Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքագիտության դոկտոր,
Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ
Երեւան
Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ. մայիսին կնքված հրադադարից ի վեր Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով ծագած աննախադեպ սրացումից անցել է մի քանի ամիս: Սա հնարավորություն է տալիս քննել տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ի հեճուկս հակամարտության կողմերից եւ տարածաշրջանից դուրս հնչած ալարմիստական հայտարարությունների, այնուամենայնիվ, չեն հանգեցրել հակամարտության հետագա անխուսափելի սրացման, այն է` Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման:
2014թ. օգոստոսի սկզբներին տարածաշրջանում միայն ծույլ լրագրողը կամ քաղաքական մեկնաբանը չէր պնդում շփման գծում ընթացած իրադարձությունների սահմռկեցնող դավադրամոլական առընչակցումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ խորացող դիմակայության հետ: Ամենատարածված վարկածն այն էր, թե Բաքուն, օգտվելով ուկրաինական ուղղությամբ Մոսկվայի ներգրավվածությունից, փորձում էր ապակայունացնել իրավիճակը եւ վերսկսել ռազմական գործողությունները:
Սակայն, ինչպես հաճախ է պատահում քաղաքականության մեջ, այն, ինչ պատահել է (ավելի ճիշտ, չի պատահել՝ ի հեճուկս ճակատի երկու կողմից էլ գործած ալարմիստների խուճապային արձագանքների) 2014թ. օգոստոսի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, պատահականության հայտնի տարրով հանդերձ ունեցել է իրադարձությունների զարգացման ավելի բարդ ուրվագիծ: Օգոստոսի սկզբին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասներն արդեն բավականին հստակ են ուրվագծվում, եւ այդ իսկ պատճառով կարիք չկա մեջբերել տեղեկանքային բնույթի տեղեկություններ, որոնք միանգամայն մատչելի են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների կայքերում: Ավելի կարեւոր է ըմբռնել տեղի ունեցածի (եւ չկատարվածի) ընդգրկումն ու տրամաբանությունը, ինչպես նաեւ այս ամենի հնարավոր ազդեցությունը ռազմաքաղաքական իրավիճակի եւ ղարաբաղյան հակամարտության զարգացման վրա:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքերով` Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցած եռօրյա բախումների հետեւանքով կրել են 1994թ. մայիսին կնքված հրադադարից հետո ամենախոշոր կորուստները: Բնական է, որ դա Ադրբեջանում շոկային արձագանք է առաջացրել, ստիպելով երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դրսեւորել նյարդային կեցվածք, որն իր հերթին նախաձեռնել է դեպի սահմանային գիծ զրահատեխնիկայի առաջբերում եւ ճակատի գծի երկայնքով ռազմական օդանավերի թռիչքներ: Հայկական կողմերը նույնպես համապատասխան քայլեր են ձեռնարկել` ամրապնդելով իրենց սահմանային զորամասերը: Սակայն Ղարաբաղում հերթական անգամ պատերազմը չի վերսկսվել…
Իսկ ինչո՞ւ 2014թ. օգոստոսի սկզբին Ղարաբաղում նոր լայնածավալ պատերազմ չի սկսվել: Ինչո՞ւ, ի հեճուկս հակամարտող կողմերի տեղեկատվական դաշտի եւ բլոգոլորտի ջղաձգված արձագանքի եւ բազում մեկնաբանների ու լրագրողների կանխատեսումների, պատերազմն, այնուամենայնիվ, չի վերսկսվել: Ինչո՞ւ, ի հեճուկս գրավիչ հարանմանությունների, Ղարաբաղում օգոստոսյան թնդանոթներն այդպես էլ գործի չանցան:
