«Նա, ով իր ազատությունը հանձնում է անվտանգության դիմաց, չի ստանում ո՛չ մեկըեւ ո՛չ էլ մյուսը»:
Թոմաս Ջեֆերսոն
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական
կենտրոնի փորձագետ
Երեւան
Հայոց անկախ պետականության փաստացի վերացման համապատկերում ներքին քաղաքականության մասին խոսելը ոչ միայն բարդ է, այլեւ անհնարին` առանց «քաղաքականություն» բառն այս դեպքում չակերտների մեջ առնելու: Եվ եթե արտաքին քաղաքականությունը սովորաբար ներքին քաղաքականության շարունակությունն ու հետեւանք է, ապա Հայաստանում տեղի ունեցած ձեւախեղման պարագայում արտաքին քաղաքականությունը դարձել է հայկական հիմնական քաղաքական ուժերի գործունեությունը «սահմանափակող գլխավոր գործոն», համենայնդեպս` խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի (հազվագյուտ անհատական բացառություններով) պարագայում:
Քաղաքական ուժերը, կամ`«ռուսական աշխարհի» «խամաճիկները»
Արդեն իսկ անվիճելի փաստ է, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի` ԵՄ հետ Ասոսացման համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ որոշումն ու դեպի այսպես կոչված Եվրասիական միություն շրջադարձը տեղի են ունեցել ընդամենը 24 ժամվա ընթացքում: Եվ սա այն դեպքում, երբ Ասոսացման համաձայնագրին միանալու շուրջ բանակցություններն ընթացել են համարյա չորս տարի: Բայց չէ՞ որ կատարվածն արտառոց մի բան չէր, այլ` պայմանականորեն ասված «սեպտեմբերի 2-ին» եւ դրանից առաջ շարունակվող գործընթացի տրամաբանական հետեւանք. այն է` Ռուսաստանի Դաշնությանն անվտանգոթյան ոլորտի, տնտեսության ռազմավարական հատվածների` էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի ոլորտների հանձնումը, ինչպես նաեւ` տնտեսության եւ քաղաքականության մենաշնորհումն իշխանության սնած օլիգարխների կողմից, բիզնեսի եւ քաղաքականության ամբողջական սերտաճումը, դրամական փոխանցումների ծավալի մեծացման եւ դրանցից տնտեսական լիակատար կախվածության հաստատման համար դեպի Ռուսաստան բնակչության «արտահանումը»:
Այո՛, այս քայլին դիմել է ուղնուծուծով կոռումպացված քրեաօլիգարխիկ իշխանությունը` հիմնական քաղաքական ուժերի լիակատար թողտվության պարագայում, թեեւ այդ ուժերը, կարծես թե, կոչված էին հենց դրան ընդդիմանալու: Բայց «ռուսական թեման» փաստորեն վերջին տարիներին անընդհատ տաբուի տակ է գտնվել: Հիմնական քաղաքական ուժերը ոչ միայն չեն հանդգնել ձեռք տալ այս «սրբություն սրբոցին», այլեւ իրենք էլ չեն դիմացել դրանից օգտվել փորձելու գայթակղությանը` դրա վրա կառուցելով իրենց ներքին «քաղաքականության» ակնկալիքները: Պետք է արժանին մատուցել «ոչիշխանական եռյակին»` հարաբերական «անկեղծության» համար, քանի որ ընդդիմությունից բացի նրանք իրենց ինչպես ասես անվանում են, այդ թվում եւ ամենաանքաղաքագիտական եզրույթներով` «այլընտրանքային», «ոչ իշխանական», «ոչ կառավարող», «ոչ կառավարական» եւ այլն: Իրական ի՞նչ ընդդիմադիր գործունեության մասին կարելի է խոսել իշխանության հետ «ոգու եւ մարմնի