթացքում երկրորդ անգամ է, ինչ բախումներ են բռնկվում այս խողովակաշարերի անմիջական հարևանությամբ: Առաջինը Ռուսասատանի և Վրաստանի միջև 2008թ. օգոստոսի պատերազմն էր:
Այս ամառվա միկրոպատերազմը նույնքան երկար և արյունոտ չէր, որքան ռուս-վրացական հակամարտությունը, սակայն այն ապագա հնարավոր լայնածավալ բախումների սերմեր է պարունակում, որ միջնաժամկետ կտրվածքով կարող են բռնկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, եթե չձեռնարկվեն անհրաժեշտ կանխիչ քայլեր: Եվ եթե պատերազմը բռնկվի, գրեթե հաստատ է, որ այս անգամ այն Հարավային միջանցքի խողովակաշարերը չի շրջանցի:
Հայաստանի պաշտպանության նախարարն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը համատեղ մամուլի հաղորդագրությամբ հանդես եկան, ինչը հազվադեպ է պատահում միջազգային հարաբերություններում: Նրանք իրենց խոր մտահոգությունը արտահայտեցին լարվածության աճի համար և հայտարարեցին, որ ուսումնասիրել են լարվածության թուլացման ուղիները: ԱՄՆ դեսպանը ավելի հեռուն գնաց՝ ցավակցություն հայտնելով բախումների հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին։ Բաքվում ԱՄՆ դեսպանը նմանատիպ նախաձեռնություն չցուցաբերեց: Դա ցույց էր տալիս, որ Վաշինգտոնը Ադրբեջանին է պատասխանատու համարում իրավիճակի լարման համար:
ԱՄՆ-ը և Եվրոպան ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու Ռուսաստանի միջնորդությունը, ինչը բերեց լարվածության թուլացման: Սակայն քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը, Ադրբեջանը, որը ընդդիմանում է ներկայիս ստատուս քվոյին, միջնաժամկետ հեռանկարում կարող գնալ բախումների վերսկսման ռիսկի:
Բաքվի ժամանակն ու նավթը սպառվում են
Ժամանակը Բաքվի դեմ է աշխատում, որը առաջիկա հինգ-վեց տարիներին որպես նավթի մատակարար կկորցնի իր կարևորությունը: 2011թ. նավթի արդյունահանման ծավալները երեք հիմնական հանքավայրերից (Ազերի, Չիրագ, Գյունեշլի – ACG) չեն հասել նպատակային տարեկան 50 մլն տ ցուցանիշին: Դրանից հետո առավելագույն ցուցանիշը կազմել է 42 մլն տ: 2012թ. հոկտեմբերին Ալիևը հանքավայրերի օպերատոր British Petroleum-ին հրապարակայնորեն մեղադրեց խաբեության մեջ: Ընկերությանը կարգադրություն արվեց կայունացնել արդյունահանումը: Դա առաջիկա մի քանի տարիների ընթացքում լավագույնն է, որ կարող է իրականացվել, սակայն՝ նավթի արդյունահանման ծախսերի մեծացմամբ և հետևապես՝ պետության եկամուտների անկմամբ: Մինչ այժմ ACG-ից արդյունահանված նաթվի ընդհանուր ծավալը կազմել է 2,5 մլրդ տակառ: Ներկայիս տարեկան 315 մլն տակառ արդյունահանման ցուցանիշի պահպանման դեպքում հանքավայրերի 6 մլրդ տակառ ապացուցված պաշարների 70%-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում կսպառվի:
Առաջիկա հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը մտադիր է նաև իրականանցել «Շահ Դենիզ» գազի հանքավայրի շահագործման երկրորդ փուլը՝ նպատակ ունենալով մինչև 2019թ. Թուրքիա տարեկան արտահանել 6 մլրդ խմ գազ և Եվրոպա՝ 10 մլրդ խմ: Նախագծում առնվազն 56 մլրդ դոլար կներդրվի: Գազը պետք է արտահանվի, Հարավային միջանցքի խոշովակաշարերի նույն երթուղով։ Որոշ տեղերում այն հայ-ադրբեջանական շփման գծից ընդամենը 25 կմ է հեռու: Հետևապես՝ դրանք բավական խոցելի են: Բացի այդ՝ կարող են փոխվել Ադրբեջանի հարաբերությունները տարածաշրջանում իր հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի հետ: Երբ «Շահ Դենիզի» խողովակաշարերը կառուցվեն, Բաքուն իր գազի և նավթի արտահանման հարցում ամբողջովին կախված կլինի Անկարայից՝ բացառությամբ Վրաստանի և Ռուսասատի տարածքով իրականացվող փոքրածավալ վաճառքների: Մյուս կողմից՝ Անկարան կկարողանա բազմազանեցնել նավթի և գազի իր տարանցումները՝ Իրանից և Իրաքից ստացվող լրացուցիչ ծավալների հաշվին: «Ուժերի նոր հարաբերակցությունը», որ արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև, վերջինիս հնարավորություն կտա հեռանալու Բաքվի քաղաքական դիրքորոշումներից (ինչին մինչ այժմ անշեղորեն Թուրքիան աջակցել է), եթե դա անհրաժեշտ համարի իր ազգային շահերի տեսանկյունից:
Այլ կերպ ասած՝ Բաքուն ավելի լավ է այս կամ այն կերպ մինչև 2019-2020-ը լուծի ղարաբաղյան խնդիրը: Որքան Բաքուն մոտենա այս ժամկետին, այնքան նրա դիրքերը կթուլանան: Բացի այդ՝ ածխաջրածիններից ստացվող նրա եկամուտները կշարունակեն նվազել, և կկրճատվեն զենքի գնման նրա կարողությունները: Գազի վաճառքները չեն կարող փոխահատուցել նավթի եկամուտների անկումը, քանի որ «Շահ Դենիզի» համար պահանջվող ներդրումները բավական բարձր են, և գազի գները սովորաբար տուժում են զեղչերից՝ նավթի համեմատ: Բացի այդ՝ «Շահ Դենիզ-2»-ի գազի գինը ինդեքսավորվում է եվրոպական սփոթային շուկայում, և մինչ այժմ ցածր է եղել ռուսական և ալժիրական գազի՝ նավթով ինդեքսավորված գնի համեմատ:
Վերջին միկրոպատերազմը երևան է հանել քաղաքական համալիր խնդիրներ: Մի կողմից Ամերկան և Եվրոպան նախագծում են Հարավային միջանցքը՝ նպատակ ունենալով արտահանել ադրբեջանական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը: Մյուս կողմից՝ օգոստոսյան միկրոպատերազմը նախանշեց, որ արևմտյան տերությունները ռուսների կարիքն ունեն իրենց խողովակաշարերի անվտանգության ապահովման համար, որոնք նախատեսված են ապահովել Եվրոպայի էներգետիկ մատակարարումների անվտանգությունը: Հակամարտող կողմերը ևս ռուսների կարիքն ունեն: Եվ սա այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում հակամարտող կողմերը կախված են Մոսկվայից: Կարճ ասած՝ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է Ռուսաստանին, և քանի դեռ իրավիճակը կախված է Մոսկվայից, վերջինս փոփոխությանը կաջակցի միայն այն դեպքում, երբ համարի, որ նոր իրավիճակն իրեն ավելի ձեռնտու է։
Պատրաստել է Լիլիթ Միքայելյանը