Վլադիմիր ԵՎՍԵԵՎ
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ
Մոսկվա
Օգոստոսի 24-ին տեղի են ունեցել Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրությունները: ԿԸՀ-ի տվյալներով առաջին իսկ փուլում հաղթել է ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան՝ 51% ցուցանիշով: Նա հաղթահարել է մեծամասնական ընտրական համակարգի շրջանակներում աբխազական օրենսդրությամբ սահմանված ընտրողների ձայների 50 տոկոս՝ գումարած մեկ ձայնի շեմը: Նախագահի մյուս թեկնածուները հավաքել են էապես նվազ քանակի ձայներ. Ասլան Բժանիան՝ 36%, Միրաբ Քիշմրիան՝ 6% եւ Լեոնիդ Ձափշբան՝ 3%: Բոլորի դեմ է քվեարկել ընտրողների ընդամենը 2%-ը: Որպես փոխնախագահ հնգամյա ժամկետով ընտրվել է վետերանների «Արուաա» կազմակերպության նախագահ Վիտալի Գաբնիան: Ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 70%՝ որպես նվազագույն շեմ հաստատված 50%-ից էապես ավելին:
Անկախ փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններն արդար էին, իսկ արդյունքներն՝ արժանահավատ: Ընդ որում, 24 (այդ թվում եւ եվրոպական) պետություններից ժամանած շուրջ 100 դիտորդներ արձանագրել են ընտրողների բարձր ակտիվությունը եւ կարճագույն ժամկետում կազմակերպված ու անցկացված նախագահական ընտրությունների բարձր մակարդակը: Նրանք չեն արձանագրել ընտրական օրենսդրության կոպիտ ոտնահարման փաստեր: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Աբխազիայում նախագահական ընտրություններն իրոք կայացել են՝ ի հեճուկս կովկասյան տարածաշրջանի իրավաքաղաքական իրողությունների հետ հաշտվել չկամեցող ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ մի շարք այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից չճանաչվելու հանգամանքի:
Նախագահական ընտրություններում Ռաուլ Հաջիմբայի հաղթանակը միանգամայն սպասելի էր: Հենց նա էլ մայիսի վերջին գլխավորել էր ընդդիմությունը՝ 2014թ. մայիսի վերջերից եւ հունիսի սկզբներից ծավալված զանգվածային հասարակական-քաղաքական գործողությունների ժամանակ, որոնք հանգեցրել են նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնանկությանը: Ցավոք, պետության նախկին ղեկավարը չի կարողացել ճիշտ մոտեցումներ գտնել մի շարք խնդրահարույց հարցերի, մասնավորապես՝ Գալի շրջանի բնակչության անձնագրավորման խնդրի կարգավորման համար: Նա անընդունակ է գտնվել նաեւ գերազանցապես ՌԴ բյուջեի հաշվին գոյատեւող հանրապետության բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղիներ որոնելու հարցում: Ավելին` նա մեղադրվում էր ռուսաստանյան փողերի կոռուպցիոն իրացման եւ որոշումների ընդունման ավտորիտար ոճի մեջ:
Որպես հետեւանք՝ Ռաուլ Հաջիմբայի օգտին քվերակել են նաեւ այն մարդիկ, ովքեր 2011թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախապատվություն էին տվել Անկվաբին: Նրանք բարեփոխումների մեծ ակնկալիքներ ունեին, բայց մեծապես հիասթափվել են: Բացի դրանից, կան մարդիկ, ովքեր միշտ կողմնորոշվում են հօգուտ գործող իշխանության: Տվյալ դեպքում իշխանության թեկնածու, որպես այդպիսին, չի եղել, բայց շատերը զգում էին, որ հանրության համակրանքը Հաջիմբայի կողմն էր: Այդ իսկ պատճառով նրանք քվեարկել են հենց նրա օգտին: Նախագահի բոլոր թեկնածուներից միայն Ռաուլ Հաջիմբան է կարողացել նախապատրաստել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ծրագիր: Ունենալով մեծ քաղաքական փորձառություն` նա միանգամայն ընդունակ է իրականացնել այն, թեեւ դրա համար պահանջվելու է ողջ աբխազական հասարակության աջակցությունը:
Առայժմ բավական դժվար է խոսել Աբխազիայի նորընտիր նախագահի կոնկրետ քայլերի մասին ներքին եւ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններով: Այնուամենայնիվ, կարելի է եզրակացնել, որ նա մեկ տարվա ընթացքում կատարելու է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ իրավասությունների վերաբաշխում ենթադրող սահմանադրական բարեփոխման վերաբերյալ խոստումը, որի արդյունքում հանրապետության կառավարությունը ձեւավորվելու է կոալիցիայի հիման վրա՝ տարբեր քաղաքական կուսակցությունների եւ ընտրված նախագահի կողմնակիցների միջից արհեստավարժ անձանց ներգրավմամբ:
Ռաուլ Հաջիմբան հանդես է գալիս նաեւ Ռուս-աբխազական ռազմավարական գործընկերության նոր պայմանագրի ստորագրման օգտին: Նրա կարծիքով, այն թույլ է տալու Աբխազիային ամրապնդել իր ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի հետգա ինտեգրման եւ հետխորհրդային տարածությունում ու մասնավորապես Հարավային Կովկասում լարվածության աճի պայմաններում: Մոսկվան, իր հերթին, նոր նախագահից ակնկալում է իր կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետ իրացում եւ հանրապետությունում հասարակական-քաղաքական կայունության պահպանում:
Նորընտիր նախագահը կարծում է, որ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին պետք է վերականգնվի: Այդ դեպքում հանրապետությունը ֆինանսական օգուտներ կունենա ռուսաստանյան, վրացական եւ հայկական տարանցիկ բեռնափոխադրումներից, ինչը երկրի տնտեսական զարգացման համար հավելյալ խթան կհանդիսանա: Աբխազիայի տնտեսական աճի մյուս հիմքն, ըստ նախագահի համոզման, պետք է լինի օրենսդրորեն երաշխավորված արտասահմանյան ներդրումների պաշտպանությունը: Լուծման են սպասում նաեւ Գալի եւ հանրապետության մյուս հարավ-արեւելյան շրջանների խնդիրները:
Աբխազիայի Հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքները նպաստելու են տարածաշրջանային կայունությանը եւ ռուս-աբխազական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Հրապարակման բնագիրը` www.materik.ru/rubric/detail.php?ID=18420