Այս բոլոր հարցերի պատասխանը զարմանալիորեն պարզ է եւ այդ իսկ պատճառով միշտ չէ, որ համոզիչ է Հայաստանի, Ղարաբաղի, մասամբ անգամ Ադրբեջանի եւ տարածաշրջանից դուրս գտնվողների համար: Հանրությունը միշտ չէ (ավելի շուտ՝ գրեթե երբեք չի կարող), որ կարող է խորաթափանց լինել իրավիճակի բարդ փոխհավասարակշռությունների եւ քաղաքական քողարկված դրդապատճառների մեջ: Իրոք, սովորական քաղաքացու համար շատ դժվար է գնահատել իրավիճակի իրական պատկերը, երբ ի հեճուկս ամեն օր հնչող պատերազմական կոչերի՝ այն չի վերսկսվում արդեն երկու տասնամյակ շարունակ: Մինչդեռ իրական պատճառն այն է, որ Ղարաբաղում՝ աշխարհի ամենառազմականացված տարածաշրջաններից մեկում, նոր պատերազմը «հենց այնպես», պատահականորեն ուղղակի չի կարող սկսվել: Վերջինիս գինը շատ բարձր է լինելու այն վերսկսողի համար, հատկապես, եթե բացակայում է արտաքին դերակատարների աջակցությունն այն սանձազերծելու հարցում:
Պետք չէ մոռանալ, որ, ի հեճուկս երկու տասնամյակ հակամարտության գոտում շարունակվող տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքի, հակամարտության գոտում ադրբեջանական եւ հայկական կողմերի ռազմական հավասարակշռությունը 1990-ականների երկրորդ կեսի համեմատ առանձնապես չի փոխվել: Պարզապես այն ժամանակ ռազմական տեխնիկան՝ տանկերը, մարտական զրահամեքենաները (ՄԶՄ), թնդանոթային ու հրթիռակոծման համակարգերը, ռազմական օդանավերն ու ուղղաթիռներն առկա էին տասնյակներով, իսկ այժմ՝ հարյուրներով կամ անգամ հազարներով:
Ղարաբաղյան հակամարտության զարգացման ներկա փուլում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու բանական քաղաքական որոշման ընդունումը, հաշվի առնելով դրա ընթացքի կանխատեսման էական նախադրյալները, որոնք լավագույն դեպքում խոստանում են ոչ թե հաջողված բլիցկրիգ, այլ անորոշ ելքով երկարատեւ ուժասպառող պատերազմ, բավականին կասկածելի է: Տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքի յուրաքանչյուր նոր պտույտի հետ աճում է նաեւ «պատերազմի գինը», որը զսպում է կողմերին ոչ միտումնավոր սրացման տանող պատահական քայլերից: Հետեւաբար, ներկայումս ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է միայն կողմերից մեկի բարձրագույն քաղաքական մակարդակում ընդունված որոշման արդյունքում:
Իհարկե, անգամ ճակատային գծում մի քանի «հաջողված» գործողությունների պատահական համընկնումը (դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման կամ դիպուկահարների ակտիվության տեսքով), այնուամենայնիվ, կարող է հակամարտության կողմերից մեկի մոտ լավատեսության եւ գերազանցության պատրանք ստեղծել՝ դրանով իսկ նպաստելով բարձրագույն քաղաքական մակարդակում իրավիճակի հետագա միտումնավոր սրացման վերաբերյալ որոշում ընդունելու նախադրյալների առաջացմանը: Հենց դրանով էր պայմանավորված 2014թ. օգոստոսի սկզբին հայկական կողմերի այդչափ կոշտ պատասխան արձագանքը, որը հետապնդում էր հակառակորդ կողմին հետագա հաջողության նվազագույն իսկ ակնկալիքից եւ իրադարձություններն անհիմն լավատեսության դիրքերից մեկնաբանելու պատեհությունից զրկելու նպատակ:
Ընդ որում, պետք է հիշել, որ հայկական կողմերը նմանատիպ գործողություններ պարբերաբար եւ համարյա միշտ արդյունավետ են կատարում՝ ադրբեջանական կողմի «ռազմատենչ կրքերը» խաղաղեցնելու համար: Այդպես էր, օրինակ, 2008թ. մարտի 2-3-ին Լեւոնարխ գյուղի իրադարձություններում կամ 2011թ. ամռանը տեղի ունեցած սրացման ժամանակ: Ամեն անգամ այդ պատասխան գործողություններից հետո ԶԼՄ-ներում հնչում էին խուճապային մարգարեություններ իրավիճակի հետագա սրացման մասին, իսկ ադրբեջանական կողմը կրած կորուստներից հետո օդ էր բարձրացնում ռազմական օդանավերը եւ ճակատի առաջին գիծ էր փոխադրում զրահատեխնիկան: Սակայն այս կարգի իրադարձությունների միակ ելքը՝ ճակատային գծում ի վերջո լարվածության նվազումն էր (իհարկե՝ ժամանակավոր): Փաստորեն, հայկական կողմերն իրականացնում էին Սառը պատերազմի շրջանից բավականին հայտնի զսպման քաղաքականություն՝ հետ պահելով հակառակորդ կողմին անցանկալի ռազմաքաղաքական քայլերից՝ նրան անընդունելի կորուստներ պատճառելու սպառնալիքի ներքո:
Այս համապատկերում 2014թ. օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը պետք է ընդամենը վերահաստատեր վերոնշյալ ռազմաքաղաքական իրականությունը, որն արդեն իսկ ձեւավորված էր նախորդ օրերի ընթացքում շփման գծում հայկական եւ արցախյան զորքերի հաջող գործողությունների շնորհիվ: Բնական է, որ ռուսական կողմը ձգտում էր օգտագործել Սոչիի հանդիպումը Մոսկվայի խաղաղարար ներուժը ցուցադրելու համար (դա հատկապես արժեքավոր էր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում): Մյուս կողմից էլ, Կրեմլը թերեւս կամենում էր հիշեցնել, որ Ռուսաստանը չի կամենում հակամարտության «ապասառեցում» եւ ձեռնարկելու է ամեն հնարավոր բան՝ Ռուսաստանի համար ներկայումս անցանկալի նոր պատերազմից կողմերին զերծ պահելու համար:
Ավելիին, այսինքն՝ բանակցային գործընթացում նշանակալից առաջընթացի կամ ճակատային գծում լարվածության երկարատեւ նվազեցման կամ վստահության ամրապնդման, դիպուկահարների հեռացման կամ ակտիվ դիվերսիոն գործողություններից հրաժարվելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ամենայն հավանականությամբ, կողմերն անգամ մտադիր չէին հասնել վերոնշյալ նպատակներին. հանդիպման ժամանակ խոսքն ընդամենը լարվածության (գոնե ժամանակավոր) նվազեցման ամրապնդման մասին էր: Դա էլ տեղի ունեցավ:
Բացի դրանից, հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ, ի հեճուկս Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերություններում խորացող ճգնաժամի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների մասնակցությամբ, այս պահին մնում է նրանց համարյա եզակի արդյունավետ ձեւաչափ՝ համաշխարհային քաղաքականության հարցերով փոխգործակցելու համար: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ կայացած հաջորդ հանդիպումը Ուելսում անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակում եւ ֆրանսիական կողմի կազմակերպած փարիզյան հանդիպումն ընդամենը վերահաստատում են տվյալ աշխարհաքաղաքական իրականությունը:
Բնական է, որ Ղարաբաղում խաղաղության պահպանման ջատագովներն առանձնապես չպետք է հանգստանան: Որոշ ժամանակ անց ճակատային գծում իրավիճակը կրկին կարող է թեժանալ՝ դարձյալ առանց հանգեցնելու Ղարաբաղում նոր լայնածավալ պատերազմի բռնկման: Օրինակ, արդեն 2014թ. սեպտեմբերին կրկին տեղի են ունեցել նոր զոհերի հանգեցրած փոխհրաձգություններ, վերահաստատելով այն դաժան իրականությունը, որ հրադադարն, ի հեճուկս լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հարցում իր մնայուն կայունության, այնուամենայնիվ, շարունակում է շատ փխրուն լինել: