Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ինչու՞ ֆեյսբուքը չփրկեց Հայաստանը. ի՞նչ փոխվեց նոր մեդիայի շնորհիվ, եւ ի՞նչը չէր կարող փոխվել

marut
September 2014

MikaՄիքայել ԶՈԼՅԱՆ
Տարածաշրջանային վերլուծությունների
կենտրոնի վերլուծաբան
Երեւան 

Գլխապտույտ հաջողություններ

Պատմության տարբեր փուլերում հայությունը տեսել է բազմաթիվ պոտենցիալ «փրկիչների»: Վերջին երկու հարյուր տարում այդ դերում առավել հաճախ հայտնվում էր Ռուսաստանը (երբեմն` համաշխարհային կոմունիզմի անվան տակ): Երբեմն, ընդ որում ավելի հաճախ, քան մենք այսօր գիտակցում ենք, այդ դերում հայտնվել է Արեւմուտքն ընդհանրապես, կամ Արեւմուտքի որոշակի երկրներ` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը:  Իհարկե, միայն մեծ տերությունները չեն, որ հայտնվում են փրկիչների դերում. վերջին քսան տարիների ընթացքում պարբերաբար փրկչի դերում էր հայտնվում այս կամ այն քաղաքական գործիչը` երբեմն սեփական կամքով, երբեմն էլ հանգամանքների բերումով:

Մի քանի տարի առաջ, սակայն, հայ ժողովրդի փոքրաթիվ, բայց կիրթ եւ ակտիվ մի հատված, կարծես, գտել էր մի նոր փրկչի: Այս անգամ փրկիչը ոչ թե մեծ տերություն էր, կամ քաղաքական գործիչ. այս անգամ փրկչի դերում հայտնվեցին նոր տեխնոլոգիաները` ինտերնետը, կամ ավելի կոնկրետ` սոցիալական ցանցերը, նոր մեդիան: Հայ հասարակության մի որոշակի հատված ոգեշնչվել էր այն հնարավորություններով, որոնք ընձեռում էին ֆեյսբուքը եւ սոցիալական ցանցերը, բլոգները, յություբը: Այն ամենը, ինչ տարիներ առաջ թվում էր անհնարին, այժմ թվում էր բավականին հեշտ: Եթե ձեզ դուր չի գալիս իշխանության որեւէ գործողություն, բավական է ֆեյսբուքում ստեղծել խումբ, նշանակել բողոքի գործողության օր եւ ժամ, եւ ձեզ կմիանան տասնյակ, հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ, ձեր պահանջները կհայտնվեն լրատվամիջոցների էջերին: Իսկ եթե ձեր համախոհների մեջ կան կրեատիվ մտածելակերպ ունեցող եւ ինտերնետից հասկացող մարդիկ, նրանք կարող են շատ ավելի հետաքրքիր, անսպասելի եւ արդյունավետ միջոցներ գտնել: Թվում էր, թե չկա այնպիսի խնդիր, որը չի կարելի լուծել այս նոր հնարավորությունների օգնությամբ:

Թերեւս, այս դեպքում, ի տարբերություն մյուս, ավելի ավանդական «փրկիչների», լավատեսության հիմքերն ավելի շատ էին: Ավելին, հայ ակտիվիստները միայնակ չէին իրենց սպասումներում: Ամբողջ աշխարհն էր խոսում նոր տեխնոլոգիաների ընձեռած աննախադեպ հնարավորությունների մասին: Ժողովրդավարության կողմնակիցները ցնծում էին, իսկ  բռնապետական վարչակարգերն ահաբեկված էին: Դավադրության տեսությունների կողմնակիցները սոցիալական ցանցերը համարում էին հերթական սատանայական գործիքը, որի օգնությամբ նեխած Արեւմուտքը սասանում է կայունությունը եւ սադրում հեղափոխություններ: Աշխարհով մեկ քաղաքական վերլուծաբանները քննարկում էին, թե ինչպիսի անծայրածիր հնարավորություններ են բացում նոր տեխնոլոգիաները քաղաքացիական հասարակության, ակտիվիզմի, ժողովրդավարական շարժումների համար:

Իհարկե, կային նաեւ հոռետեսաբար տրամադրված ձայներ: Այսպես, օրինակ, Բելառուսից ԱՄՆ տեղափոխված Եվգենի Մորոզովը զգուշացնում էր (http://netdelusion.com), որ ինտերնետն ընդամենը տենխնոլոգիա է, որը հավասարապես կարող են օգտագործել ժողովրդավարության թե° կողմնակիցները, թե° հակառակորդները: Սակայն, մեծամասնությունն, այնուամենայնիվ, կազմում էին այն վերլուծաբանները, որոնք նոր տեխնոլոգիաներում տեսնում էին ժողովրդավարական փոփոխությունների գրավականը:  Հայ վերլուծաբանները, այդ թվում տողերիս հեղինակը, եւս անմասն չմնացին այդ ալիքից: Ես ինքս մի հոդված գրեցի նույն այս ամսագրում («Անալիտիկոնում») սոցիալական ցանցերի եւ նոր մեդիաների հնարավորությունների մասին: Հոդվածս գրեցի 2010թ. դեկտեմբերին: Արդեն մյուս տարվա հունվարին սկսվեց «արաբական գարունը»: Թվում էր, թե ֆեյսբուքը, թվիթերը եւ յություբն իրո՞ք ի վիճակի են փոխելու աշխարհը:

Սկզբից Թունիսում, հետո Եգիպտոսում երիտասարդությունը դուրս եկավ փողոց, ընդ որում` նրանց բողոքի շարժման մեջ հսկայական դեր խաղացին նոր մեդիաները: Այսպես, Եգիպտոսում առաջին բողոքները կոորդինացվում էին ֆեյսբուքի էջերի միջոցով: Դրանցից մեկն էր «մենք բոլորս Խալեդ Սայիդն ենք» խումբն էր, որը նվիրված էր ոստիկանական բռնությանը զոհ գնացած անմեղ մի երիտասարդի: Երբ եգիպտական գաղտնի ծառայությունները բացահայտեցին խմբի ադմինիստրատորին` Գուգլի աշխատակից Վաել Ղոնիմին, նրան բանտ նետեցին, սակայն արդեն ուշ էր: Ընդամենը օրեր անցան, ու Ղոնիմին ազատ արձակեցին, եւ նա դարձավ եգիպտական հեղափոխության ամենահայտնի դեմքերից մեկը: Հետագայում Ղոնիմը գիրք գրեց այդ ամենի մասին, որն անվանեց «Հեղափոխություն 2.0»:

Հայաստանի քաղաքականապես ակտիվ երիտասարդությունը գրեթե ուղիղ եթերով հետեւում էր եգիպտական հեղափոխությանը: Ես էլ էի կլանված հետեւում Եգիպտոսից նորություններին եւ ոչ պակաս կլանված` դրանց արձագանքներին հայկական ֆեյսբուքում: Հիշում եմ, Հոսնի Մուբարաքի հրաժարականից րոպեներ անց ընկերներիցս մեկը մի գրառում թողեց ֆեյսբուքում, որը լավագույնս արտահայտեց այն, ինչ այդ պահին զգում էին մեզնից շատերը: Գրառումը մեջբերում եմ  մոտավորապես, ինչպես հիշում եմ. «Թվիթերում գրում են, որ Վիքիպեդիայում արդեն փոխել են Մուբարաքի կառավարման տարիները. ահա մեր ժամանակների էությունը»: Ես բացեցի Վիքիպեդիայի «Հոսնի Մուբարաք» հոդվածը, եւ այնտեղ իրոք արդեն գրված էր. «կառավարման տարիներ. հոկտեմբերի 14, 1981 – փետրվարի 11, 2011»:

Նոր մեդիայի պերճանքն ու թշվառությունը

Այսօր, համարյա չորս տարի անց, իհարկե, այն օրերի ոգեւորությունն այլեւս չկա: Պարզ է դառնում, որ ժողովրդավարության հակառակորդները` բռնապետերից մինչեւ ծայրահեղականներ եւ ահաբեկիչներ, սովորել են օգտագործել սոցիալական ցանցերը եւ նոր մեդիաները:  Յություբի հոլովակներից այսօր  ամենաշատը քննարկվում են ոչ թե խաղաղ ցույցերի տեսարանները, այլ այն սարսափազդու հոլովակները, ուր ահաբեկիչները տեսախցիկի առաջ գլխատում են իրենց զոհերին: Բռնապետները եւ ծայրահեղականները ոչ միայն սովորել են օգտագործել համացանցը, այլեւ փորձում են իրենց հակառակորդներին զրկել այն օգտագործելու հնարավորությունից: Որոշ երկներում ինտերնետը գրեթե փակ է (Հյուսիսային Կորեա), կամ խստորեն վերահսկվում է (Չինաստան), կամ էլ ակտիվորեն օգտագործվում է իշխանական քարոզիչների կողմից (Վենեսուելա):  Ինտերնետը սահմանափակելուն ուղղված քայլեր են կատարվում նաեւ այնպիսի երկրներում, որտեղ այն նախկինում համեմատաբար ազատ էր (Ռուսաստան), առավել եւս այն երկրներում, որտեղ նախկինում էլ կային որոշ սահմանափակումներ (Թուրքիա):

Հայաստանում, փառք Աստծո, ոչ ոքու չեն գլխատում, բլոգերներին չեն դատում եւ յություբը չեն արգելում, գոնե առայժմ: Բայց այստեղ էլ չկա նախկին ոգեւորությունը սոցիալական ցանցերի եւ նոր մեդիաների կապակցությամբ: Պարզվեց, որ նոր մեդիան կարելի է օգտագործել ոչ միայն քաղաքացիական նախաձեռնությունների, այլեւ այս կամ այն իշխանավորի կամ օլիգարխի փիառի համար: Որ կարելի է կեղծել ոչ միայն իրական, այլեւ ֆեյսբուքյան քվեարկությունները: Որ ֆեյսբուքում կարող են ակտիվ լինել ոչ միայն առաջադեմ հայացքներով քաղաքացիական ակտիվիստները, այլեւ իշխող կուսակցության առջեւ «միավորներ» վաստակող կարիերիստները, էլ չենք խոսում «ֆեյքերի» մասին: Ավելին` պարզվեց, որ նախկինում միեւնույն ցույցերին գնացած եւ միասին հրապարակներում գիշերած ակտիվիստները կարող են ֆեյսբուքում միմյանց վերջին բառերով հայհոյել, քանի որ, օրինակ, մեկը աջ հայացքների տեր է, իսկ մյուսը` ձախ: Վերջապես` պարզվեց, որ ապագա ակցիաների մանրամասներին ֆեյսբուքի շնորհիվ կարող են տեղեկանալ ոչ միայն ակտիվիստներն ու լրագրողները, այլեւ ոստիկանները, եւ խափանել ակցիան:

Այնուամենայնիվ, ի՞նչ տվեց մեզ ֆեյսբուքը

Մի խոսքով, ինչքան մեծ էր ժամանակին ոգեւորությունը, նույնքան էլ մեծ է այսօր հիասթափությունը: Թերեւս խնդիրն այն էր, որ մենք չափազանց տպավորված էինք նոր հնարավորություններով եւ չէինք նկատում այն, ինչն, ըստ էության, միշտ էլ ակնհայտ էր. նոր մեդիան ընդամենը հաղորդակցության տեխնոլոգիա է: Այո, այն հեղափոխական է, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հեղափոխական էին, ասենք, տպագիր գիրքը, օրաթերթը, ռադիոն, հեռուստատեսությունը: Այո, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել մարդու իրավունքները պաշտպանելու, այլընտրանքային տեղեկատվություն տարածելու, իշխանությանը վերահսկելու, ժողովրդավարական շարժումներ կազմակերպելու համար: Կարող է նաեւ օգտագործվել քաղաքացուն վերահսկելու,  իշխանական քարոզչությունը տարածելու, այլախոհներին ճնշելու համար: Այո, այդ տեխնոլոգիաներն ավելի բարդ են օգտագործման տեսակետից, քան այն գործիքները, որոնք առկա են բռնատիրության ավանդական զինանոցում: Բայց, եթե ունես փող եւ իշխանություն ու պատրաստ ես այն ցանկացած գնով պահել, ապա այնքան էլ դժվար չէ գտնել մասնագետների, որոնք կանեն դա քո փոխարեն:

Եվ, այնուամենայնիվ, հուսահատվելը եւ նոր տեխնոլոգիաներից երես թեքելը նույնքան սխալ կլիներ, ինչքան դրանցով չափից ավելի տարվելը: Այո, ոչ բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները պսակվեցին հաջողությամբ: Այո, Հայաստանի քաղաքական համակարգը մնում է նույնքան հեռու ժողովրդավարությունից, որքան նախկինում: Սակայն, ինչ-որ մի բան հասարակական մթնոլորտում, այնուամենայնիվ, փոխվել է: Այլեւս դժվար է պատկերացնել վերադարձ այն ժամանակներին, երբ իշխանության եւ հասարակության միջեւ հաղորդակցությունը միայն մեկ ուղղություն ուներ` վերեւից ներքեւ: Այն ժամանակ «հասարակ» մարդը կարող էր ստանալ «մեսիջ» վերեւից, օրինակ` հեռուստատեսության միջոցով, նա կարող էր հեռուստացույցի առջեւ նստած դժգոհ մրթմրթալ, անգամ կիսաձայն հայհոյել, բայց դա մնում էր իր անձնական գործը:  Այսօր ցանկացած պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ գիտի, որ իր արտասանած յուրաքանչյուր բառ քննարկվելու է սոցիալական ցանցերում, նրան սպասում է քննադատություն, հաճախ նաեւ ծաղր:

Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն այլեւս երբեք չի ունենա «սրբության» կարգավիճակ, առնվազն` համացանցային իրականության մեջ. այն, ինչ կարելի է քննարկել, քննադատել, առավել եւս ծաղրել, այլեւս «սուրբ» լինել չի կարող: Իսկ, իշխանության` «սրբազան», քննադատությունից եւ ծաղրից վեր կարգավիճակը ցանկացած բռնապետության համար գոյատեւման ամենակարեւոր պայմանն է: Մի խոսքով, այն քննադատական դիսկուրսը, որը գրեթե բացակայում էր մեր երկրում եւ առանց որի հնարավոր չէ ժողովրդավարությունը, ի հայտ եկավ նոր մեդիայում: Եվ եթե այդ դիսկուրսը կա վիրտուալ իրականությունում, դա նշանակում է, որ մի օր այն  դուրս կգա վիրտուալ իրականության սահմաններից եւ կդառնա գերակայող մեր հասարակության մեջ: Իհարկե, դրա համար պետք է աշխատել եւ ավելին` պայքարել: Ընդ որում` ոչ միայն վիրտուալ իրականության մեջ:

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.