միության» այդպիսի միաձուլման մեջ գտնվող «ոչիշխանականների» դեպքում: Հատկապես, եթե այս միությունը հիմնված է «ռուսական թեմայի» շուրջ միեւնույն տաբուի` պետականության բովանդակազրկման եւ այն հակաքաղաքակրթական «ռուսաց աշխարհի» «կառուցողներին» հանձնելու լռելյայն միասնական դավադրության վրա: Իշխանությունը դրա համար «անվտանգության ամրապնդման» անբարո բացատրություն է հորինել, իսկ «ոչիշխանությունն» էլ ավելի անբարո կերպով բարբաջել է այս ամենի «անշրջելիության» մասին: Ավելին` «ոչիշխանությունը» իրենց եւ իշխանությունների հետ անհամաձայն մարդկանց պիտակավորել է որպես «ջղաձգվող լուսանցքայիններ»: Ահա թե ինչպիսին է «ռուսաց աշխարհի» ճնշող ընթացքին անձնատուր լինելու եւ կոլաբորացիոնիզմն արդարացնող ներքին «քաղաքականությունը»:
Ո՞վ է պաշտպանելու Անկախությունը
Այսպիսի ներքին «քաղաքականության» մեջ գահավիժած իշխանությունն ու իր «չիշխանությունը» շահագրգռված են նախկինի պես զբաղեցնել քաղաքական ասպարեզը. դրան հասնելու համար նրանք պատրաստ են այդ թվում եւ սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, որպեսզի ըստ էության ոչինչ չփոխվի` իշխանական կարկանդակի սեփական մասնաբաժինը մեծացնելուց բացի: Անկախությունը նրանց համար, ըստ էության, սոսկ քնարական երեւույթ է եւ դատարկահունչ բառ: Նման վերաբերմունք ունենալու փաստարկի հետեւից պետք չէ հեռու գնալ, բավական է նորից թերթել վերջին տարիների ընթացքում առաջատար անձանց բաց տեքստով հնչած հայտարարությունները:
Այսպիսով, գործադիր եւ օրենսդիր իշխանություններին դժվար է պատկերացնել Անկախության պաշտպանների դերում: Դատարաննե՞րը: Սահմանադրական Դատարա՞նը: 1995 թվականին` հետխորհրդային շրջանի առաջին կասկածելի ընտրություններին զուգահեռ ընդունված Սահմանադրությունը ծնել է Սահմանադրական դատարան, որն իր բնույթով ուղղակի չի կարող «հերոսությամբ» աչքի ընկնել: Ե՞րբ է այս Սահմանադրական դատարանը գործադիր իշխանության կամքին դեմ արտահայտվել: Ո՛չ մի անգամ. ո՛չ տարեցտարի ավելի խայտառակ դարձող ընտրությունների, ո՛չ էլ «Գազպրոմի» հետ ճորտային պայմանագրի ստորագրման ժամանակ:
Բանա՞կը: Այն կոչված է պաշտպանելու պետությունն արտաքին սպառնալիքներից եւ այդ նպատակի իրականացման համար կարիք ունի Ռուսաստանից եկող մատակարարումների: Բացի դրանից` բանակը ներքուստ էլ պատրաստ չէ:
Միջազգային հանրությո՞ւնը: Իսկ ի՞նչ եւ հանուն ինչի՞ միջազգային հանրությունը պետք է որեւէ բան անի մի պետության համար, որտեղ ոչ միայն հանդիսավոր տարփողմամբ ստրկացնողին է հանձնվում ողջ տնտեսությունը, այլեւ ոչ մի փոքրիշատե նշանակալից քաղաքական ուժ դրա դեմ դուրս գալու ցանկության նշույլն իսկ չի ունեցել: Հանուն ինչի՞ պետք է աջակցել օտար ռազմակայանի ծախսերի կեսն ինքնակամ (ինչը ոչ ոք չի անում) ստանձնած եւ կադիրովյան ինքնաթիռներով Ղրիմ թռիչքներ թույլատրող երկրին, որը ոչ մի ինքնահարգանք ունեցող պետություն չի հանդուրժում:
Եկեղեցու մասին պարզապես լռենք, քանի որ դա առանձին պետություն է…
Ստիպված ենք արձանագրել, որ դեռեւս ձեւականորեն Անկախ, բայց փաստացի թալանված, արնաքամ եւ լճացման մեջ գահավիժած Հայաստանի քաղաքացիները մեն-մենակ են մնացել իրենց ազատության եւ արժանապատվության դեմ խոյացող սպառնալիքի առջեւ: Ոչ մի պետական հաստատություն նրանց կողքին կանգնելուն ընդունակ չէ:
Պետականության տարրալուծում. Դիմադրության շարժում եւ նոր պետականություն
Այսօր մենք ականատես ենք ավելի քան 200 տարի առաջ Թոմաս Ջեֆերսոնի այն մտքի մարմնավորմանը, թե ազատությունն անվտանգության դիմաց հանձնողը չի ստանում ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը: Դա քաղաքական դաշտին եւ իշխանությանն ու իր «չիշխանությանը» ուղղված նախատինք չէ, քանզի դա ապարդյուն ջանք է: Այն մեզ` քաղաքացիներիս է ուղղված, քանի որ մեր թողտվությամբ, մեր պատրանքներով եւ նման արատավոր փոխանակման անհնարինությունն ու անհանդուրժելիությունը չգիտակցելու պատճառով է այն հնարավոր դարձել: Հազարավոր հայերի արյան, աշխատանքի, քրտինքի եւ արցունքների գնով ստեղծված պետականությունը մեր իսկ թողտվությամբ հանձնվել է այն մարդկանց ձեռքը, ովքեր չգիտեն, թե ինչ են անում:
Ազատ եւ Անկախ Հայաստան ունենալու մեր բազմադարյա Հույսն այսօր դեմ է առել նրանց «ներքին քաղաքականության» խաղին եւ պետականության տարրալուծման համարյա բոլոր ախտանիշներին, որոնցից շատերը տեղական ծագում չունեն: Նրա «հենակառույցները» խորապես խոցված են կոռուպցիայի, տգիտության եւ արատավորության ժանգով` ինքնաբերաբար զրկվելով լեգիտիմությունից: Այսպիսի Հայաստանն ի վիճակի չէ խաղաղություն տալ Լեռնային Ղարաբաղին եւ պաշտպանել նրա օրինական իրավունքներն ու շահերը: Այսպիսի պաշտոնական Հայաստանն ընտրել է խայտառակությունն ու ամոթը եւ կարող է նաեւ պատերազմ ստանալ` հիշենք Չերչիլին:
Ներկայիս Հայաստանում մնացել է լեգիտիմության միակ կրողը` Հայաստանի Հանրապետության Քաղաքացին: Ստեղծված իրավիճակին միակ համարժեք ներքին քաղաքականությունը պետականության պաշտպանությունն է` երկրի փաստացի բռնազավթման դեմ Դիմադրության Շարժումը: Այդպիսի Դիմադրությունը դե-յուրե պաշտպանված է Սահմանադրությամբ: Երկրորդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար` ժողովուրդն անօտարելի իրավունք ունի չթույլատրել նրա մսխումն ամեն տեսակ «եվրասիական միություններով» եւ սանձել նրանց, ովքեր կասկածելի հանգամանքներում որոշել են չարաշահել իշխանությունը եւ այդ իսկ կասկածելի հանգամանքներն իրենց ի սպաս դնել ի հաշիվ պետականության գոյության: «Անվտանգության» կամ «անշրջելիության» մասին ոչ մի ճամարտակություն չի կարող քողարկել իշխանության այդպիսի գործադրման ողջ թշվառությունը:
Հայաստանի Քաղաքացին միակ սուբյեկտն է, որն ի վիճակի է պաշտպանել Պետականությունը, վերականգնել ոտնահարված իրավունքները եւ իրացնել իրեն պատկանող իշխանությունը, նվաճել Ազատությունն ու Անվտանգությունը եւ փարատել «դաշնակցային» սպառնալիքի առջեւ հայտնված ազգային ոտնահարված արժանապատվությունը` նոր ուժերի ձեւավորման միջոցով: